13 июн. 2012 г.

www.eter.am


ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ
13-Ի ՈԴԻՍԱԿԱՆԸ


Ասում էին` 13 թիվն անհաջողություն է բերում: Չէի հավատում, բայց…
Ով չգիտե, որ ամռան շոգին կանգառում կանգնելը տառապանք է, հատկապես` կենտրոնական ավտոկայանին հարակից կանգառում, որտեղ մարզերից եկած ուսանողներն ու քաղաքի բնակիչները խառնվում են իրար, ու երթուղայինում տեղավորվելու մրցակցությունն ավելի է մեծանում: Կանգառում երթուղային տաքսու հայտնվելուն պես ամբոխը փորձում է հնարավորինս արագ բացել դուռն ու մի կերպ խցկվել, տեղավորվել: Սպասում եմ 13 համարին: Առաջին 13-ը բաց եմ թողնում` չկարողանալով առավել ճարպիկ կամ անդաստիարակ գտնվել, հրմշտել տարեց տատիկներին, շրջանցել մեծահասակ տղամարդկանց ու ներս մտնել: Լարում եմ բոլոր ուժերս ու սպասում հաջորդին: Այս անգամ կարծես թե ստացվում է: Խառնվում եմ ամբոխին ու հայտնվում երթուղայինի սրահում: Երերում եմ, ալիքաձեւ հետ ու առաջ եմ ճոճվում ու հազիվ հասցնում եմ բռնվել դիմացի նստելատեղի թիկնակից: Մի քանի րոպե անց հավասարակշռությունը պահպանելու համար այլեւս ջանք թափելու կարիք չունեմ. մարդիկ այնքան խիտ են տեղավորվել, որ շարժվելն անհնար է: Իսկ վարորդը շարունակում է բղավել` մեջտեղը տեղ կա, առաջացեք, հետ գնացեք, թող մարդիկ նստեն… Նստե ՞  ն: Նայում եմ շուրջս` նստելատեղերը լրիվ զբաղված են, նստածների գոգերին տեղավորվել են կանգնածների երեխաները, պայուսակներն ու իրերը: Զբաղված են նաեւ իմ առջեւ կանգնած երիտասարդի մեջքը, ուսերը, երկու հոգի ինձ են հենված, ես չգիտեմ` ում, ու էլի ճզմվում, ճզմվում ենք, մինչեւ լսվում է դռան շրխկոցը, եւ երթուղայինը ճանապարհ է ընկնում: Կիսակքած դիրքով ապակիներից դուրս նայելով դժվար է կռահել, թե ուր ենք հասել, ու Արմավիրից եկած կանաչավաճառ տատիկն անվերջ հարցուփորձ է անում` հասա ՞  նք արդյոք Կիեւյան: Զանազան «բույրերի»  ու ամռան տոթի պատճառած անհանգստությունն ամուր գրկած երթուղայինն անցնում է Բաղրամյան պողոտայով: Երանի կարողանար երկրի ղեկավարությունը մի պահ տեսնել, թե ինչպես է ժողովուրդը միասնաբար` իրար գրկած, ուս ուսի առաջ գնում: Սլանում է մեր երթուղայինը, ու արկածները շարունակվում են: Մեր երթը համեմվում է շախով-շուխով ռաբիսով: Տատիկը հասնում է իր ուզած «Բարեկամություն» կայարան, բայց վերջին նստելատեղից արձակված նրա «կանգառում կանգնեք»-ը վարորդն այդպես էլ չի լսում: Ազգովի մի կերպ պոկում ենք նրան «ազգային» ռաբիսից` իջնո¯ղ կա: Վերջապես մեքենան կանգ է առնում, տատիկը զայրանում է, բայց ինչ օգուտ. համարյա մի կանգառ հետ պիտի գնա. «Մայրիկ ջան, քայլելն օգտակար է»,- լսվում է մեկի ռեպլիկը: Հիմա էլ տատիկը պետք է կտրի-անցնի մինչեւ դուռը ձգվող անվերջանալի թվացող 1,5 մետրը: Բոլորը պետք է իջնեն ու ճանապարհ տան տատիկին, բայց այս ընթացքում ավելանում են մեր խրախճանքին մասնակցել ցանկացողներ նաեւ այս կանգառից: Դե ինչ, մենք սիրում ենք իրար զիջել, իրար օգնել, ինչ կա որ, եւս մի քանի հոգի կտեղավորենք, մանավանդ եթե հետեւենք վարորդի խորհուրդներին. «Մի բուռ ազգ ենք, իրար տեղ տվեք, այ մարդ, ինչ կա որ, հիմա էս ա պայմանները»: Ու մեծահոգաբար մեր ուրախ երթուղայինը նոր ուղեւորներով է լցվում: Այս անգամ լավ պրծանք, լինում են դեպքեր, երբ նոր ուղեւորներին զիջելու դեպքում ու ճանապարհ տալու պարագայում ինքդ կարող ես հայտնվել դրսում, ու էլ չհաջողվի ներս խցկվել, Աստված չանի, որ մեր առավել մեծահոգի քաղաքացիներից մեկն էլ քեզ օգնելու համար այդ ընթացքում պայուսակդ վերցրած լինի, երթուղայինը կքշի-կգնա, ու կմնաս առանց եղած-չեղածիդ: Էլ չենք ասում, որ երթուղայինի մեջ իրար գրկված գնալու պայմաններում ու երեւանյան խցանումների պարագայում չի բացառվում, որ ոմանք հասցնեն սողոսկել պայուսակդ, գրպանդ եւ այլուր: Այդպես դրամապանակս թռցրին ամիսներ առաջ 73 համարի երթուղայինում: Վերջապես հասանք Դավիթաշեն, ու ես մի կերպ դուրս պրծա երթուղային հորջորջվող հակահիգիենիկ, ռաբիս, նվաստացուցիչ այդ խցիկից: 
Ն.ԹՈԽՍԱՆՑ






