
Անցյալ տարի մեր բակը քաղաքապետարանի որոշմամբ վերանորոգվեց: Բոլորը շատ ուրախ
էին`փոշոտ փողոցը վերջապես ասֆալտապատվեց: Մեծերն ուրախացել էին` բարեկարգ փողոցում երեխաները հանգիստ կխաղան, բայց ասֆալտն իր հետ նոր բարքեր ու ինչ-որ նոր բան բերեց մեր փողոց: Քարացավ բակի երեխաների աղմուկը: Ասֆալտի տակ մնացին ասես մանկությանս հուշերը: Տարօրինակ է` փողոցի փոշին չէր էլ խանգարում, որ բակ գնայինք ու առավոտից երեկո խաղայինք: Հիշում եմ` հոգնում էինք ու երեկոյան հավաքվում Սեդա տատիկենց բակի աստիճաններին: Երգում էինք, արտասանում, մեծերի աշխարհից լսած ու չլսած բաների մասին պատմում միմյանց` մինչեւ որ ծնողները տուն էին կանչում, ու մենք դժկամությամբ բաժանվում էինք իրարից: Առավոտյան նորից սկսվում էր` «Յոթ քար»,«Գործագործ», «Պախկվոցի», «Հալամուլա», «Կլաս», «Ռեզին», «Պարան», «Օղակ»,«Անուն գոռոցի», «Տուն-տունիկ», «Բժիշկ-բժիշկ» (անունների մի մասի ստուգաբանությունը, թերեւս, ոչ ոք չգիտի, մի քանիսն էլ ռուսական անվանումների աղավաղված տարբերակներն են): Այսօր բակերում խաղացող հատուկենտ երեխաներ կտեսնեք: Մինչդեռ խաղը դարեր շարունակ մեր կենցաղի անբաժան մասն է կազմել: Ունեցել ենք հարյուրավոր խաղեր` ժողովրդական-դրամատիկական, մանկական-զինվորական, մանկապատանեկան-սոցիալական, երիտասարդական-դատավարական, վանական, տոնական-ծիսական, կրկեսային, կենցաղային, որսորդական, նախաամուսնական, ամուսնական, ընտանեկան, քաղաքացիական-մրցակցային խաղեր, զվարճանքներ ու ժամանց... Մեր նախնիները համոզված էին, որ խաղը երեխայի ամենամտերիմ ընկերն է, ունի դաստիարակչական մեծ նշանակություն: Խաղի միջոցով հեշտ է երեխային նախապատրաստել կյանքի հետագա դժվարություններին: Խաղի ընթացքում ստանալով մեծ բավականություն` մանուկներն աստիճանաբար ձեռք են բերում ազատ ստեղծագործական գործունեություն, ինքնուրույն մտածողություն, երեւակայություն, հիշողություն, ուշադրություն, կամք, հույզ, մարմինն է կոփվում: Մանկական տարիքում խաղն անհրաժեշտություն է. դրա միջոցով է մանուկը ճանաչում աշխարհը, կատարելագործում իր ստացած նախնական տպավորությունները, ժառանգում նախորդ սերունդների ավանդույթները: Թիմային խաղերում դրսեւորվում է միասնականություն, կարգապահություն:
Իսկ հիմա փողոցում միայն ասֆալտ է... Հիմա կրտսեր զարմիկներս GTA-ից ու նարուտոներից են խոսում: Մեկ-մեկ էլ ամաչում եմ. թվում է` ինձնից շատ բան գիտեն: Լավ է, որ երեխաները հաղորդակից են տեխնիկայի նորագույն նվաճումներին, հմտորեն օգտվում են համակարգիչներից, բայց թող այդ ամենը չլինի թարմ օդում լինելու, բակում խաղալու, ընկերներ ունենալու հաշվին: Մեկ այլ խնդիր էլ է ծագում. խզվում է կապը սերունդների միջեւ£ Շատ ընտանիքներում ծնողները, որոնք հնարավորություն չունեն շփվելու նորագույն տեխնոլոգիաների հետ, բարդութավորվում են: Երեխաներն էլ տարակուսում են` այդ ինչպե՞ս է, որ մեծահասակները իրենցից քիչ գիտեն: Երեխան ավելի ինֆորմացված է, ավելի հարուստ գիտելիքներ ունի, սակայն այս ամենով հանդերձ մանկություն չունի, որը եւս կենսափորձի մի մաս է: Շատ անգամ եմ լսել. «Վայ, օրհնվի էս կամպյուտր ստեղծողը, երեխաներս տանը կմնան, աչքիս առաջ կլինեն, ես էլ չեմ անհանգստանա, թող նստի ու սուսուփուս խաղա»: Սիրելի ծնողներ, իսկ երբեւէ մոտեցե՞լ եք, տեսե՞լ եք` ինչ է խաղում ձեր երեխան, ինչո՞վ է զբաղվում համակարգչի առաջ, մտածե՞լ եք` ի՞նչ են սովորեցնում, ի՞նչ հոգեբանություն են կերտում այդ խաղերը: Թե՞ դա ձեզ չի անհանգստացնում:
Ն.Հ.

