6 апр. 2011 г.

#14 (880) 07.04.2011


ՉԱՐԻ՞Ք Է, ԹԵ՞ ԲԱՐԻՔ

Ինտերնետ-համացանցն այսօր շատերի համար դարձել է անբաժանելի ընկեր:
2008 թվականի տվյալով, աշխարհում ինտերնետից օգտվողների թիվը հասել է շուրջ մեկ միլիարդի: Վստահ եմ` նրանց քանակը վերջին 2-3 տարում կրկնապատկվել է: Ապրիլի 4-ին ողջ աշխարհը նշում էր Ինտերնետի օրը: Տարբեր մարդիկ տարբեր ձեւով են ընկալում համացանց կոչվածը: Համենայն դեպս մեզ մոտ` Հայաստանում, շատերի համար այն զուգորդվում է սոցիալական ցանցերի հետ, սակայն քիչ չեն նաեւ այն մարդիկ, որոնք ինտերնետի միջոցով բավարարում են իրենց տեղեկացված լինելու պահանջը: Ամեն օր հայրս ծանր աշխատանքային օրվանից հետո, մեկ ժամ նստելով համակարգչի առջեւ, համացանցում իր համար գտնում է ժամանցային խաղեր ու լիցքաթափվում, ծանոթանում է իր աշխատանքին առնչվող մասնագիտական նորություններին (հայրս կահույքագործ է): Մորս համար համացանցը միօրինակ առօրյայից կտրվելու, ինչպես նաեւ բազմազան խմորեղենի եւ համեղ ուտեստների բաղադրատոմսեր գտնելու միջոց է: Գրադարան վազելու փոխարեն ես տանը նստած մկնիկի մեկ սեղմումով համացանցում գտնում եմ ինձ հետաքրքրող ցանկացած տեղեկություն, անհրաժեշտ գրականություն: Համացանցի միջոցով նաեւ գումար եմ խնայում. ընտրածս մասնագիտությունից ելնելով (սովորում եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում)` պետք է շատ թերթեր կարդամ, ինտերնետի միջոցով ինձնից միայն պահանջվում է այցելել համապատասխան թերթի կայքէջ:
Գիտեմ, որ շատերը (նրանց թվում եւ եղբայրս) համացանցը դարձրել են իրենց երկրորդ տունը եւ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ինտերնետային խաղերի, իսկ առցանց շփումը գերադասում են բնական մարդկային շփումից: Այսօր շատ երեխաներ դեռ վաղ հասակից օգտվում են համակարգչից ու ինտերնետից: Այնքան են տարվում դրանցով, որ նույնիսկ վտանգում են առողջությունը, տեսողությունը: Այդ ամենին գումարվում են համացանցը ողողած էրոտիկ բովանդակությամբ կայքերը, որոնցում կարող ես հայտնվել նաեւ առանց քո ցանկության: Այս ամենը շատ մարդկանց առիթ է տալիս քննադատելու եւ չընդունելու համացանցը` համարելով այն 21-րդ դարի չարիք: Մենք պետք է կողմնորոշվենք` ինչ քաղել ինտերնետից, ինչն է մեզ համար լավ եւ ինչը մեզ կբերի իրական բարիք:
Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий