4 апр. 2010 г.

Առաջին անգամ դիրքերում


«Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում…, Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է…, մի կեսօր Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր: Ոչ միայն զգեստից, այլեւ ձի նստելուց երեւում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են եւ չեն տեսել ոչ Կաքավաբերդը, ոչ նրա քարափը»,- քայլում էինք բարձունքն ի վեր` դեպի դիրքեր, ու ես մտովի Բակունցի այս տողերն էի հիշում: Եվ մեկը մյուսի վրա շարված քարերից պատրաստված խրամատները որքան նման էին բերդի ատամնաձեւ պարիսպների, եւ որքան նման էր մեր խումբը դեպի Կաքավաբերդ բարձրացող ձիավորների խմբին. միայն մի տարբերություն կար. մեզնից միայն ես էի, այսպես կոչված, քաղաքի մարդ եւ երբեւէ չէի տեսել դիրքերն ու խրամատները: Ես ընդամենը լրագրության բաժնի մի ուսանողուհի եմ: Ուսանողուհի, ում համար մինչ դիրքերում հայտնվելը խրամատներն ուղղակի հակառակորդից պաշտպանվելու ապաստարաններ էին: Այնինչ ինքս ինձ համար մեկընդմիշտ ճշտեցի, որ դրանք մեր երկրի պարիսպներն են, որոնք ոչ թե ապաստարանն են զինվորի, այլ իմ ազատ ու անկախ երկրի սահմաններն են, ազատությունն են ու անկախությունը, որ արթուն աչքերով հսկում ու պաշտպանում է հայ զինվորը: Իսկ ո±վ է հայ զինվորն իմ այս հեքիաթում. պարսպի ներքո աճող մի ալպիական մանուշակ, քարերի մեջ ապրող, բայց այնքան պարզ ու միեւնույն ժամանակ` վայելչագեղ: Ալպիական մանուշակի պես նա էլ ապրում է քարերի մեջ, բայց երբեք դրանից չի կորցնում իր հոգու գեղեցկությունը: Դիրքերում ծառայող զինվորն անգամ պատի թերթ է պատրաստում, բանաստեղծություններ գրում ու կատակում: Կյանքիս ամենաերջանիկ պահերն էի ապրում հայ զինվորի ձեռքով պատրաստված սուրճն ըմպելիս: Այնտեղ` դիրքերում, եւ դեռ մեծ հաճույքով կճաշակեի նրանց պատրաստած տապական, սեղանն արդեն գցված էր, բայց մթնում էր, պիտի վերադառնայինք: Բարի ծառայություն մաղթեցինք հայ զինվորին ու շարժվեցինք: Իջնում էինք դիրքերից ու նորից հիշեցի պատմվածքը, վերեւում մնաց անառիկ Կաքավաբերդն իր ալպիական մանուշակներով: Բոլորս լուռ էինք, չգիտեմ` ինչ էին մտածում ինձ ուղեկցող ավագ գործընկերներս, բայց հոգիս ցնծության մեջ էր, սիրտս պայթում էր հպարտությունից. միանգամից հիշում էի հայ զինվորի տիրականորեն հպարտ արծվենի հայացքը, որ ողջ գիշեր արթուն հսկում է մեր սահմանը: Եվ այդ զինվորների կողքին` սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասի զինծառայող Արթուր Մեհրաբյանին: Արթուրին հանդիպեցինք զորամասից քիչ հեռու ընթացող գործնական պարապմունքի ժամանակ: Զինվորը վերջերս պարգեւատրվել է Վազգեն Սարգսյան մեդալով: Արթուրը ծննդով Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից է, երկու քույր ունի եւ հպարտ է, որ այսօր ինքն է պաշտպանում իր հարազատներին ու հայրենակիցներին: Գիտակցում է, որ ծառայության այս երկու տարիներն իզուր չեն անցնում: Նաև խոստովանում է, որ բանակն իրեն պատասխանատվության մեծ զգացում է հաղորդել: Պատասխանատվություն` այսօր իր ձեռքում պահած զենքի, նախնիների այրամբ նվաճված ազատության առաջ, պատասխանատվություն, որը հետո` ընտանիք կազմելիս, զավակներ դաստիարակելիս, պիտի օգնի իրեն: Արթուրը համոզված է, որ Բանակը եւս ինքնադրսեւորման ու ինքնաբացահայտման մի ոլորտ է: Զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալն էլ նշեց, որ Արթուրը զորամասի լավագույն զինվորներից է, իր ծառայության արդեն 20 ամիսների ընթացքում հասցրել է բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանանալ: Արթուրի ու նրա զինակից ընկերների համար զորամասն ընտանեկան հարկի է վերածվել: Առաջին անգամ էի որպես լրագրող զորամաս մտնում, և ինձ համար ուրախալի էր, որ զորամասում նոր բուժկետ է կառուցվում, որ բակում զինվորները փոքրիկ աղոթատեղի ունեն, որտեղ հաճախ են հանդիպումներ ունենում զորամասի հոգեւոր սպասավոր Տեր Գեւորգի հետ: Ի դեպ, բոլորովին վերջերս զորամասը նոր Աստվածաշունչ մատյաններ է ստացել: Տեր Գեւորգի նախաձեռնությամբ հաճախ Աստվածաշնչյան ընթերցումներ են կազմակերպվում: Տեսանք նաեւ զորամասի նորակառույց լվացքատունը, որտեղ խնամքով լվացվում, չորացվում ու արդուկվում են հայ զինվորի հագուստներն ու անկողնային պարագաները: Լվացքատան աշխատակիցներն էլ մեծ հոգատարությամբ ու սիրով են կատարում իրենց աշխատանքը` որպես մի ընտանիքի անդամ: Այստեղ ամենքն իր դերն ու տեղն ունեն, եւ բոլորին միավորում է մի գաղափար` հայրենի տունը, մայր երկիրը:
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