26 авг. 2011 г.

#33 (899) 18.08.2011

ԽՆՁՈՐԵՍԿ. ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

«Զարմանահրաշ մի աշխարհ է Զանգեզուրը: Այս հովիտներից մինչեւ բարձրագահ Կապուտջիղ ու Իշխանասար, մինչեւ Մռավ, մինչեւ Սեւ լիճ ու Քարվաճառի ալպյան սարալանջերը Նահապետ
Հայկի սերունդների կալվածքներնեն եղել, հայ խաշնարածների արոտատեղերը:
Այստեղ հայ քաջազունները գոյակռիվներ են մղել այլակրոն ու ավարառու ցեղերի
դեմ: Սրեր են բախվել մթին այս ձորերում, երկնամերձ այս լեռներում»,- այսպես է բնորոշում հայրենի ոստանը խնձորեսկցի արձակագիր Արկադի Ծատուրյանը:
Գորիսը Սյունյաց աշխարհի անառիկ ամրոցներից մեկն է: Այստեղ էին Լեռնահայաստանի պաշտպանության օրերին ժամանակավոր բնակություն հաստատել Անդրանիկ զորավարն ու Գարեգին Նժդեհը: Գորիսի Վ.Վաղարշյանի անվան թատրոնի շենքի հարեւանությամբ գտնվող փողոցին է նայում այն պատշգամբը, որտեղից նրանք ոգեղեն ելույթներ էին ունենում գորիսեցիների առաջ` կռվի կոչում սյունյաց քաջերին:
(Ի դեպ, վերջերս թատրոնի շենքում բեմադրությունների եւ հանդիսությունների նոր դահլիճ է բացվել, որն այսուհետ կրելու է մեր նորօրյա քաջերից մեկի` ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անունը):
Բարձրագահ սարերի երկիր Զանգեզուրը, իր ստորոտները կորցնելով, սեղմվել է իր ժայռերին, կառչել քարերին, բերդեր ու ամրություններ կառուցել, պղնձակուռ այրերը տուն դարձրել: Պատմում են, որ մինչեւ 1970-ականները այս ժայռափոր կացարաններում դեռ մարդիկ էին ապրում:Գորիսից ոչ հեռու մեզ քաջածանոթ պատմական Խնձորեսկն է:
Այստեղ հազարամյակներ
առաջ մարդը, քար ու ժայռի հետ կռիվ տալով, բնակավայր էր հիմնել: Հեռավոր ձորի պռնկին մինչեւ այսօր էլ, թեեւ ավերակ, վեր են խոյանում Մխիթար սպարապետի ու Դավիթ Բեկի բերդերը: Այս ձորերում են հանգչում Սպարապետի ու մելիք Բարխուդարի աճյունները: Խնձորեսկցիք պատմում են, որ Մխիթար Սպարապետին սպանել են գյուղի գերեզմանատան քարերի հետեւում թաքնված դավադիրները, երբ նա ձի հեծած իր շքախմբով Ձագեձոր էր գնում: Սերո Խանզադյանն իր «Հայրենապատում» գրքում գրում է, որ իրեն հասած պաշտոնական թղթերի համաձայն`Խնձորեսկում ծխական երկդասյա արական դպրոցը հիմնվել է 1840 թվականին «Անապատ» կոչվող կիսավեր վանքի բակում, որը սակայն շուտով, ցարական արքունիքի հրամանով, փակվել է, հետո կրկին վերաբացվել:
Խնձորեսկում մինչեւ այսօր էլ նախապատմական տոհմանուններ կան, որ սերտորեն առնչվում են տոհմի տոտեմի հետ` Արջանց, Մոկնանց, Թութականց, Կլազանց, Թոխսանց, Մաքունց… Այս ձորերում հանգչող պատմությունն է, հին-հին քաջերի ոգին, որ խնձորեսկցուն արթուն է պահում: Սամվել Մաքունցը հիշում է, որ Արցախյան շարժման տարիներին իրենց պապերն ու տատերը հուշում էին, որ Հին Խնձորեսկի քարայրերում զենքեր կան թաղված, որ պահ էին տվել այրերին խորհրդային իշխանության հաստատումից առաջ: Գնում ու գտնում էին մոսին, ատրճանակներ, սրեր: Խնձորեսկցիք միշտ էլ պատրաստ են եղել պաշտպանելու իրենց գյուղը:
Խնձորեսկցի հնաբնակ Յուրիկ Թունյանը հիշում է. «Երբ ասկյարներն արդեն իրենց ճանկն էին առել Ղարաբաղն ու Նախիջեւանը, սկսեցին քիչ-քիչ մոտենալ նաեւ Զանգեզուրին: Բայց Նժդեհի Զանգեզուրը այս անգամ դուրս մնաց ազերիների սարդոստայնից: Ու Ղարաբաղի սահմանի վրա դրվեց լաչինյան չափարը, որ հայը հայից հեռու լինի: Խնձորեսկը սահմանամերձ գյուղ էր, եւ բնական էշ` պետք է առաջիններից մեկը ենթարկվեր նրանց ոտնձգություններին»:
Թշնամին տարբեր կրակակետերից միաժամանակ գնդակոծում էր Կոռնիձոր, Տեղ եւ Խնձորեսկ գյուղերը: Ադրբեջանցիները չորս կողմից աքցանի մեջ առան Արցախն ու Սյունիքը, որ թուրքացնեն: Չհաջողվեց: Եվ պիտի չհաջողվեր, ուրիշ ժամանակներ էին վրա հասել: Սամվել Մաքունցը պատմում է, որ գյուղի երիտասարդներից Սանասար Բեգլարյանի գլխավորությամբ մի ջոկատ կազմվեց, որը գյուղի մյուս բնակիչների օգնությամբ միասին սկսեց պաշտպանել գյուղը:
Լալազարի կամրջից վեր Այնախուլի ձորն է: Խնձորեսկ ու Հարթաշեն գյուղերին պատկանող այս ձորը, որ հայտնի է նռան ու խաղողի այգիներով, սահման է ազերիների ու հայոց միջեւ: Խնձորեսկի ու Հարթաշենի ջոկատների տղերքը միջոցներ էին փնտրում բնակիչների անվտանգությունն ապահովելու համար: Ջոկատների երկու հրամանատարները` Սանոն`Սանասար Բեգլարյանն ու Արարատը, պոստեր էին դրել համապատասխան տեղերում: Տղերքն ամուր կանգնել էին ազերիների դիմաց` Ջրիխառնուրդի եւ Այնախուլի սահմանին: Սանոյի կողքին էին Սեյրան Հայրյանը, Սուրիկ Նազարյանը, Գագիկ Խաչունցը, Սամսոն Բեգլարյանը, Աշոտ Փանդունցը եւ այլ քաջեր: Նրանք կռվեցին, որ շեն մնա Գուսան Աշոտի ու Ակսել Բակունցի հայրենիքը: Մինչեւ այսօր էլ գորիսեցիք ու խնձորեսկցիք իրենց տների օջախների վրա դեռ պահում են նախնիներից ժառանգված սաղավարտաձեւ ծխանցքածածկաքարերը` խորհրդանիշը այն բանի, որ հայի օջախը զինվորն է պահել ու պահում: Ծխանցքերը ծածկող այդպիսի մի քար տեսանք նաեւ Ակսել Բակունցի տուն-թանգարանում:
Բակունցն իր «Կյորես» վիպակի մեջ նկարագրում է, որ Գորիսը ընկույզի կեղեւի մեջ ամփոփված երկու տարբեր աշխարհներ է հիշեցնում: Ճիշտ այդպիսին են Խնձորեսկն ու Գորիսը նաեւ այսօր: Խնձորեսկի փոշոտ փողոցներով քայլելիս աչքից չեն վրիպում տնամերձ հողամասերի մի անկյունում ծվարած փայտաշեն զուգարանախցիկները: Մի պահ մտածում ես` խեղճ մարդիկ, այս քաղաքակիրթ աշխարհում դեռ այս զուգարաններից են օգտվում, բայց շտապել պետք չէ. մի փոքր առաջանում ես եւ տների կտուրներին լայնահաղորդ սկավառակներ ես նկատում, իսկ հետո կպարզվի, որ ներսի կահավորանքն էլ նորաոճ է, անգամ սանհանգույց կա, բայց մարդիկ շարունակում են, սովորույթի համաձայն, օգտվել փայտաշեն զուգարաններից: Այստեղ հինն ու նորը ապրում են կողք կողքի, գյուղական ավանդական կյանքը խաղաղ գոյակցում է նորագույն տեխնոլոգիաների հետ, նախրապանը արոտից անասունները տուն է բերում եւ երեկոյան բացում նոութբուքը ու բողոքում, որ «ինտերնետը դանդաղ է աշխատում»... Գյուղը զարգանում է: Գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը նշում է, որ վերջին տարիներին ժամանակին գյուղից հեռացած շատ շատերը վերադառնում են: Մեծ թափով շինարարություն է սկսվել: «Պատերազմի տարիներին ամբողջ գյուղը ռմբակոծության հետեւանքով ավերվել էր, հիմա, Փառք Աստծո, աստիճանաբար վերականգնում ենք դպրոցը, ակումբի շենքը եւ այլ հաստատություններ ու տներ»- ասում է գյուղապետը: Մարդիկ այստեղ անասնապահությամբ, պանրի ու թթի օղու արտադրությամբ են զբաղվում, մեղվաբուծությամբ եւ, առհասարակ, անում են ամեն ինչ հայրենի գյուղը շեն պահելու համար:
ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ
#33 (899) 18.08.2011

