08.04.2011
ԻՆՉ ԼԱՎ Է, ՈՐ...
ԱՐՑԱԽՅԱՆ ՀՈՂԻՆ ՏԵՐ ՈՒ ԾԱՌԱ ԵՆ ԳՈՒՐԳԵՆՆ ՈՒ ԻՐ ՈՒԹ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական
ամոթալի պայմանագրի կնքումից եւ նույն թվականի հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի անօրեն որոշումից հետո անցել է շուրջ մեկ դար, բայց հայ ժողովուրդը այդպես էլ չի հաշտվել Նախիջեւանի եւ Արցախի կորստի հետ, Նախիջեւանը հայաթափվեց: Նույնը սպասվում էր նաեւ Արցախին, որին 1923թ. Ադրբեջանի կազմում «ինքնավարություն» էր տրվել: Ըստ էության Ադրբեջանի գաղութ դարձած Արցախի հայ բնակչությունը տասնամյակներ շարունակ ենթարկվում էր դաժան ճնշման ու ազգային արժանապատվության բիրտ ոտնահարման: Բայց ի տարբերություն նախիջեւանահայության, արցախահայությունը տոկաց ու դիմացավ բոլոր փորձություններին: Տասնամյակներ շարունակ խնդրագրերով ու բողոքներով երկրի վերին իշխանություններին դիմելով որեւէ արդյունքի չհասնելուց հետո 1988 թվականի փետրվարին Արցախի հայությունը ոտքի ելավ եւ վճռեց պայքարել ազատ ապրելու իր իրավունքի համար: Սկսվեց ազգային-ազատագրական շարժում` ադրբեջանական լուծը թոթափելու եւ մայր ժողովրդի հետ վերամիավորվելու համար:Այսօր արցախահայությունն ապրում է քիչ թե շատ խաղաղ կյանքով: Սահմանամերձ գյուղերում մարդիկ զբաղվում են հող մշակելով ու անասնապահությամբ: Արցախցու տաք ու կանչող ժպիտը ստիպում է ճանապարհից հոգնած ուղեւորին կանգնել ու զրույցի բռնվել: Ո՞վ կարող է անտարբեր մնալ հեռավոր գյուղում մանկական լվացք կամ ճամփեզրին խաղացող կարմրաթշիկ, շողշողացող աչուկներով երեխաներ տեսնելիս: Անասելի հուզմունք ես ապրում. Արցախի ժայռերում նոր ծիլեր կան: Արցախում մեր խմբով հերթական շրջագայության ժամանակ Դադիվանքում ծանոթացանք 10-11 տարեկան Գուրգեն անունով մի տղայի հետ, որ վանքում մոմ էր վաճառում: Գուրգենը պատմեց, որ տանը 12 երեխան են: Ապշեցինք, մի՞թե հնարավոր է, ինչպե՞ս են հաղթահարում բազմաթիվ դժվարությունները: Այցելեցինք նրանց: Այդ ջերմ, հյուրընկալ հարկի տակ 9 տղա եւ 3 աղջիկ են մեծանում: Ամբողջ ընտանիքը մի վայրկյանում իրար անցավ. Մեկը սուրճ էր եփում, մյուսը շտապում էր թութ թափ տալ: Խոսում էին` միմյանց հերթ չտալով: Դժվարություններ ինչ խոսք կան, բայց չէ՞ որ դրանց միայնակ չեն դիմակայում, այլ միմյանց թեւ ու թիկունք լինելով: Ընտանիքի ավագ որդիներն արդեն ծառայում են բանակում: Ամենափոքրիկ «զինվորն» առայժմ 5 տարեկան է: Հեռացանք, նորից վերադառնալու խոստմամբ ու հպարտ, որ ազատագրված արցախյան հողին տեր ու ծառա են Գուրգենն ու իր 8 եղբայրները:
Ն.Հ.
Հ.Գ.- Արխիվ, N 36 (799) 03.09.09
Լուսանկարում Դադիվանքի վանական համալիրն է
Комментариев нет:
Отправить комментарий