5 мая 2011 г.






#18 (884) 05. 05. 11
ԱՌՅՈՒԾՆ ԱՌՅՈՒԾ Է, ԷՂՆԻ ԷԳ, ԹԵ ՈՐՁ

Էպոսի այս տողերը հիշեցի, երբ նա սկսեց պատմել Մարտակերտում մղված արյունալի կռիվների մասին: «Ես Լենինավան ու Մարաղա եմ տեսել: Ի՞նչ գիտեն մարդիկ այս պատերազմի մասին... Հայոց ցեղասպանությունից տասնամյակներ անց նոր թուրքը ավելի բարբարոս գտնվեց: Մարաղայում սեփական աչքերով եմ տեսել տների բակերում խոշտանգված մարմիններ: Դատապարտված եմ այդ ամենը հավերժ հիշելու»:
Ո՞վ է նա: «Ես մի սովորական հայուհի եմ` անսովոր ճակատագրով»: Դեռ չէր սկսվել Արցախյան պատերազմը, երբ 24-ամյա երիտասարդ կինը` արդեն երկու որդիների մայր, Բաքվում եւ Սումգայիթում կատարված արյունալի դեպքերի ընթացքում շատ հարազատների կորցնելուց հետո փախստականի կարգավիճակով հայտնվեց Հայաստանում: Նժդեհը գրում էր. «Մայրերի ափերի մեջ փնտրեք ազգերի ճակատագիրը»: Նա մայր էր, պետք է պաշտպաներ որդիներին ճակատագրի նոր հարվածներից. «Կրտսեր որդիս 3 տարեկան էր, ավագը` 5: Նրանց թողեցի մորս խնամքին: Շրջափակման մեջ էինք:
Ծոցագրպանիցս հանեցի լուսանկարներն ու պատռեցի, մտքիս մեջ ներողություն խնդրեցի, որ չեմ կարողանալու ինքս մեծացնել նրանց: Կռիվ էի գնում, չգիտեի` ինչ է լինելու: Համազգեստիս օձիքի աջ եւ ձախ կողմերում ներսից թույն էի կարել, որ գերի ընկնելու դեպքում նույնիսկ կապված ձեռքերով կարողանայի կյանքիս վերջ տալ...»: Անահիտ Մարտիրոսյանը ռազմի դաշտ մեկնեց որպես բուժքույր, ծառայում էր Արկադի Տեր-Թադեւոսյանի` Կոմանդոսի հրամանատարությամբ:«Մի զինված գործողության ժամանակ 14 վիրավոր տղաներ մնացել էին անօգնական: Միայն ես էի նրանց կողքին: Ուղղաթիռ գտա, նրանց Ստեփանակերտ, ապա Երեւան տեղափոխեցի: Ապաքինվելուց հետո դիմեցին հրամանատարությանը, ասացին, որ ուզում են առանձին ջոկատով կռվել` իմ հրամանատարությամբ: Այդպես կազմավորվեց «Անահիտ» ջոկատը, եւ ես դարձա միակ հայ կին հրամանատարը: Հետագայում ջոկատի անդամների թիվն ավելացավ: 28 հոգի էինք, 14-ը ռուս տղաներ էին, մի ուզբեկ զինակից էլ ունեինք: Ջոկատիս 28 մարտիկներից 6-ը զոհվեցին: Ես երկու անգամ վիրավորվել եմ, 18 անգամ վիրահատվել… Դրմբոնում շատ ծանր վիրավորվեցի, չգիտեմ էլ` ոնց փրկվեցի...»:
Հայրենիքի ազատագրման, մեր այսօրվա խաղաղության համար մարտնչած միակ կին հրամանատարն այսօր ապրում է 1-
սենյականոց բնակարանում իր բազմանդամ ընտանիքի`զինակից ամուսնու, դստեր ու որդիների, հարսի ու թոռնուհու` կրտսեր Անահիտի հետ: Փոքրիկ սենյակի պատին ուշադրություն են գրավում Մոնթե Մելքոնյանի ու սպարապետ Վազգեն Սարգսյանի գոբելեն դիմանկարները: Մոնթեի նկարի կողքին մի թուր է կախված: 120-ամյա հայկական թուր է` նվեր, մի գյուղացուց: «Լյուլասազը հանձնվել էր թուրքերին, Մաղավուզը դատարկված էր: Իջնում էինք դեպի գյուղ, հետախուզության: Բույանս առաջ ընկավ (Բույանը Անահիտի մարտական նժույգն էր, որ մի գյուղում նվեր էր ստացել.- Ն.Հ.): Մի քանի քայլ արեց ու... ականի վրա պայթեց: Նա, ասես, առաջ անցնելով, ինքն իրեն զոհելով` տեղեկացրեց վտանգի մասին»:
Զինադադարից հետո 10 տարի շարունակ Անահիտ Մարտիրոսյանը ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, ռազմական ինստիտուտում իր մարտական գիտելիքներն ու փորձն է փոխանցել նոր սերնդի հայ սպաներին: Որդիները եւս զինվորականներ են: Մի քանի տարի առաջ Մայիսի 9-ի կապակցությամբ Եռաբլուր էր գնացել` մարտական ընկերների հիշատակը հարգելու. «Մի լրագրող մոտեցավ, հարցրեց` ի ՞ նչ ցանկություն, ի ՞ նչ երազանք ունեմ: Ասացի` շատ փող եմ ուզում ունենալ: Բոլորը ծիծաղեցին: Մարտական ընկերներիցս մեկը, որ այդ պահին կողքիս էր, հարցրեց` ինչո ՞ ւ: Պատասխանեցի. «Երբ ամեն անգամ այստեղ եմ գալիս, ծաղիկներս չեն բավականացնում: Անգամ զինվորական հաշմանդամության ամբողջ թոշակս թույլ չի տալիս այդքան ծաղիկ գնել: Ուզում եմ մի օր այնքան փող ունենալ, որ մի մեծ մեքենայով ծաղիկներ բերեմ ընկերներիս: Մի-մի հատ չէ, փնջերով, մեծ փնջերով...»: Ավաղ, հիմա միայն ծաղիկներ կարող եմ նրանց բերել: Ես վրեժ եմ լուծել, ու ոչ ոք թող չդատի ինձ ու դաժան չանվանի: Այս պատերազմը մենք չէինք ընտրել: Եվ թող հեքիաթներ չպատմեն, թե ազերիները վատ են կռվում, թույլ են: Իհարկե, մեր տասը նրանց հարյուրին է միշտ արժեցել, բայց նրանք էլ ուժեղ են...
Ճակատագրից արդարություն եմ ուզում: Մարտադաշտի գեհենով չանցածը թող չխցկվի մեր սրբության մեջ: Ուրիշի արյան վրա փառք չի ստեղծվի...»:
ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ

Լուսանկարում` 1992թ., Մարտակերտի շրջան, Կարմիր ավան, Կորյունի (Դուշման) հետ:

#18 (884) 05. 05. 11

ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԵՐԱԶՈՒՄ ԷԻՆՔ ՄԻ ՕՐ ԷԼ ՄԵՐ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՌՎԵԼ»

«80-ականների սկզբին զորակոչվեցի բանակ: Կարճ ժամանակ անց մի խումբ տղաների հետ մեկնեցինք Աֆղանստան,- պատմում է «Աֆղանական պատերազմի վետերանների միության» նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը:- Այդ պատերազմի ընթացքում ընկերներով բազմիցս երազել ենք մի օր էլ մեր հողերի ազատագրման համար կռվել: Զորացրվեցինք`աֆղանական պատերազմից վերադարձանք տուն: Սկսվեց Արցախյան շարժումը: Մենք էլ ընկերներով մասնակցում էինք ցույցերին, հավաքներին, ու աստիճանաբար ձեւավորվեց մեր ջոկատը: «Աֆղանական» ջոկատում մոտ 40 հոգի էինք: Մեր ջոկատն աչքի էր ընկնում մարտավարական գիտելիքներով, զենք կիրառելու վարպետությամբ, փորձառությամբ, որ ձեռք էինք բերել նախորդ պատերազմի ժամանակ: Մենք մասնակցում էինք Շուշիի ազատագրմանը: Կռվում էինք Քարինտակ, Լիսագոր, Բերդաձոր, Զառիսլու ուղղությամբ: Մայիսի 9-ին Շուշին ազատագրված էր: Արագ կազմակերպվեց թշնամու զինված գործողություններից վնասված ու ավերված, այրվող քաղաքի պաշտպանությունը. հանգցրինք հրդեհը, մի խումբ տղաներ շտապեցին թանգարան, որ հանկարծ այնտեղ պահվող արժեքները չվտանգվեն: Փառահեղ հաղթանակ էր, եւ այսօր ուզում եմ շնորհավորել համայն հայությանը այդ հաղթանակի կապակցությամբ: Շուշիի ազատագրումն անհնարին էր թվում, բայց շնորհիվ Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադեւոսյանի ռազմական գործողությունների մշակման բարձր մակարդակի, հաջողվեց գրավել անառիկ թվացող Շուշին: Այս հաղթանակը, մեր գործած սխրանքը այսօր էլ նույն ուժով պետք է ոգեւորի բոլորիս, համակի հպարտությամբ: Այսօր էլ մեր խաղաղ օրերի կռիվն է` հաղթանակը պահպանելու, խաղաղությունը պահելու կռիվը: Շատ ողջունելի կլիներ, եթե պետական մակարդակով առանձնակի ուշադրություն դարձվեր մեր նոր սերնդի հայեցի դաստիարակությանը: Ըստ արժանվույն պետք է մեծարվի ազատամարտիկը, պատշաճ ուշադրության արժանանա պատերազմում միակ զավակին կորցրած մայրը: Ինչքան ուրախալի կլիներ, որ մենք անուն առ անուն ճանաչեինք մեր Արցախի հերոսներին: Հիշում եմ, մեր դպրոցական տարիներին բոլորիս տանը, գրասեղաններին «Ռանչպարների կանչն» էր: Մեզանում հաղթելու ոգեւորություն կար, կորցրածը վերադարձնելու գաղափար: Կարծում եմ` այդ ամենը պետք է սկսել դեռ նախադպրոցական տարիքից: Մեր այս փայլուն հաղթանակի պրոպագանդման հարցում մեծ դեր ունեն նաեւ մեր լրատվամիջոցները: Ես երկար տարիներ աշխատել եմ Հանրային ռադիոյի գիտահանրամատչելի եւ ուսումնական հաղորդումների բաժնում նախ որպես ռեժիսորի ասիստենտ, հետո` ռեժիսոր: Հիշում եմ, որ ազատամարտի տարիներին եւ հաղթանակից հետո պարբերաբար հաղորդումներ էին հեռարձակվում այդ թեմայով: Ինչքան ուրախալի կլիներ, եթե այսօր էլ այդ նույն ոգին իշխեր ու հաղորդվեր մեր ժողովրդին»,- ասում է Արմեն Մխիթարյանը:
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ



#18 (884) 05. 05. 11

ԵՂԻՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ԷԼ ԿՌՎՈՒՄ ԷՐ ԱՐՑԱԽՈՒՄ

80-ամյա Եղիշ Մարգարյանն իր տարիքից երիտասարդ է երեւում: Ապրել է
հետաքրքիր ու բովանդակալից կյանքով: Զբաղվել է կոմերիտական աշխատանքով. եղել է Երեւանի Ավտոդողերի գործարանի կոմերիտմիության քարտուղարը, ՀԼԿԵՄ կենտկոմի երիտասարդ արվեստագետների խորհրդի նախագահը: «Դպրոցական էինք, բայց մեզ էլ տանում էին ռազմաճակատի համար ավտոդողեր, զրահամեքենաների մասեր արտադրող գործարան`աշխատելու: Այսպես մեր փոքրիկ ներդրումն ունեցանք Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակում»,- հիշում է Եղիշ պապը, որ նաեւ հիանալի երաժիշտ է: «9 տարեկանից շվի եմ նվագել, հետագայում նաեւ` դուդուկ, զուռնա»,- պատմում է նա ու աննկատ գրպանից հանում շվին. խմբագրությունում տարածվում է մեղմ երաժշտությունը: Այդ երաժշտությունն օգնել է նաեւ
Արցախում կռվող մեր տղաներին: «Նախկինում Երեւանյան լճի կողմերում Նոր Կողբ կոչվող մի բնակավայր կար, մեր տունն էդտեղ էր: Ադրբեջանցի հարեւաններ ունեինք, նրանցից ադրբեջաներեն էի սովորել: 90-ականներին, երբ ծագեց Արցախի խնդիրն ու սկսվեցին զինված գործողությունները, ես էլ ուզում էի մի բանով օգտակար լինել հայրենի

