9 апр. 2011 г.

www.eter.am
09.04.2011

ՍԵՂՄՈՒՄ ԵՆՔ ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻՆ

«Պատմական վեպը մի ժողովրդի պատմական կյանքի նկարագիրն է: Նա պատկերացնում է յուր մեջ, թե որպես ապրել է եւ որպես գործել է մի ժողովուրդ, պատկերացնում է նրա մտավոր ու բարոյական հատկությունները, մի խոսքով, ներկայացնում է հնադարյան մարդուն յուր բուն, նախնական կերպարանքով, որը ժամանակների ընթացքում փոխվել եւ ներկա սերնդի համար մոռացվել էր: Մենք կարդում ենք նրա մեջ մեր թագավորների, մեր իշխանների անունները, ծանոթանում ենք նրանց ներքին կռիվների ու արտաքին պատերազմների հետ, գիտենք, թե որը որքան տարի տիրեց կամ ինչ լավ եւ վատ գործեր կատարեց,-այդ բոլորը գիտենք մենք: Բայց թե ինչպե՞ս էր կազմակերպված նրանց ընտանեկան կյանքը, ի՞նչ տեսակ տների մեջ էին ապրում, մի խոսքով, իբրեւ մարդ, նրանց ընտանեկան եւ հասարակական կենցաղավարության մասին` մեր պատմությունը, եթե չասեմ իսպառ, կարող եմ ասել մեծ մասամբ լռում է»,- պատմական վեպի մասին ժամանակին այսպես էր արտահայտվում Րաֆֆին: Չգիտեմ, թե այսօր ինչ սկզբունքով են աշխատում ժամանակակից արձակագիրները, եւ վաղվա ընթերցողը մեր այսօրվա կյանքի, բարքերի եւ կենցաղի մասին ինչ նյութ կկարողանա քաղել իրենց ժառանգություն հասած այդ երկերից: Բայց, որ Րաֆֆու վեպերը կարդալով անցյալի մասին էլ շատ հարցեր նրա համար մութ կմնան` պարզ է: Ավելի ճիշտ, ոչ թե վեպերը, այլ սեղմավեպերը, որոնք ընթերցողին է առաջարկում «Գիտանք» հրատարակչատունը:

Հրատարակչատան տնօրեն Ալեքսանդր Աղաբեկյանը, որ ժամանակին զբաղեցրել է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարի պաշտոնը, համոզված է, որ նոր սերունդը գիրք չի կարդում, ու մեր պատմավեպերի երկար-բարակ նկարագրություններն ու բարդ գրական լեզուն նպաստում են, որ մարդիկ չկարդան: Երիտասարդներին գրքի հետ բարեկամացնելու լավագույն տարբերակը, նրա կարծիքով, գիրքը նրանց հարմարեցնելն է: Այդ նպատակով տարիներ առաջ պարոն Աղաբեկյանը ձեռնամուխ եղավ հայ դասական գրականության լավագույն նմուշները սեղմավեպի տեսքով ներկայացնելու գործին: «Ձեզ ներկայացվող սեղմավեպերի մատենաշարը ներառում է անցյալի հայ գրողների լավագույն երկերի համառոտ շարադրությունը: Սեղմավեպերը նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են կարճ ժամանակում ծանոթանալ հայ ժողովրդի անցյալի գրականությանը եւ պատմությանը»,- ասում է Ալեքսանդր Աղաբեկյանը: Նրա համոզմամբ, սեղմավեպերում օգտագործված սահմանափակ բառաքանակը հնրավորություն է ընձեռում հայերեն սովորողներին հեշտությամբ ընկալել հայ գրականությունը: Վեպի սեղմումն իրականացրել է հանրակրթական սպրոցի բարձր դասարաններում ավելի քան 50 տարի հայոց լեզու եւ գրականություն դասավանդած ուսուցչուհի Արփինե Ավետիսյանը: Նա, ըստ Ալեքսանդր Աղաբեկյանի, խնամքով պահպանել է հեղինակի ոճը եւ նրա ժամանակին բնորոշ լեզվական առանձնահատկությունները թե համառոտ շարադրանքի, թե անփոփոխ վերարտարդրված երկխոսությունների մեջ:

Սեղմավեպի տեսքով արդեն հրատարակվել են Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի», Շիրվանզադեի «Քաոս», Դեմիրճյանի «Վարդանանք», Աբովյանի «Վերք Հայաստանի», Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպերը, «Սասունցի Դավիք» էպոսը, հայ գրողների այլ վեպեր: Սեղմավեպերն ուսումնասիրելուց եւ բնօրինակների հետ համեմատելուց հետո պարզեցինք, որ «Նահանջը առանց երգի» վեպը վերաշարադրված է արեւելահայերենով, իսկ Աբովյանի «Վերք Հայստանի» վեպում պահպանված չէ Քանաքեռի բարբառը: Չի պահպանվել նաեւ վեպի առաջաբանը, եւ ընթերցողը, փասետորեն չի ծանոթանում Աբովյանի ծրագրային դրույթներին` նոր գրականության, նոր հերոսի, նոր բովանդակության եւ, առավել եւս, ներ լեզվի մասին: Թեպետ պարոն Աղաբեկյանը նշում է, որ սեղմավեպերը նախատեսված են հիմնականում հայերեն սովորողների համար, սակայն, մեր կարծիքով, չի բացառվում, որ շատ շուտով դրանք մուտք կգործեն դպրոց: Մեր այդ հարցին պարոն Աղաբեկյանը պատասխանեց. «ժողովրդավարության սկզբունքն է, թող ամեն մարդ ընտրի այն, ինչն իրեն հոգեհարազատ է: Ուզում են` թող կարդան ամբողջական տարբերակը»:

