www.eter.am
# 42 (1063)
16.10.14
Ի՞ՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ
ԵՐԲ ԲԻԶՆԵՍԻ ԽԱՂԱՍԵՂԱՆԻՆ ԱՊԱԳԱՆ Է…

երբ փորձում էի հետաքրքրվել ոմանց
Խնդիրը մի քանի կողմ ունի. մի կողմում մարդիկ են, որոնք փող են աշխատում ի վնաս ուսանողի ու մեր ազգի ապագայի, մյուս կողմում՝ վայ ուսանողները, որոնք նպաստում են նորահայտ «բիզնեսմենների» հաջողությանը: Նաեւ դասախոսները, որոնք կամ գլխի չեն ընկնում, թե իրենց ներկայացված աշխատանքի հեղինակն ով է, կամ աչք են փակում՝ դրսեւորելով վտանգավոր անտարբերություն: Ասենք ավելին. երբ այցելեցինք նման ծառայություններ մատուցող գրասենյակ, աշխատողները հայտարարեցին, որ համագործակցում են որոշ դասախոսների հետ, եւ որ ամեն ինչ արվում է «պրոֆեսիոնալ» մակարդակով: Մեկ այլ ծառայությունից հետաքրքրվեցինք՝ հարկային դաշտ մտե՞լ են, թե՞ ոչ: Ի զարմանս մեզ՝ հարկայինում էլ են գրանցված ու շահույթից վճարում են որոշակի մասնաբաժին: Այլ՝ ավելի դժվար հարց է, թե հարկային մարմիններում նրանց եկամտի աղբյուրն ի՞նչ ձեւակերպում ունի. ռեֆերատների ու կուրսայինների վաճա՞ռք…
Սկսնակ լրագրող Արուս Տիգրանյանն իր բլոգում որոշեց անդրադառնալ այս խնդրին՝ իմանալով, որ ընկերուհին ռեֆերատ է գնել: Մեզ հետ զրույցում Արուսն ասաց, որ խնդիրը շատ է մտահոգում իրեն: Տարբեր մարդկանց հետ է զրուցել. եզրահանգումը մեկն է. ուսանողների այս քայլերի վրա աչք են փակում հենց իրենք՝ դասախոսները: Մեզ հաջողվեց զրուցել ԵՊՀ մագիստրատուրայում սովորող տղաներից մեկի հետ, որը խոստովանեց, թե ժամանակին որպես գործընկեր ինքն էլ է շփում ունեցել նման մարդկանց ու գրասենյակների հետ. պատվերներ է ստացել «օֆիսից» ու գրել իրարից լրիվ հեռու մասնագիտություններին ու առարկաներին առնչվող կուրսային աշխատանքներ, ռեֆերատներ: Երկու տարի համագործակցել է, գրել մոտ 50 աշխատանք: Յուրաքանչյուրի համար ստացել է 2000-2500 դրամ: Ուսանողը պարզաբանում է. «Աշխատանքը չեմ փնտրել. պատահաբար է ստացվել: Մի օր բարեկամս զանգեց (հենց իրենն էր գրասենյակը) ու հարցրեց, թե կարո՞ղ եմ օգնել: Պարզվեց՝ իրենց աշխատողը չէր հասցրել գրել ռեֆերատը, իսկ ուսանողներին խաբել նրանց գրասենյակը չէր կարող: Ես էլ համաձայնեցի օգնել ու էդպես սկսեցի գրել»: Այս պատմության մեջ ամենադրական կետն այն էր, որ նա հասկացել էր իր արարքի բացասական հետեւանքներն ու ընդհատել էր համագործակցությունը:
Փորձեցինք զանգահարել տարբեր հայտարարություններում նշված հեռախոսահամարներով ու զրույցի բռնվել: Մի դեպքում զրուցակիցս երիտասարդ աղջիկ էր: Ասաց, որ աշխատանքների որակը երաշխավորվում է, որովհետեւ այսքան տարիների ընթացքում «որեւէ բողոք չի եղել»: «Ես ու քույրիկս ենք գրում: Մեկ էջի արժեքը 200 դրամ է: Որակին կասկածել պետք չէ, որովհետեւ նույնիսկ դիսերտացիաներ ենք գրում ու վաճառում»,- հպարտությամբ հավելեց «վաճառականը»՝ չիմանալով, որ զրուցում է լրագրողի հետ: Տեսեք, թե ուր հասանք՝ ռեֆերատ, կուրսային, դիպլոմային ու… դիսերտացիա:
Երեւի հոդվածի սկզբում ընթերցողներից ոմանք այնքան էլ համամիտ չէին, որ գործ ունենք վտանգավոր ծառայության հետ, բայց այս խոստովանությունը լույս է սփռում ամեն ինչի վրա. գիտելիքը ոչ մի արժեք չունի: Չէ, ավելի ճիշտ՝ ունի. ինչպես աղջիկը տեղեկացրեց՝ դիսերտացիայի մեկ էջը՝ 900-1000 դրամ: Այսպես են ծնվում վաղվա գիտնականներն ու դասախոսները, որոնք վաղը պետք է աչք փակեն գնված կուրսայինների ու ավելի մեծ ստերի վրա: Այսպես մենք մեզ քանդում ենք ներսից…
ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