#10 (876) 10.03.2011
ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ...
ՆՈՐ ԿԱԴՐԵՐԻ ՈՐՈՆՈ՞ՒՄ, ԹԵ՞…
Նախորդ տարիներին Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդները հանձնում էին չորս քննություն` հայոց լեզու եւ գրականություն (գրավոր միասնական քննություն), անգլերեն (գրավոր միասնական քննություն), հայոց լեզու եւ գրականություն (բանավոր) եւ ստեղծագործական մրցույթ (շարադրություն): Այս տարի կարգը փոխվել է. ընդունելության քննությունների ցանկից հանվել է անգլերենը: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը փոփոխությունը հիմնավորում է նրանով, որ մարզերում օտար լեզուների ուսուցումը գիտելիքների բարձր մակարդակ չի ապահովում: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ շատ լավ ստեղծագործող շրջանավարտը օտար լեզվի քննությունից ցածր գնահատական ստանալու պատճառով բուհ չի ընդունվել:
Բոլորս էլ գիտենք, թե անգլերենի ուսուցումը հանրապետության դպրոցներում ինչ վիճակում է:
Անգամ Երեւանում դպրոց ավարտողները բուհական ընդունելության քննություններ հանձնելու համար պարապում են կրկնուսույցների մոտ: Լավագույն դեպքում դպրոցական գիտելիքները տալիս են անգլերենի իմացության միջինից ցածր մակարդակ: Բայց այսօր առանց օտար լեզվի (նույնիսկ` լեզուների) իմացության դժվար է հաջողության հասնել որեւէ բնագավառում: Մենք, որ օտար լեզվից հանձնել ենք ընդունելության քննություն, առաջին կուրսում մասնագիտական անգլերեն անցնելիս դարձյալ դժվարանում ենք: Իսկ ի՞նչ է սպասվում այս տարի ընդունվողներին: Մասնագիտական անգլերենն առանց լավ հիմքի հազիվ թե նրանք կարողանան հաղթահարել: Ուրեմն բուհում պետք է անգլերենի դասընթացն սկսվի ավելի ցածր եւ բոլորին հասանելի մակարդակից: Այսինքն` ուսանողը պետք է բուհում սովորի այն, ինչը պետք է դպրոցում անցած լիներ: Եթե նույնիսկ որոշեն խտացնել դասընթացը եւ անգլերեն ընդհանուր գիտելիքներ ուսանողը ստանա մեկ տարվա փոխարեն մի քանի ամսում, ապա դա էլ արդյունավետ չի լինի. այն ուսանողները, որոնք բուհ կգան անգլերենի բավարար իմացությամբ: Սկսնակների հետ նույն խմբում պարապելը նրանց համար կդառնա ժամանակի զուր վատնում: Հավանաբար պետք է լինեն տարբերակված խմբեր` ըստ լեզվի իմացության մակարդակի: Կարծում եմ` պետք է գտնել այնպիսի լուծումներ, որ եւ օժտված դիմորդները չզրկվեն սովորելու հնարավորությունից, եւ ապագա ժուռնալիստները բուհն ավարտեն օտար լեզվի բավարար իմացությամբ:
ԼՈՒՍԻՆԵ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուտետ, 1-ին կուրս
ԻՆՉ ԼԱՎ Է, ՈՐ…
Մեր էջի նախորդ խորագրերին այսուհետ կավելանա եւս մեկը` «Ինչ լավ է, որ…»: Մեկ
տարի շարունակ խոսեցինք մեզ անհանգստացնող երեւույթների մասին, մինչդեռ կան երեւույթներ, որոնք աչք են շոյում, ոգեւորում, ուրախացնում, իսկ մենք երբեմն ամեն ինչ մռայլ գույներով ենք տեսնում, չենք նկատում մեր կյանքում կատարվող դրական փոփոխությունները: Դուք էլ փորձեք ուշադիր նայել ձեր չորս կողմն ու նկատել երեւույթներ, որոնք կստիպեն ձեզ ասել` ինչ լավ է, որ… Սպասում ենք ձեր նամակներին:
«ԱԻԴԱ» ՕՊԵՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Աիդա» օպերան իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի գլուխգործոցն է, որը գրվել է Եգիպտոսի կառավարության պատվերով Սուեզի ջրանցքի բացման առթիվ: Չորս գործողությունից բաղկացած օպերայում ներկայացվում է փարավոնի զորքի հրամանատար Ռադամեսի եւ Եթովպիայի Ամոնասրո թագավորի դուստր Աիդայի սիրո պատմությունը: Աշխարհահռչակ