Պարոն Աղաբեկյանից տեղեկացանք, որ սփյուռքի նախարարությունից առաջարկ է եղել սեղմավեպերը տեղադրել www.hayernaysor.am կայքում, որից հիմնականում օգտվում են սփյուռքահայ երեխաները, սակայն, նյութական խնդիրների պատճառով, առաջարկը մերժվել է: Ի դեպ, հայկական թերթերից մեկում նշված տեղեկությունն այն մասին, որ սփյուռքի նախարարության կողմից եղել է սեղմավեպերը անգլերեն, ռուսերեն եւ թուրքերեն թանգմանելու առաջարկ, հերքեցին եւ սփյուռքի նախարարությունում, եւ հրատարաչատանը. «Դե,գիտեք, լրագրողները սիրում են ամեն ինչ փոփոխել, ուռճացնել, իրենց ուզած ձեւով ներկայացնել: Չգիտես ինչու` բոլորն այս ձեռնարկը բացասական են համարում»,-նշում է պարոն Աղաբեկյանը,-բայց պահանջարկ կա: Յուրաքանչյուր գրքից երեք հարյուր օրինակ սպառվել է, տպել ենք ամեն անուն գրքից եւս երկու հարյուրական օրինակ»: «Նոյան տապան» գրախանութում ասացին, որ սեղմավեպերի գնորդները հիմնականում դպրոցականներն են: Որոշեցինք պարզել կրթության եւ գիտության նախարարույթան կարծիքը: (Ըստ Ա. Աղաբեկյանի, առաջին չորս սեղմավեպերը`«Գեւորգ Մարզպետունի», «Քաոս», «Վարդանանք», «Սամվել», ներկայացվել են նախարարությունում եւ հավանության արժանացել: Հետագայում, երբ փոխվել է գրախոսող փորձագետը, փոխվել է նաեւ կարծիքը):

Տարօրինակ է, բայց կրթության եւ գիտության նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում սեղմավեպերի գոյության մասին անգամ չէին լսել: Լսել էին կրթության ազգային ինստիտուտում. հայագիտական եւ սոցիալ-մշակութային առարկաների բաժնի վարիչ Արամ Նազարյանն ասաց, որ ոչ թե գրախոսող փորձագետն էր փոխվել, ինչպես պարոն Աղաբեկյանն էր նշում, այլ ազգային ինստիտուտի կարծիքը սեղմավեպերի վերաբերյալ:

Ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ Նաիրա Տողանյանը նշում է. «Վեպը սեղմելու հատուկ կարգ, քաղաքականություն գոյություն ունի, ինչը սեղմավեպի հեղինակի մոտ չի պահպանվում: Օրինակ` այնտեղ, որտեղ կրճատում է եղել, պետք բազմակետեր, կախման կետեր դրվեն, որպեսզի ընթերցողը հասկանա, որ տվյալ հատվածը կրճատված է եւ, հարկ եղած դեպքում, բնօրինակից գտնի ու կարդա համապատասխան հատվածը: Կրթության ազգային ինստիտուտի կողմից ձեռնարկի հեղինակներին անգամ առաջարկ է արվել համապատասխան հանձանաժողով ստեղծել եւ գործին ավելի մասնագիտորեն մոտենալ, սակայն այս առաջարկը մերժվել է»: «Գիտանք» հրատարակչատանը, սակայն, ժխտեցին, թե նման առաջարկություն եղել է: Հետաքրքրվեցինք, պարզեցինք, որ սեղմավեպերը հասցրել են արդեն հատել օվկիանոսը. Գլենդելի երկու խանութներում վաճառվում են հայկական սեղմավեպեր: Մնաք բարով, ակադեմիական հրատարակություններ, հաստափոր հատորներ: 21-րդ դարում` միայն սեղմավեպեր: Պարոն Աղաբեկյանի հավաստմամբ, հերթը «Խաչագողի հիշատակարանինն է»:

ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ.-Արխիվ N45(808) 05.11.09

7 апр. 2011 г.

www.eter.am

08.04.2011

ԻՆՉ ԼԱՎ Է, ՈՐ...


ԱՐՑԱԽՅԱՆ ՀՈՂԻՆ ՏԵՐ ՈՒ ԾԱՌԱ ԵՆ ԳՈՒՐԳԵՆՆ ՈՒ ԻՐ ՈՒԹ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական

ամոթալի պայմանագրի կնքումից եւ նույն թվականի հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի անօրեն որոշումից հետո անցել է շուրջ մեկ դար, բայց հայ ժողովուրդը այդպես էլ չի հաշտվել Նախիջեւանի եւ Արցախի կորստի հետ, Նախիջեւանը հայաթափվեց: Նույնը սպասվում էր նաեւ Արցախին, որին 1923թ. Ադրբեջանի կազմում «ինքնավարություն» էր տրվել: Ըստ էության Ադրբեջանի գաղութ դարձած Արցախի հայ բնակչությունը տասնամյակներ շարունակ ենթարկվում էր դաժան ճնշման ու ազգային արժանապատվության բիրտ ոտնահարման: Բայց ի տարբերություն նախիջեւանահայության, արցախահայությունը տոկաց ու դիմացավ բոլոր փորձություններին: Տասնամյակներ շարունակ խնդրագրերով ու բողոքներով երկրի վերին իշխանություններին դիմելով որեւէ արդյունքի չհասնելուց հետո 1988 թվականի փետրվարին Արցախի հայությունը ոտքի ելավ եւ վճռեց պայքարել ազատ ապրելու իր իրավունքի համար: Սկսվեց ազգային-ազատագրական շարժում` ադրբեջանական լուծը թոթափելու եւ մայր ժողովրդի հետ վերամիավորվելու համար:

Այսօր արցախահայությունն ապրում է քիչ թե շատ խաղաղ կյանքով: Սահմանամերձ գյուղերում մարդիկ զբաղվում են հող մշակելով ու անասնապահությամբ: Արցախցու տաք ու կանչող ժպիտը ստիպում է ճանապարհից հոգնած ուղեւորին կանգնել ու զրույցի բռնվել: Ո՞վ կարող է անտարբեր մնալ հեռավոր գյուղում մանկական լվացք կամ ճամփեզրին խաղացող կարմրաթշիկ, շողշողացող աչուկներով երեխաներ տեսնելիս: Անասելի հուզմունք ես ապրում. Արցախի ժայռերում նոր ծիլեր կան: Արցախում մեր խմբով հերթական շրջագայության ժամանակ Դադիվանքում ծանոթացանք 10-11 տարեկան Գուրգեն անունով մի տղայի հետ, որ վանքում մոմ էր վաճառում: Գուրգենը պատմեց, որ տանը 12 երեխան են: Ապշեցինք, մի՞թե հնարավոր է, ինչպե՞ս են հաղթահարում բազմաթիվ դժվարությունները: Այցելեցինք նրանց: Այդ ջերմ, հյուրընկալ հարկի տակ 9 տղա եւ 3 աղջիկ են մեծանում: Ամբողջ ընտանիքը մի վայրկյանում իրար անցավ. Մեկը սուրճ էր եփում, մյուսը շտապում էր թութ թափ տալ: Խոսում էին` միմյանց հերթ չտալով: Դժվարություններ ինչ խոսք կան, բայց չէ՞ որ դրանց միայնակ չեն դիմակայում, այլ միմյանց թեւ ու թիկունք լինելով: Ընտանիքի ավագ որդիներն արդեն ծառայում են բանակում: Ամենափոքրիկ «զինվորն» առայժմ 5 տարեկան է: Հեռացանք, նորից վերադառնալու խոստմամբ ու հպարտ, որ ազատագրված արցախյան հողին տեր ու ծառա են Գուրգենն ու իր 8 եղբայրները:

Ն.Հ.

Հ.Գ.- Արխիվ, N 36 (799) 03.09.09

Լուսանկարում Դադիվանքի վանական համալիրն է

6 апр. 2011 г.

#14 (880) 07.04.2011

ԻՆՉՆ ԼԱՎ Է, ՈՐ...
ՈՒՆԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՆՔ

Դպրոցական տարիներին միակ երազանքս ու ցանկությունս լավ գնահատականներով ավարտելն ու բուհ ընդունվելն էր: Հիմա հասել եմ նպատակիս, արդեն ուսանող եմ: Բայց այն ժամանակ պատկերացում չունեի առաջիկա դժվարությունների մասին: Խոսքը դասերի ու քննությունների մասին չէ, այլ ամեն օր մոտ 50 կիլոմետր ճանապարհ կտրել-անցնելու եւ հարազատ գյուղից Երեւան հասնելու մասին: Չորս համայնքների բնակիչներին Երեւան հասնելու համար հատկացված է ընդամենը մեկ ավտոբուս, որը երթուղի է դուրս գալիս երեք ժամը մեկ: Առավոտյան գործում է ուսանողական ավտոբուսը: Դժվար է նրանց վիճակը, որոնց դասերը սկսվում են կեսօրին եւ որոնք չունեն ուսանողական ավտոբուսից օգտվելու հնարավորություն: Շուրջ մեկուկես տասնյակ ուսանողներին գումարվում են նաեւ տարբեր գործերով Երեւան մեկնող մարդիկ: Լեփ-լեցուն ավտոբուսներով մի կերպ հասնում ենք Երեւան, այս անգամ էլ բախվում ենք լեփ-լեցուն երթուղային տաքսիներին: Եթե դուռը բացելուց հետո ես նկատում, որ նստելու տեղ չկա ու չես ուզում կանգնած, կիսակոր վիճակում տեղ հասնել, արժանանում ես վրդովված վարորդի նախատինքին: Մի կերպ տեղ ես հասնում, մի քանի ժամ փորձում մոռանալ այս ամենի մասին, բայց դասերն ավարտվում են, դուրս ես գալիս փողոց ու... նորից նույնը: Եթե բախտը ժպտում է, նստում ես տուն տանող ավտոբուսը: Եթե բոլոր տեղերը զբաղված են, կանգնած սպասում ես մինչեւ ավտոբուսը լցվի ու վերջապես շարժվի: Ավտոբուսը հին է, եւ քեզ թվում է, որ ոլորանների վրա կարող է շունչը փչել: Վարորդն անճաշակ երաժշտության սիրահար է, վարելիս էլ սիրում է մի քանի գլանակ ծխել, հենց վարելու ընթացքում հեռախոսով կարգավորել իր բոլոր գործերը: Հեռախոսով բարձրաձայն խոսել սիրում են նաեւ ուղեւորները: Ստիպված լսում ես այդ խոսակցությունները, երբեմն էլ ականատես լինում ավտոբուսի մեջ ծագած անիմաստ վիճաբանությունների ու վերջնականապես փչացած տրամադրությամբ տուն հասնում: Զգում ես, որ ահավոր հոգնած ես ու էլ ուժ չունես դաս անելու, նույնիսկ` հաց ուտելու: Մի կերպ հասնում ես անկողնուդ ու անկախ ամեն ինչից մտածում ես` ինչ լավ է, որ գոնե տուն հասնելու համար մեզ ավտոբուս է հատկացված եւ ոչ թե երթուղային տաքսի:
ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

