16 мар. 2011 г.


#11 (877) 17.03.2011

ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՀԻՇՈՒՄ ԵՄ ԻՐԱՆԻՑ ԵԿՈՂ ՈՒՂՏԵՐԻ
ՔԱՐԱՎԱՆՆԵՐԸ»

«1927 թվականի հեռավոր ամառ… Իմ սրտին հարազատ հին Երեւան` իր փոշոտ ու ծուռ փողոց
ներով, քրքջան առվակներով, մրգատու այգիներով, սազանդարներով ու
թափառող գուսաններով եւ այն ժամանակների հրաշքը
` կոնսերվատորիան: Այն տարիների Հայաստանում այդ միակ երաժշտական հաստատությանն էր վիճակված իմ կյանքում այդչափ մեծ դեր ունենալ, չնայած երաժշտության հետ իմ առաջին հանդիպումը դեռ կոնսերվատորիա ընդունվելուց առաջ եղավ: 1925 թվականին, 5-ամյա երեխա լինելով, ես սովորեցի լսողությամբ դաշնամուր նվագել: Տանը հին դաշնամուր ունեինք: Առաջին համարս «Խնձորն» էր: Մի անգամ ծնողներս ինձ տարան Մշակույթի տուն (նախկինում այդպես էր կոչվում ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը)` Ալեքսանդր Սպենդիարովի համերգին: Առաջին անգամ էի սիմֆոնիկ նվագախումբ տեսնում եւ չեմ կարող նկարագրել հիացմունքս: Տուն գալուն պես նետվեցի դեպի դաշնամուրն ու փորձում էի վերարտադրել քիչ առաջ լսածս մեղեդիները` «Երեւանյան էտյուդները»:Հայրս հարգված զինծառայող էր, եւ մեր ընտանեկան հավաքույթներին միշտ ներկա էին լինում ժամանակի հեղինակությունները: Այդ հավաքույթների ժամանակ միշտ խնդրում էին. «Թող Կոտիկը (այդպես ինձ մանկության տարիներին տատիկս էր դիմում) մեզ համար նվագի»: Հորս վերադասը բավական մտերմիկ հարաբերությունների մեջ էր Ալեքսանդր Սպենդիարյանի, Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Թամանյանի, այլ մտավորականների ու արվեստագետների հետ:

Ձախից աջ` Է.Միրզոյան, Ա.Հարությունյան, Ա.Խաչատրյան, Ա.Բաբաջանյան,Ա. Խուդոյան

1927-ին զինվորական կոմիսարիատում առաջարկել էին հորս, որ ինձ ներկայացնի
Սպենդիարյանին: Մեր այցի մասին տեղեկացրել էին նրան, եւ հիշում եմ, թե ինչպես նա մեզ դիմավորեց կոնսերվատորիայի երկրորդ հարկում: Ես նվագեցի «Խնձորը» եւ «Երեւանյան էտյուդները»: Սպենդիարյանի հետ հանդիպումը վճռորոշ եղավ ողջ կյանքիս համար: Երկրորդ անգամ ես նրան չհանդիպեցի: Վախճանվեց 1928-ի մայիսին: Մայրս ինձ տարավ նրա հուղարկավորությանը: Հիշում եմ` դանդաղ շարժվում էր մահվան թափորը, եւ այն, ինչ կարողանում էի մարդկանց բազմության մեջ տեսնել, մեքենան էր, որի վրա դրված էր Սպենդիարյանի դին եւ նրա վրա թեքված երեք արմավենիները, որոնք, ինչպես հետո իմացա, վրացի կոմպոզիտորներն էին բերել ի խորհրդանիշ Սպենդիարյանի հրաշալի սիմֆոնիկ պոեմի` «Երեք արմավենի»: Այդ ցավալի օրը հավերժ մնաց իմ հիշողության մեջ»,- պատմում է ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը:


Ներքեւում ձախից` Ղ.Սարյան, Ա.Բաբաջանյան, Ա.Հարությունյան (1934թ.)

-Մաեստրո, ովքե՞ր են եղել Ձեր նախնիները: Մասնագիտության ընտրության հարցում ի՞նչ դեր են խաղացել գեները:

-Հորս կողմից բարեկամներիս չեմ տեսել: Գիտեմ, որ պապս քահանա է եղել Արեւմտյան Հայաստանում` Արդահանի գավառի Շավշեթ գյուղում: Նա ղեկավարել է եկեղեցական երգչախումբը, եւ ասում են, որ շատ լավ է երգել: Ընտանիքի շատ անդամների հետ զոհվել է 1918 թվականին թուրքական իշխանությունների կողմից իրականացված հայկական ջարդերի ժամանակ, երբ մի գիշերվա մեջ գնդակահարվել է Շավշեթի ամբողջ բնակչությունը: Հրաշքով փրկված հորեղբայրս` 15-ամյա Միհրանը, արթնանում է հարազատների դիակների մեջ եւ մի կերպ փախչում Թիֆլիս, ուր այդ ժամանակ զինվորական վարժարանում սովորում էր հայրս: 1919-ին` երբ ծնողներս ամուսնացել են, հայրս ծառայում էր Կարսում: Քաղաքական լարված իրադրության պայմաններում նա մորս ուղարկում է Երեւան, այդ ժամանակ արդեն ես նրա կրծքի տակ էի: Ես ծնվել եմ 1920 թվականի սեպտեմբերի 23-ին Երեւանի մերձակայքում գտնվող խաղողի այգում, որ պատկանում էր մորս դայակի ընտանիքին: Մանկական հիշողություններիս մեջ վառ է մնացել, թե ինչպես էր մորեղբայրս կիթառի նվագակցությամբ ռուսական երգեր երգում, Միհրան հորեղբայրս էլ իր հորից լսած շարականներն էր երգում ու հայրենասիրական երգեր: Այդ միջավայրում եմ մեծացել:

-Ինչպե՞ս ընդունվեցիք կոնսերվատորիա:

-Երեք տարի Երեւանի կոնսերվատորիային կից մանկական խմբում ուսանելուց հետո ուսումս շարունակեցի Երեւանում առաջին` Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Դպրոցի պատուհանները բացվում էին դեպի քաղաքի հրապարակը, այսպես կոչված մեյդանը, որտեղ շուկան էր: Հիշում եմ ուղտերի քարավանները, որ Իրանից էին գալիս: Եվ մենք` արեւելյան շուկային բնորոշ աղմուկի ֆոնին Բախ ու Մոցարտ էինք նվագում: Պարբերաբար հաշվետու համերգներ էինք ունենում: Ամեն անգամ այդ համերգների ժամանակ արտառոց արտաքինով մի մարդ էր գալիս-նստում դահլիճի վերջում եւ գլուխը ձեռքերի մեջ առած լսում էր: Համերգներից մեկի ժամանակ Մոցարտի սոնատներից էի նվագում: Իմ ելույթից անմիջապես հետո նա ինձ իր մոտ կանչեց: Ես զգուշավոր մոտեցա: Նրա հայացքը բարի էր: Հարցրեց անունս: Հետո ձեռքիցս բռնեց ու տարավ տնօրենի աշխատասենյակ: Գրություն գրեց ծնողներիս, որ ինձ լավ կերակրեն, ստորագրեց եւ ասաց` հորդ կտաս: Ավելի ուշ ես իմացա, որ դա հայտնի կոմպոզիտոր, հասրակական գործիչ Ռոմանոս Մելիքյանն էր: Մաեստրոն, իմանալով, որ տանն ունեցածս գործիքը այնքան էլ լավը չէ, ժողկոմին նամակ ուղարկեց` ինձ համար դաշնամուր գնելու խնդրանքով: Մինչեւ հիմա զարմանում եմ, թե ինչպիսի հարգանք էր վայելում այդ մարդը: Ռոմանոս Մելիքյանին շատ հարգում էին եւ չկատարել նրա խնդրանքը չէին կարող: Նա այդպիսին էր, միշտ հովանավորում ու աջակցում էր տաղանդավոր մարդկանց: Ինձ շատ էր սիրում: 30-ականներին կոմպոզիցիայի գծով արդեն որոշ հաջողությունների հասել էի: Եվ Ռոմանոս Մելիքյանն այդ առիթով «Խորհրդային Հայաստանում» մի հոդված գրեց: Ցավով եմ հիշում 1935-ի այն օրը, երբ Երեւանի կայարան հասավ Թիֆլիսից ժամանող գնացքը, որը բերեց Ռոմանոս Մելիքյանի դին: Որքան անժամանակ նա հեռացավ կյանքից…1934-ին 14 տարեկան էի, բայց արդեն կոնսերվատորիայի ուսանող էի (այն ժամանակ ընդունելության տարիքը սահմանափակ չէր): Իմ դասարանի ղեկավարը Սերգեյ Բարխուդարյանն էր: Նրա ասիստենտը Վարդգես Տալյանն էր` գուսան Շերամի տղան: Ինձ հետ նույն դասարանում էին սովորում Առնո Բաբաջանյանը, Ղազարոս Սարյանը` Մարտիրոս Սարյանի որդին, իսկ մի տարի անց կոնսերվատորիա ընդունվեց Էդվարդ Միրզոյանը: Մենք այն ժամանակ չէինք էլ ենթադրում, որ ամբողջ մի կյանք ենք միասին ապրելու իրարից անբաժան, այդքան մտերիմ:

-Ինչպիսի՞ն էր 20-ականների երեւանյան մշակութային կյանքը: Ինչպե՞ս էին անցնում Ձեր ուսանողական տարիները:

-Իմ երիտասադության տարիները համընկան Երեւանում սոցիալական բարդ ժամանակաշրջանի հետ` կուլակաթափություն, կոլեկտիվացում: Փողոցներում հաճախ էինք տեսնում տանջված ու թշվառ մարդկանց: Այս ամենով հանդերձ Երեւանն ապրում էր ակտիվ մշակութային կյանքով: Հիշում եմ Էգոն Պետրիի, Վալերիա Բարսովայի, երիտասարդ Էմիլ Գիլելսի, Դավիդ Օյստրախի, Յակով Ֆլիերի, ամերիկյան «Ուայնթրայբ-Սինքոփաթորսը» ջազ-բենդի համերգները:Անմոռանալի էր Սերգեյ Պրոկոֆեւի հեղինակային համերգը: Բոլորը թվարկել չեմ կարող, դրանք շատ-շատ էին, դահլիճները` լեփ-լեցուն, հանդիսատեսը` կիրթ, գրագետ: Անմոռանալի են Սուրեն Քոչարյանի գրական երեկոներն ընդգրկուն ծրագրով` «Դեկամերոնից» մինչեւ Թումանյանի հեքիաթներ, Գ.Սունդուկյանի անվան թատրոնի հրաշալի ներկայացումները հիանալի դերասանների` Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Հասմիկի, Արուս Ոսկանյանի եւ այլոց մասնակցությամբ:

-Ինչպե՞ս ծանոթացաք Արամ Խաչատրյանի հետ:

-1938 թվականի մայիսին Վարդգես Տալյանն ինձ ու Առնոյին տարավ Մոսկվա, որտեղ Հայաստանի մշակույթի տանը մենք պետք է ելույթ ունենայինք: Այդ համերգի ժամանակ ես առաջին անգամ տեսա Արամ Խաչատրյանին: Շատ տպավորիչ էր դեմքի արտահայտությունը, ընդգծված, խոշոր աչքերը: Նա մեր ելույթին արձագանքեց «Խորհրդային արվեստ» թերթում:Գրել էր. «Իհարկե, թե Ա.Բաբաջանյանի, թե Ա.Հարությունյանի առաջին կոմպոզիտորական փորձերը դեռ աշակերտական բնույթ են կրում: Բայց դրանք թույլ են տալիս հուսալ, որ համառ եւ պարբերական աշխատանքի եւ մանկավարժական ճիշտ ղեկավարման դեպքում երկու երիտասարդ կոմպոզիտորներն էլ ձեռք կբերեն իսկական կոմպոզիտորական վարպետություն»: Այսպես սկսվեց մեր շփումը Մաեստրոյի հետ:

-Մեր օրերում երիտասարդ կոմպոզիտորների շարքում նկատո՞ւմ եք տաղանդների:

-Այսօր, իհարկե, կոնսերվատորիայում նույն տրամադրությունները չեն, ինչ տարիներ առաջ, բայց բավական հետաքրքիր ստեղծագործող երիտասարդներ կան:

Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑԸ


#11 (877) 17.03.2011

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ...

«ՈՐԱԿՅԱԼ ԴԱԳԱՂ», «ԳՆՈՒՄ ԵՆՔ ՌԱԿՎԻՆԱ, ՊԱՌԱՎՈ» ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ»

Եթե ժամանակին «էստի համեցեք» ասելու համար վաճառականները հատուկ աշխատողներ ունեին (հիշենք Թումանյանի Գիքորին), ապա մեր օրերում «էստի համեցեք» կանչողներին փոխարինում են գունավոր, գրավիչ, երբեմն էլ անճաշակ, զիզի-բիզի ու նույնիսկ սխալ գրությամբ գովազդային պաստառները: Սխալները տարբեր են լինում` տառասխալ, ոճական ու շարադասական սխալներ, հայերեն տեքստում օտար բառեր, անտրամաբանական` երբեմն զայրացնելու աստիճանի ապշեցնող արտահայտություններ: Օրինակ` Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի շարժասանդուղքի հարեւանությամբ հագուստի տաղավար կա, որի ցուցանակին անգլերենով գրված է` «Դեղեր», հայերենով` «Հուշանվերներ», բայց վաճառվում է հագուստ: Վաճառվող հագուստեղենը երբեմն լինում է «կանացի», պատահում է նաեւ, ասենք, «գերմանական կնոջ հագուստ»: Հետաքրքիր են տարատեսակ հայտարարությունները: Օրինակ` Նոր Նորքի 2-րդ զանգվածի Նանսենի փողոցի շենքերից մեկի մուտքի դռան վրա փակցված է. «Գնում ենք ռակվինա, պառավո»: Փոքր-ինչ ներքեւ` Հայկ նահապետի արձանի հարեւանությամբ, կարելի է կարդալ. «Կլեում ենք ծակ գնդակները»: Գարեգին Նժդեհի փողոցում ամիսներ առաջ նկատել եմ հայտարարություն հետեւյալ գրությամբ. «Կկատարեմ էպիլեպսիա» (հավանաբար նկատի են ունեցել էպիլյացիան): Նույն փողոցում մեկ այլ ցուցանակ ազդարարում է. «Տղամարդկանց կտրում, կանանց կտրում»: Պարզվում է` խոսքը մազ կտրելու մասին է: Փողոցի հակառակ կողմում էլ գտնվում է «Նորմալ խանութ սովորական մարդկանց համար» (մի՞թե կան աննորմալ խանութներ արտասովոր մարդկանց համար): Տիգրան Մեծի եւ Նար-Դոսի փողոցների խաչմերուկից մի քիչ վերեւ գործում է «Կարտոֆիլանոց» կոչվող խանութը, որտեղ, սակայն, նաեւ այլ բանջարեղեն են վաճառում: Արագ սննդի կետերից մեկը կոչվում էր «Քեբաբ մեր մոտ»: Վաճառողին զգուշացրի, որ սխալ են գրել: Միանգամից պատասխանեց. «Մեր շեֆը գիտի՞, թե՞ դու»: Ամեն դեպքում խնդրեցի ուղղել սխալը եւ դուրս եկա: Փառք Աստծու, սխալն ուղղվել էր: Ինձ զարմացնում են Երեւանի Նար-Դոսի փողոցում կողք կողքի գործող սգո սրահների գովազդային պաստառները. «Մենք կփարատենք ձեր վիշտը», (հետաքրքիր է` ինչպե՞ս), «Որակյալ սպասարկում», «Որակյալ դագաղ» (թե դրա որակյալը ո՞րն է)… Այդ թաղամասի բնակիչ Գեղանուշ Վարդանյանն ասում է, որ մի անգամ ընկերուհու հինգամյա երեխան հարցրել է, թե ինչու է իրենց շենքում այդքան շատ մարդ մահացել (փողոցի ողջ երկայնքով դագաղներ են շարված եղել): «Ամեն առավոտ արթնանալն ու միանգամից այդ ամենը տեսնելը անպայման վատ է ազդում մարդու տրամադրության վրա: Այդ ամենը պետք է սրահների ներսում դրվի, տհաճ գրություններն էլ, կարծում եմ, պետք է հանեն խանութների վրայից»,- ասում է տիկին Գեղանուշը:
Օրինակներն անվերջ կարելի է շարունակել: Հետաքրքիրն այն է, որ Լեզվի պետական տեսչության ստուգայցերից, տուգանումներից հետո էլ պատկերը գրեթե չի փոխվում. երեւի տուգանքի չափն այնքան է, որ կարելի է վճարել ու շարունակել հաճախորդ գրավել, առեւտուր անել վերը թվարկված գովազդային պաստառներով…
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