օպերային թատրոնների խաղացանկում «Աիդան» միշտ էլ ունեցել է իր արժանավոր տեղը: Երեւանում «Աիդան» առաջին անգման հանդիսատեսի դատին հանձնվել է 1941 թվականին, 1991-ին նույնպես բեմադրվել էր: 20 տարի ընդմիջումից հետո` 2010 թվականի դեկտեմբերի 23-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Աիդա» օպերայի պրեմիերան: Օպերան բեմադրելու համար Հայաստան էր հրավիրվել իտալացի դիրիժոր Մարիո Կորադին: Ինչպես նշեցին լրատվամիջոցները, Կորադին խոստովանել է, որ պարզապես հիացած է մեր մեներգչուհիների ձայնային տվյալներով: Դիրիժորը նշել է, որ այլ թատրոններում միշտ դժվար է լինում Աիդայի դերակատարուհի գտնել, իսկ Երեւանում կան չորս երգչուհիներ, որոնք կարող են հանդես գալ այդ դերերգով: Ռադամեսի դերում հանդես գալու համար Հայաստան էր հրավիրվել Մյունխենի օպերային թատրոնի մեներգիչ ազգությամբ վրացի եորգի Օնիանին: Ներկայացման համար կարվել է ավելի քան չորսհարյուր զգեստ, պատրաստվել են շքեղ դեկորացիաներ: Ինձ չհաջողվեց ներկա լինել առաջին բեմադրություններից եւ ոչ մեկին. տոմսերը սպառվել էին: Եվ չնայած դրան, ես ուրախ եմ. չէ՞ որ դա նշանակում է, որ հետաքրքրությունը դասական արվեստի հանդեպ չի մարել: Զրուցեցի օպերան դիտած իմ մի քանի ծանոթների հետ: Կարծիքները միանգամայն տարբեր էին: Ոմանք պարզապես հիացած էին եւ միայն ժպտալով ասում էին` մեկնաբանություններն ավելորդ են, ոմանց չէին գոհացրել հսկայական դեկորացիաները: Իսկ հանդիսատեսներից մեկն էլ իմ հարցին պատասխանեց այսպես. «Մեր «Աիդան» նման էր անսխտոր խաշի: Խաշն ամբողջ օպերան է, իսկ սխտորը` Ռադամեսը: Էլ ինչ «Աիդա» առանց Ռադամես»: Ինչեւէ: Թեպետ հայտնի չէ, թե երբ կլինեն հաջորդ ներկայացումները, այնուամենայնիվ, ես ուրախ եմ, որ մեր օպերային թատրոնի խաղացանկում կա Վերդիի հանրահայտ օպերան:
ԷՄՄԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆ. «ՎԱՐԴԱՆԱՆՔԸ» 15 ՏԱՐԵԿԱՆ Է

Օրերս Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Գրիգոր Խանջյան» սրահում
հնչում էին շնորհավորանքներ, հայրենասիրական երգեր եւ գովեստի խոսքեր: ԵՊՀ-ում գործող «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը, Վարդանանց տոնը նշելով, ազդարարեց իր 15-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Ակումբը հիմնադրվել է 1996-ին: Իր անունը ստացել է Արցախյան ազատամարտում համալսարանի զոհված ուսանողների` 5 Վարդանների պատվին: Տարիների ընթացքում ակումբին անդամակցել են տարբեր ֆակուլտետների ուսանողներ: 2008 թվականից ակումբը լույս է ընծայում «Վարդանանք» ամսագիրը: Տոնական միջոցառման անցկացման համար հատուկ ընտրվել էր այս սրահը, որովհետեւ այստեղ ամբողջ պատը ծածկում է րիգոր Խանջյանի «Վարդանանք» աշխատանքը: «Մեր տղաներից շատերին Վարդանանց ոգին է տարել Արցախ, «իմացյալ», գիտակցված մահվան փիլիսոփայությունը: Շատերի գրառումներում