www.eter.am
#14 (880) 07.04.2011

ԻՆՉ ԼԱՎ է, ՈՐ…

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԱՐՑԱԽՈՒՄ

Մարտի 31-ին մինչ համալսարանականների մի խումբը
Սյունիքի մարզով կուղեւորվեր Ստեփանակերտ, մյուս խումբը Վարդենիսի ճանապարհով հասել էր Քարվաճառ եւ ծառեր տնկել տարիներ առաջ ստեղծված պուրակում: Երեկոյան բոլորը հավաքվեցին Ստեփանակերտում: Ապրիլի 1-ին ԵՊՀ-ի եւ Արցախի պետական համալսարանի ուսանողներն անցկացրին գիտաժողով` նվիրված Լեռնահայաստանի 90 եւ Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակներին: Զեկուցումներով հանդես եկան 11 ուսանողներ, 8-ը` ԵՊՀ-ից, 3-ը` ԱրՊՀ-ից: ՙԱրցախի պետական համալսարանը միանում է ԵՊՀ ուսանողների` Ադրբեջանի իշխանություններին ուղղված հայտարարությանը` կապված սահմանի վրա հրադադարի հաճախակի խախտման հետ: Մենք` արցախցիներս, լինելով առաջին գծում, շատ լավ իմանալով մեր ժողովրդին, հայտարարում ենք. «Լսեք, բաքվեցիներ, չփորձեք մեզ հունից հանել. այս անգամ ձեզ փրկություն չի լինի»,- գիտաժողովի սկզբում նշեց ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը`ողջունելով երկու համալսարանների ուսանողների համատեղ նախաձեռնությունը: «Առիթը պատմականորեն կարեւոր է, որպեսզի մեկ անգամ եւս շեշտադրումներ անենք եւ կարեւորենք այդ մեծ մարդու` Գարեգին Նժդեհի վաստակը մեր ժողովրդի ու հայրենիքի առաջ եւ ընդգծենք Լեռնահայաստանի` որպես անկախ պետության ստեղծման փաստը: Լեռնահայաստանն ընդգրկել է Զանգեզուրը եւ հանդիսացել է մեր այսօրվա անկախ պետականության գրավականը»,- բացման խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա ուրախալի համարեց այն հանգամանքը, որ հայագիտության մասին խոսում են հատկապես երիտասարդները: Գիտաժողովից հետո համալսարանականները ծառատունկ կազմակերպեցին «Մենք ենք, մեր սարերը» արձանի մերձակայքում, ապա ԵՊՀ ուսանողներից եւ ղեկավարությունից կազմված փոքրիկ պատվիրակությանը ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա ոգեւորությամբ լսեց համալսարանականներին, որոնք առաջարկեցին մի շարք ծրագրեր: Դրանցից հատկապես կարեւորվեց այս տարի Քարվաճառում համահայկական ուսանողական հավաքի կազմակերպումը, որի մասնակիցների թիվը կհասնի շուրջ 200-ի: Պարոն Սահակյանը խոստացավ անմիջապես ընթացք տալ այդ ծրագրին: Նախագահը պատասխանեց նաեւ համալսարանականների հարցերին, որոնք վերաբերում էին ազատագրված տարածքների բնակեցմանը, նորակառույց օդանավակայանի բացմանը եւ այլն: Ապրիլի 2-ին պատվիրակության անդամները եղան Արցախի տեսարժան վայրերում: Ուսանողները, հաղթահարելով դժվարամատչելի բարձունքը, հասան Ազոխի քարանձավ, որտեղից գտնվել է մարդու ծնոտ (տարածաշրջանում ամենահինը): Ապա համալսարանականներն ուղեւորվեցին Ամարասի վանք: Այստեղ 5-րդ դարում` գրերի գյուտից անմիջապես հետո, հիմնվել է Արցախի առաջին ուսումնական կենտրոնը: Երեկոյան ուսանողներին սպասվում էր անակնկալ հանդիպում ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարների հետ: Հանդիպումը կայացավ հյուրանոցի ճաշարանում, ոչ պաշտոնական մթնոլորտում:
ԵՊՀ լրատվության վարչություն

#14 (880) 07.04.2011


ՉԱՐԻ՞Ք Է, ԹԵ՞ ԲԱՐԻՔ

Ինտերնետ-համացանցն այսօր շատերի համար դարձել է անբաժանելի ընկեր:
2008 թվականի տվյալով, աշխարհում ինտերնետից օգտվողների թիվը հասել է շուրջ մեկ միլիարդի: Վստահ եմ` նրանց քանակը վերջին 2-3 տարում կրկնապատկվել է: Ապրիլի 4-ին ողջ աշխարհը նշում էր Ինտերնետի օրը: Տարբեր մարդիկ տարբեր ձեւով են ընկալում համացանց կոչվածը: Համենայն դեպս մեզ մոտ` Հայաստանում, շատերի համար այն զուգորդվում է սոցիալական ցանցերի հետ, սակայն քիչ չեն նաեւ այն մարդիկ, որոնք ինտերնետի միջոցով բավարարում են իրենց տեղեկացված լինելու պահանջը: Ամեն օր հայրս ծանր աշխատանքային օրվանից հետո, մեկ ժամ նստելով համակարգչի առջեւ, համացանցում իր համար գտնում է ժամանցային խաղեր ու լիցքաթափվում, ծանոթանում է իր աշխատանքին առնչվող մասնագիտական նորություններին (հայրս կահույքագործ է): Մորս համար համացանցը միօրինակ առօրյայից կտրվելու, ինչպես նաեւ բազմազան խմորեղենի եւ համեղ ուտեստների բաղադրատոմսեր գտնելու միջոց է: Գրադարան վազելու փոխարեն ես տանը նստած մկնիկի մեկ սեղմումով համացանցում գտնում եմ ինձ հետաքրքրող ցանկացած տեղեկություն, անհրաժեշտ գրականություն: Համացանցի միջոցով նաեւ գումար եմ խնայում. ընտրածս մասնագիտությունից ելնելով (սովորում եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում)` պետք է շատ թերթեր կարդամ, ինտերնետի միջոցով ինձնից միայն պահանջվում է այցելել համապատասխան թերթի կայքէջ:
Գիտեմ, որ շատերը (նրանց թվում եւ եղբայրս) համացանցը դարձրել են իրենց երկրորդ տունը եւ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ինտերնետային խաղերի, իսկ առցանց շփումը գերադասում են բնական մարդկային շփումից: Այսօր շատ երեխաներ դեռ վաղ հասակից օգտվում են համակարգչից ու ինտերնետից: Այնքան են տարվում դրանցով, որ նույնիսկ վտանգում են առողջությունը, տեսողությունը: Այդ ամենին գումարվում են համացանցը ողողած էրոտիկ բովանդակությամբ կայքերը, որոնցում կարող ես հայտնվել նաեւ առանց քո ցանկության: Այս ամենը շատ մարդկանց առիթ է տալիս քննադատելու եւ չընդունելու համացանցը` համարելով այն 21-րդ դարի չարիք: Մենք պետք է կողմնորոշվենք` ինչ քաղել ինտերնետից, ինչն է մեզ համար լավ եւ ինչը մեզ կբերի իրական բարիք:
Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