Ազատամարտիկ Հապետ Արշակյանին նվիրված հուշ-ցերեկույթն այսպես
որակեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: 23 տարեկան այդ երիտասարդին ոչինչ հետ չպահեց
պատերազմի դաշտ մեկնելուց. ոչ ծնողների, ոչ սիրած կնոջ թախանձանքը, ոչ էլ նորածին դստեր թոթովանքները: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողը մինչ մայր բուհ ընդունվելն ուսանում էր Նովոսիբիրսկի ռազմական ինստիտուտում, սակայն պատերազմի լուրն առնելով` կիսատ թողեց ուսումն ու վերադարձավ հայրենիք: Քանի որ ռազմական կրթության համար վճարում էր Խորհրդային Միությունը, Հապետը պիտի ծանրակշիռ պատճառ ունենար Հայաստան վերադառնալու համար: Հայրենիքի կանչին ականջալուր զավակը գտավ լուծումը. միտումնավոր կոտրեց ձեռքն ու ձեռք բերեց ցանկալի ուղեգիրը: Հայաստանում էլ ծնողներին պետք է համոզեր: Մարտի դաշտից հեռու պահելու համար ծնողները նրան ամուսնացրին սիրած աղջկա հետ, բայց Հապետը անդրդվելի մնաց: Հերոսի մեծարման հուշ-ցերեկույթին ներկա էին ինչպես Արշակյան ընտանիքի անդամները, այնպես էլ նրա մարտական ընկերներն ու «Երկրապահ կամավորականների միության անդամները: «Մենք իրավունք չունենք չհիշելու, չմեծարելու մեր հերոսներին»,- ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյան` հույս հայտնելով, որ առաջիկայում ֆակուլտետի երկու ազատամարտիկ ուսանողների անվանական լսարանների շարքը կհամալրվի եւս մեկով` ի պատիվ Հապետ Արշակյանի: Ի դեպ, այս ֆակուլտետում է սովորում նաեւ հերոսի դուստրը. Էմմա Արշակյանն արդեն երրորդ կուրսի ուսանողուհի է: Հապետի մարտական ընկերները հուշեր պատմեցին, իսկ «Երկրապահ» կամավորականների միությունը միջոցառման կազմակերպիչների` «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի համար անակնկալ էր պատրաստել: Զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող միջոցառումների կազմակերպման եւ ուսանողության շրջանում ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու համար «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով պարգեւատրվեցին իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը եւ «Վարդանանք» ակումբի նախագահ Սա
թենիկ Աբրահամյանը: Մի խումբ վարդանանքցիներ էլ արժանացան ԵԿՄ պատվոգրերի, որոնք հանձնեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Հապետ Արշակյանը ծնվել է 1970 թվականին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում: 1987 թվականին գերազանցությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը եւ մեկնել Նովոսիբիրսկ` ուսումը շարունակելու բարձրագույն զինվորական դպրոցում: 1989 թվականին վերադարձել է Հայաստան եւ ընդունվել Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ դարձել է վաշտի հրամանատար` ավագ լեյտենանտի կոչումով: 1992 թվականին մարտական ընկերների հետ գործուն մասնակցություն է ունեցել Հադրութ-Ֆիզուլի-Հորադիզ ուղղությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի վարած հաղթական մարտերին: 1993 թվականին իր վաշտով տեղափոխվել է Մարդակերտի շրջան, որտեղ պաշտպանության բանակի այլ ստորաբաժանումների հետ մասնակցել է ավելի քան 10 գյուղերի ազատագրմանը: Հապետ Արշակյանը 1994 թվականի հունվարի 9-ին զոհվել է Մատաղիսի մոտակայքում` Դագաղասարի բարձունքում մղված մարտերի ժամանակ:
ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ

2010 թվականի դեկտեմբերին հայաստանցի ուսանողները մասնակցել էին Իսրայելում անցկացված մաթեմատիկայի օն-լայն օլիմպիադային: Օլիմպիադան կազմակերպել էր Իսրայելի «Արիել» համալսարանի մաթեմատիկայի կենտրոնը: Մասնակցում էին 17 երկրների տարբեր համալսարաններ, Հայաստանից` Երեւանի պետական համալսարանի եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողները: Օլիմպիադան անցկացվել է երկու փուլով: Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երրորդ կուրսեցիներից կազմված չորսհոգանոց խումբը երկու փուլում էլ արժանացել է բրոնզե մեդալի:
Ինչպես պատմեց թիմի ավագ Տիգրանուհի Գրիգորյանը, առաջին փուլում առաջարկվել է խնդիրների բլից լուծում, այսինքն` անհրաժեշտ է եղել 10 րոպեի ընթացքում ուղարկել խնդիրների պատասխանները: Բլից փուլից հետո անցկացվել է երկրորդ փուլը, որի ժամանակ մասնակիցները նույն խնդիրների լուծման եղանակները (ռուսերեն կամ անգլերեն) պետք է ուղարկեին օլիմպիադայի հանձնաժողովին: «Օլիմպիադայի ավարտից հետո պարզվեց, որ երկու փուլերում էլ բրոնզե մեդալներ ենք շահել, բայց չէինք պատկերացնում, որ մեդալներն ու պատվոգրերը «Արիել» համալսարանի մաթեմատիկայի կենտրոնը թեեւ ուշացումով, բայց կուղարկեր մեզ»,- անկեղծացավ Տիգրանուհի Գրիգորյանը: Թիմի անդամները` Տիգրանուհի Գրիգորյանը, Աշոտ Հարությունյանը, Ռաֆիկ Բադալյանը եւ Գալուստ Փանոսյանը, կարողանում են համատեղ աշխատել եւ հաջողության հասնել: Օգնում է ոչ միայն արագ կողմնորոշվելու ունակությունը, այլեւ բարձր տրամադրությունը: «Օլիմպիադային մասնակցել ենք բարձր տրամադրությամբ, հաղթելու վճռականությամբ: Մեր թիմն ուժեղ է նրանով, որ մեզանից յուրաքանչյուրը յուրովի է մտածում, իսկ դա նպաստում է, որ խնդիրներն ավելի արագ լուծվեն: Չնայած հաճախ ենք վիճում, բայց դա նույնպես օգնեց մեզ»,- ասացին բրոզե մեդալակիրները:
ԵՊՀ լրատվության վարչություն
Комментариев нет:
Отправить комментарий