Արցախի ազատագրման համար մղվող կռվին, մտածում էի` գուցե լեզվի իմացությունը պետք գա: 1992-ին ես, Արուս Գուլանյանը, էլի ուրիշ երգիչ-երաժիշտներ մեկնեցինք Լեռնային Ղարաբաղ` զինվորների համար համերգներ տալու: Վիրավորներն Արուսին ասում էին. «Մեզ դեղ պետք չի, մենակ դու երգի, ուստա, դու էլ նվագի…»: Ամենատպավորիչը հաղթանակի դրվագներն էին, երբ որեւէ բնակավայր էինք ազատագրում: Մեր մարտիկների, ֆիդայիների հաղթանակն ազդարարող զուռնայի, շվիի ու դուդուկի ձայնը տարածվում էր արցախյան անտառներում ու արձագանքվում լեռներում: Ինչքան երգեր ծնվեցին այդ օրերին: Այսօր մեզ հայտնի ֆիդայական շատ-շատ երգեր հենց այդ շրջանում են ստեղծվել. հաղթանակի բերկրանքն ու զինակիցների կորստյան ցավը ստիպում էին երգու մեղեդիներով ուրախանալ, մխիթարվել: Որտեղ ասես եղել եմ` Թալիշ, Ֆիզուլի, Աղդամ (Ակնա), Մատաղիս, Տոնաշեն… Փորձել եմ ուժ ու ոգի հաղորդել մեր տղաներին»,- ասում է Եղիշ Մարգարյանը: Նա արժանացել է Մշակույթի վաստակավոր գործչի կոչման, պարգեւատրվել«Աշխատանքային արիության ու գերազանցության» մեդալով:
Հպարտ է, որ որդին նույնպես կռվել է Արցախում: Հաղթանակի օրն իսկապես տոն է Մարգարյանների համար, հաղթանակ, որի կերտմանը մասնակցել են նաեւ հայր ու որդի:

ՇՈՂԱԿԱԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

1 мая 2011 г.

01.05.2011

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

Ապրիլի 26-30-ը Իսպանիայում պարի իսկական տոն էր: Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնն Իսպանիայում անցկացվում է արդեն 14-րդ անգամ, երկու տարին մեկ: Ժողովրդական պարերի համաշխարհային մրցույթին մինչ այժմ մասնակցել է շուրջ 75 երկիր, իսկ այս տարի մասնակցում էին մոտ 10 երկիր:Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնին Հայաստանը ներկայացնում էր հանրահայտ «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը` (գեղ. ղեկավար` Գագիկ Գինոսյան ութ րոպեանոց պարային համարով, որն ընդգրկել է բազմաթիվ պարերից հատվածներ, այդ թվում՝ «Յարխուշտա», «Ռոստամ բազի», «Փափուրի», «Ծաղկաձորի», «Ետ ու առաջ», «Շատախի ռազմապար», «Քերծի», «Իշխանաց պար» և այլն։
«Յարխուշտա» ռազմական խաղ-պարը, պատկանում է հայկական ծափ պարերի տեսակին եւ առանձնանում է յուրօրինակ կառուցվածքով: «Յարխուշտա»-ն տարածված է եղել Սասունում: Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկի համաձայն այն նշանակում է «զենքի ընկեր»: Յար պարսկերենից թանգմանաբար նշանակում է «սիրեցյալ ընկեր», իսկ խըշտ, խըշտիկ` «կարճ նիզակ, զենք»: Նշենք նաեւ, որ պարեղանակն էլ այս փառատոնում արժանացել է երրորդ մրցանակի: