#14 (880) 07.04.2011
ԻՆՉՆ ԼԱՎ Է, ՈՐ...
ՈՒՆԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՆՔ

Դպրոցական տարիներին միակ երազանքս ու ցանկությունս լավ գնահատականներով ավարտելն ու բուհ ընդունվելն էր: Հիմա հասել եմ նպատակիս, արդեն ուսանող եմ: Բայց այն ժամանակ պատկերացում չունեի առաջիկա դժվարությունների մասին: Խոսքը դասերի ու քննությունների մասին չէ, այլ ամեն օր մոտ 50 կիլոմետր ճանապարհ կտրել-անցնելու եւ հարազատ գյուղից Երեւան հասնելու մասին: Չորս համայնքների բնակիչներին Երեւան հասնելու համար հատկացված է ընդամենը մեկ ավտոբուս, որը երթուղի է դուրս գալիս երեք ժամը մեկ: Առավոտյան գործում է ուսանողական ավտոբուսը: Դժվար է նրանց վիճակը, որոնց դասերը սկսվում են կեսօրին եւ որոնք չունեն ուսանողական ավտոբուսից օգտվելու հնարավորություն: Շուրջ մեկուկես տասնյակ ուսանողներին գումարվում են նաեւ տարբեր գործերով Երեւան մեկնող մարդիկ: Լեփ-լեցուն ավտոբուսներով մի կերպ հասնում ենք Երեւան, այս անգամ էլ բախվում ենք լեփ-լեցուն երթուղային տաքսիներին: Եթե դուռը բացելուց հետո ես նկատում, որ նստելու տեղ չկա ու չես ուզում կանգնած, կիսակոր վիճակում տեղ հասնել, արժանանում ես վրդովված վարորդի նախատինքին: Մի կերպ տեղ ես հասնում, մի քանի ժամ փորձում մոռանալ այս ամենի մասին, բայց դասերն ավարտվում են, դուրս ես գալիս փողոց ու... նորից նույնը: Եթե բախտը ժպտում է, նստում ես տուն տանող ավտոբուսը: Եթե բոլոր տեղերը զբաղված են, կանգնած սպասում ես մինչեւ ավտոբուսը լցվի ու վերջապես շարժվի: Ավտոբուսը հին է, եւ քեզ թվում է, որ ոլորանների վրա կարող է շունչը փչել: Վարորդն անճաշակ երաժշտության սիրահար է, վարելիս էլ սիրում է մի քանի գլանակ ծխել, հենց վարելու ընթացքում հեռախոսով կարգավորել իր բոլոր գործերը: Հեռախոսով բարձրաձայն խոսել սիրում են նաեւ ուղեւորները: Ստիպված լսում ես այդ խոսակցությունները, երբեմն էլ ականատես լինում ավտոբուսի մեջ ծագած անիմաստ վիճաբանությունների ու վերջնականապես փչացած տրամադրությամբ տուն հասնում: Զգում ես, որ ահավոր հոգնած ես ու էլ ուժ չունես դաս անելու, նույնիսկ` հաց ուտելու: Մի կերպ հասնում ես անկողնուդ ու անկախ ամեն ինչից մտածում ես` ինչ լավ է, որ գոնե տուն հասնելու համար մեզ ավտոբուս է հատկացված եւ ոչ թե երթուղային տաքսի:
ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ba vor gyugic minchev qagaq meky voroshum a heraxosov ambogj chanaparhin xosa
ОтветитьУдалить