www.eter.am
#14 (880) 07.04.2011

ԱՇԽԱՏԵ՞Լ, ԹԵ՞ ՍՈՎՈՐԵԼ

Գրեթե բոլոր երկրներում ուսանողությունը համարվում է սոցիալապես անապահով խավ: Ուսանողի հոգսը քիչ թե շատ թեթեւացնելու նպատակով սահմանվում են կրթաթոշակներ: Հայաստանի պետական բուհերում կրթաթոշակ տրվում է սակավաթիվ ուսանողների: Որքան էլ իմ «թոշակառու» ընկերներն ասում են, որ չնչին գումարն էլ օգնություն է, բայց եկեք խոստովանենք, որ ամսական 5000-15000 դրամ կազմող կրթաթոշակով ուսանողը չի կարող հոգալ անգամ տուն-համալսարան-տուն տրանսպորտային ծախսերը, էլ չեմ ասում անհրաժեշտ գրականություն, գրենական պիտույքներ գնելը, կեցության ծախսեր, պատճենահանման վրա ծախսվող գումարները: Չեմ ասում նաեւ, որ ուսանող լինելուց բացի երիտասարդը ուզում է նաեւ ապրել ու զվարճանալ, ապահովել իր ժամանցը: Ոմանք ապավինում են ծնողների օգնությանը, բայց քիչ չեն նաեւ այն երիտասարդները, որոնք նախընտրում են ինքնուրույն հոգալ իրենց կարիքները, ուսման ծախսերը: Նրանք հենց ուսանողական տարիներից սկսում են աշխատել: Բայց նախ պետք է աշխատանք գտնես, հետո էլ կարողանաս դա համատեղել դասերիդ հետ: Աշխատանքից վազում ես դասի կամ դասից` աշխատանքի, հետո ուժասպառ հասնում ես տուն եւ ամբողջ գիշեր պարապում: Ըստ www.eduhelp.ru-ի` Վաշինգտոնի, Վիրջինիայի եւ Թեմփլի համալսարանների մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսումն ու աշխատանքը համատեղող երիտասարդները վտանգում են իրենց հոգեկան առողջությունը: Հետազոտության շրջանակում մասնագետներն ավելի քան 30 տարի հետեւել են 1800 դեռահասների եւ երիտասարդների: Ըստ գիտնականների եզրակացության` այն երիտասարդները, որոնք սովորելուն զուգընթաց շաբաթական աշխատում են 20 ժամից ավելի, հոգեկան առողջության եւ առաջադիմության հետ կապված խնդիրներ են ունենում: Հետազոտության արդյունքները հրապարակած «Times of India»-ն գրում է, որ սովորող դեռահասներին եւ երիտասարդներին գիտնականները խորհուրդ են տալիս աշխատել շաբաթական 20 ժամից ոչ ավելի:
Ն.Հ.

30 мар. 2011 г.

#13 (879) 31.03.2011


ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

ԲՅՈՒԹԻ ՍԱԼՈՆԻՑ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ …

«Մասիս». այսպես է կոչվում քաղցրավենիքի այն խանութը, որն ազգությամբ հայ մի ընտանիք հիմնել է Արաբական Միացյալ Էմիրությունների Քաթար քաղաքում: Տուն տանող ճանապարհս երկար է, եւ որպեսզի չձանձրանամ` կարդում եմ ավտոբուսի պատուհանից այն կողմ` փողոցներում հանդիպած բոլոր գրությունները: Ձանձրույթից ազատվում եմ, փոխարենը զայրանում եմ: Հայ վարպետների ձեռքով կառուցված, ինքնատիպ հայկական զարդանախշերով մեծ ու գեղեցիկ շինություն է: Ուրախանում եմ, հպարտանում մինչ այն պահը, երբ նկատում եմ շինության ճակատային հատվածում անգլերեն տառերով մի խոշոր գրություն` "to sell or for rent": Պարզ է` սա Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու կամ այստեղ ինչ-որ գործ սկսելու ցանկություն ունեցող օտարերկրացու համար է գրված, բայց այս դեպքում նա, հաստատ, կօգտվեր համապատասխան գործակալությունների ծառայություններից: Իսկ ինձ`հայաստանաբնակիս համար, որը կարող է նաեւ անգլերեն չիմանամ, գուցե մայրենի լեզվո՞վ գրված լիներ` «Վաճառվում է կամ տրվում է վարձով»: Ավտոբուսն առաջ է ընթանում, իսկ ես վրդովվելու նոր առիթներ եմ բացահայտում` խանութներ, սրահներ, հյուրանոցներ…, օ, ներեցեք` shops, centers, hotels… Այս ո՞ւր ենք գնում: Կրթություն ենք ստանում "knowledge city"-ում (գիտելիքի քաղաք) ու "art studio"-ում (արվեստի ստուդիա), գեղեցկանում ենք «beauty salon»-ներում (գեղեցկության սրահ), հագուստն ընտրում «բուտիկներից», գնումներ կատարում "Party shop"-ից կամ "Wiki shop"-ից, ոչ հայկական անուններով հայտնի սուպերմարկետներից (հանրախանութ): Ցավով նշեմ, որ սրանք առկա քաոսի մի մասն են կազմում: Դեռ բավարար չէ, որ նախապատվությունը տալիս ենք օտար լեզվին, հայկական անուններն էլ մղում ենք հետին պլան: Մեծ ու գունազարդված օտարալեզու գրության տակ միայն խոշորացույցի օգնությամբ են ընթեռնելի դառնում հայերեն համարժեքները, բայց սա էլ դեռ քիչ է. պետք է գործի դնել ամբողջ երեւակայությունը, որպեսզի այլազան տառատեսակների մեջ գուշակես մաշտոցյան տառերը: Քայլում ես Երեւանի փողոցներում ու թվում է` օտար երկրում ես: Խանութի դռան վրա էլ "Wellcome" մակագրությունն է «Բարի գալուստի» փոխարեն: Անգլերեն հասկանում եմ: Պարզապես չեմ կարող հասկանալ` ինչո՞ւ արտերկրում հայ մարդու հիմնած ամենափոքրիկ խանութի անունն անգամ «Արարատ» է, «Սիս», «Մասիս», «Անի» ու «Սեւան», մինչդեռ Հայաստանում նախապատվությունը տալիս ենք օտար լեզվին ու օտարահունչ անուններին:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