www.eter.am


ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ


«Երեխեք սահմանամերձ գյուղերի վրա կրակում են»«Մովսես գյուղը գրավված է»«Պատերազմ ա, գալիս ե՞  ք»«Էլի եկան սեւ ու մութ տարիները»… Նման արտահայտություններ ֆեյսբուքյան օգտատերերի էջերում վերջին օրերին հաճախ կարելի էր կարդալ: Կեղծ խուճա՞  պ էր սա, թե՞   իրականություն` առաջին պահերին դժվար էր կողմնորոշվել:
Օր օրի համացանցային լրատվությունն ու տեղեկատվական աղբյուրներն ավելի ժողովրդականություն են վայելում, ու չգիտես` դա լա՞  վ է, թե՞   վատ: Ցանկացած բան, ինչ գրվում եւ հրապարակվում է համացանցում, ընկալվում է որպես ճշմարտություն, եւ մարդիկ հաճախ դառնում են հիմնականում չճշտված ու աղավաղված տեղեկատվության զոհը: Այդպես եղավ եւ վերջին օրերին: «Մարդիկ զանգահարում էին իրենց բարեկամներին ու չճշտված լուրեր փոխանցում` առանց մտածելու հետեւանքների մասին: Անձամբ այս օրերին եղել եմ Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերում, զրուցել եմ գյուղացիների ու համայնքների ղեկավարների հետ: Այնպիսի տպավորություն է, ասես կրակոցները Երեւանի վրա են եւ ոչ այդ գյուղերի: Այնտեղ ամեն ինչ իրականում ավելի հանգիստ է, կեղծ խուճապ չի նկատվում: Մարդիկ ապրում են իրենց սովորական առօրյայով: Օրինակ` Ներքին Կարմիրաղբյուրում քննարկման հիմնական թեման գյուղի մշակույթի տան վերանորոգումն էր: Տագնապալի լուրերն ուռճացնողները կիսագրագետ լրագրողներն են, չեմ վախենում այդ բառից: Նրանք փորձում են տեղեկատվության ուռճացմամբ, բարձրահունչ վերնագրերի ընտրությամբ լսարան գրավել, բայց այդպես չի կարելի: Բնականաբար, կա եւ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը, որ, ցավոք, մտնում է մեր դաշտ եւ շատ ակտիվ տարածվում նույն սոցիալական ցանցերի միջոցով: Ամեն տեսակի տեղեկատվության աղավաղման դեպքում պետք է հասկանանք, որ վտանգում ենք սահմանում կանգնած մեր զինվորի կյանքը»,- ասում է ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Օրերս ես էլ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում էի: Ոսկեվան տանող ճանապարհի մի մասը, որն անցնում է Ոսկեպար գյուղի հարեւանությամբ եւ անմիջապես սահմանամերձ է Ադրբեջանին, հսկվում էր ոստիկանության կողմից, քանի որ վերջին օրերին, իսկապես, հաճախակի են դարձել սահմանամերձ տարածքների, հատկապես այս ավտոճանապարհի վրա հակառակորդի կողմից արձակված կրակոցները: Սակայն այս տարածաշրջանում ապրող մարդկանց համար այս ամենը սովորական է դարձել: «Երեւանում ապրողը չի գիտակցում, որ մեր պատերազմն ավարտված չէ, սա պարզապես հրադադար է: Սահմանում ապրող մարդը դրա մասին մոռանալ չի կարող, հակառակորդը թույլ չի տալիս: Ուստի ես առաջարկում եմ խուճապի մատնվելու փոխարեն միասնական ու ավելի զգոն լինել, նեցուկ լինել սահմանում ապրող գյուղացուն ու սահմանապահ հայ զինվորին…»,- ասում էին ոսկեվանցիները: Գյուղի երիտասարդության մեծ մասը պայմանագրային զինծառայող է: Տղաները վստահ են` քանի դեռ իրենք այստեղ են ապրում, քանի դեռ հայ զինվորը հայոց սահմանին է, վախենալու բան չկա: Ի դեպ, զինվորի մասին: Այն, որ սոցիալական ցանցերում Արցախյան ազատամարտի շատ մասնակիցներ, զորացրված զինվորականներ հայտարարություններ տեղադրեցին, որ պատրաստ են գնալ ու հայ զինվորի կողքին պաշտպանել մեր երկիրը, Ադրբեջանի կողմից գնահատվեց այսպես. «Հայերը բանակ չունեն, զինվորների թիվը չի բավականացնում, տեխնիկա չկա, այդ պատճառով տարեցներն ու նախկին սպաներն են ոտքի ելել»
Հենց այս օրերին Ոսկեվանում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա անձամբ այցելել է հայոց բանակի հյուսիսարեւելյան սահմաններ, ցուցումներ տվել սպաներին ու զինվորներին: Ոսկեվանցիների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշեց. «Խոստանում եմ` մեր բանակը, ես եւ իմ մարտական ընկերները թույլ չենք տա, որ թշնամին մի քայլ անգամ առաջ գա…»:
Ն.Հ.