17 февр. 2012 г.


ՏՎԵՔ ՈՒՍԱՆՈՂԻՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ, ԵՎ ՆԱ ՎԱՂԸ ԿԱՇԽԱՏԻ ՁԵԶ ՀԱՄԱՐ


Գիտության ոլորտում եւ մեր կրթական համակարգում առկա խնդիրները, աշխատաշուկայի պահանջարկը, գիտության, կրթության հանդեպ ձեւավորված հասարակական վերաբերմունքը, ամերիկյան ու եվրոպական փորձի ներդրմանն առնչվող հարցերը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Այս անգամ այդ հարցերի մասին զրուցում ենք ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ:


-Պարոն Աթանեսյան, նախ խոսենք մեզանում ձեւավորված գիտական մշակույթի մասին: 

-Գիտական մշակույթը Հայաստանում խոր արմատներ ունի, դարերի պատմություն: Թվում է` արեւմտյան երկրներում տարածում ունեցող շատ մասնագիտություններ մենք նրանցից այսօր փոխ ենք առնում, սակայն իրականում դրանցից շատերն արդեն տասնյակ տարիների պատմություն ունեն: Օրինակ` սոցիոլոգիայի բաժինը առաջիններից էր Երեւանի պետական համալսարանում իր հիմնադրման պահին` 1919-ին: Մենք շարունակ խոսում ենք խորհրդային շրջանի կրթական համակարգի, արեւմտյան երկրների, եվրոպական երկրների կրթական մշակույթի մասին, բայց մոռանում ենք, որ մինչեւ խորհրդային համակարգի հաստատումը, նախքան արեւմտյան ու եվրոպական տարրերի ներմուծումը, Հայաստանում եւ սփյուռքում գործող հայկական կրթօջախները պատրաստում էին բարձրակարգ մասնագետներ: Նրանցով մենք մինչեւ օրս հպարտանում ենք: Խորհրդային կրթական համակարգը նույնպես կարեւոր դեր խաղաց հայաստանյան գիտական ավանդույթների փոխակերպման եւ զարգացման գործում: Այն միասնական էր ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների համար եւ դրանով իսկ գիտակրթական համակարգի գլոբալացման յուրօրինակ փորձ էր:

-Հայաստանյան մի շարք բուհերում ներդրվող Բոլոնիայի կրթական համակարգը արդյոք մերօրյա գլոբալացում չէ՞:


:-Այո, եւ նաեւ սրանով են աչքի ընկնում հայաստանյան կրթությունը եւ գիտությունը. մենք ձգտում ենք նորարարությունների եւ միաժամանակ փորձում պահպանել ավանդույթները: Իհարկե, դեռ առաջին քայլերն են, բայց կարծում եմ, որ շուտով արդյունքը կնկատվի:

՞նչ գնահատական կտաք այսօր մեր երկրում գիտական ոլորտի կառավարմանը:

-Գաղտնիք չէ` Հայաստանը ունի շատ սակավ բնական ռեսուրսներ£ Մեր երկրում միակ ռեսուրսը մարդկայինն է, միակ ներուժը` մարդը: Ցավոք, մենք ճիշտ չենք հաշվառում մեր ունեցած ռեսուրսները: Հաշվարկներ չեն կատարվում նաեւ գիտական աշխատանքների թեմատիկ բաշխման, թեմատիկ ընտրության եւ այլնի առումով: Պետությունը պետք է շահագրգռված լինի, որ զարգանա տնտեսության այս կամ այն ոլորտը, պետք է ուշադրություն դարձնի գիտական մտքի զարգացմանը տվյալ ոլորտում: Այսպիսին պետք է լինի ներքին քաղաքական ռազմավարությունը: Գիտնականը պետք է զգա, որ ինքը պաշտպանված է, իր կարիքն ունեն այս երկրում եւ ինքն էլ պատրաստ կլինի պաշտպանելու պետությունը իր բնագավառում առաջընթաց ապահովելու միջոցով: Իմ ընկերների, ուսանողների մեծ մասը, որ հրաշալի գիտնականներ էին կամ առաջատար մասնագետներ կդառնային մեր պետության համար, այսօր, ցավոք, ապրում եւ աշխատում են այլ երկրներում:

-Պետության ուշադրությունը բավարար չէ, բայց հասարակության վերաբերմունքն էլ, կարծես, հակասական է:


-Այո, որովհետեւ գիտությունն այսօր հասանելի է բոլորին: Ես դեմ եմ, որ բարձրագույն կրթություն ստանալն այսքան մատչելի եւ դյուրին լինի բոլորի համար: Ո՞վ է ասել, որ բոլորը պետք է բարձրագույն կրթություն ստանան: Ամեն տարի տասնյակ դիմորդներ են ընդունվում հայաստանյան բուհեր, ընդ որում` մեծ մասամբ նույն ֆակուլտետները: Բայց ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ մեր երկիրն ունի թույլ զարգացած տնտեսություն, գրեթե չունենք արդյունաբերություն, դիվանագիտական հարաբերությունների առումով առաջընթաց չի գրանցվում, իրավական դաշտում եւս բացթողումները շատ են: Սա նշանակում է, որ հազարավոր դիպլոմավորված անձանց ներհոսքն այս բնագավառներ ապարդյուն են: Եթե շուկան չունի տվյալ մասնագետների կարիքը, պետք է սահմանափակել կադրերի թիվը: Հասկանալի է` հայաստանյան բուհերը ուսանողների թվաքանակի աճով իրենց ֆինանսական խնդիրներն են հոգում եւ, վերջին հաշվով, պետությանը հարկեր վճարում, բայց կարելի է գտնել այս ամենի կարգավորման ավելի արդյունավետ տարբերակներ:

-Առավել եւս, որ հետագայում բուհ ավարտողները աշխատանք չեն գտնում:

-Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ բուհերը չեն աշխատում աշխատաշուկայի հետ: Բուհը պետք է պատասխանատվություն կրի իր շրջանավարտին աշխատանքի տեղավորելու առումով: Մեր երկրում ուսումնական պրակտիկա կոչվածը շատ հաճախ ձեւական բնույթ է կրում: Բայց այդպես չպետք է լինի: Բուհի ուսանողը, շրջանավարտը, որն արդեն պրակտիկա է անցել համապատասխան կազմակերպությունում, պետք է հնարավորություն ունենա աշխատանքի տեղավորվելու հենց այդ հիմնարկում: Բուհերը պետք է ամեն տարի մշտազննեն աշխատաշուկայի վիճակը` պարզելու, թե իրենց շրջանավարտների քանի՞ տոկոսն է աշխատում, ո՞ր բնագավառումներում, ի՞նչ հաջողություններ ունի, եւ ըստ այդմ` հաջորդ տարվա գործելակերպի ծրագիր մշակեն:

-Արեւմտյան կրթական համակարգում էական դեր է խաղում կրթաթոշակը. ինչպե՞ս է այն գործում մեր կրթական համակարգում:

-Մեզ մոտ ընդունված է, որ սոցիալապես անապահով պայմաններում ապրող ուսանողները գտնվում են ուշադրության կենտրոնում` ստանալով ուսման վարձի զեղչեր, նպաստներ, բայց շատ քիչ ուշադրություն է հատկացվում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողներին: Սոցիալական պետության գաղափարը մեզանում ընկալվում է որպես սոցիալական աջակցություն թույլերին, դրանով խրախուսվում է թուլությունը, իսկ լավ ունակություններ եւ բարձր առաջադիմություն ունեցողներին վանում ենք պետությունից այնտեղ, որտեղ նրանց ուժը եւ տաղանդը գնահատվում է: Մինչդեռ ուժը եւ շնորհալիությունը ոչ պակաս աջակցության եւ խրախուսման կարիք ունեն: Կրթաթոշակներ պետք է սահմանվեն խելացի ուսանողների համար. աշխատաշուկան վարձատրում է խելացիներին: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել մարդկանց, ովքեր, իրոք, կարող են մեր երկրի վաղվա օրվան օգտակար լինել, որ գիտության ոլորտը մրցակցային լինի, զարգանա: Բուհերը պետք է աշխատեն խոշոր գործատուների, արդյունավետորեն գործող եւ ընդլայնվող կազմակերպությունների հետ: Ընդհանրապես Արեւմուտքում համոզված են` տվեք ուսանողին կրթաթոշակ, եւ նա վաղը կաշխատի ձեզ համար: Ստեղծեք կադրեր եւ օգտագործեք նրանց ի շահ երկրի եւ ի շահ ձեր սեփական գործի` օգուտ բերելով նաեւ տվյալ մասնագետին:
Ն.Հ.

«ՎԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ` ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆ


1981 թվականի սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ` Վազգեն Սիսլյանը, Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը եւ Գեւորգ Կյուզելյանը, գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը եւ 15 ժամ պահեցին իրենց հսկողության տակ: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի այս գործողությունը, որը կոչվեց «Վան», առաջինն էր հայ ազատագրական պայքարի նոր շրջանում: Նախ գործողությունը, ապա ՀԱՀԳԲ-ի մարտիկների դատավարությունը ցնցեց ոչ միայն համայն հայությանը, այլեւ աշխարհի շատ ու շատ մարդկանց, որոնք մամուլում, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հետեւում էին այս ամբողջ գործողությանը, դատավարությանը, իսկ հետո լրատվություն էին փնտրում բանտարկված մարտիկների մասին: Նրանցից Արամ Պասմաճյանը, ում կերպարի հիման վրա ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանը հետագայում նկարահանեց ֆրանս-հայկական համատեղ «Արամ» գեղարվեստական ֆիլմը, ինքնասպանություն գործեց հենց բանտում (ինչպես եւ ֆիլմում է ներկայացվում), բանտից ազատվելուց հետո մյուսներին կյանքը տարբեր ուղիներով տարավ: Նրանցից Վազգեն Սիսլյանը մի հայ ընկերոջ հրավերով եկավ Խորհրդային Հայաստան: 1990-ականների սկիզբն էր: Արցախյան ազատամարտը եւ սիրած կինը Վազգեն Սիսլյանի կյանքը մեկընդմիշտ կապեցին Հայաստանի հետ: 


-Ծնվել, մեծացել եմ Բեյրութում: Ցանկացած գաղթօջախում հայն իրեն երկրորդ կարգի մարդ է զգում: Հեշտ չէ ապրել օտար երկրում, որքան էլ պայմանները բարեկեցիկ լինեն, դու օտար ես տեղացիների համար: Մեծերից լսում ես, որ նախնիներդ այդ երկրում հայտնվել են, որովհետեւ ցեղասպանություն է եղել, որովհետեւ մեզ մեր հայրենիքից դուրս են արել: Եվ սկսում ես այդ պատմութունների հետեւանքով առաջ եկած հազարավոր հարցերին պատասխաններ փնտրել: Այդ պատասխանները փնտրելու ճանապարհին էր, որ ես` ընդամենը 21 տարեկան երիտասարդս, անդամագրվեցի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին:

-Եվ կարճ ժամանակ անց Ձեզ հանձնարարվեց իրականացնել Փարիզի թուրքական հյուպատոսարանի գրավումը: 21-ամյա երիտասարդին ինչպե՞ս հաջողվեց այդ ամենը գլուխ բերել:

-Առավոտյան ժամը 10-ին երկու խմբով` ես եւ Հակոբը, Գեւորգը եւ Արամը, ուղեւորվեցինք դեպի «Բալզակ» սրճարան` այստեղ հանդիպելու եւ հյուպատոսարան մտնելու համար: Ժամը 11£15-ին մուտք գործեցինք հյուպատոսարան: Յուրաքանչյուրս իր որոշակի տեղը գրավեց: Ես ծածկեցի դուռը, Արամը, ռումբը ցույց տալով, գոռաց, որ հյուպատոսարանը գրավված է ՀԱՀԳԲ-ի «Եղիա Քեշիշյան անձնասպանական քոմանտո»-ի կողմից. Եղիա Քեշիշյանը մեր նահատակված ընկերներից էր: Գեւորգը նույնը կրկնեց ֆրանսերեն: Մի թուրք ոստիկան հարձակվեց Գեւորգի վրա, փոխադարձ կրակոցներ եղան, որի պատճառով ոստիկանը սպանվեց: Նշեմ, որ նա միակ զոհը եղավ: Մյուս թուրք պահակները զինաթափվեցին: Գեւորգը զանգահարեց մի շարք թերթերի եւ լրատվական գործակալությունների` հաղորդելով, որ գործողությունն իրականացնում է ՀԱՀԳԲ-ը քաղաքական նկատառումներով, որ հյուպատոսարանը գրավված է, եւ 59 պատանդ գտնվում է խմբի հսկողության տակ: Լրատվական գործակալությունները սկզբում չհավատացին, որովհետեւ հինգհարկանի շենքի երկրորդ հարկում գտնվող հյուպատոսարանի գրավումը չորս մարդու կողմից պարզապես անհավանական էր թվում, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ շենքն ամբողջությամբ ֆրանսիական ոստիկանության հսկողության տակ էր, իսկ բուն հյուպատոսարանը հսկում էին նաեւ թուրք պահապանները: Ֆրանսիական AFB լրատվական կենտրոնից պատասխանեցին, որ Փարիզում ցանկացած հաստատություն տեսականորեն հնարավոր է գրավել, սակայն թուրքական եւ իսրայելական հյուպատոսարանները անգամ տեսականորեն հնարավոր չէ: Ամեն դեպքում, գործողության սկզբից մոտ մեկ ժամ հետո լրագրողները Հոսման փողոցում էին: Այդ ընթացքում ֆրանսիացի ոստիկաններից մեկը, շենքի hետնամուտքից ներս մտնելով, կրակեց ինձ վրա` ծանր վիրավորելով: Հակոբը նույնպես վիրավոր էր, նրա վիճակը նույնպես ծանր էր: Պատանդների մեծ մասի հսկողությունն իրականացնում էր Արամը, իսկ մյուս մասինը` ես: Նրանց պատմում էի հայ ժողովրդի պայքարի եւ 1915 թվականի կոտորածի մասին: Կոմիսար Բրյուսարը` ֆրանսիական ոստիկանության ամենահմուտ մասնագետներից մեկը, հեռախոսով ցանկացավ բանակցել: Պատուհանից ներքեւ նետվեցին թղթեր, որոնց վրա ներկայացված էին մեր պահանջները: Եվ այսպես` ավելի քան 15 ժամ 59 պատանդ պահելով` մենք ֆրանսիական կառավարության միջնորդությամբ բանակցությունների մեջ մտանք թուրքական կառավարության հետ եւ հանձնվեցինք:

-Որո՞նք էին ձեր պահանջները:

-Անմիջապես ազատ արձակել եւ Փարիզի օդակայան ուղարկել հայր Մանուել Երկաթյանին եւ վիրահատության կարիք ունեցող Հրանտ Կյուզելյանին, որոնք մշակութային եւ սոցիալական ծառայություններ էին մատուցել Թուրքիայում բնակվող հայությանը, ուստի գտնվում էին ազատազրկման մեջ: Անմիջապես ազատ արձակել եւ Փարիզի օդակայան ուղարկել քաղաքական նկատառումներով Թուրքիայում ազատազրկման մեջ գտնվող բոլոր հայ բանտարկյալներին: Պաշտոնական երաշխիքներ տալ, որոնք պետք է ապահովեն հայկական բռնագրավված հողերում եւ Թուրքիայի մեծ քաղաքներում ապրող հայության իրավունքը` անկաշկանդ արտահայտելու եւ զարգացնելու իրենց ազգային, մշակութային եւ կրոնական ավանդույթները: Պաշտոնական երաշխիքներ տալ, որ միջազգային մշակութային կազմակերպություններին պետք է թույլատրվի մշտական հսկողության եւ քննության տակ առնել բռնագրավված հայկական հողատարածքներում գտնվող հայկական մշակութային կոթողները: Փառք Աստծու, «Վան» գործողությունից հետո Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող հայկական շատ հուշարձաններ այսօր ինչ-որ չափով վերահսկվում են այդ կառույցների կողմից:
Պահանջել էինք նաեւ անմիջապես ազատ արձակել քաղաքական նկատառումներով ձերբակալված եւ թուրքական բանտերում գտնվող 5 թուրք եւ 5 քուրդ հեղափոխական մարտիկների: Պահանջների մի մասը կատարվեց:

-Այս ամենը, սակայն, չորակվեց որպես ազգային-ազատագրական պայքար: Մինչեւ օրս էլ, շատերի համոզմամբ, դա ահաբեկչություն էր: 

-Այո: Մենք դատավարությանը հատուկ էինք պատրաստվել: Մեր պահանջը` բանտում ֆրանսերեն սովորել դատարանում ինքներս մեզ պաշտպանելու համար, ընդունվեց բանտի ղեկավարության կողմից: Սորբոնի համալսարանից հատուկ մասնագետ հրավիրվեց, եւ ես հիմա Սորբոնի համալսարանի վկայական անգամ ունեմ: Մենք դատավարությանը ներկայացանք սափրված, կոստյումներով: Որտե՞ղ եք տեսել նման ահաբեկիչների: Հիշում եմ` դատավարության ժամանակ արված մի լուսանկար, որտեղ մենք նստած ենք երկրորդ շարքում, իսկ ոստիկանները` առաջին, շփոթ էր առաջացրել, թե արդյոք ո՞ր շարքի նստածներն են ահաբեկիչները:

-Ազատության մեջ հայտնվելու առաջին ամիսներին Դուք որոշել էիք մեկնել Կանադա` մշտական բնակության, ինչո՞ւ եկաք Հայաստան:

-Ընկերներիցս մեկը հրավիրեց, եւ քանի որ մինչ այդ Խորհրդային Հայաստանում չէի եղել (Արեւմտյան Հայաստանում հասցրել էի մի քանի անգամ լինել), առիթը բաց չթողեցի: Այստեղ արդեն զինված պայքարն սկսվել էր` Երասխի կռիվներն էին ընթանում: Մովսես Գորգիսյանն արդեն զոհվել էր: Ես չէի կարող թողնել ու գնալ: Արցախյան ազատամարտի տարիներին ես ծառայել եմ երկրիս` բազմաթիվ հատուկ հանձնարարություններ եմ կատարել, որոնց մասին չէի ցանկանա հիմա խոսել:

-21 տարեկանում Դուք գաղափարապես այնքան հասուն էիք, որ հանդես էիք գալիս Հայ գաղտնի բանակի կազմում: Ի՞նչ կասեք այն երիտասարդներին, որոնք ինչ-ինչ պատճառներով խուսափում են զինվորական ծառայությունից:

-Ես հպարտ եմ, որ մինչեւ հայոց բանակի կազմավորումը եղել եմ նրա զինվորը, առիթ եմ ունեցել զենքով ու գաղափարով պայքարելու ազգիս համար: Ափսոս, տարիքս չի ներում, թե չէ հիմա էլ կծառայեի հայոց բանակում` անկախ Հայաստանի բանակում: Ոմանք, ցավոք, չհասկացան` ինչի համար է այս անկախությունը, որ դա չի նշանակում անհատական անկախութուն: Այստեղ ամեն մարդ իրեն մյուսներից է անկախ զգում` համարելով, թե դա է անկախությունը, ազատությունը: Բայց չէ՞ որ մենք պայքարում էինք համազգային անկախության համար:

-Վերջին շրջանում շատ են գրում, խոսում մեր զինված ուժերում տեղ գտած բացասական երեւույթների մասին` համապատասխան վերաբերմունք ձեւավորելով բանակի հանդեպ:

-Աշխարհի բոլոր բանակներում հանցագործություններ կատարվում են: Մեր բանակն էլ բացառություն չէ: Անշուշտ, դրանք կանխելու ճանապարհներ է պետք գտնել: Այստեղ իրենց դերը կարող են ունենալ նաեւ լրագրողները, լրագրողական պրոֆեսիոնալ աշխատանքը, բայց բանակն ու պետական խորհրդանիշերը քարկոծելն ամենեւին էլ ճիշտ ելք չի: Չի կարելի պառակտել սեփական ժողովրդին:

՞նչ կմաղթեք շուտով արդեն մեր 20-ամյա բանակի զինվորին:

-Յուրքանչյուր տղա պետք է հասկանա, որ ինքն անհատներին չի ծառայում, այլ իր երկրին, իր ժողովրդին, իր գաղափարներին: Ի վերջո, ամենքս ենք զինվոր մեր ամեն գործում, մենք ամենքս այս կամ այն կերպով ծառայում ենք մեր երկրին: Երանի բոլորս գիտակցեինք, որ մեր յուրաքանչյուր փոքրիկ գործով պարտավոր ենք նպաստել մեր երկրի զարգացմանը. այդպես են երկիր կառուցում: Ցավոք, հայերը Հայաստանից դուրս ամեն տեղ հայրենիք են փնտրում` մոռանալով, որ ուր էլ լինեն, նրանց օտարի պես են վերաբերվելու:

-Ձեր պայքարն ավարտվա՞ծ է:

-Այդպե՞ս է թվում: Փառք Աստծու, գաղափարակից ընկերներս բոլորն արդեն ազատության մեջ են, մենք շարունակում ենք աշխատել մեր գաղափարների հաղթանակի համար «Ուխտ Արարատի» կազմակերպության շրջանակներում:
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ



Իր անհատական վեցերորդ ցուցահանդեսը գեղագետ, մշակութային մեկնաբան եւ արվեստաբան-լրագրող Լեւոն Լաճիկյանը բացեց «աշխարհի մայրաքաղաք» Նյու Յորքում: Այն կոչվում էր «Հայկական աշխարհ» եւ ներկայացնում էր վերջինիս մաս կազմող հայաստանյան ու արտերկրի բնակավայրերը: Ըստ Լեւոնի, «Նույնիսկ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը սահմաններ է ունեցել. մինչդեռ անսահման է հայկական աշխարհը»: Ուստի պատահական չէ, որ ցուցադրանքում իրար կողք կողքի տեղ էին գտել Գյումրին ու Վենետիկը, Մեղրին ու Նյու Յորքը, Շուշին ու Ամստերդամը, Գորիսն ու Փարիզը: Արվեստագետի կարծիքով, հայկական աշխարհի մաս է ամեն բնակավայր, որտեղ «գեթ մեկ հայ կա կամ հայկական որեւէ հիշատակ»:

Ցուցահանդեսի կազմակերպիչը Պոլսահայ օգնության միության Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի մասնաճյուղն էր: Շուրջ 150 մարդ էր դեկտեմբերի 2-ին հավաքվել Նյու Յորքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու «Գալուստյան» սրահում, որտեղ մշտապես տեղի են ունենում մշակութային տարաբնույթ միջոցառումներ, համերգներ, ցուցահանդեսներ, հանդիպումներ եւ այլն: Այդ օրը հյուրեր կային ԱՄՆ տարբեր նահանգներից, նաեւ Կանադայից: Ներկաների մեջ էր նաեւ Ստամբուլի Շիշլի շրջանի փոխքաղաքապետ Վազգեն Բարանը, որն այսօր ամենաբարձր դիրք զբաղեցնող հայն է Թուրքիայում:

Ինչպես Լեւոն Լաճիկյանը նշեց մեր զրույցում, «Ցուցահանդեսի առաջին այցելուները Սրբոց Նահատակաց հայկական ամենօրյա վարժարանի սաներն էին, որոնք նկարների միջոցով հաղորդակցվեցին թե Հայաստանի բնակավայրերին, թե Հայկական աշխարհի մյուս անկյուններին»: Իրոք, ցուցահանդեսի չորս տասնյակից ավելի գծանկարները գեղեգիտականից զատ ունեին նաեւ ճանաչողական նշանակություն եւ ցոլացնում էին տեսարաններ, առանձին շենքեր ու կառույցներ վերոհիշյալ քաղաքներից: Համադրելով դրանք, հեղինակն ասես ուզում է դիտողին պարզել մարդու հրաշակերտած ձեռակերտ ստեղծագործությունների թե ինքնատիպությունը, թե ընդհանրությունը: «Շենքերն ինձ համար քարե անշունչ ու անհոգի կառույցներ չեն: Դրանք ավելի շատ մարդկային ոգու ամրոցներ են, միջավայր կերտող, բնավորություն ու մտածողություն կազմավորող եւ ճաշակ կրթող երեւույթներ»,- ահա Լեւոն Լաճիկյանի ստեղծագործական հավատամքը:

Ցուցահանդեսի աշխատանքների վաճառքից ստացված հասույթը տրամադրվեց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հովհաննես Հինդլյանի անվան միջնակարգ դպրոցին, որի հովանավորը Պոլսահայ օգնության միությունն է: Իսկ միջոցառման ընդհանուր հաջողության վերաբերյալ դրական արձագանքներ եղան Նյու Ջերսիի Հայկական ռադիոժամի եթերում եւ «Արմինիըն Միրրոր-Սփեքթեյթըր» շաբաթաթերթի էջերում:



ՉՄՇԿԱՍԱՀՔ. ՆՈՐԱՁԵՎ ՄԱՐԶԱՁԵՎ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Թեպետ բուհերում քննաշրջանը դեռ չի ավարտվել, գրեթե բոլորիս տներում նախատոնական իրարանցում է, բայց շատ երիտասարդներ նույնիսկ այս օրերին չեն մոռանում առողջ ապրելակերպի, լավ մարզավիճակ ունենալու մասին: Վերջին տարիներին Հայաստանում, ի թիվս այլ մարզաձեւերի, նորաձեւ է դարձել չմշկասահքով, ավելին` գեղասահքով զբաղվելը: Օրերս ես էլ որոշեցի առաջին անգամ փորձել, թե ինչ է նշանակում չմուշկներով կանգնել սառույցի վրա եւ ջանալ չընկնել: Պատկերացրեք` ամենեւին էլ հեշտ գործ չէ, բայց, հուրախություն էքստրիմի սիրահարների, լավ փորձություն է եւ նաեւ` հաճելի, չնայած որ հետո տուն ես վերադառնում բազմաթիվ կապտուկներով: Երբ գրանցվում էինք մուտքի տոմսեր ձեռք բերելու համար, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտի տոմսավաճառը զգուշացրեց. «Այսօր այնքան ենք դիմել շտապօգնության ծառայությանը, որ արդեն մեր զանգերին չեն պատասխանում, պետք է զգույշ լինել եւ պահպանել անվտանգության կանոնները»: Ցավոք, սահադաշտում չկան համապատասխան մասնագետներ (ինչպես, ասենք, շատ լողավազաններում), որոնք կօգնեն նորեկներին, կծանոթացնեն այս մարզաձեւի այբուբենին. այդպես եւ հաջորդ անգամ գալու ցանկությունը չի մարի, եւ ավելի քիչ կապտուկներ կվաստակես, մուտքի տոմսի համար վճարված 2000 դրամդ էլ ջուրը չի ընկնի: Բոլոր նրանց համար, ովքեր որոշեցին առաջիկա օրերին այցելել սահադաշտ, ներկայացնում ենք որոշ մանրամասներ մարզաձեւի պատմությունից:

Հայաստանում գեղասահքը վերջին տարիներին ավելի սիրված դարձավ ձմռան ամիսներին Կարապի լճում գործող բացօթյա եւ մարզահամերգային համալիրում գործող միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող սահադաշտերի, նաեւ ռուսական ու հայկական հեռուստաաալիքներով ցուցադրված «սառցային» հեռուստանախագծերի շնորհիվ: Չմշկասահքի եւ պարարվեստի խաչմերուկներում ստեղծված այս մարզաձեւը, հիրավի, այսօր շատերին է գրավում: Ձեւավոր չմշկասահքը` գեղասահքը, սկիզբ է առել ոչ վաղուց` 19-րդ դարի 60-ական թվականներին: Ոսկորից, երկաթից պատրաստված չմուշկները, որպես տեղաշարժման միջոց, հայտնի են 13-14-րդ դարերից: Չմշկասահքի հայրենիքը Հոլանդիան է: 19-րդ դարի վերջին գեղասահքն արդեն տարածված էր շատ երկրներում: 20-րդ դարի սկզբից սկսեցին անցկացվել գեղասահքի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ: 1924 թվականից գեղասահքն ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում:

Ձմեռային ամենագեղեցիկ եւ հրապուրիչ մարզաձեւերից մեկը մեր հանրապետություն մուտք է գործել 1972 թվականին: Այդ տարիներին հեռուստատեսությամբ ցուցադրվում էին խորհրդային գեղասահորդներ, համաշխարհային մեծության մարզիկներ Լյուդմիլա Բելոուսովայի եւ Օլեգ Պրոտոպոպովի, Լյուդմիլա Պախոմովայի եւ Ալեքսանդր Գորշկովի, Իրինա Ռոդնինայի եւ Ալեքսանդր Զայցեւի ելույթները, գեղասահքի Եվրոպայի, աշխարհի առաջնությունները: Մարզաձեւի հանդեպ առաջացած մեծ հետաքրքրությամբ ու սիրով էր պայմանավորված Հայաստանում արհեստական սառույցով առաջին սահադաշտի ստեղծումը: Մեր երկրում այս մարզաձեւի զարգացման համար պատասխանատու է գեղասահքի հանրապետական ֆեդերացիան: Երեւանում ձեւավոր չմշկասահքի մանկապատանեկան մարզադպրոցը գտնվում է Շենգավիթ համայնքում: Դպրոց կարող են ընդունվել 4-6 տարեկանից: Հայաստանցի մարզիկները հնարավորություն ունեն մասնակցելու պաշտոնական տարբեր մրցումների, այդ թվում Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, Օլիմպիական խաղերի, սակայն լուրջ հաջողությունների մասին, ցավոք, առայժմ չենք կարող խոսել: Մեր հանրապետությունը ներկայացնող գեղասահորդներից լավագույն արդյունք ցույց է տվել Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան զույգը: Նրանք Իտալիայի Թուրին քաղաքում կայացած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում գրավել են 11-րդ հորիզոնականը: Մասնակցել են երեք Օլիմպիադայի:

Անցնող տարում հաջողությունն ուղեկցեց պատանի գեղասահորդներ Սարգիս եւ Սլավիկ Հայրապետյաններին: Տալլին քաղաքում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարում Սարգիս Հայրապետյանը հաղթող ճանաչվեց, իսկ Սլավիկը զբաղեցրեց երկրորդ տեղը: Տղաները մարզվում են Ռուսաստանի Դաշնությունում եւ այժմ նախապատրաստվում են անգլիական Շեֆիլդ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հուսանք, որ հաջողությունն այնտեղ էլ կուղեկցի եղբայրներին, որոնց մարզիչն, ի դեպ, նրանց հայրն է` գեղասահքի ՀՀ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ս.Հայրապետյանը:

Արժե նշել, որ աշխարհահռչակ շատ գեղասահորդներ ելույթ են ունեցել եւ այժմ էլ հանդես են գալիս Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» ու «Դիմակահանդեսի» վալսի հնչյունների ներքո: Իսկ վերջերս գեղասահորդներին ոգեշնչում է նաեւ Արա Գեւորգյանի երաժշտությունը:


Ն.Հ.