հատվածներ կան Եղիշեի կամ Դեմիրճյանի ստեղծագործություններից: Համալսարանում գործում են նաեւ նրանց անվան լսարաններ, եւ ոչ ոք չի կարող անտարբեր մնալ»,- ասում է ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը: Հոբելյանական երեկոյին ներկա էր նաեւ «Վարդանանքի» լավագույն բարեկամ Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը: Հայաստանի Հանրապետությունը, չնայած սահմաններում տիրող հարաբերական անդորրին, պատերազմի մեջ գտնվող երկիր է: Իսկ պատերազմող պետությանն անհրաժեշտ է մարտունակ, հզոր բանակ: Հզոր ոչ միայն նյութապես, այլ նաեւ` ոգով: Մեր ժողովրդի, հատկապես երիտասարդության, ուսանողության հայրենասիրական ոգին բարձրացնելու, ռազմահայրենասիրական գաղափարներ տարածելու եւ Արցախյան ազատամարտում ընկած հայորդիների հիշատակը վառ պահելու նպատակով 1996թ. Երեւանի պետական համալսարանում հիմնադրվեց «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը: Կարճ ժամանակահատվածում ակումբին անդամագրվեցին ուսանողներ ԵՊՀ գրեթե բոլոր ֆակուլտետներից: Ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի գլխավորությամբ նրանք «Վարդանանքի» առջեւ դրված կարեւոր նպատակին հասնելու համար բազմաթիվ ծրագրեր մշակեցին, որոնք շարունակում են իրականացնել: «Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակում ակումբականներն այցելում են Երեւանի պետական համալսարանի զոհված ուսանող-ազատամարտիկների անվան դպրոցներ, հանդիպում ուսուցչական կազմի հետ, արիության եւ հայրենասիրության դասեր անցկացնում աշակերտների հետ: «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» ծրագիրը իրականացվում է ԵՊՀ զոհված ազատամարտիկ-ուսանողների ծննդյան եւ մահվան օրերին. վարդանանքցիները հանդիպում են զոհված ուսանողների մարտական ընկերներին, հարազատներին: 2003թ. ի վեր անցկացվում է զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված շախմատի համահամալսարանական մրցաշար: «Արդյունավետ մտածողություն» դասընթացի շրջանակներում անցկացվում է առաջին կուրսեցիներին ներհամալսարանական կյանքին հաղորդակից դարձնելու արագացված կուրս, նաեւ տեղի են ունենում սեմինարներ` համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ, «Վարդանանքի», ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի եւ «Նորայր Մարության» հիմնադրամի համատեղ ուժերով անցկացվում է «Ժուռնալիստներն ազատամարտիկների հիշատակին» ակնարկների մրցույթը: «Վարդանանքը» մեծ դեր ունի նաեւ համալսարանի եւ հայկական բանակի միջեւ եղած կապը ամրապնդելու գործում: Այդ նպատակով պարբերաբար այցելում են տարբեր զորամասեր, կազմակերպում միջոցառումներ: 2002-ին ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում լուրջ հաջողությունների հասնելու համար «Վարդանանքը» Համահայկական երիտասարդական հիմնադրամի կողմից արժանացավ Հայկյան մրցանակի: 2007թ. «Վարդանանքի» կարեւոր ձեռքբերումներից մեկն էր նաեւ Արկադի Տեր-Թադեւոսյանի ղեկավարած ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության հետ կնքած Փոխըմբռնման հուշագիրը: «Հաշվի առնելով, որ առողջ հասարակության ձեւավորման եւ ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրը հանդիսանում է ինչպես հայաստանյան իշխանությունների, այնպես եւ քաղաքացիական հասարակության, շահախնդիր երիտասարդական կառույցների հոգածության առարկա, եւ առաջնորդվելով քրիստոնեական, ռազմահայրենասիրական դաստիարակության համամարդկային եւ բարոյական բարձր արժեքներով` այսուհետ ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունը եւ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը պատրաստակամություն են հայտնում համատեղ իրականացնել բազմաբովանդակ ծրագրեր եւ միջոցառումներ, որոնք կնպաստեն Հայաստան-Արցախ-Ջավախք-Սփյուռք հասարակական, տնտեսական, մշակութային կապերի ամրապնդմանը` երիտասարդության առավելագույն ներգրավմամբ»,- ասված է հուշագրում:
Ն.Հ.