«10 ՀԱՏԸ` ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ»

Օգոստոսի 14-ին Հայ առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, կամ ինչպես ժողովուրդն է սովոր ասել` Խաղողօրհնեքը: Ավանդույթի համաձայն`Բարդուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր Տիրամոր հուղարկավորությունից, վերադառնալով Երուսաղեմ` ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չի լինում. Հիսուս, իր խոստման համաձայն, երկինք էր փոխադրել Մարիամին: Առաքյալները որպես մխիթարություն Բարդուղիմեոսին են տալիս փայտի վրա դրոշմած Տիրամոր պատկերը: Նախքան նրա մահը Հովհաննեսը մի տախտակ է տալիս Աստվածածնին եւ խնդրում, որ իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում ու դնում երեսին, այնուհետեւ թրջում է արցունքներով ու խնդրում Աստծուց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից եւ զանազան հիվանդություններից: Ըստ Մովսես Խորենացու` այդ տախտակը բերվում է Հայաստան եւ զետեղվում Անձեւացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, որտեղ հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի եւ կուսանոց է հիմնադրվում:
Ամեն տարվա պես այս տարի էլ խաղողօրհնեքին որոշեցի գնալ Նորքի բարձունքում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի: Շատերն էին Նորք բարձրանում: Տրամադրությունն, ինչ խոսք, տոնական էր: Ճանապարհի մի հատվածում երթուղայինի վարորդն ասաց` Ժողովուրդ ջան, էս ա, սրանից էն կողմ ոտքով պիտի գնաք: Շատերը տխրեցին: Երթուղայինը կանգ առավ եկեղեցի շտապող մարդկանց բազմության, ավելի ճիշտ, շուկա հիշեցնող մի տարածության մեջ: Սկսեցինք քայլել արեւածաղկի կեղեւներով «օծված» փողոցով` «Լավ մատաղացու», «10 հատը` հարյուր դրամ», «Սիրուն սուվիներ, հիշատակ տարեք», «Թարմ պերաշկի» եւ այլ բացականչությունների ուղեկցությամբ: Մարդիկ կես ճանապարհից մոռանում էին` ուր եւ ինչի համար էին եկել: Ոմանք տոնի առիթով կերուխում էին սարքել հենց եկեղեցի տանող ճանապարհին: Եկեղեցու մոտակայքում հանդիպեցի մի խումբ ուխտավորների, որոնք իրենց մատաղացուն ձեռքներին այս ու այն կողմ ընկած քահանային էին փնտրում, ու նրանց հետեւից վազվզում էին մի խումբ անչափահասներ` որոշակի գումարի դիմաց աքլոր մորթելու իրենց պատրաստակամությունն ի ցույց դնելով. «Ծնված օրից մորթում եմ, մորքուր ջան, ընենց մորթեմ, որ…»: Ամենուր մուրացիկներ էին, որոնց այդ օրը բոլորն էլ սիրահոժար օգնում էին: Մոմավաճառից տեղեկացա, որ` էնտեղ մի տեղ` ծառերի տակ, քահանան խաղողօրհնեքի արարողություն է կատարում: Պայուսակիցս հանեցի օրհնելու տարած խաղողի ողկույզը ու շարժվեցի մատնանշված կողմը: Մեծ սեղանի շուրջը, որտեղ քահանան օրհնում էր մատաղի աղն ու խաղողի ողկույզները, հրմշտոց էր: Երբ փորձում էի մոմ վառել, ինձ թվաց, թե մի ահռելի կրակի մեջ եմ նետվելու: Մոմակալները, հասկանալի պատճառներով, եկեղեցու բակում էին դրված, բայց այնքան անհարմար տեղում, որ մոմը պետք է նետեիր ընդհանուր կրակի մեջ. արեւի ու քամու տակ կրակն ուժգնանում, այրում էր միանգամից բոլոր մոմերն ու մի մեծ խարույկ սարքում...
Տուն եկա հակասական զգացումներով: Երբ խոսում-պատմում էի տպավորություններիս մասին, մեծերն ասացին, որ նախկինում, երբ եկեղեցին դեռ նորոգ ու բարեկարգ չէր, հավատավորները ուխտի էին գնում գիշերով, ամբողջ ճանապարհն անցնում էին ոտքով, ծնկաչոք աղոթում էին...
Այսօր տոնական օրերին, անկասկած, ավելի շատ մարդիկ են գնում եկեղեցի, եւ հաճախ կարգուկանոն հաստատելու համար հարկ է լինում ոստիկանության աշխատողների միջամտությունը, բայց ծնկաչոք աղոթող ուխտավորները շատ ավելի քիչ են: Գերակշռում են խաղողի օրհնած ողկույզները րոպե առաջ տուն հասցնել ցանկացողներն ու դրանով իրենց հոգու պարտքը կատարած համարողները:

Ն.Հ.