28 янв. 2014 г.

www.eter.am

28.01.2014

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ



Հրամանատար Նժդեհը իր «Խուստուփյան լեռներ» գրառումների շարքում անդրադառնալով լեռնական երկրապահներին` գրում է.«Իջի'ր, իջի'ր լեռներից,- դավադրաբար կանչում է թշնամին: Իջի'ր,- միամիտ արձագանքում են մեր լեռները: Սակայն, հայ մարդ, մի մոռանար` մնալ լեռներում, սարերի վրա: Հայեր, չիջնել լեռներից` նշանակում է չճանաչել անկոչ եկողների իշխանությունը ու սանձահարված պահել նրանց»: Որքան արդիական են զորավարի խոսքերը: Լեռներից իջնել, դիրք չպահել, նշանակում է թողնել մեր երկրի դարպասները, բացել դռները թշնամու առաջ: Իսկ որքան, որքան է փորձել ու փորձում մեր հակառակորդը մեզ վար իջեցնել մեր լեռներից, մեր դիրքերից, որքան, որքան է գերվել ու կաշառվել արտաքին աշխարհը, միջազգային հանրություն կոչվածը մեր հակառակորդի կեղծ բարեկրթությունից ու արձագանքել նրա դավադիր կոչերին: Այսօր էլ այդ արձագանքը տարբեր հնչեղություններով գայթակղիչ է թվում մեզնից շատերի ունկերին: Ո ՞ վ է ասում, թե բանակային ծառայությունը խաղ ու պար է, ո՞ վ է ասում, թե հաճելի է ուսումը կիսատ թողնելը, քաղաքացիական կյանքի հաճույքներին հրաժեշտ տալն ու երկու տարի մարտական հենակետերում լինելը, ո՞ վ է ասել, թե հայրենասիրությունը խրամատում է միայն: Ի՞ նչ պակաս հայրենասեր է, ասենք, օլիմպիական չեմպիոնը, որի պատվին ծածանվում է իր երկրի դրոշը, հնչում է օրհներգը: Կամ այն գիտնականը, որի գյուտի շնորհիվ աշխարհը ճանաչում ու փառաբանում է նրան, նաեւ այն երկիրն ու ժողովրդին, որ ծնունդ են տվել նրան: Բայց եւ ի չիք են դառնում այդ ամենը, երբ պատերազմի ամենակործան հեղեղը սրբում, տանում է ամեն ինչ: Ուստի անվիճելի է, որ ամեն ինչից առաջ, ապրելով այս երկրամասում, մենք պարտադրված ենք մնալ լեռներում, սերնդեսերունդ փոխարինել մեր լեռնական նախնիներին, կուլ չգնալ ու չխաբվել կեղծ քարոզներին, չգայթակղվել կյանքի այսօրվա լավ օրով: Պատմությունը բազմիցս է ապացուցել, որ խաղաղությունը լոկ կարճատեւ դադարն է պատերազմի, իսկ կյանքը հարատեւ կռիվ է: Զինկոմիսարիատի բակում իրար են խառնվում հույզերն ու զգացողությունները: Եվս մի գրկախառնություն, ու անվանականչով զինակոչիկները տեղավորվում են դեպի կենտրոնական հավաքակայան ուղեւորվող ավտոբուսում: Իսկ արդեն հավաքակայանում նրանք վիճակահանության միջոցով կընտրեն մեր երկրի այն հատվածը, որտեղ կանցնի նրանց երկու տարվա զինվորական ժամկետային ծառայությունը: Լսում են իրենց անունն  ու ավտոբուս բարձրանում, շատերը գուցե չեն էլ գիտակցում, որ այս անվանականչը դարերից մեզ հասած մարտակոչն է: Հակառակորդի հետ մեր պատերազմն ավարտված չէ, ուստի նրանցից յուրաքանչյուրը մարտիկ է, մի մասնիկը մեր` մարմին առած այն նվիրական գաղափարի, որ կոչվում է հայոց բանակ: Կանցնեն ամիսներ, մեկ, երկու տարի, ու նրանք տուն կդառնան այն համոզմունքով, որ մեր լեռներն են մեր ուժը ու մեր երկիրը շղթայած լեռնագագաթներին պարիսպ դարձած խրամատները` մեր զինվորներով ամրացած: Կհասկանան, անշուշտ, որ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է արտասանել` «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: Իսկ զինվորական ծառայությունը շարունակվում է ամեն օր, ամեն ժամ ու ամեն ակնթարթ: Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի նախօրեին մենք հանդիպեցինք մեր բանակի հարավարեւելյան սահմանները պահող զորամասերից մեկի ժամկետային զինծառայողների հետ:

-Ես Հարությունն եմ: Մասնագիտությամբ երաժիշտ եմ` ջութակահար: Ավարտել եմ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Ծառայությունս ավարտելուց հետո ուսումս կշարունակեմ մագիստրատուրայում: Այս տարի զորամասի նվագախմբում համալրում ունեցանք` Համլետը: Միասին սկսեցինք նվագել: Բավականին լավ է ստացվում Բախի երկրորդ կոնցերտը` գրված ջութակի համար:


-Ես Համլետն եմ: Ավարտել եմ Երեւանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը:
Սովորում եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Մի քանի ամիս է, ինչ ծառայում եմ հայոց բանակում, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Ինչպես յուրաքանչյուր զինվոր, այնպես էլ ես կուզեի, որ պատերազմ չլիներ: Պատերազմն ու խաղաղությունը միմյանց շարունակող մի հարատեւ սիմֆոնիայի են նման: Զորամասի գրադարանում ազատ ժամերին Նժդեհ եմ կարդում: Զորավարը գրում է, թե խաղաղությունը պատերազմի կարճատեւ դադարն է լոկ: Իսկ այդ դադարը մեզ տրվում է նոր մարտահրավերներին պատրաստվելու համար: Եվ մենք պատրաստ ենք ամեն գնով պահել մեր երկիրը: Կարծում եմ` մեր բանակը դա բազմիցս ապացուցել է եւ ապացուցում է:

-Ես Տիգրանն եմ: Սովորում եմ Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում: Չորրորդ կուրսի ուսանող եմ: Ծառայությունից հետո կշարունակեմ ուսումս: Ինձ համար խաղաղությունը արեւի, ցորենի արտերի, նորածին մանկան ոսկե մազերի գույնն ունի: Սահմանային զորամասում ծառայող զինվորը, սահմանամերձ գյուղում ապրող քաղաքացին, անշուշտ, շատ ավելի լավ գիտեն, թե ինչ է խաղաղությունը: Հավատացեք` ավելի լավ բան, քան խաղաղությունն է, աշխարհում գոյություն չունի: Ես երբեք չէի ցանկանա կռվի դաշտում ընկեր կորցնել: Մեր ավագ սպայակազմի մեջ մարտական ուղի անցած զինծառայողներ կան, երբեմն խոսում են, պատմում պատերազմի մասին: Մենք միանշանակ պատրաստ ենք հակառակորդի ցանկացած ոտնձգությանը արժանի պատասխան տալուն, բայց պատերազմի մասին ոչ մեկս, հաստատ, չի երազում:

-Ես Հայկն եմ: Ծառայության գալուց առաջ սովորել եմ Կ.Սարաջեւի անվան երաժշտական դպրոցում: Այստեղ զորամասում նոր նախասիրություն եմ ձեռք բերել: Մեր ակումբի ծաղիկներն եմ խնամում, ծառերին հետեւում: Մի ծառ ունեմ` երջանկության, հաջողության ծառ են կոչում: Ես այդ ծառը նմանեցնում եմ մեր զորամասին: Այն մի տեսակ ընտանիքի խորհուրդ ունի: Ես ուզում եմ, որ մեր զորամասի այս մեծ ընտանիքում միշտ խաղաղություն ու հաջողություն լինի, որ մենք էլ խաղաղ ծառայենք ու բարով տուն վերադառնանք:

-Ես Մանվելն եմ, սովորել եմ Երեւանի Վ.Բրույսովի անվան լեզվաբանական ինստիտուտում: Դեռ մանկության տարիներից ինձ դուր է եկել, որ մարդ կարողանում է կիթառ նվագել, բայց սովորելու հարմար առիթ չէր ընձեռվել: Երբ նոր էի ծառայությունս սկսել, հետախուզական վաշտում մի ընկեր ունեի` Գուրգենը, արդեն զորացրվել է: Գուրգենը կիթառ էր նվագում, խնդրեցի, ինձ էլ սովորեցրեց: Բանակից տուն եմ վերադառնալու շատ-շատ բաներ, այդ թվում նաեւ կիթառ նվագել սովորած: Մեր զորամասը մարտական հերթապահություն իրականացնող զորամաս է: Իմ ընկերներից շատերն այս պահին մարտական հենակետերում են: Ես ուզում եմ շնորհավորել նրանց մեր բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ: Թող միշտ խաղաղ լինի հայոց երկիրը:

Ն.Հ.