www.eter.am
# 31 (1055)
31.07.2014
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ. ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Երեւանի, Վանաձորի եւ Արցախի բուհերի միջեւ մայիս ամսին անցկացված Ունիվերսիադայի երգի մրցույթ-փառատոնում առաջին տեղը գրավեց ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Ավդալյանը /https://www.youtube.com/user/Gayane610/:Երիտասարդ երաժիշտն ու լրագրողուհին բացահայտում է իր հաջողությունների բանաձեւը:
-Ունիվերսիադան ինձ համար միջբուհական ակտիվ կյանքի զարգացման, շփման եւ առողջ մրցակցության հնարավորություններով լի մրցույթ էր: ԵՊՀ ուսխորհրդի մշակույթի հանձնաժողովի ընկերներս առանց ինձ տեղյակ պահելու անունս գրանցել էին մասնակիցների ցուցակում: Երբ իմացա այդ մասին, անակնկալի եկա: Ինձ համար մեծ պատասխանատվություն էր: Մրցույթի նախորդ օրը ոչ մի կերպ չէի կողմնորոշվում, թե ինչ եմ երգելու: Ի վերջո որոշեցի սիրածս հայրենասիրական երգերը միավորել 5 րոպեում. կատարեցի «Ախպերս ու ես», «Կարմիր կակաչները», «Սարերի քամի», «Պատանի զինվորը» երգերը: Կյանքիս լավագույն պահերից էր, երբ ինձ, որպես հաղթողի, շնորհավորեց մաեստրո Երվանդ Երզնկյանը: Միշտ ասում եմ, որ մրցել չեմ սիրում, բայց այնպես է ստացվում, որ հաճախ եմ մասնակցում նման մրցույթների:
-Որքան գիտեմ, նաեւ հաճախ հաղթում ես: Հաղթանակներիցդ ո՞րն ես ամենաշատը կարեւորում:
-Իմ առաջին հաղթանակներն ու հաջողությունները սկսվել են «Արեւիկ» անսամբլի մրցանակաբաշխություններից, Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի միջոցառումներից, Ռուս-հայկական բարեկամությունը խորհրդանշող «Բարեկամության կամուրջ» մրցույթից: Այդ մրցույթներն ու միջոցառումներն հարստացրին բեմական փորձս, պարգեւեցին հաճելի հուշեր: Հատկապես «Շանթի» հեղինակավոր երկու նախագծերը՝ «X ֆակտորն» ու «Հայ սուպերսթարը», իմ կյանքում շրջադարձային եղան. սկսեցին ճանաչել: 15 տարեկանում գրեցի առաջին երգս: «Երգող համալսարանական» մրցույթում հաղթանակ տարա իմ հեղինակային երգով: Այսօր արդեն 7 երգի հեղինակ եմ, որոնք հաճախ կատարում եմ տարբեր բեմերից: Իսկ ամենակարեւոր հաղթանակն ինձ համար այն ջերմ խոսքերն են, որ ստանում եմ նամակների կամ կենդանի շփման միջոցով: Դա հաղթանակ է հատկապես երիտասարդ արվեստագետի համար:
-Երաժիշտ լինելով՝ սովորում ես ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Որքանո՞վ է հաջողվում համատեղել լրագրությունն ու երաժշտությունը:
-Յոթ տարեկանից աշխատում էի «Հայրենիք» հեռուստաընկերությունում, բայց հաղորդավար դառնալու մտադրություն չունեի: Հետո որոշեցի ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Շատերն են այս երկու մասնագիտությունները համարում անհամատեղելի, բայց հիմա հասկանում եմ, որ եթե մարդ սիրում է այն, ինչով ապրում է, էական չէ՝ ուրիշները դա համատեղելի են համարում, թե ոչ: Գայանեն ուրիշ է, երբ երգում է, եւ լրիվ ուրիշ, երբ հարցազրույց է վարում կամ ռեպորտաժ գրում: Դեռ չեմ փորձել որեւէ միջոցառման ժամանակ հանդես գալ ե՛ւ որպես լրագրող, ե՛ւ որպես երաժիշտ: Գուցե հաջորդ անգամ փորձեմ լուսաբանել այն համերգը, որի ընթացքում երգելու եմ:
-Եթե չլինեին լրագրությունն ու երաժշտությունը, ինչո՞վ կզբաղվեիր:
-Տարբեր տարիների տարբեր բաների մասին եմ մտածել. երազել եմ բալետի պարուհի լինել, աշխատել ծաղկի խանութում, սակայն հավանական է, որ նկարչուհի կդառնայի՝ վրձինը մազերիս մեջ խրած, պատուհանից ներս լցվող քամու դիմաց նկարելիս:
-Հետաքրքիր է՝ երբ առաջին անգամ կիթառը վերցրիր ձեռքդ, պատկերացնո՞ւմ էիր, որ միասին այսքան հաջողությունների կհասնեք:
-Լավ ասացիր՝ միասին, որովհետեւ կիթառս ինձ համար գործիք չէ, մարդ է, իմ տարբեր տրամադրությունների ընկերը: Առաջին անգամ, երբ կիթառ նվեր ստացա, արցունքները խեղդում էին կոկորդս: Մոտ քսան րոպե լուռ գրկել էի կիթառս: Երբ ուզում եմ հանգստանալ, վերցնում եմ ու նվագում, երգում: Սկզբնական շջանում ես միայն մտերիմներիս եւ ինձ համար էի երգում: Իսկ այսօր արդեն ունեմ իմ ունկնդիրները, առայժմ համացանցի միջոցով: «Շանթի» մրցույթներից ինձ ճանաչելով՝ մարդկանց մի խումբ որոշեց բացել իմ ֆան ակումբը ֆեյսբուքում: Եթե անկեղծ ասեմ, օտարոտի այդ բառը չեմ սիրում: Էջին հետեւողների հետ սիրով շփվում եմ, բայց նրանց անվանում եմ արվեստասերներ. այդպես ավելի հեշտ է:
-Ո՞ր ժանրի երաժշտությունն է քեզ ավելի հոգեհարազատ:
-Ինձ համար տարօրինակ է բազմաշերտ արվեստը մեկ կամ երկու ժանրի մեջ տեղավորելը: Սիրում եմ այն երաժշտությունը, որից ոգեշնչված կարողանում եմ ստեղծագործել:
-Առաջիկա ի՞նչ անելիքներ եւ նվիրական երազանքներ ունես:
-Առաջին ու ամենամեծ երազանքս գիրքս տպագրելն ու հեղինակային երեկո կազմակերպելն է: Ցանկությունս մեծ է, որ երգերս ճանաչվեն ու սիրվեն: Պատրաստվում եմ հեղինակային հաղորդում սկսել օնլայն հարթակում, իմ գրած երգի հիման վրա տեսահոլովակ պիտի նկարահանվի: Այս ամենից զատ որոշել եմ մյուս տարի երաժշտական գործիքներիս շարքը համալրել. դաշնամուրին եւ կիթառին կավելանա ջութակը: Ինձ թվում է՝ այս ամենի իրականացման համար «մեծ ցանկություն եւ աշխատասիրություն» բանաձեւն է պետք:
ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