#6 (872) 09.02.2011

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ
Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Սարգիս զորավարի տոնը նշում է փետրվարի 19-ին: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայր
ապետի տնօրինությամբ այս տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս.Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբե
րից է: Իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս.Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում
եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ

Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս.Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով` հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծ
ն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին եւ նշանակում նրան զորանդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, նրա աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից եւ դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս.Սարգիսը կործանում է բագինը:

Զայրացած ամբոխը հարձակվում է Ս.Սարգսի եւ նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս.Սարգիսը բանտարկվում է եւ աներեր մնալով իր հավատքի մեջ`գլխատվում: Նահատակվելուց հետո Ս.Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաեւ Ս.Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս.Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է, եւ պատահական չէ, որ Ս.Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի: Ս. Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Ս.Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս.Սարգիսը սիրո երազանքն իրականացնող է:

Նրա մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աշուղ Ղարիբն ու մեծահարուստի աղջիկ Շահ-Սանամը սիրում են իրար, բայց աշուղն աղքատ է, եւ աղջկա հայրն արգելում է նրանց ամուսնանալ: Նա մտադիր է դստերը կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը մեծ կարողություն կուտակելու համար գնում է օտար երկիր` աշխատելու եւ սիրած էակից խոստում է առնում, որ յոթ տարի սպասի իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Յոթ տարի գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը, կարողություն կուտակած, տունդարձի ճամփան է բռնում: Ճանապարհը լի էր փորձանքներով: Թվում էր, թե սիրող սրտերն այդպես էլ չեն հանդիպի միմյանց: Աշուղն աղոթում է Ս.Սարգսին` հայցելով արագահաս սրբի օգնությունը: Նա հայտնվում է իր ճերմակ նժույգով, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին եւ մեկ ակնթարթում հասցնում աղջկա մոտ: Աղջկա հայրը, գնահատելով Աշուղ Ղարիբի կամքը, դստեր հանդեպ տածած սերը, օրհնում է նրանց միությունը: Ս.Սարգսի տոնին նախորդում է Գրիգոր Լուսավորչի հաստատած Առաջավորաց պահքը, որ տեւում է հինգ օր: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը տան տանիքին կամ պատշգամբում դնելը: Ըստ ավանդույթի` Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր ձիու պայտի հետքը` այդ տարի կիրականանա նրա երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս.Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Ըստ ավանդության` Ս.Սարգիսը քաջ եւ ազնիվ զորավար էր, որը միշտ օգնում էր խեղճերին ու անմեղներին, պատժում չար մարդկանց: Նրա ձիու ոտքերի դրոփյունից դղրդում էր ողջ աշխարհը, իսկ նիզակը խաղացնելիս բուք ու բորան էր բարձրանում: Ս.Սարգսի մասին ամենից շատ տարածված ավանդազրույցների հիմնական սյուժեն նրա կողմից պասը պահողների գովաբանությունն էր եւ պատիժը այն չպահողներին: Սրբի հետ կապված եւ կենցաղում բավական տարածված ավանդություններից է նաեւ թշնամիների դեմ նրա մղած կռիվների գովերգումը, որի հաղթանակները պայմանավորված են Տիրոջ նկատմամբ Սուրբ Սարգսի մեծ հավատքով եւ նվիրվածությամբ:

19-րդ վերջին եւ 20-րդ սկզբին, մասնակի առանձնահատկություններով հանդերձ, այս տոնն ուներ ընդհանրական կառուցվածք: Ծիսական ուտեստների ցանկում գերակշռում էին տարբեր փլավները, ձկնեղենն ու ապուրները, նաեւ բանջարեղենը, սպանախը, ձուն, պասուց տոլման£ Հիմնական խմիչքը գինին էր: Տարածված էր «Մայրամաճաշ», «Մայրամաբանջար» կամ «Մայրամի ծամեր» ուտեստը: Տանտիրուհիները հատուկ բաղարջ հաց էին թխում, որի մեջ սովորաբար դրամ էին դնում: Ճրագալույցին ծիսական այդ հացը հավասարաչափ կտրում էին` ըստ ընտանիքի անդամների քանակի: Բաժին էին հանում նաեւ հյուրերին եւ ընտանի կենդանիներին: Այնուհետեւ լարված հետաքրքրությամբ յուրաքանչյուրը ճաշակում էր իրեն հասած բաղարջի կտորը, մինչեւ որ մեկն ուրախությամբ հայտնում էր իր բաժնից դրամի դուրս գալու մասին լուրը: Հավատում էին, որ այդ տարվա ընթացքում հաջողությունը մշտապես ուղեկցելու է նրան: Երեխաները բարձրանում էին տան տանիքը եւ երգելով՝ գուլպաներ կամ քսակներ կախում երդիկներից ներս` նվերներ ստանալու ակնկալիքով: Եվ երբեք քսակները դատարկ չէին բարձրացնում. տանտիկինները սովորաբար դրանց մեջ դնում էին քաղցրավենիք, ծիսական կերակուրներ, մի քանի մանրադրամ: Ս.Սարգսի տոնական ավանդույթներից է նաեւ Սարգիս անունը կրողների նկատմամբ այդ օրը մտերիմների ցուցաբերած ուշադրությունը` անվանակոչության առիթով նվերներ մատուցելը, հատուկ հյուրասիրություն կազմակերպելը: Այդ օրը ծնվածներին ընդունված էր Սարգիս կոչելը: Ս.Սարգսի տոնից մինչեւ Բուն բարեկենդանն ընկած ժամանակահատվածը համարվում էր հարսանյաց արարողությունների մեծ շրջան:
Տոնի շեմին առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում նաեւ բնակարանի ծիսական ձեւավորմանը: Նկարչուհի Լուսիկ Ագուլեցին տոնի նախօրեին պատրաստում է ծիսական ծառ` օգտագործելով ցորեն, եգիպտացորեն, փոխինձ, դդում, փուշ, պայտ: Ձեւավոր դդումը խորհրդանշում է վերին եւ ստորին աշխարհները: Երբեմն ծառը պատրաստվում էր նռով, որը խորհրդանշում է սեր, ամուսնություն եւ պտղաբերություն: Ծառը զարդարում են նաեւ կանաչ եւ կարմիր ժապավեններով: Այս գույները խորհրդանշում են արական եւ իգական սկիզբը, սիրո հավերժությունը:
Ն.Հ.