Показаны сообщения с ярлыком Արցախ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արցախ. Показать все сообщения

12 мар. 2012 г.

www.eter.am


Կարիերա
ԱՐՑԱԽԸ ՀՈԳԱՏԱՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ



Օրեր առաջ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ մեկնեցինք Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարան: Հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ երգչախումբը համերգային ծրագիր էր կազմակերպել վարժարանի սաների համար: Ամբողջ ճանապարհին ավտոբուսի մեջ երախաների ուրախ երգն էր հնչում: Երբ փոքրիկները որոշեցին, մի քիչ հանգստանալ, ես էլ որոշեցի ծանոթանալ նրանց երիտասարդ խմբավարի հետ: Մենք այսօր արդեն ընկերներ ենք. Լունարան դարձավ ինձ իմ սիրելի Արցախին կապող եւս մի հրաշալի մարդ` իսկական արցախցի: Արցախում հիմա խաղաղություն է, բայց այստեղ ամեն բնակիչ իրեն զինվոր է զգում ամեն օր ու ամեն ժամ: Լունարան եւս զինվոր է, որովհետեւ ծառայում է մեր ծնողների արյամբ ազատագրված հայրենի Արցախի շենացման գործին: Պարբերաբար անդրադարձել ենք այն ցավալի խնդրին, որ գյուղերից, սահմանամերձ գոտիներից երիտասարդները գալիս են Երեւան` բարձրագույն կրթություն ստանալու եւ այլեւս չեն վերադառնում իրենց հայրենի օրրանը, այնինչ հատկապես մեր հյարենիքի սահմանամերձ հատվածներում այսօր երիտասարդ մասնագետների կարիք կա: Երիտասարդությունը գյուղում ապրել, աշխատել չի ուզում, բայց Լունարա Համբարձումյանն իր գործով ապացուցում է, որ ոչ բոլորն են այդպես վարվում:


-Մանկության տարիներին նկատելի՞  էին երաժշտական հակումները: Մանկությունը պատերազմի թոհուբոհի մեջ անցկացրած աղջնակին ի՞ նչն էր կապում երաժշտության հետ:


-Մայրս պատմում է, 1988-ին, երբ ես երկու տարեկան էի, եւ արցախյան շարժումը նոր էր սկսվել, ինքն աշխատում էր Ասկերանի երաժշտական դպրոցում որպես խմբավար:  Ինձ  իր հետ տանում էր համերգների, թեպետ շատ վտանգավոր էր` անցնում էինք թուրքական գյուղերի միջով: Երեւի դա ճակատագիր էր. մեր 4 քույր-եղբայրներից միայն ես բախտ ունեցա ունկնդրելու մայրիկիս երգչախմբի համերգները, հետո էլ ինքս դարձա խմբավար: Նա պատմում է, որ ռմբակոծությունների ժամանակ մեր ուշադրությունը շեղելու համար բարձր երգում էր, որպեսզի չվախենայինք:



-Ինչո՞ ւ որոշեցիր ընդունվել Կոնսերվատորիա:


- Սովորում էի Ստեփանակերտի Ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում: Ութերորդ դասարանում էի, արդեն խոսում էինք իմ ապագա մասնագիտության մասին: Մայրս երազում էր, որ ես նույնպես խմբավար դառնամ: Ընդունվեցի Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը, սովորում էի Կարինա Մինալյանի դասարանում: Այդ տարիներին անընդհատ մասնակցում էի մանկական երգչախմբային մրցույթների, արժանանում առաջին մրցանակների: Սովորում էի գերազանց, ուստի Երեւանի պետական կոնսերվատորիայում պետպատվերով սովորելու հնարավորություն ստացա: Վախվորած մեկնեցի Երեւան, որովհետեւ այնտեղ ինձ կյանքի մի նոր փուլ էր  սպասում: Կոնսերվատորիայում ինքներս պիտի ընտրեինք մեր մասնագիտության դասախոսին: Մաեստրո Տիգրան Հեքեքյանի անունը ծանոթ էր ինձ, ես ընտրեցի հենց նրան, դա իմ կյանքի կարեւոր եւ պատասխանատու որոշումներից մեկը: Հպարտ եմ, որ ուսանել եմ իմ սիրելի մաեստրոի մոտ: Շատ բան եմ սովորել նրանից` ոչ միայն մասնագիտական, այլեւ մանկավարժական հմտություններ: Սովորելու ընթացքում մաեստրոն առաջարկեց միաժամանակ աշխատել երկու երգչախմբերում` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առաջին դասարանցիների երգչախմբի եւ Հայաստանի Ամենափոքրիկ երգիչների հետ: Դժվար էր ուսումն ու աշխատանքը համատեղել, այն էլ` տնից, ծնողներից հեռու ապրելով: Այդ տարիներին ես նաեւ երգում էի «Արեգա» նորաստեղծ երգչախմբում, եւ շատ բան սովորեցի մեր խմբավար Գայանե Բաղդասարյանից:



-Դու ընտրել ես խմբավարի մասնագիտություն: Այսօր հայ իրականության մեջ երգչախմբային մշակույթն այնքան էլ զարգացած չէ. մտավախություն չունեի՞ ր, որ աշխատանք չես գտնի:


-Ուսումնարան ընդունվելու  ժամանակ գիտեի, որ խմբավարության բաժինն ավարտողներն իրավունք ունեն նաեւ դասավանդելու դաշնամուր, սելֆեջիո, երաժշտական գրականություն: Այսինքն` գիտեի, որ աշխատանք կգտնեմ: Բայց երբ աշխատեցի իմ մասնագիտությամբ, երգչախմբային արվեստն ինձ լիովին կլանեց:






-Հետո մաեստրոն քեզ հորդորեց վերադառնալ Ստեփանակերտ: Հետպատերազմյան Արցախում, որտեղ սահմանամերձ գյուղերում կրակոցները դեռ չեն դադարել, բարդ չէ՞  ր երիտասարդ խմբավարի համար երգչախումբ հավաքելը եւ առաջ քայլելը:




ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի երգչախումբը


-Անկեղծ ասած, ես այնքան էի կապվել իմ աշակերտների, իմ երգիչների հետ, որ մեծ ցավ էի զգում: Չէի պատկերացնում ինձ առանց այդ փոքրիկ, համով «ճտերի»: Բայց այդ շրջանում թե մաեստրոն, թե մայրս անընդհատ հորդորում էին ինձ  վերադառնալ Արցախ, եւ իմ ստացած ողջ գիտելիքները ու մանկավարժական փորձը փոխանցել Արցախի երեխաներին եւ սկսնակ խմբավարներին: Ես տուն վերադարձա: Սկզբում շատ ու շատ խոչնդոտների հանդիպեցի: Ուխտ էր արել ` Մարտակերտի Վանք գյուղում երգչախումբ ստեղծել եւ սովորեցնել Մակար Եկմալյանի «Պատարագը», որը նրանք պիտի կատարեյին ամեն կիրակի Գանձասարում: Ուզում էի, որ ամեն ուխտավոր լսեր, հիանար ու  մտապահեր մեր արվեստի թանկարժեք գոհարները: Իմ կարեւոր նպատակն էր նաեւ`  ուսումնարանում դասավանդելը, ուսանողներ ունենալը, որոնց կփոխանցեի իմ գիտելիքները, կհորդորեի նրանց, որ գնան ու երգչախմբեր ստեղծեն Արցախի տարբեր գյուղերում ու շրջաններում: Շնորհիվ մաեստրոյի, Պարգեւ Սրբազանի եւ դպրոցի տնօրեն Վարյա Ավանեսյանի` Վանքի երգչախումբը ստեղծվեց: Սակայն ուսումնարանում ուսանողների սակավության պատճառով խմբավար ուսանող չունեցա, բայց ինձ հատկացրին գործնական պարապմունքների ժամեր, որի համար շնորհակալ եմ ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին: Հույս ունեմ, որ առաջիկա սեպտեմբերին վերջապես ուսանող կունենամ, եւ նրան կհաղորդեմ իմ գիտելիքները: Ստեփանակերտում ինձ հրավիրեցին աշխատելու Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Այստեղ հավաքեցի 40 հոգանոց երգչախումբ, որը 6 ամսում հասցրեց ճանաչվել ու սիրո արժանանալ: Երգչախմբում երգելու ցանկություն ունեցող երեխաների թիվն օրեցօր ավելանում է:


 -Չես մտածո՞ ւմ Երեւան վերադառնալու մասին:


 - Երբ եկա Արցախ եւ սկսեցի Վանքում երեխաներին հավաքել, հենց այդ պահից  կապվեցի նրանց: Չեմ մոռանում նրանց պարզ աչքերը, դեմքի միամիտ, մաքուր արտահայտությունը: Երբ առաջին անգամ բարձրացրի ձեռքերս նրանք ապշաճ ինձ նայեցին. առաջին անգամ էին խմբավարի ժեստերին ծանոթանում: Այժմ նրանք երգում են ամբողջ «Պատարագը», հինգ ամսվա ընթացքում ունեցան չորս ելույթ: Արցախում ինձ պահում են դեռ չիրագործված նպատակներս: Ես իմ պարտքն եմ համարում` Արցախի երեխաների համար բացել անսահման հրաշքներով լի երաժշտության դարպասները:


-Ի՞ նչ  մասնագիտական հեռանկարներ կան, ի՞ նչ երազանքներ:


-Օ, երազանքները շատ են: Կարծում եմ` դրանք բոլորն իրագործելի են: Երազում եմ, որ իմ ստեղծած խմբերը դառնան որակյալ երգչախմբեր, ունենան բազում համերգներ թե Հայաստանում, թե հատկապես եվրոպական տարբեր երկրներում:
Իսկ ամենամեծ երազանքս այն է, որ Արցախն ու հայ ժողովուրդն այլեւս պատերազմ չտեսնեն:  Թող լինի միշտ արեւը, կապույտ երկինքը եւ իրար բարին կամեցող մարդիկ:

Ն.ԹՈԽՍԱՆՑ

30 нояб. 2011 г.

www.eter.am

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՀԵՏ

Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու գտնվող Վայսելիա ավանում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1960-70 թվականներին ընտանիքի հետ ճամփորդել է Եվրոպայի եւ Միջին Արեւելքի 41 երկրներում, այցելել է Արեւմտյան Հայաստան` իր պապերի տուն: Այդ տարիքում Մոնթե Մելքոնյանն առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը: Վայսելիա վերադառնալուց հետո որպես առաջնակարգ աշակերտ 1973-ին ուղարկվել է Ճապոնիա, որտեղ սովորել է Օսակա քաղաքում 18 ամիս: Եվրոպա եւ Հեռավոր Արեւելք կատարած ճամփորդությունը մեծապես նպաստել է պատանու աշխարհայացքի, Մոնթե Մելքոնյան անհատականության ձեւավորմանը: Վայսելիայի միջնակարգ վարժարանն ավարտելուց հետո ընդունվել է Բերկլիի համալսարանի (Կալիֆոռնիա) Հին ասիական ժողովուրդների պատմության ու հնագիտության բաժինը: Բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրն ավարտել է 2,5 տարում: Սովորելու տարիներին մի քանի ընկերների հետ հիմնադրել է Բերկլիի համալսարանի Հայ ուսանողական միությունը: 1990թ. հոկտեմբերին Մոնթե Մելքոնյանին վերջապես հաջողվել է գալ Հայաստան: Մինչեւ 1991թ. սեպտեմբեր ամիսը զուգահեռաբար կատարել է գիտական ու զինվորական աշխատանքներ: Հայաստանի գիտությունների ակադեմիայի մասնագետների հետ շուրջ 8 ամիս աշխատել է «Հայաստանը եւ իր հարեւանները» ծավալուն գիրքը կազմելու վրա: Առաջնահերթ համարելով հայրենի երկրի պաշտպանության հրամայականը` մեկնել է ռազմաճակատ: Զոհվել է 1993թ. հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլու գյուղի կրակակետերը լռեցնելուց հետո տեղանքը ստուգելու ժամանակ:

-Մոնթե, սփյուռքահայերի զավակ լինելով` դու եկար Հայաստան` հայրենիքի ազատագրական պայքարին մասնակցելու: Այդ պայքարը հաղթանակով պսակվեց. Հայաստանի անկախ Հանրապետությունը 20 տարեկան է, բայց մարդիկ այսօր հեռանում են հայրենիքից:

-Կա միայն հայ ժողովուրդ, հայ ազգ: Ահա թե հանուն ինչի մենք պետք է պայքարենք: Սփյուռքում հայ ժողովուրդը կորցնում է իր ինքնությունն իբրեւ մշակութային-ազգային ամբողջություն` տեղի տալով մշակութային ձուլման կենտրոնախույս ազդեցություններին: Եթե սփյուռքի հայերը չպնդեն սեփական հայրենիքում ապրելու իրենց իրավունքը, նրանք աստիճանաբար կկորցնեն իրենց ընդհանուր մշակութային ինքնությունը: Եթե այդ տեղի ունենա, ապա դրան կհաջորդի մեր ազգի սպիտակ ջարդը: (1981թ.)

-Դու պայքարում էիր շահագործման, ճնշումների, անարդարությունների դեմ, բայց պայքարն ինքն էլ ենթադրում է բռնություն…

-Շահագործումն ու ճնշումն իրենց էությամբ բռնության ձեւեր են, եւ այլոց պաշտպանելու համար բոլոր տարբերակները համարում եմ հնարավոր` ներառյալ բռնության տարբերակները: Սա բնական է եւ համապատասխան իրերի ընթացքին: Ինձ չի հետաքրքրում այն, որ մարդ ծնվե
±լ է ճնշող, թե այդ դիրքերում է հայտնվել հետեւողական «ճիգերի» շնորհիվ: Եթե նա ճնշում է, ապա նա ճնշում է: Եթե նա մերժում է իր պահվածքը հեզասահ ձեւով ուղղել, ապա մեզ մնում է գործը կոշտ ձեւով գլուխ բերել: Այսքան պարզ: (1986թ.)

-Պատերազմից հետո շատ բան է փոխվել մեր կյանքում, ինչպե
±ս պետք է զարգանա մեր երկիրը, դեպի ո±ւր պետք է գնանք:

-Կարծում եմ, թե 1988 թվականից ի վեր գրեթե ամեն մարդ վերագնահատել է իր գաղափարները աշխարհում կատարվածների մասին: Դա չի նշանակում, որ ես կամ ոմանք փոխել ենք գաղափարախոսական մեր ընդհանուր տեսակետները: Հիմա Հայաստանի իշխանությունները եւ համարյա բոլոր քաղաքական հոսանքները մեծ ճիգեր են թափում հողը վերադարձնելու գյուղացուն, կերտելու ավելի ժողովրդավարություն, ավելի շատ իսկական իշխանությունը տալու ժողովրդին, չնայած այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան, շատ անելիքներ: Պետք է տեսնել խնդիրներն այնտեղ, որտեղ նրանք գոյություն ունեն, եւ անմիջապես սկսել դրանք լուծել: Ներկա պահին գոյություն ունեցող խնդիրներից մեկը ազգային հարցն է, իսկ մեկ ուրիշը տնտեսական վիճակը: Ինչպե
±ս ստեղծել հզոր տնտեսություն` առանց վերստին հաստատելու շահագործող մի համակարգ, հատկապես շատ արագ շահագործող, բյուրոկրատներն ու բարձր պաշտոն ունեցողները շահագործում էին իրենց դիրքերն ու ուրիշ մարդկանց աշխատանքը, եւ այսպիսով, շահագործող մի դասակարգ առաջացավ Խորհրդային Միությունում եւ Խորհրդային Հայաստանում: Պետք է խուսափենք, որ այդ վարչակարգին մեր հակազդեցության պատճառով շահաշգործող դասակարգի մի այլ տեսակ չառաջանա: (1991թ.)

-Ինչպե
±ս, ի±նչ ոգով պետք է ապրի ու դաստիարակվի հայ երիտասարդությունը:

-Հայկական հարցի լուծման համար, այսինքն, հայկական պատմական հայրենիքի ամբողջ տարածքում հայ ժողովրդի ինքնորոշման համար աշխատելը ես համարում եմ իմ առաջին եւ ամենակարեւոր պարտականությունը: Եթե մարդիկ հավատարիմ մնան իրենց սկզբունքներին եւ որոշեն, որ ամեն բանից առաջ հայ են, եւ որպես հայ պետք է իրենց մասնակցությունը բերեն մեր ժողովրդի ինքնորոշման հարցի լուծմանը, ապա կարծում եմ, որ ցանկացած պարկեշտ անձ պիտի աներ այն, ինչ ես եմ անում: (1991թ.)

-Ի
±սկ սփյուռքը…

-Բոլոր հայերը կեղծ փաստաթղթեր են կրում: Նրանք կրում են բրազիլական, ֆրանսիական, լիբանանյան փաստաթղթեր եւ այլն: Դա ոչինչ չի նշանակում: Դրանք բոլորը կեղծ են այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն: (1981թ.)

-Այսօր հաճախ են կազմակերպվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող զանազան քննարկումներ: Դու էլ ժամանակին շատ ես մտորել այս հարցերի շուրջ:

-Թուրքական պետությունը թշնամին է ինչպես հայ եւ քուրդ ժողովուրդների, այնպես էլ թուրք ժողովրդի, այլ ոչ թե նրա ներկայացուցիչը: Ուստի, եթե մենք ուզում ենք երկխոսություն սկսել թուրք ժողովրդի ներկայացուցիչների հետ, ապա պետք է նրանց փնտրենք բյուրոկրատիայից եւ բռնակալ վարչակարգից դուրս: (1987թ.)
Հայերի ազգային ինքնորոշում ասելով` մենք հասկանում ենք մեկից ավելի հնարավոր համակարգեր եւ լուծումներ: Վերջնական լուծումը պետք է կախված լինի հայ ժողովրդի` իր հայրենիքի հետ ունեցած գործնական եւ ոչ զգացմունքային կապվածությունից, որն ի հայտ կգա մոբիլիզացիայի եւ պայքարն առաջ տանելու կարողության մեջ: Մենք հայտարարում ենք, որ ամեն մի սփյուռքահայ պետք է առնվազն իրավունք ունենա ազատորեն վերահաստատվելու ՙ
«Արեւմտյան Հայաստանում», այսինքն, հայերի հայրենիքի այն շրջաններում, որոնք ներկայումս գտնվում են Թուրքական պետության ուղղակի ենթակայության ներքո, եւ այնտեղ ապրելու իբրեւ բնիկ` վայելելով հավասար եւ լիիրավ իրավունքներ, ինչպես մյուս բոլոր բնակիչները: Ի լրումն հայերն, իբրեւ ազգային փոքրամասնություն, պետք է բավարար չափով ներկայացուցիչներ ունենան կառավարական մարմիններում: Այնուհետեւ, եթե հայերը կազմեն ոչ ավելին, քան ազգային փոքրամասնություն` «Արեւմտյան Հայաստանում», որը կդառնա նորաստեղծ հեղափոխական Թուրքիայի կամ Քուրդիստանի մի մասը, ապա հայ փոքրամասնությունը պետք է ունենա հատուկ հարաբերությունների իրավունք Խորհրդային «Հայաստանի հետ՚»: (1984թ.)
Ազատ, անկախ Հայաստան՚ կարգախոսի կողմնակիցների գրվածքներն ընթերցելով եւ նրանց քարտեզները զննելով` մենք հանգում ենք այն կարծիքին, որ նրանք մեր հայրենիքի սահմանները որոշում են ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ-ի նախագահ Վուդրոու Ուիլսոնը: Սակայն, այդ սահմանները գծվել են ըստ իմպերիալիստական հաշվարկների, այն է` ինչ կարգի
«Հայաստանը» լավագույնս կծառայի իրենց սեփական ռազմավարական շահերին: Հարկ չկա նշելու, որ իսպառ անտեսվել են երկրամասի գերակշռող բնակչության իղձերը: Այսպիսով, եթե հաշվի առնենք հայ ժողովրդի դիրքորոշումը, ուիլսոնյան «Հայաստանի» սահմանները մեծապես անպաշտպան կլինեին` թե բարոյական եւ թե ռազմական տեսանկյունից: Ողջ ծրագիրն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, եւ երբ այն ձախողվեց, արդյունքը նույնիսկ առավել կործանարար եղավ հայ ազգի մնացած մասի համար: Ուիլսոնյան ՙՀայաստանը՚ սոսկ ծաղրանկար է, որն ամեն պարագայում լիովին անհամապատասխան է տարածաշրջանի ներկա եւ գալիք իրողություններին: (1987թ.)

-Մոնթե, շատ շատերն այսօր փորձում են որքան հնարավոր է շատ բան իմանալ քո մասին, ճանաչել քեզ: 1-2 նախադասությամբ ինքդ ինչպե
±ս կներկայացնես քեզ:

-Ինձ երբեք չի հետաքրքրում այն, որ մարդիկ ինձ հարգո
±ւմ են, թե±` ոչ: Իմ համար կենսականն այն է, որ ես ինձ հարգեմ: Առանց սեփական անձի նկատմամբ հարգանքի ես կդառնայի կորուսյալ մի թշվառական: Սեփական անձս հարգելու համար է, որ ես գործում եւ ապրում եմ: Անձնապես ես չեմ հավատում ուրիշների հետ մրցակցությանը` լինի դա ֆիզիկական, մտավոր կամ ցանկացած այլ ձեւի: Այն, ինչին հավատում եմ, դա իմ սեփական անձի հետ մրցակցությունն է: Սա մրցակցության ամենադժվար եւ առավելագույնս հուսախաբ անող տեսակն է, որովհետեւ ինքդ քեզ գերազանցելը անհնար է: Միշտ զգում ես, որ կարող ես եւ պետք է ավելի լավ անես: Չէի ասի, որ սա ամբողջովին առողջ մոտեցում է կյանքին, բայց այդպիսին եմ ես հիմա:(1986թ.)
ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ.-Մոնթեի պատասխանները հարցերին մեջբերված են Մարկար Մելքոնյանի` Մոնթեի նամակների, գրառումների հիման վրա կազմած «Պայքարելու իրավունքը» գրքից:

11 июл. 2011 г.

#26 (892) 24. 06. 11

ԵՊՀ-Ն ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐՈՒՄ

Հունիսի 24-ին մայր բուհում կայացավ «Երեւանի պետական
համալսարանը Արցախյան գոյապայքարում» գրքի շնորհանդեսը:
Այն նվիրված է համալսարանական 27 զոհված ազատամարտիկների հիշատակին:




9 ապրիլի, 1992 թվական

ԼՂՀ Գերագույն խորհրդից Երեւանի պետական համալսարանի ռեկտոր պարոն Առաքելյանին Մեծարգո պարոն Առաքելյան, Ձեր տնօրինության ներքո գտնվող կրթօջախի պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Զաքար Ավանեսյանը գտնվում է ԼՂՀ-ն պաշտպանող կամավորական ջոկատներից մեկում: Արցախը կարիք ունի հայրենասեր երիտասարդների, ուստի խնդրվում է Զաքար Ավանեսյանին թույլատրել միառժամանակ չմասնակցել պարապմունքներին:

Գերագույն խորհրդի քարտուղար Վ.Հակոբյան


1 դեկտեմբերի, 1992 թվական

ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի
դեկան պարոն Մուսայանին
Նույն ֆակուլտետի 3-րդ կուսի
310 խմբի ուսանող Արսեն Ղազարյանից

Խնդրում եմ ինձ թույլատրել ստուգարքներն ու քննությունները հանձնել ժամկետից շուտ`Ղարաբաղում ծառայությունս շարունակելու համար:

Դիմող` Ա.Ղազարյան


Լեոնիդ Ազգալդյան, Մհեր Ջուլհակյան, Սիմոն Աչիկգյոզյան, Վարդան Հովհաննիսյան, Վարդան Բախշյան, Թաթուլ Կրպեյան, Վարդան Ստեփանյան, Պետրոս Ղեւոնդյան, Վարդան Դալլաքյան… Նրանք Երեւանի պետական համալսարանի այն տասնյակ ուսանող-դասախոս-գիտաշխատողների թվում էին, ովքեր դեռ շարժման սկզբում դարձան Արցախի քաջամարտիկներ:

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը պատմում է. «Արցախ մեկնածների շարքերում համալսարանական լավագույն ուսանողներն էին, եւ բնական է, որ շատ դեկաններ, դասախոսներ ամեն ինչ անում էին, որպեսզի նրանց հետ պահեին կռիվ մեկնելու իրենց որոշումից, համոզում էին, որ ավարտեն գոնե, հետո գնան, բայց նրանք անդրդվելի էին, նրանք որոշել էին իրենց ավարտական աշխատանքներն ու քննությունները հաձնել հայրենի երկրի սահմաններում… Նրանցից ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այս խաղաղությունը չեն տեսնելու…»:

1990թ. աշնանից սկսած համալսարանի աշխատակազմը ստանձնել էր ԵՊՀ «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորման հաշվողական տեխնիկայի բաժնի վարիչ Լեոնիդ Ազգալդյանի ջոկատին պարենով ապահովելու գործը: Ջոկատը, որ 1990թ. կռվում էր Շահումյանում, այնուհետեւ Մարտակերտում,1991թ. վերակազմավորվեց Ազատագրական բանակի: «Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը համալսարանում աշխատող կանանց ու ուսանողներին թելեր էր բաժանել, որպեսզի կռվող տղաների համար գուլպաներ գործեինք: Մարդիկ իրենց աշխատավարձն անգամ տուն չէին տանում, իրենց աշխատանքի ամբողջ հասույթը հանձնում էին հատուկ ֆոնդին, եւ այդ գումարներով պարեն, անհրաժեշտ զինվորական պարագաներ էին հայթայթվում, ուղարկվում տղաներին...»,- պատմում է տիկին Սաթենիկը:

ԵՊՀ ողջ կազմն էր նվիրվել Արցախին օգնելու գործին: Նրանց թվում էր նաեւ դասախոս, Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը: «Ճիշտ է, դասախոսում էինք, բայց հոգով ու մտքով բոլորս այնտեղ` Արցախում էինք: Հիշում եմ` իմ ջոկատը Մաճկալաշենում էր, երբ հրաման իջավ թողնել դիրքերը, որովհետեւ այլեւս անհնար էր թվում պաշտպանությունը: Սակայն տղաները հրաժարվեցին, մնացին իրենց դիրքերում եւ հաղթեցին: Ճիշտ է բազմաթիվ զոհեր տվեցինք, բայց նրանք պահեցին հողը հայրենի… Մենք այսօր շարունակում ենք նրանց գործը»,- ասում է Գուրգեն Մելիքյանը:

Համալսարանն առաջիններից էր նաեւ, որ հրապարակեց Արցախյան հարցը լուսաբանող տարբեր աշխատություններ: Այսօր այդ աշխատությունների շարքը համալրելու է գալիս «Երեւանի պետական համալսարանը Արցախյան գոյապայքարում» գիրքը, որում ներկայացված են Արցախյան ազատամարտին համալսարանականների մասնակցությանը վերաբերող կարեւոր կենսագրական տեղեկություններ, հուշեր, վավերագրեր, որոնց մեծ մասն առաջին անգամ է հրատարակվում: Գիրքը հրատարակության է երաշխավորվել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդի կողմից: Աշխատանքային խմբի ղեկավարը եւ գրքի գլխավոր խմբագիրը ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արամ Սիմոնյանն է: Գիրքը կազմել եւ հրատարակության է պատրաստել ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժակ Մանուկյանը: Կազմման աշխատանքներին մասնակցել են նաեւ թանգարանի աշխատակիցներ Մարինե Մկրտչյանը, Լիլյա Հովհաննիսյանը եւ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը:

Միջոցառմանը ներկա էին զոհվածների ծնողներն ու հարազատները, ազատամարտին մասնակցած համալսարանականներ եւ այլ հյուրեր: Շնորհանդեսի արարողության ավարտին մի խումբ հայրենանվեր վարդանանքցիներ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից պարգեւատրվեցին հավաստագրերով:

Գրքի շնորհանդեսից անմիջապես հետո ներկաներն այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան, որի` համալսարանական զոհված ազատամարտիկներին նվիրված սրահը համալրվել է նոր ցուցանմուշներով:
Ն.Հ.

23 июн. 2011 г.

www.eter.am
#25 (891) 16. 06. 11

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԱՄՓՈՓԵԼՈՎ 70-Ը

Օրերս Հայաստանի գրողների միությունում կայացավ արձակագիր, հրապարակախոս, լրագրող
եւ գեղանկարիչ Բակուրի` Բորիս Կարապետյանի հոբելյանական երեկոն: Նույն օրը բացվեց նաեւ նրա գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Հաջորդիվ կայացավ հեղինակի «Նեռը իմ մեջ», «Արցախյան գոյամարտի համահավաք» մատենաշարի շնորհանդես-գինեձոնը: Բակուր Կարապետյանը 24 անուն գրքերի հեղինակ է («Վերագտնված օրեր»(1985), «Հարյուր տարվա երկխոսություն» (1989), «Շուշի բերդաքաղաքը» (2000), «Երկխոսություն Քարվաճառի ճանապարհին» (2003), «Գյուլիստան նամե» (2006) եւ այլն): Նաեւ «Շուշի» բարեգործական հիմնադրամի հիմնադիրն է: Հանդիսությունից հետո զրույցի հրավիրեցինք 70-ամյա հոբելյարին:

-Ծնունդով Արցախից եմ` Մարգուշավան գյուղից: Ավարտել եմ Մարաղայի դպրոցը: Դեռ դպրոցական տարիներից շատ էի սիրում ճամփորդել, լուսանկարել: 1961-ին ընդունվեցի Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Ուսանողական տարիներից սկսեցի գրել: Մի տեսակ կապ արթնացավ ենթագիտակցականի հետ. երազներս որսալով` ստեղծագործում էի: 71-ին իմ ստեղծած կոնստրուկցիայի հետքերով ինձ ուղարկեցին Գերմանիա: Որոշ ժամանակ այնտեղ ապրելուց եւ աշխատելուց հետո վերադարձա հայրենիք:

-70-ականներին Դուք բավական հայտնի հեռուստատեսային դեմք էիք:

-Հեռուստատեսային աշխատանքս սկսվեց լուսանկարչության պատմությանը նվիրված մի հաղորդաշարով, որից հետո նշանակվեցի հեռուստատեսության` Արտաշատից մինչեւ Ջերմուկ տարածաշրջանի հատուկ թղթակից: Բայց ամենից հետաքրքիրը «Հսկում է օբյեկտիվը» հաղորդումն էր, որ այն տարիներին ինձ մեծ ճանաչում բերեց: Հաղորդման ընթացքում քաղաքական թեմաներ էին շոշափվում, բոլորը մի տեսակ վախենում էին իմ կերպարից, քանի-քանի անգամ մեր հաղորդումների շնորհիվ գործեր բացահայտվեցին, եւ շատ շատերը պաշտոնանկ արվեցին:

-Հետո բռնկվեց Արցախյան շարժումը:

-Դեռ ավելի վաղ մենք զգում էինք, որ կռիվն անխուսափելի է դառնում: Նախապատրատվում էինք: Հիշում եմ` այդ շրջանում գրեթե բոլոր հաղորդումներս նվիրվում էին Արցախին` «Արցախ-Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», «Գետահովիտներ» (1983-84թթ.), առանձին ֆիլմեր էի նկարահանում, մամուլում տպագրվում էին հոդվածներս, մի խոսքով, ներկայացնում էինք Արցախն ամեն կողմից, որ ժողովուրդը սիրեր, կապվեր այդ հողին, նվիրվեր: Եվ սիրեց, երբ արդեն բռնկվեց շարժումը` նկատվում էր, որ մարդիկ գիտակցված պայքարի են ելել: Նման պայմաններում լրատվամիջոցների աշխատանքը չափազանց կարեւոր է: Մենք նկարում էինք միտինգներն ու ցույցերը եւ առանց մոնտաժելու ուղարկում էինք սփյուռքահայ գաղթօջախներ, դա եւս հատուկ ռազմավարություն էր: Մենք փորձում էինք ժապավենի միջոցով ոգի ուղարկել նրանց , նրանց եւս ներքաշել հայրենիքի ազատության համար մղվող պայքարի մեջ:

-Գաղափարական առումով խաղաղության պայմաններում էլ լրատվամիջոցները կարեւոր դեր ունեն:

-Անշուշտ: Ճշմարտությունը զորեղ է, բայց այդ ճշմարտությունը պետք է տեղ հասցնել: 90 անգամ ասված ստին չեն հավատում, բայց հարյուրերորդին արդեն հավատում են:
Այդ ճշմարտությունը ոչ միայն դրսում պետք է տարածել, այլեւ պետք է իմանա մեր նոր սերունդը:
Որակի առումով չեմ կարող ասել, թե կատարյալ է ադրբեջանական քարոզչությունը, բայց քանակապես գերազանցում է մեզ: Ահռելի գումարներ են ծախսում, գիտեն` ում դիմեն, ում ներգրավեն այդ գործերի մեջ: Մեզ մոտ մարդիկ, որոնք կարող են շատ բան անել, դուրս են մնում այս գործընթացից: Այս աշխատանքները մենք կատարում ենք անհատական նախաձեռնությամբ: Բայց այսկերպ ադրբեջանական հզոր քարոզչական մեքենային դիմադրել չենք կարող:

-Արցախյան ազատամարտի տարիներին Դուք այն եզակի լրագրողներից էիք, ովքեր մեկնեցին ռազմաճակատ` լուսաբանելու:

-Դա շատ բարդ ու պատասխանատու աշխատանք էր: Այդ տարիներին ես նկարահանեցի մի շարք ֆիլմեր, այդ թվում` «Բռնագաղթ», «Շրջափակում», «Բերդաքաղաք» եւ այլն: 88-ի ամռանից եթեր էր հեռարձակվում իմ «Արցախյան օրագիր» հաղորդումը: 92-ից աշխատում էի նաեւ ՀՅԴ «Ազատամարտ» թերթում` որպես Արցախի բաժնի վարիչ: Հիշում եմ` Ստեփանակերտում էի, լուր հասավ, որ Շուշին ազատագրվել է: Ստեփանակերտից մինչեւ Շուշի ոտքով գնացի: Ժողովուրդը ցնծության մեջ էր: Մեքենաները կանգնում էին թե` Բակո°ւր, արի միասին գնանք: Հրաժարվում էի: Ճանապարհին նայելով, խորհելով ու մտքերս գրի առնելով` գնում էի: Ես այդ ողջ պատմության ականատեսն էի, գրի առնողներից մեկը, եւ հիմա իմ գործը էլի գրելն է: «Սումգայիթյան ալիքներ» ֆիլմը նախապատրաստելու ժամանակ ադրբեջանական այդ քաղաք էի գնացել հայերի կոտորածից անմիջապես հետո: Այն, ինչ տեսա այնտեղ, ահավոր էր` հայերի հրդեհված եւ թալանված տներ, վիրավոր եւ վախեցած մարդիկ: Ամեն ինչ տեսագրեցի, նաեւ ականատեսների պատմությունները: 54 րոպե տեւողությամբ ֆիլմ ստացվեց` ռուսերեն, քանի որ նպատակ ունեինք միջազգային հանրությանը պատմել սումգայիթյան ողբերգության մասին: Թեպետ հայկական հեռուստատեսությամբ այդ ֆիլմն այն ժամանակ չցուցադրվեց, բայց ԱՄՆ Կոնգրեսում դիտեցին: Ի դեպ, նկարահանումների ժամանակ փորձեցի վկայություններ ստանալ նաեւ Ադրբեջանի իրավապահ մարմիններից, սակայն մերժեցին:

-Ձեր հեղինակած «Անգլուհու Արցախյան ոդիսականը» գիրքը նվիրված է Քերոլայն Քոկսին, որ 1983-ին Անգլիայի թագուհուց ստացավ Լորդերի պալատի անդամի եւ բարոնուհու կոչում: Նա Արցախյան ազատամարտի տարիներին այն եզակի մարդկանցից էր, ովքեր մեծ օգնություն ցուցաբերեցին մեր երկրին: Ինչպիսի՞ն էր նրա հետ Ձեր առաջին հանդիպումը:

-Քերոլայն Քոկսի հետ հանդիպման առաջին րոպեներին մի տարօրինակ հիասթափություն ապրեցի: Եվրոպական գրականության դասականները բարոնուհիներին միշտ փխրուն ու փափկասուն են պատկերել` իրենց բնորոշ բարձրաշխարհիկ կեցվածքով ու պերճանքներով: Իսկ ահա այս բարոնուհին մորթուց կարված ռուսական տաքուկ գլխարկ է դրել եւ, ինչպես երեւում է, այն կրելու ձեւերն էլ դեռեւս չէր հասցրել յուրացնել, թանկարժեք մորթուց կարված մուշտակի փոխարեն հագել էր հասարակ բաճկոն, տաբատ եւ ճամփորդական կոշիկներ: Բարոնուհիների սառն ու անտարբեր հայացքի փոխարեն նրա դեմքից չէր չքանում լայն ժպիտը, եւ նա այն շռայլորեն նվիրում էր բոլորին: Հիշում եմ, երբ մեր ուղղաթիռը թռչում էր Թարթառի վրայով, եւ մի պահ մեր առաջ բացվեց Դադիվանքի համալիրը, ինչ ոգեւորությամբ էի նրան պատմում վանքի պատմությունը: Ուզում էի, որ մեր երկրի մասին մի բան ավելի իմանար: Նա հիացած էր…

-Պարոն Կարապետյան, ամփոփելով Ձեր գրական-ստեղծագործական ուղին` ի՞նչն եք համարում Ձեր կարեւոր նվաճումը:

-Հույս ունեմ` տարիներ հետո այս գրքերը, որ մեր ժողովրդի պատմական անցյալի հուշագրություններն են (սրանցում կան փաստեր ու դրվագներ, որոնք միայն ես եմ արձանագրել), հետո պետք կգան սերունդներին: Իմ նպատակն է եղել գրի առնել կորչող պատմությունները: Ամբողջ կյանքում գյուղից գյուղ շրջելով` զրուցել եմ մեծահասակների հետ, գրի առել: Իմ ֆիլմերով, գրքերով, լրագրողական հոդվածների միջոցով կարողացել եմ նպաստել մեր պատմության պահպանման գործին:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

9 мая 2011 г.


www.eter.am




#18 (884) 05. 05. 11

ՀԱՅՐԻԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ՇՈՒՆՉՆԵՐՍ ՊԱՀԱԾ ԷԻՆՔ ՍՊԱՍՈՒՄ

Արցախյան ազատամարտն ու Շուշիի ազատագրումը մեր ժողովրդի պատմության

ամենափառավոր էջերից է: Պատերազմը ամիսներով, հաճախ էլ ընդմիշտ, շատերիցս խլում էր մեր հարազատներին ու ծնողներին:

Նրանք գնում էին, իսկ մեզ մնում էր միայն հուսալ ու սպասել, թե երբ նորից բակ կմտնի հայրիկը, սպասել ու փորձել հասկանալ` ուր եւ ինչու են գնում բոլորը` զենքերն ուսերին ու զինվորական հագուստներ հագած: Այդ ամենն արդեն հուշ է: Եթե տարիներ առաջ նայում ու, գուցե, չէինք հասկանում` ինչ է կատարվում, հիմա հիշում ու զգում ենք` ինչ է կատարվել, ինչի համար…

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ես փոքր էի, շատ բան չեմ հիշում, բայց հայրիկիս հետ կապված հուշերից մի քանիսը տպավորվել են: Հայրս ժամանակ առ ժամանակ տուն էր գալիս եւ երբ պատրաստվում էր գնալ, ես վազում էի նրա զենքը բերելու: Իսկ հայրիկիս զենքն ինձ համար ուղղակի ծանր երկաթ էր: Ես քարշ էի տալիս այն հայրիկի մոտ ու մանկական առոգանությամբ ասում. «Պապա, երտաթդ բերել եմ»: Մի անգամ էլ խնդրեցի զրահաբաճկոնն ինձ հագցնել, ծանրությանը չդիմացա, ընկա:

Թերմինա, 20տ.

Չեմ հիշում հայրիկիս պատերազմ գնալն ու գալը: Բայց հիշում եմ, որ դպրոցում ուսուցիչները, դրսում ` ինձ անծանոթ մարդիկ, հարեւանները ասում էին Գայանեի պապան էլ ա կռվել, ես դրանից ինչ որ անբացատրելի ուրախություն էի զգում, ինձ թվում էր դա մյուսների նկատմամբ իմ առավելությունն է: Հիմա ավելի շատ եմ հպարտանում, որովհետեւ հասկանում եմ` ինչ է արել հայրս, գիտեմ` հանուն ինչի է վտանգել իրեն, հպարտ եմ, որ նա իմ հայրն է:

Գայանե, 17տ.

Դպրոցական տարիներին, երբ ընկերեներս հարցնում էին` ինչ է եղել, ինչու հայրս չի քայլում, ինչու է սայլակով տեղաշարժվում, ես չգիտեի ինչ պատասխանել: Հիմա իմ բոլոր ընկերները հասուն մարդիկ են, նրանք, իհարկե, ամեն ինչ էլ հասկանում են, եւ էլ չկա առաջվա խղճահարությունը, հակառակը, նրանք էլ են հպարտ իմ հայրիկով:

Հրաչ, 21տ.

Տպավորիչ էր այն օրը, երբ հայրս վբերադարձավ: Հարեւանի տանն էի, մեր բակից ձայներ լսեցի, տուն վազեցի: Մոտ կես տարի չէի տեսել նրան, մորուքով էր, նման չէր իրեն: Անսովոր էր, որ նա վերջապես տանն է: Մի տարօրինակ բան. ամեն ինչ վերջացել էր, պատերազմ չկար, բայց հայրս ամեն առավոտ հագնում էր իր զինվորական համազգեստը:

Հրաչուհի, 23տ.

Հորս ռազմաճակատ գնալու պահից մինչեւ նրա վերադարձի օրվա բոլոր գիշերները իմ ու եղբորս համար սպասումի գիշերներ են եղել, մենք միշտ ականջ էինք դնում, թե երբ է լսվելու նրա Ուրալի ձայնը: դուրս էինք վազում, մի րոպեում քանդում, տակնուվրա էինք անում մեքենայի մեջ եղած իրերը: Որքան շատ էինք սիրում այդ ահռելի մեքենան…

Հիմա հայրս տուն է գալիս իր Վոլգայով, ոչ ես, ոչ էլ եղբայրս շունչներս չենք պահում, որ լսենք մեքենայի ձայնը…

Սոս, 26տ.

Գրի առավ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հ.Գ.- Արխիվ` #31 (794) 30.07.09


5 мая 2011 г.



#18 (884) 05. 05. 11

ԵՂԻՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ԷԼ ԿՌՎՈՒՄ ԷՐ ԱՐՑԱԽՈՒՄ

80-ամյա Եղիշ Մարգարյանն իր տարիքից երիտասարդ է երեւում: Ապրել է
հետաքրքիր ու բովանդակալից կյանքով: Զբաղվել է կոմերիտական աշխատանքով. եղել է Երեւանի Ավտոդողերի գործարանի կոմերիտմիության քարտուղարը, ՀԼԿԵՄ կենտկոմի երիտասարդ արվեստագետների խորհրդի նախագահը: «Դպրոցական էինք, բայց մեզ էլ տանում էին ռազմաճակատի համար ավտոդողեր, զրահամեքենաների մասեր արտադրող գործարան`աշխատելու: Այսպես մեր փոքրիկ ներդրումն ունեցանք Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակում»,- հիշում է Եղիշ պապը, որ նաեւ հիանալի երաժիշտ է: «9 տարեկանից շվի եմ նվագել, հետագայում նաեւ` դուդուկ, զուռնա»,- պատմում է նա ու աննկատ գրպանից հանում շվին. խմբագրությունում տարածվում է մեղմ երաժշտությունը: Այդ երաժշտությունն օգնել է նաեւ
Արցախում կռվող մեր տղաներին: «Նախկինում Երեւանյան լճի կողմերում Նոր Կողբ կոչվող մի բնակավայր կար, մեր տունն էդտեղ էր: Ադրբեջանցի հարեւաններ ունեինք, նրանցից ադրբեջաներեն էի սովորել: 90-ականներին, երբ ծագեց Արցախի խնդիրն ու սկսվեցին զինված գործողությունները, ես էլ ուզում էի մի բանով օգտակար լինել հայրենի

Արցախի ազատագրման համար մղվող կռվին, մտածում էի` գուցե լեզվի իմացությունը պետք գա: 1992-ին ես, Արուս Գուլանյանը, էլի ուրիշ երգիչ-երաժիշտներ մեկնեցինք Լեռնային Ղարաբաղ` զինվորների համար համերգներ տալու: Վիրավորներն Արուսին ասում էին. «Մեզ դեղ պետք չի, մենակ դու երգի, ուստա, դու էլ նվագի…»: Ամենատպավորիչը հաղթանակի դրվագներն էին, երբ որեւէ բնակավայր էինք ազատագրում: Մեր մարտիկների, ֆիդայիների հաղթանակն ազդարարող զուռնայի, շվիի ու դուդուկի ձայնը տարածվում էր արցախյան անտառներում ու արձագանքվում լեռներում: Ինչքան երգեր ծնվեցին այդ օրերին: Այսօր մեզ հայտնի ֆիդայական շատ-շատ երգեր հենց այդ շրջանում են ստեղծվել. հաղթանակի բերկրանքն ու զինակիցների կորստյան ցավը ստիպում էին երգու մեղեդիներով ուրախանալ, մխիթարվել: Որտեղ ասես եղել եմ` Թալիշ, Ֆիզուլի, Աղդամ (Ակնա), Մատաղիս, Տոնաշեն… Փորձել եմ ուժ ու ոգի հաղորդել մեր տղաներին»,- ասում է Եղիշ Մարգարյանը: Նա արժանացել է Մշակույթի վաստակավոր գործչի կոչման, պարգեւատրվել«Աշխատանքային արիության ու գերազանցության» մեդալով:
Հպարտ է, որ որդին նույնպես կռվել է Արցախում: Հաղթանակի օրն իսկապես տոն է Մարգարյանների համար, հաղթանակ, որի կերտմանը մասնակցել են նաեւ հայր ու որդի:

ՇՈՂԱԿԱԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

7 апр. 2011 г.

www.eter.am

08.04.2011

ԻՆՉ ԼԱՎ Է, ՈՐ...


ԱՐՑԱԽՅԱՆ ՀՈՂԻՆ ՏԵՐ ՈՒ ԾԱՌԱ ԵՆ ԳՈՒՐԳԵՆՆ ՈՒ ԻՐ ՈՒԹ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական

ամոթալի պայմանագրի կնքումից եւ նույն թվականի հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի անօրեն որոշումից հետո անցել է շուրջ մեկ դար, բայց հայ ժողովուրդը այդպես էլ չի հաշտվել Նախիջեւանի եւ Արցախի կորստի հետ, Նախիջեւանը հայաթափվեց: Նույնը սպասվում էր նաեւ Արցախին, որին 1923թ. Ադրբեջանի կազմում «ինքնավարություն» էր տրվել: Ըստ էության Ադրբեջանի գաղութ դարձած Արցախի հայ բնակչությունը տասնամյակներ շարունակ ենթարկվում էր դաժան ճնշման ու ազգային արժանապատվության բիրտ ոտնահարման: Բայց ի տարբերություն նախիջեւանահայության, արցախահայությունը տոկաց ու դիմացավ բոլոր փորձություններին: Տասնամյակներ շարունակ խնդրագրերով ու բողոքներով երկրի վերին իշխանություններին դիմելով որեւէ արդյունքի չհասնելուց հետո 1988 թվականի փետրվարին Արցախի հայությունը ոտքի ելավ եւ վճռեց պայքարել ազատ ապրելու իր իրավունքի համար: Սկսվեց ազգային-ազատագրական շարժում` ադրբեջանական լուծը թոթափելու եւ մայր ժողովրդի հետ վերամիավորվելու համար:

Այսօր արցախահայությունն ապրում է քիչ թե շատ խաղաղ կյանքով: Սահմանամերձ գյուղերում մարդիկ զբաղվում են հող մշակելով ու անասնապահությամբ: Արցախցու տաք ու կանչող ժպիտը ստիպում է ճանապարհից հոգնած ուղեւորին կանգնել ու զրույցի բռնվել: Ո՞վ կարող է անտարբեր մնալ հեռավոր գյուղում մանկական լվացք կամ ճամփեզրին խաղացող կարմրաթշիկ, շողշողացող աչուկներով երեխաներ տեսնելիս: Անասելի հուզմունք ես ապրում. Արցախի ժայռերում նոր ծիլեր կան: Արցախում մեր խմբով հերթական շրջագայության ժամանակ Դադիվանքում ծանոթացանք 10-11 տարեկան Գուրգեն անունով մի տղայի հետ, որ վանքում մոմ էր վաճառում: Գուրգենը պատմեց, որ տանը 12 երեխան են: Ապշեցինք, մի՞թե հնարավոր է, ինչպե՞ս են հաղթահարում բազմաթիվ դժվարությունները: Այցելեցինք նրանց: Այդ ջերմ, հյուրընկալ հարկի տակ 9 տղա եւ 3 աղջիկ են մեծանում: Ամբողջ ընտանիքը մի վայրկյանում իրար անցավ. Մեկը սուրճ էր եփում, մյուսը շտապում էր թութ թափ տալ: Խոսում էին` միմյանց հերթ չտալով: Դժվարություններ ինչ խոսք կան, բայց չէ՞ որ դրանց միայնակ չեն դիմակայում, այլ միմյանց թեւ ու թիկունք լինելով: Ընտանիքի ավագ որդիներն արդեն ծառայում են բանակում: Ամենափոքրիկ «զինվորն» առայժմ 5 տարեկան է: Հեռացանք, նորից վերադառնալու խոստմամբ ու հպարտ, որ ազատագրված արցախյան հողին տեր ու ծառա են Գուրգենն ու իր 8 եղբայրները:

Ն.Հ.

Հ.Գ.- Արխիվ, N 36 (799) 03.09.09

Լուսանկարում Դադիվանքի վանական համալիրն է