#23 (889) 09. 06. 11
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՈՒՄԱՐԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2011 թվականի մարտի 28-ի կարգադրությամբ ստեղծվել է Երիտասարդական խորհրդարան, որը կգործի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից: Երիտասարդական խորհրդարանի ձեւավորման գործընթացի եւ անդրանիկ նիստի շուրջ մի քանի հարցերով դիմեցինք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Արփինե Հովհաննիսյանին:
-Ովքե՞ր են այսօր արդեն ձեւավորված երիտասարդական խորհրդարանի անդամները:
-Ըստ նախնական որոշման` Երիտասարդական խորհրդարանում կարող էին ընդգրկվել ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների երիտասարդ ներկայացուցիչները, չներկայացված կուսակցությունների, ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչներ` ինքնաառաջադրման կարգով, պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, մարզերը ներկայացնող անհատ քաղաքացիները` ինքնաառաջադրման կարգով: Երիտասարդական խորհրդարանի ընդհանուր համակազմի առնվազն 3%-ը պետք է լինեն ազգային փոքրամասնությունների, իսկ առնվազն 20%-ը` իգական սեռի ներկայացուցիչներ: Խորհրդարանում ներկայացուցիչ ունենալու իրավունք ունեն նաեւ հաշմանդամ մարդիկ:
-Ինչպիսի՞ն էր մրցակցությունը, ինչպե՞ս կատարվեց երիտասարդ
խորհրդարանականների ընտրությունը:
-Բավական լարված իրադրություն էր ստեղծվել:
42 տեղի համար 400-ից ավելի դիմում ունեինք: Առաջին փուլին ներկայացան փաստացի 350 երիտասարդներ: Առաջին փուլի համար նախատեսված էր թեստային աշխատանք` ՀՀ Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգին վերաբերող հարցադրումներով: Այս փուլը հաղթահարած 200 մասնակիցներն անցան մրցութային հաջորդ փուլ. անհատական հարցազրույց` նորից վերոնշյալ թեմաներով: Երկու փուլերն էլ տեսագրվել ու ձայնագրվել են: ԱԺ նախագահն անձամբ հետեւում էր, որ կտարվի անաչառ ընտրություն: Մի քանի անգամ նա սրահ է մտել, անձամբ զրուցել մասնակիցների հետ: Այժմ արդեն Երիտասարդական խորհրդարանն ունի 131 անդամ:
-Քանի՞ հանձնաժողով է գործում Երիտասարդական խորհրդարանում, ինչպե՞ս են համակարգվելու աշխատանքները:

-Երիտասարդական խորհրդարանն իր նիստերը կգումարի ԱԺ նիստերի դահլիճում,
խորհրդարանին կտրամադրվեն աշխատասենյակներ, որտեղ հանձնաժողովները
կկարողանան իրենց նիստերն անցկացնել, ինչպես ԱԺ-ում, այստեղ էլ գործում է 12 հանձնաժողով: Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստը գլխավորեց տարիքով ամենաավագ անդամը` Կարեն Պետրոսյանը: Խորհրդարանի նախագահը ռոտացիոն հիմունքներով պարբերաբար փոխվելու է:
-Ի՞նչ եք կարծում, այս կառույցը կկարողանա՞ ծառայել իր նպատակին:
-Հենց ամենասկզբում, երբ դեռ այս նախաձեռնությունն ընդամենը գաղափար էր, մենք ուզում էինք, որ երկրի երիտասարդության ձայնը լսելի լինի կառավարական օղակներում: Երիտասարդները հաճախ դիմել են ԱԺ նախագահին` առաջարկով, որ մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին: Եվ ահա այդ հնարավորությունը նրանց ընձեռվեց: Հուսանք` երկրի ապագա տերերը կկարողանան օգնել մեզ մեր երկրի ղեկավարման գործում:
Ն.Հ.