#13 (879) 31.03.2011


ԻՆՉ ԼԱՎ Է ՈՐ...

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Արմավիրում մարտի 20-ին քաղաքապետի ընտրություններ էին: Մինչ ընտրությունները նախընտրական քարոզարշավ էին ծավալել քաղաքապետի չորս թեկնածուները: Աշխատում էին ջանասիրաբար. մեկը քաղաքի լուսավորության հարցը լուծեց, մյուսը ֆինանսական «աջակցություն» ցուցաբերեց շատերին, երրորդը քաղաքի որոշ նոր թաղամասեր ավազապատեց, չորրորդն էլ հասցրեց ընտրություններին հինգ պակաս ասֆալտապատել մի քանի փողոց: Շատ արմավիրցիներ ամիսներ առաջ պաշտոնյաներին ուղարկած անպատասխան նամակ-խնդրանքների պատասխանը ստացան նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Ընտրությունները կայացան: Ընտրված քաղաքապետը տոնում է հաղթանակը, պարտվածները փորձում են ապացուցել, որ կեղծիքներ են եղել: Իսկ քաղաքը շարունակում է ապրել հին հոգսերով: Քարոզարշավի ժամանակ սկսված բարեկարգումների շարունակությունը հետաձգվեց մինչեւ հաջորդ ընտրություններ: Արմավիրցիներին մնում է երազել, որ նախընտրական քարոզարշավներ հաճախակի լինեն. քաղաքի հոգսերն այդ օրերին նկատելիորեն թեթեւանում են:

ԱԼԻՆԱ ԽԱԼԱԹՅԱՆ


ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

ԿԱՐԵՎՈՐՆԵՐԸ` ՀԵՏՈ

Ակնհայտ է, որ վերջին տարիներին մենք փորձում ենք ապրել` առաջնորդվելով եվրոպական արժեհամակարգով. հանդուրժող ենք դարձել, ասենք, համասեռամոլների ու աղանդավորների նկատմամբ, ձեւացնում ենք, թե, իբր, մեզ չեն զարմացնում երիտասարդների խելագար հագուստները, լսած երաժշտությունը, անհասկանալի գաղափարախոսությամբ շարժումներին հարելը… Կատարվում են նաեւ լուրջ քայլեր.
2010 թվականին Հայաստանը վավերացրել է Հաշմանդամ անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիան: Այդպիսով մեր երկիրը ցուցաբերում է իր պատրաստակամությունը հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության հարցում: Ամբողջ աշխարհն է ձգտում հասարակության մեջ հաշմանդամների համար հավասար պայմաններ ստեղծել, շրջակա միջավայրը հարմարեցնել հաշմանդամ մարդկանց: Հայաստանում այս ուղղությամբ կատարվող քայլերն առայժմ էական արդյունք չեն տալիս: Ցավալի է այն փաստը, որ հաշմանդամի թոշակը Հայաստանում չնչին գումար է կազմում: Մինչդեռ այս մարդիկ չեն կարող աշխատել, ապրուստի համար գումար վաստակել, չկան համապատասխան աշխատատեղեր: Իմ կարծիքով, չեն կարող նաեւ ուսումը շարունակել բուհերում: Պատճառն այն չէ, որ նրանք չեն կարող սովորել կամ վճարել ուսման վարձը: Նրանք պարզապես չեն կարող բուհ մտնել. թեքահարթակներ չկան: Եթե անգամ հաշմանդամ ուսանողն ուղեկցող ունենա` վարձու աշխատող կամ անձնուրաց հարազատ, որ, մի կողմ դրած իր բոլոր հոգսերն ու գործերը, ամբողջ օրը զբաղվի նրանով, միեւնույն է, հարցը չի լուծվի: Ֆիզիկական մեծ ուժ է պետք աստիճաններով սայլակը բարձրացնելու համար: Եթե ուշադիր նայենք մեր չորսբոլորը, ապա կնկատենք, որ գրեթե ամեն խանութի դիմաց կա գոնե մեկ-երկու աստիճան, ինչը սայլակով տեղաշարժվող մարդկանց պարզապես զրկում է նաեւ խանութ մտնելու հնարավորությունից: Հաշմանդամ մարդիկ չեն կարող անգամ ոտք դնել եկեղեցի, նրանցից շատերը, հասնելով եկեղեցու աստիճաններին, մնում են դրսում եւ ստիպված լինում հենց այնտեղ էլ աղոթել` չկարողանալով նույնիսկ մոմ վառել: Մինչդեռ շատ խնդիրներ հեշտությամբ կլուծվեն, եթե աստիճանների կողքին թեքահարթակներ կառուցվեն: Եղածներն էլ, նկատենք, երբեմն հարկ եղածից շատ թեք են, անհարմար:
Ավելորդ է հանրային փոխադրամիջոցների մասին խոսելը: Լսել եմ, որ 1-2 տարի առաջ Հայաստան են ներկրվել 3 ավտոբուս, որոնք հարմարեցված են հաշմանդամ մարդկանց սպասարկմանը, սակայն այդ ավտոբուսներից եւ ոչ մեկը չեմ տեսել երեւանյան փողոցներում: Խնդիրները շատ են, իսկ պատկան մարմիններն, ասես, չեն շտապում դրանց լուծում տալ: Ցավոք, մեզանում ուշադրության են արժանանում երկրորդական շատ խնդիրներ, անուշադրության են մատնվում կարեւորները:
ԷՄՄԱ ՀԱԿՈԲՅԱՆ



24 мар. 2011 г.


