11 окт. 2010 г.

N38(853) 23.09.10




ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ…

ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆ. «ԻՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԲԵՄՈՒՄ»
«Տատիկս պատմում է, որ մի օր, երբ մայրիկս աշխատանքի էր գնացել, ու ես իր հետ տանն էի մնացել, օրորոցում նստած, երկու եզրերից բռնած` ինքս ինձ օրորում էի ու բարձր բղավում`չայկա, չայկա: Տատիկս մտածել է, որ թեյ եմ ուզում, եւ շշով թեյ է տվել: Խմել եմ ու նորից բղավել` չայկա, չայկա մինչեւ մորս գալը: Մայրս տատիկին բացատրել է, որ ես ոչ թե թեյ, այլ «Չայկա» երգն եմ ուզել լսել, քանի որ մայրիկս ամեն անգամ` քնելուց առաջ, երգում էր ինձ համար»,- հիշում է մեր խորագրի հերթական հյուրը` հանրապետության վաստակավոր արտիստուհի Ռաիսա Մկրտչյանը: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Վանաձորում, սովորել է նաեւ Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, հետո ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, ապա նաեւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը:
-Տիկին Ռաիսա, ինչպիսի՞ ուսանողուհի եք եղել:
-Ես երաժշտությանը խենթի պես սիրահարված աղջիկ էի: Որոշ ժամանակ ապրել եմ տատիկիս տանը` Սեւանի ափին գտնվող Կոմաձորում: Շատ երազկոտ էի: Սիրում էի երեկոյան նստել բակում ու ականջ դնել գորտերի կռկռոցին, ծղրիդների «երգին»: Երաժշտություն շատ էի լսում: Հսկայական ձայնադարան ունեի: Հիշում եմ` ուսանողական իմ առաջին թոշակով ինձ համար ձայնարկիչ էի գնել, արտասահմանյան ռադիոկայանների երաժշտական թողարկումներից ձայնագրություններ էի անում` Շիրլի Բեյսի, Դայանա Ռոս, Դալիդա, Էնգելբերթ Համփերդինք… Այն տարիներին այդպիսի ձայնագրություններ ունենալը հրաշքի պես մի բան էր: Ես դա մեծ սիրով ու նվիրումով էի անում:
-Մասնակցո՞ւմ էիք ուսանողական միջոցառումների:
-Ուսանողական, հասարակական միջոցառումների քիչ եմ մասնակցել: Քիչ էի հասցնում շփվել նաեւ ընկերներիս հետ: Ժամերով դաշնամուր էի նվագում, պարապում էի, պարապում:
-Երիտասարդության տարիների ձեր ընկերների շարքում շատ են անվանի, հետաքրքիր մարդիկ: Ընկերական հավաքույթներից ի՞նչ դրվագ կհիշեք:
-Մեկնել էինք արտասահմանª հյուրախաղերի: Ռեստորանում մեզ գորտից խորտիկ մատուցեցին: Շատերս հրաժարվեցինք համտեսել, իսկ Ռուբեն Մաթեւոսյանը մեծ հաճույքով կերավ: Երեկոյան համերգի ժամանակ, երբ Ռուբիկը երգում էր, հանկարծ նրա հետեւում կանգնած երաժիշտ տղաները ցածրաձայն սկսեցին գորտի պես կռկռալ... Կուլիսներում անասելի ծիծաղ պայթեց: Դե Ռուբենի վիճակն էլ արդեն պատկերացնում եք:
-1967-ին Երեւանում անցկացված երիտասարդական երգի փառատոնում դուք դափնեկիր դարձաք, շահեցիք ոսկե մեդալ: Կպատմե՞ք այդ տարիների մասին:
-60-ականների երկրորդ կեսն ինձ համար մեծագույն նվաճումների շրջան էր: Արդեն ունեի բազմաթիվ ձայնագրություններ, որոնք ինձ ճանաչում էին բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ Խորհրդային Միությունում, եւ ինձ` որպես մեներգչուհի, հրավիրեցին ռադիոյի եւ հեռուստատեսության նորաստեղծ էստրադային նվագախումբ: Այդ շրջանում ձայնագրվել են երգեր, որոնց առաջին կատարումն ինձ է վստահվել: Հեղինակներն էին Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Կոնստանտին Օրբելյանը, Մելիք Մավիսակալյանը, Ստեփան Շաքարյանը, Մարտին Վարդազարյանը: Այդ երգերի մեծ մասը տեղ են գտել ռադիոյի ձայնադարանի ոսկե ֆոնդում: 1969-ին Մոսկվայի «Մայակ» ռադիոկայանն ինձ հռչակեց տարվա լավագույն երգչուհի:
-Առնո Բաբաջանյանը չափազանց ջերմ է խոսել ձեր կատարումների մասին, նրան դուր է եկել, թե ինչպես եք դուք մեկնաբանում իր երգերը: Ինչպե՞ս եք ծանոթացել մաեստրոյի հետ:
-Հաշվետու համերգ էր, որից հետո Առնո Հարությունովիչը մոտեցավ ինձ եւ ասաց, որ մենք պետք է համագործակցենք:
-Դուք հիմա դասախոսում եք կոնսերվատորիայում, անմիջական շփում ունեք նոր սերնդի երգիչ-երաժիշտների հետ: Մտովի համեմատո՞ւմ եք ձեր սերունդը այսօրվա երիտասարդության հետ:
-Այսօր շատ կան շնորհալի երիտասարդներ, որոնք ազատ են մտածում, համարձակ են: Երբեմն, սակայն, այդ ազատությունը գռեհկության է հասնում: Հիշում եմ` մի օր մաեստրո Օրբելյանը զանգահարեց եւ ասաց, որ Կրեմլում համերգ է լինելու, եւ ես եւս պետք է մեկնեմ: Երիտասարդ էի, նոր-նոր մեծ բեմեր էի դուրս գալիս եւ հարմար բեմական հագուստ չունեի: Օրբելյանը պատվիրեց, որ ինձ համար զգեստ կարեն եւ խստագույնս զգուշացրեց, որ հագուստս հնարավորինս համեստ լինի, թեւերը, կուրծքը փակ: Ես դերձակին խնդրեցի, որ մեջքի բացվածքը փոքր-ինչ խորը լինի` մտածելով, որ երկար, փարթամ մազերս կծածկեն, եւ մաեստրոն չի նկատի: Իհարկե, նկատեց, խիստ հայացք ընդունեց, ես էլ կատակեցի, թե միայն կրծքի եւ թեւերի բացվածքի համար էր զգուշացրել: Մի տեսակ վերահսկում կար ոչ միայն ղեկավարության կողմից, այլեւ` ներքին, ինքդ քո հանդեպ: Այդ վերահսկումը, ճաշակը, չափի զգացումը այսօր էլ չէին խանգարի:
-Ինչպե՞ս էիք հասցնում եւ սովորել, եւ աշխատել:
-Ես այն ուսանողների թվում էի, որ ուսմանը զուգահեռ պետք է մեկնեին որեւէ գյուղ` երաժշտական դպրոցում աշխատելու: Քանի որ տատիկս Սեւանում էր ապրում, ես որոշեցի այնտեղ աշխատել: Վաղ առավոտյան ավտոբուսով ճանապարհ էի ընկնում եւ երեկոյան վերադառնում: Կոնստանտին Օրբելյանի միջամտությամբ միայն այդ աշխատանքից ազատեցին: Հետո մաեստրոն ինձ առաջարկեց դառնալ ջազային նվագախմբի մեներգչուհի: Նվագախմբի հետ մի քանի անգամ հյուրախաղերի մեկնեցի ու հետո հրաժարվեցի, քանի որ ուսումս այդպես տուժում էր: Հետո էլ ամուսնացա, ընտանիք կազմեցի ու զավակներ ունեցա:
-Ձեր ամուսինը որեւէ կապ ունի՞ երաժշտության հետ, նա ինչպե՞ս է վերաբերվում ձեր մասնագիտությանը:
-Նա գիտաշխատող է, բայց անչափ սիրում է երաժշտությունը, լավագույն ընկեր է, խորհրդատու, հայր եւ ամուսին: Իսկ իմ մասնագիտությունը ընտրեց աղջիկս. նա դաշնակահարուհի է:
Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