#14 (880) 07.04.2011
ԱՇԽԱՏԵ՞Լ, ԹԵ՞ ՍՈՎՈՐԵԼ

Գրեթե բոլոր երկրներում ուսանողությունը համարվում է սոցիալապես անապահով խավ: Ուսանողի հոգսը քիչ թե շատ թեթեւացնելու նպատակով սահմանվում են կրթաթոշակներ: Հայաստանի պետական բուհերում կրթաթոշակ տրվում է սակավաթիվ ուսանողների: Որքան էլ իմ «թոշակառու» ընկերներն ասում են, որ չնչին գումարն էլ օգնություն է, բայց եկեք խոստովանենք, որ ամսական 5000-15000 դրամ կազմող կրթաթոշակով ուսանողը չի կարող հոգալ անգամ տուն-համալսարան-տուն տրանսպորտային ծախսերը, էլ չեմ ասում անհրաժեշտ գրականություն, գրենական պիտույքներ գնելը, կեցության ծախսեր, պատճենահանման վրա ծախսվող գումարները: Չեմ ասում նաեւ, որ ուսանող լինելուց բացի երիտասարդը ուզում է նաեւ ապրել ու զվարճանալ, ապահովել իր ժամանցը: Ոմանք ապավինում են ծնողների օգնությանը, բայց քիչ չեն նաեւ այն երիտասարդները, որոնք նախընտրում են ինքնուրույն հոգալ իրենց կարիքները, ուսման ծախսերը: Նրանք հենց ուսանողական տարիներից սկսում են աշխատել: Բայց նախ պետք է աշխատանք գտնես, հետո էլ կարողանաս դա համատեղել դասերիդ հետ: Աշխատանքից վազում ես դասի կամ դասից` աշխատանքի, հետո ուժասպառ հասնում ես տուն եւ ամբողջ գիշեր պարապում: Ըստ www.eduhelp.ru-ի` Վաշինգտոնի, Վիրջինիայի եւ Թեմփլի համալսարանների մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսումն ու աշխատանքը համատեղող երիտասարդները վտանգում են իրենց հոգեկան առողջությունը: Հետազոտության շրջանակում մասնագետներն ավելի քան 30 տարի հետեւել են 1800 դեռահասների եւ երիտասարդների: Ըստ գիտնականների եզրակացության` այն երիտասարդները, որոնք սովորելուն զուգընթաց շաբաթական աշխատում են 20 ժամից ավելի, հոգեկան առողջության եւ առաջադիմության հետ կապված խնդիրներ են ունենում: Հետազոտության արդյունքները հրապարակած «Times of India»-ն գրում է, որ սովորող դեռահասներին եւ երիտասարդներին գիտնականները խորհուրդ են տալիս աշխատել շաբաթական 20 ժամից ոչ ավելի:
Ն.Հ.
Комментариев нет:
Отправить комментарий