#12 (878) 23.03.2011

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ...

ԲԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ` GAME OVER!!!


Անցյալ տարի մեր բակը քաղաքապետարանի որոշմամբ վերանորոգվեց: Բոլորը շատ ուրախ
էին`փոշոտ փողոցը վերջապես ասֆալտապատվեց: Մեծերն ուրախացել էին` բարեկարգ փողոցում երեխաները հանգիստ կխաղան, բայց ասֆալտն իր հետ նոր բարքեր ու ինչ-որ նոր բան բերեց մեր փողոց: Քարացավ բակի երեխաների աղմուկը: Ասֆալտի տակ մնացին ասես մանկությանս հուշերը: Տարօրինակ է` փողոցի փոշին չէր էլ խանգարում, որ բակ գնայինք ու առավոտից երեկո խաղայինք: Հիշում եմ` հոգնում էինք ու երեկոյան հավաքվում Սեդա տատիկենց բակի աստիճաններին: Երգում էինք, արտասանում, մեծերի աշխարհից լսած ու չլսած բաների մասին պատմում միմյանց` մինչեւ որ ծնողները տուն էին կանչում, ու մենք դժկամությամբ բաժանվում էինք իրարից: Առավոտյան նորից սկսվում էր` «Յոթ քար»,«Գործագործ», «Պախկվոցի», «Հալամուլա», «Կլաս», «Ռեզին», «Պարան», «Օղակ»,«Անուն գոռոցի», «Տուն-տունիկ», «Բժիշկ-բժիշկ» (անունների մի մասի ստուգաբանությունը, թերեւս, ոչ ոք չգիտի, մի քանիսն էլ ռուսական անվանումների աղավաղված տարբերակներն են): Այսօր բակերում խաղացող հատուկենտ երեխաներ կտեսնեք: Մինչդեռ խաղը դարեր շարունակ մեր կենցաղի անբաժան մասն է կազմել: Ունեցել ենք հարյուրավոր խաղեր` ժողովրդական-դրամատիկական, մանկական-զինվորական, մանկապատանեկան-սոցիալական, երիտասարդական-դատավարական, վանական, տոնական-ծիսական, կրկեսային, կենցաղային, որսորդական, նախաամուսնական, ամուսնական, ընտանեկան, քաղաքացիական-մրցակցային խաղեր, զվարճանքներ ու ժամանց... Մեր նախնիները համոզված էին, որ խաղը երեխայի ամենամտերիմ ընկերն է, ունի դաստիարակչական մեծ նշանակություն: Խաղի միջոցով հեշտ է երեխային նախապատրաստել կյանքի հետագա դժվարություններին: Խաղի ընթացքում ստանալով մեծ բավականություն` մանուկներն աստիճանաբար ձեռք են բերում ազատ ստեղծագործական գործունեություն, ինքնուրույն մտածողություն, երեւակայություն, հիշողություն, ուշադրություն, կամք, հույզ, մարմինն է կոփվում: Մանկական տարիքում խաղն անհրաժեշտություն է. դրա միջոցով է մանուկը ճանաչում աշխարհը, կատարելագործում իր ստացած նախնական տպավորությունները, ժառանգում նախորդ սերունդների ավանդույթները: Թիմային խաղերում դրսեւորվում է միասնականություն, կարգապահություն:
Իսկ հիմա փողոցում միայն ասֆալտ է... Հիմա կրտսեր զարմիկներս GTA-ից ու նարուտոներից են խոսում: Մեկ-մեկ էլ ամաչում եմ. թվում է` ինձնից շատ բան գիտեն: Լավ է, որ երեխաները հաղորդակից են տեխնիկայի նորագույն նվաճումներին, հմտորեն օգտվում են համակարգիչներից, բայց թող այդ ամենը չլինի թարմ օդում լինելու, բակում խաղալու, ընկերներ ունենալու հաշվին: Մեկ այլ խնդիր էլ է ծագում. խզվում է կապը սերունդների միջեւ£ Շատ ընտանիքներում ծնողները, որոնք հնարավորություն չունեն շփվելու նորագույն տեխնոլոգիաների հետ, բարդութավորվում են: Երեխաներն էլ տարակուսում են` այդ ինչպե՞ս է, որ մեծահասակները իրենցից քիչ գիտեն: Երեխան ավելի ինֆորմացված է, ավելի հարուստ գիտելիքներ ունի, սակայն այս ամենով հանդերձ մանկություն չունի, որը եւս կենսափորձի մի մաս է: Շատ անգամ եմ լսել. «Վայ, օրհնվի էս կամպյուտր ստեղծողը, երեխաներս տանը կմնան, աչքիս առաջ կլինեն, ես էլ չեմ անհանգստանա, թող նստի ու սուսուփուս խաղա»: Սիրելի ծնողներ, իսկ երբեւէ մոտեցե՞լ եք, տեսե՞լ եք` ինչ է խաղում ձեր երեխան, ինչո՞վ է զբաղվում համակարգչի առաջ, մտածե՞լ եք` ի՞նչ են սովորեցնում, ի՞նչ հոգեբանություն են կերտում այդ խաղերը: Թե՞ դա ձեզ չի անհանգստացնում:

Ն.Հ.

ԴԱՍԻՑ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ...


Ազատամարտիկ Հապետ Արշակյանին նվիրված հուշ-ցերեկույթն այսպես
որակեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: 23 տարեկան այդ երիտասարդին ոչինչ հետ չպահեց
պատերազմի դաշտ մեկնելուց. ոչ ծնողների, ոչ սիրած կնոջ թախանձանքը, ոչ էլ նորածին դստեր թոթովանքները: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողը մինչ մայր բուհ ընդունվելն ուսանում էր Նովոսիբիրսկի ռազմական ինստիտուտում, սակայն պատերազմի լուրն առնելով` կիսատ թողեց ուսումն ու վերադարձավ հայրենիք: Քանի որ ռազմական կրթության համար վճարում էր Խորհրդային Միությունը, Հապետը պիտի ծանրակշիռ պատճառ ունենար Հայաստան վերադառնալու համար: Հայրենիքի կանչին ականջալուր զավակը գտավ լուծումը. միտումնավոր կոտրեց ձեռքն ու ձեռք բերեց ցանկալի ուղեգիրը: Հայաստանում էլ ծնողներին պետք է համոզեր: Մարտի դաշտից հեռու պահելու համար ծնողները նրան ամուսնացրին սիրած աղջկա հետ, բայց Հապետը անդրդվելի մնաց: Հերոսի մեծարման հուշ-ցերեկույթին ներկա էին ինչպես Արշակյան ընտանիքի անդամները, այնպես էլ նրա մարտական ընկերներն ու «Երկրապահ կամավորականների միության անդամները: «Մենք իրավունք չունենք չհիշելու, չմեծարելու մեր հերոսներին»,- ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյան` հույս հայտնելով, որ առաջիկայում ֆակուլտետի երկու ազատամարտիկ ուսանողների անվանական լսարանների շարքը կհամալրվի եւս մեկով` ի պատիվ Հապետ Արշակյանի: Ի դեպ, այս ֆակուլտետում է սովորում նաեւ հերոսի դուստրը. Էմմա Արշակյանն արդեն երրորդ կուրսի ուսանողուհի է: Հապետի մարտական ընկերները հուշեր պատմեցին, իսկ «Երկրապահ» կամավորականների միությունը միջոցառման կազմակերպիչների` «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի համար անակնկալ էր պատրաստել: Զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող միջոցառումների կազմակերպման եւ ուսանողության շրջանում ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու համար «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով պարգեւատրվեցին իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը եւ «Վարդանանք» ակումբի նախագահ Սա
թենիկ Աբրահամյանը: Մի խումբ վարդանանքցիներ էլ արժանացան ԵԿՄ պատվոգրերի, որոնք հանձնեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Հապետ Արշակյանը ծնվել է 1970 թվականին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում: 1987 թվականին գերազանցությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը եւ մեկնել Նովոսիբիրսկ` ուսումը շարունակելու բարձրագույն զինվորական դպրոցում: 1989 թվականին վերադարձել է Հայաստան եւ ընդունվել Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ դարձել է վաշտի հրամանատար` ավագ լեյտենանտի կոչումով: 1992 թվականին մարտական ընկերների հետ գործուն մասնակցություն է ունեցել Հադրութ-Ֆիզուլի-Հորադիզ ուղղությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի վարած հաղթական մարտերին: 1993 թվականին իր վաշտով տեղափոխվել է Մարդակերտի շրջան, որտեղ պաշտպանության բանակի այլ ստորաբաժանումների հետ մասնակցել է ավելի քան 10 գյուղերի ազատագրմանը: Հապետ Արշակյանը 1994 թվականի հունվարի 9-ին զոհվել է Մատաղիսի մոտակայքում` Դագաղասարի բարձունքում մղված մարտերի ժամանակ:

ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ

2010 թվականի դեկտեմբերին հայաստանցի ուսանողները մասնակցել էին Իսրայելում անցկացված մաթեմատիկայի օն-լայն օլիմպիադային: Օլիմպիադան կազմակերպել էր Իսրայելի «Արիել» համալսարանի մաթեմատիկայի կենտրոնը: Մասնակցում էին 17 երկրների տարբեր համալսարաններ, Հայաստանից` Երեւանի պետական համալսարանի եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողները: Օլիմպիադան անցկացվել է երկու փուլով: Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երրորդ կուրսեցիներից կազմված չորսհոգանոց խումբը երկու փուլում էլ արժանացել է բրոնզե մեդալի:
Ինչպես պատմեց թիմի ավագ Տիգրանուհի Գրիգորյանը, առաջին փուլում առաջարկվել է խնդիրների բլից լուծում, այսինքն` անհրաժեշտ է եղել 10 րոպեի ընթացքում ուղարկել խնդիրների պատասխանները: Բլից փուլից հետո անցկացվել է երկրորդ փուլը, որի ժամանակ մասնակիցները նույն խնդիրների լուծման եղանակները (ռուսերեն կամ անգլերեն) պետք է ուղարկեին օլիմպիադայի հանձնաժողովին: «Օլիմպիադայի ավարտից հետո պարզվեց, որ երկու փուլերում էլ բրոնզե մեդալներ ենք շահել, բայց չէինք պատկերացնում, որ մեդալներն ու պատվոգրերը «Արիել» համալսարանի մաթեմատիկայի կենտրոնը թեեւ ուշացումով, բայց կուղարկեր մեզ»,- անկեղծացավ Տիգրանուհի Գրիգորյանը: Թիմի անդամները` Տիգրանուհի Գրիգորյանը, Աշոտ Հարությունյանը, Ռաֆիկ Բադալյանը եւ Գալուստ Փանոսյանը, կարողանում են համատեղ աշխատել եւ հաջողության հասնել: Օգնում է ոչ միայն արագ կողմնորոշվելու ունակությունը, այլեւ բարձր տրամադրությունը: «Օլիմպիադային մասնակցել ենք բարձր տրամադրությամբ, հաղթելու վճռականությամբ: Մեր թիմն ուժեղ է նրանով, որ մեզանից յուրաքանչյուրը յուրովի է մտածում, իսկ դա նպաստում է, որ խնդիրներն ավելի արագ լուծվեն: Չնայած հաճախ ենք վիճում, բայց դա նույնպես օգնեց մեզ»,- ասացին բրոզե մեդալակիրները:

ԵՊՀ լրատվության վարչություն