Показаны сообщения с ярлыком ԵՊՀ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԵՊՀ. Показать все сообщения

11 июл. 2011 г.

#26 (892) 24. 06. 11

ԵՊՀ-Ն ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐՈՒՄ

Հունիսի 24-ին մայր բուհում կայացավ «Երեւանի պետական
համալսարանը Արցախյան գոյապայքարում» գրքի շնորհանդեսը:
Այն նվիրված է համալսարանական 27 զոհված ազատամարտիկների հիշատակին:




9 ապրիլի, 1992 թվական

ԼՂՀ Գերագույն խորհրդից Երեւանի պետական համալսարանի ռեկտոր պարոն Առաքելյանին Մեծարգո պարոն Առաքելյան, Ձեր տնօրինության ներքո գտնվող կրթօջախի պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Զաքար Ավանեսյանը գտնվում է ԼՂՀ-ն պաշտպանող կամավորական ջոկատներից մեկում: Արցախը կարիք ունի հայրենասեր երիտասարդների, ուստի խնդրվում է Զաքար Ավանեսյանին թույլատրել միառժամանակ չմասնակցել պարապմունքներին:

Գերագույն խորհրդի քարտուղար Վ.Հակոբյան


1 դեկտեմբերի, 1992 թվական

ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի
դեկան պարոն Մուսայանին
Նույն ֆակուլտետի 3-րդ կուսի
310 խմբի ուսանող Արսեն Ղազարյանից

Խնդրում եմ ինձ թույլատրել ստուգարքներն ու քննությունները հանձնել ժամկետից շուտ`Ղարաբաղում ծառայությունս շարունակելու համար:

Դիմող` Ա.Ղազարյան


Լեոնիդ Ազգալդյան, Մհեր Ջուլհակյան, Սիմոն Աչիկգյոզյան, Վարդան Հովհաննիսյան, Վարդան Բախշյան, Թաթուլ Կրպեյան, Վարդան Ստեփանյան, Պետրոս Ղեւոնդյան, Վարդան Դալլաքյան… Նրանք Երեւանի պետական համալսարանի այն տասնյակ ուսանող-դասախոս-գիտաշխատողների թվում էին, ովքեր դեռ շարժման սկզբում դարձան Արցախի քաջամարտիկներ:

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը պատմում է. «Արցախ մեկնածների շարքերում համալսարանական լավագույն ուսանողներն էին, եւ բնական է, որ շատ դեկաններ, դասախոսներ ամեն ինչ անում էին, որպեսզի նրանց հետ պահեին կռիվ մեկնելու իրենց որոշումից, համոզում էին, որ ավարտեն գոնե, հետո գնան, բայց նրանք անդրդվելի էին, նրանք որոշել էին իրենց ավարտական աշխատանքներն ու քննությունները հաձնել հայրենի երկրի սահմաններում… Նրանցից ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այս խաղաղությունը չեն տեսնելու…»:

1990թ. աշնանից սկսած համալսարանի աշխատակազմը ստանձնել էր ԵՊՀ «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորման հաշվողական տեխնիկայի բաժնի վարիչ Լեոնիդ Ազգալդյանի ջոկատին պարենով ապահովելու գործը: Ջոկատը, որ 1990թ. կռվում էր Շահումյանում, այնուհետեւ Մարտակերտում,1991թ. վերակազմավորվեց Ազատագրական բանակի: «Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը համալսարանում աշխատող կանանց ու ուսանողներին թելեր էր բաժանել, որպեսզի կռվող տղաների համար գուլպաներ գործեինք: Մարդիկ իրենց աշխատավարձն անգամ տուն չէին տանում, իրենց աշխատանքի ամբողջ հասույթը հանձնում էին հատուկ ֆոնդին, եւ այդ գումարներով պարեն, անհրաժեշտ զինվորական պարագաներ էին հայթայթվում, ուղարկվում տղաներին...»,- պատմում է տիկին Սաթենիկը:

ԵՊՀ ողջ կազմն էր նվիրվել Արցախին օգնելու գործին: Նրանց թվում էր նաեւ դասախոս, Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը: «Ճիշտ է, դասախոսում էինք, բայց հոգով ու մտքով բոլորս այնտեղ` Արցախում էինք: Հիշում եմ` իմ ջոկատը Մաճկալաշենում էր, երբ հրաման իջավ թողնել դիրքերը, որովհետեւ այլեւս անհնար էր թվում պաշտպանությունը: Սակայն տղաները հրաժարվեցին, մնացին իրենց դիրքերում եւ հաղթեցին: Ճիշտ է բազմաթիվ զոհեր տվեցինք, բայց նրանք պահեցին հողը հայրենի… Մենք այսօր շարունակում ենք նրանց գործը»,- ասում է Գուրգեն Մելիքյանը:

Համալսարանն առաջիններից էր նաեւ, որ հրապարակեց Արցախյան հարցը լուսաբանող տարբեր աշխատություններ: Այսօր այդ աշխատությունների շարքը համալրելու է գալիս «Երեւանի պետական համալսարանը Արցախյան գոյապայքարում» գիրքը, որում ներկայացված են Արցախյան ազատամարտին համալսարանականների մասնակցությանը վերաբերող կարեւոր կենսագրական տեղեկություններ, հուշեր, վավերագրեր, որոնց մեծ մասն առաջին անգամ է հրատարակվում: Գիրքը հրատարակության է երաշխավորվել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդի կողմից: Աշխատանքային խմբի ղեկավարը եւ գրքի գլխավոր խմբագիրը ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արամ Սիմոնյանն է: Գիրքը կազմել եւ հրատարակության է պատրաստել ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժակ Մանուկյանը: Կազմման աշխատանքներին մասնակցել են նաեւ թանգարանի աշխատակիցներ Մարինե Մկրտչյանը, Լիլյա Հովհաննիսյանը եւ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը:

Միջոցառմանը ներկա էին զոհվածների ծնողներն ու հարազատները, ազատամարտին մասնակցած համալսարանականներ եւ այլ հյուրեր: Շնորհանդեսի արարողության ավարտին մի խումբ հայրենանվեր վարդանանքցիներ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից պարգեւատրվեցին հավաստագրերով:

Գրքի շնորհանդեսից անմիջապես հետո ներկաներն այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան, որի` համալսարանական զոհված ազատամարտիկներին նվիրված սրահը համալրվել է նոր ցուցանմուշներով:
Ն.Հ.

6 апр. 2011 г.

www.eter.am
#14 (880) 07.04.2011

ԻՆՉ ԼԱՎ է, ՈՐ…

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԱՐՑԱԽՈՒՄ

Մարտի 31-ին մինչ համալսարանականների մի խումբը
Սյունիքի մարզով կուղեւորվեր Ստեփանակերտ, մյուս խումբը Վարդենիսի ճանապարհով հասել էր Քարվաճառ եւ ծառեր տնկել տարիներ առաջ ստեղծված պուրակում: Երեկոյան բոլորը հավաքվեցին Ստեփանակերտում: Ապրիլի 1-ին ԵՊՀ-ի եւ Արցախի պետական համալսարանի ուսանողներն անցկացրին գիտաժողով` նվիրված Լեռնահայաստանի 90 եւ Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակներին: Զեկուցումներով հանդես եկան 11 ուսանողներ, 8-ը` ԵՊՀ-ից, 3-ը` ԱրՊՀ-ից: ՙԱրցախի պետական համալսարանը միանում է ԵՊՀ ուսանողների` Ադրբեջանի իշխանություններին ուղղված հայտարարությանը` կապված սահմանի վրա հրադադարի հաճախակի խախտման հետ: Մենք` արցախցիներս, լինելով առաջին գծում, շատ լավ իմանալով մեր ժողովրդին, հայտարարում ենք. «Լսեք, բաքվեցիներ, չփորձեք մեզ հունից հանել. այս անգամ ձեզ փրկություն չի լինի»,- գիտաժողովի սկզբում նշեց ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը`ողջունելով երկու համալսարանների ուսանողների համատեղ նախաձեռնությունը: «Առիթը պատմականորեն կարեւոր է, որպեսզի մեկ անգամ եւս շեշտադրումներ անենք եւ կարեւորենք այդ մեծ մարդու` Գարեգին Նժդեհի վաստակը մեր ժողովրդի ու հայրենիքի առաջ եւ ընդգծենք Լեռնահայաստանի` որպես անկախ պետության ստեղծման փաստը: Լեռնահայաստանն ընդգրկել է Զանգեզուրը եւ հանդիսացել է մեր այսօրվա անկախ պետականության գրավականը»,- բացման խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա ուրախալի համարեց այն հանգամանքը, որ հայագիտության մասին խոսում են հատկապես երիտասարդները: Գիտաժողովից հետո համալսարանականները ծառատունկ կազմակերպեցին «Մենք ենք, մեր սարերը» արձանի մերձակայքում, ապա ԵՊՀ ուսանողներից եւ ղեկավարությունից կազմված փոքրիկ պատվիրակությանը ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա ոգեւորությամբ լսեց համալսարանականներին, որոնք առաջարկեցին մի շարք ծրագրեր: Դրանցից հատկապես կարեւորվեց այս տարի Քարվաճառում համահայկական ուսանողական հավաքի կազմակերպումը, որի մասնակիցների թիվը կհասնի շուրջ 200-ի: Պարոն Սահակյանը խոստացավ անմիջապես ընթացք տալ այդ ծրագրին: Նախագահը պատասխանեց նաեւ համալսարանականների հարցերին, որոնք վերաբերում էին ազատագրված տարածքների բնակեցմանը, նորակառույց օդանավակայանի բացմանը եւ այլն: Ապրիլի 2-ին պատվիրակության անդամները եղան Արցախի տեսարժան վայրերում: Ուսանողները, հաղթահարելով դժվարամատչելի բարձունքը, հասան Ազոխի քարանձավ, որտեղից գտնվել է մարդու ծնոտ (տարածաշրջանում ամենահինը): Ապա համալսարանականներն ուղեւորվեցին Ամարասի վանք: Այստեղ 5-րդ դարում` գրերի գյուտից անմիջապես հետո, հիմնվել է Արցախի առաջին ուսումնական կենտրոնը: Երեկոյան ուսանողներին սպասվում էր անակնկալ հանդիպում ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարների հետ: Հանդիպումը կայացավ հյուրանոցի ճաշարանում, ոչ պաշտոնական մթնոլորտում:
ԵՊՀ լրատվության վարչություն

24 мар. 2011 г.


#12 (878) 23.03.2011

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ...

ԲԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ` GAME OVER!!!


Անցյալ տարի մեր բակը քաղաքապետարանի որոշմամբ վերանորոգվեց: Բոլորը շատ ուրախ
էին`փոշոտ փողոցը վերջապես ասֆալտապատվեց: Մեծերն ուրախացել էին` բարեկարգ փողոցում երեխաները հանգիստ կխաղան, բայց ասֆալտն իր հետ նոր բարքեր ու ինչ-որ նոր բան բերեց մեր փողոց: Քարացավ բակի երեխաների աղմուկը: Ասֆալտի տակ մնացին ասես մանկությանս հուշերը: Տարօրինակ է` փողոցի փոշին չէր էլ խանգարում, որ բակ գնայինք ու առավոտից երեկո խաղայինք: Հիշում եմ` հոգնում էինք ու երեկոյան հավաքվում Սեդա տատիկենց բակի աստիճաններին: Երգում էինք, արտասանում, մեծերի աշխարհից լսած ու չլսած բաների մասին պատմում միմյանց` մինչեւ որ ծնողները տուն էին կանչում, ու մենք դժկամությամբ բաժանվում էինք իրարից: Առավոտյան նորից սկսվում էր` «Յոթ քար»,«Գործագործ», «Պախկվոցի», «Հալամուլա», «Կլաս», «Ռեզին», «Պարան», «Օղակ»,«Անուն գոռոցի», «Տուն-տունիկ», «Բժիշկ-բժիշկ» (անունների մի մասի ստուգաբանությունը, թերեւս, ոչ ոք չգիտի, մի քանիսն էլ ռուսական անվանումների աղավաղված տարբերակներն են): Այսօր բակերում խաղացող հատուկենտ երեխաներ կտեսնեք: Մինչդեռ խաղը դարեր շարունակ մեր կենցաղի անբաժան մասն է կազմել: Ունեցել ենք հարյուրավոր խաղեր` ժողովրդական-դրամատիկական, մանկական-զինվորական, մանկապատանեկան-սոցիալական, երիտասարդական-դատավարական, վանական, տոնական-ծիսական, կրկեսային, կենցաղային, որսորդական, նախաամուսնական, ամուսնական, ընտանեկան, քաղաքացիական-մրցակցային խաղեր, զվարճանքներ ու ժամանց... Մեր նախնիները համոզված էին, որ խաղը երեխայի ամենամտերիմ ընկերն է, ունի դաստիարակչական մեծ նշանակություն: Խաղի միջոցով հեշտ է երեխային նախապատրաստել կյանքի հետագա դժվարություններին: Խաղի ընթացքում ստանալով մեծ բավականություն` մանուկներն աստիճանաբար ձեռք են բերում ազատ ստեղծագործական գործունեություն, ինքնուրույն մտածողություն, երեւակայություն, հիշողություն, ուշադրություն, կամք, հույզ, մարմինն է կոփվում: Մանկական տարիքում խաղն անհրաժեշտություն է. դրա միջոցով է մանուկը ճանաչում աշխարհը, կատարելագործում իր ստացած նախնական տպավորությունները, ժառանգում նախորդ սերունդների ավանդույթները: Թիմային խաղերում դրսեւորվում է միասնականություն, կարգապահություն:
Իսկ հիմա փողոցում միայն ասֆալտ է... Հիմա կրտսեր զարմիկներս GTA-ից ու նարուտոներից են խոսում: Մեկ-մեկ էլ ամաչում եմ. թվում է` ինձնից շատ բան գիտեն: Լավ է, որ երեխաները հաղորդակից են տեխնիկայի նորագույն նվաճումներին, հմտորեն օգտվում են համակարգիչներից, բայց թող այդ ամենը չլինի թարմ օդում լինելու, բակում խաղալու, ընկերներ ունենալու հաշվին: Մեկ այլ խնդիր էլ է ծագում. խզվում է կապը սերունդների միջեւ£ Շատ ընտանիքներում ծնողները, որոնք հնարավորություն չունեն շփվելու նորագույն տեխնոլոգիաների հետ, բարդութավորվում են: Երեխաներն էլ տարակուսում են` այդ ինչպե՞ս է, որ մեծահասակները իրենցից քիչ գիտեն: Երեխան ավելի ինֆորմացված է, ավելի հարուստ գիտելիքներ ունի, սակայն այս ամենով հանդերձ մանկություն չունի, որը եւս կենսափորձի մի մաս է: Շատ անգամ եմ լսել. «Վայ, օրհնվի էս կամպյուտր ստեղծողը, երեխաներս տանը կմնան, աչքիս առաջ կլինեն, ես էլ չեմ անհանգստանա, թող նստի ու սուսուփուս խաղա»: Սիրելի ծնողներ, իսկ երբեւէ մոտեցե՞լ եք, տեսե՞լ եք` ինչ է խաղում ձեր երեխան, ինչո՞վ է զբաղվում համակարգչի առաջ, մտածե՞լ եք` ի՞նչ են սովորեցնում, ի՞նչ հոգեբանություն են կերտում այդ խաղերը: Թե՞ դա ձեզ չի անհանգստացնում:

Ն.Հ.

ԴԱՍԻՑ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ...


Ազատամարտիկ Հապետ Արշակյանին նվիրված հուշ-ցերեկույթն այսպես
որակեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: 23 տարեկան այդ երիտասարդին ոչինչ հետ չպահեց
պատերազմի դաշտ մեկնելուց. ոչ ծնողների, ոչ սիրած կնոջ թախանձանքը, ոչ էլ նորածին դստեր թոթովանքները: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողը մինչ մայր բուհ ընդունվելն ուսանում էր Նովոսիբիրսկի ռազմական ինստիտուտում, սակայն պատերազմի լուրն առնելով` կիսատ թողեց ուսումն ու վերադարձավ հայրենիք: Քանի որ ռազմական կրթության համար վճարում էր Խորհրդային Միությունը, Հապետը պիտի ծանրակշիռ պատճառ ունենար Հայաստան վերադառնալու համար: Հայրենիքի կանչին ականջալուր զավակը գտավ լուծումը. միտումնավոր կոտրեց ձեռքն ու ձեռք բերեց ցանկալի ուղեգիրը: Հայաստանում էլ ծնողներին պետք է համոզեր: Մարտի դաշտից հեռու պահելու համար ծնողները նրան ամուսնացրին սիրած աղջկա հետ, բայց Հապետը անդրդվելի մնաց: Հերոսի մեծարման հուշ-ցերեկույթին ներկա էին ինչպես Արշակյան ընտանիքի անդամները, այնպես էլ նրա մարտական ընկերներն ու «Երկրապահ կամավորականների միության անդամները: «Մենք իրավունք չունենք չհիշելու, չմեծարելու մեր հերոսներին»,- ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյան` հույս հայտնելով, որ առաջիկայում ֆակուլտետի երկու ազատամարտիկ ուսանողների անվանական լսարանների շարքը կհամալրվի եւս մեկով` ի պատիվ Հապետ Արշակյանի: Ի դեպ, այս ֆակուլտետում է սովորում նաեւ հերոսի դուստրը. Էմմա Արշակյանն արդեն երրորդ կուրսի ուսանողուհի է: Հապետի մարտական ընկերները հուշեր պատմեցին, իսկ «Երկրապահ» կամավորականների միությունը միջոցառման կազմակերպիչների` «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի համար անակնկալ էր պատրաստել: Զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող միջոցառումների կազմակերպման եւ ուսանողության շրջանում ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու համար «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով պարգեւատրվեցին իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը եւ «Վարդանանք» ակումբի նախագահ Սա
թենիկ Աբրահամյանը: Մի խումբ վարդանանքցիներ էլ արժանացան ԵԿՄ պատվոգրերի, որոնք հանձնեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Հապետ Արշակյանը ծնվել է 1970 թվականին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում: 1987 թվականին գերազանցությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը եւ մեկնել Նովոսիբիրսկ` ուսումը շարունակելու բարձրագույն զինվորական դպրոցում: 1989 թվականին վերադարձել է Հայաստան եւ ընդունվել Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ դարձել է վաշտի հրամանատար` ավագ լեյտենանտի կոչումով: 1992 թվականին մարտական ընկերների հետ գործուն մասնակցություն է ունեցել Հադրութ-Ֆիզուլի-Հորադիզ ուղղությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի վարած հաղթական մարտերին: 1993 թվականին իր վաշտով տեղափոխվել է Մարդակերտի շրջան, որտեղ պաշտպանության բանակի այլ ստորաբաժանումների հետ մասնակցել է ավելի քան 10 գյուղերի ազատագրմանը: Հապետ Արշակյանը 1994 թվականի հունվարի 9-ին զոհվել է Մատաղիսի մոտակայքում` Դագաղասարի բարձունքում մղված մարտերի ժամանակ:

ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ

2010 թվականի դեկտեմբերին հայաստանցի ուսանողները մասնակցել էին Իսրայելում անցկացված մաթեմատիկայի օն-լայն օլիմպիադային: Օլիմպիադան կազմակերպել էր Իսրայելի «Արիել» համալսարանի մաթեմատիկայի կենտրոնը: Մասնակցում էին 17 երկրների տարբեր համալսարաններ, Հայաստանից` Երեւանի պետական համալսարանի եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողները: Օլիմպիադան անցկացվել է երկու փուլով: Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երրորդ կուրսեցիներից կազմված չորսհոգանոց խումբը երկու փուլում էլ արժանացել է բրոնզե մեդալի:
Ինչպես պատմեց թիմի ավագ Տիգրանուհի Գրիգորյանը, առաջին փուլում առաջարկվել է խնդիրների բլից լուծում, այսինքն` անհրաժեշտ է եղել 10 րոպեի ընթացքում ուղարկել խնդիրների պատասխանները: Բլից փուլից հետո անցկացվել է երկրորդ փուլը, որի ժամանակ մասնակիցները նույն խնդիրների լուծման եղանակները (ռուսերեն կամ անգլերեն) պետք է ուղարկեին օլիմպիադայի հանձնաժողովին: «Օլիմպիադայի ավարտից հետո պարզվեց, որ երկու փուլերում էլ բրոնզե մեդալներ ենք շահել, բայց չէինք պատկերացնում, որ մեդալներն ու պատվոգրերը «Արիել» համալսարանի մաթեմատիկայի կենտրոնը թեեւ ուշացումով, բայց կուղարկեր մեզ»,- անկեղծացավ Տիգրանուհի Գրիգորյանը: Թիմի անդամները` Տիգրանուհի Գրիգորյանը, Աշոտ Հարությունյանը, Ռաֆիկ Բադալյանը եւ Գալուստ Փանոսյանը, կարողանում են համատեղ աշխատել եւ հաջողության հասնել: Օգնում է ոչ միայն արագ կողմնորոշվելու ունակությունը, այլեւ բարձր տրամադրությունը: «Օլիմպիադային մասնակցել ենք բարձր տրամադրությամբ, հաղթելու վճռականությամբ: Մեր թիմն ուժեղ է նրանով, որ մեզանից յուրաքանչյուրը յուրովի է մտածում, իսկ դա նպաստում է, որ խնդիրներն ավելի արագ լուծվեն: Չնայած հաճախ ենք վիճում, բայց դա նույնպես օգնեց մեզ»,- ասացին բրոզե մեդալակիրները:

ԵՊՀ լրատվության վարչություն


3 мар. 2011 г.

#9 (875) 03.03.2011

ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ. ԽՈՋԱԼՈՒ

Օրերս ԵՊՀ պատմության ֆակուլտետում երիտասարդ դասախոս Վահրամ Տեր-Մաթեւո
սյանը դասախոսություն կարդաց «Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը. Իվանյանի (նախկին Խոջալուի) օրինակը» խորագրով: Բանախոսը տեսաշարի, քարտեզների եւ լուսանկարների միջոցով մանրակրկիտ ներկայացրեց 19 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը, տվեց դրանց քաղաքական գնահատականը: «Դասախոսության նպատակն է ցույց տալ, որ այդ իրադարձության մեկնաբանության ադրբեջանական տեսակետը չի դիմանում անգամ ամենահարմարվողական քննադատությանը: Վերջին տարիներին Ադրբեջանի ծավալած քարոզչական հնարները ցույց են տալիս, որ Խոջալուի վերաբերյալ այդ երկրի քարոզչության զինանոցը սպառվել է: Կառչելով փաստերի ակնհայտ նենգափոխումներից ու դրանց վերարտադրումներից` Ադրբեջանը փակ շրջան է ստեղծել»,- ասում է Վահրամ Տեր-Մաթեւոսյանը: Բանախոսը նշում է սակայն, որ փոխարենը Հայաստանը եւ ԼՂՀ-ն չեն օգտագործել Խոջալուի ազատագրման փաստավավերագրական ամբողջ զինանոցը: Ըստ նրա` հենվելով դաշտային ու արխիվային աշխատանքների, ռազմական գործողությունը ղեկավարած հրամանատարների ու գործողությանը մասնակցած զինվորների հետ ունեցած զրույցների վրա` կարող ենք եզրակացնել, որ այդ օպերացիայի ռազմաքաղաքական բաղադրիչի վերականգնումը, ինչպես նաեւ
օպերացիայի տեղանքի մանրամասն ներկայացումը ի չիք է դարձնում Ադրբեջանի քարոզչության ցանկացած դրսեւորում: 1992թ. փետրվարի 26-ին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին Իվանյան (նախկին Խոջալու) բնակավայրը: Առնվազն 4 տարի այդ բնակավայրը Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործում էր Արցախի մասնատման նպատակով: Ռազմական գործողության ավարտին հաջորդած մի քանի ժամվա ընթացքում Ադրբեջանի քաղաքական ու ռազմական գործիչները անկարող եղան կազմակերպել քաղաքացիական բնակչության անվտանգ տարհանումը նախապես տրամադրված հումանիտար միջանցքով: Ադրբեջանցիների ոչ համակարգված գործունեության պատճառով Ակնի (նախկին Աղդամի) մատույցներում ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության զինված խմբավորումների կողմից դիմահար կրակ բացվեց ադրբեջանական դիրքեր շտապող ազգաբնակչության վրա, որի հետեւանքով զոհվեցին Խոջալուի մեծ թվով բնակիչներ: Հետագայում իրականացվեց դիակների խոշտանգում, ինչն էլ ներկայացվեց իբրեւ հայերի ձեռքի գործ:


ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԹԵԶԵՐԸ

Կարեն Վրթանեսյան

1. Ներածություն

Հայ-ադրբեջանական հակամարտությունն ավելի քան հարյուրամյա պատմություն ունի։ Մերթ սաստկանալով, մերթ արտաքնապես հանդարտվելով՝ այն միշտ ուղեկցվել է փոխադարձ հոգեբանական ու քարոզչական ճնշումներով։

Հակամարտության երկու կողմերն էլ մշակել և օգտագործում են համապատասխան «քարոզչական առասպելաբանություն»՝ բաղկացած փաստերի, առասպելների ու կարծրատիպերի խայտաբղետ խառնուրդից, որի նպատակն է արդարացնել «մերոնց» գործողություններն ու խրախուսել հակառակորդի դեմ ուղղված հետագա քայլերը։ Միաժամանակ նպատակ է դրվում ապամարդկայնացնել (дегуманизировать)հակառակորդին՝ ինչպես «մերոնց», այնպես էլ պայմանականորեն չեզոք երրորդ ուժերի աչքում։ Փորձ է արվում ճնշելու հակառակորդի դիմադրելու կամքը։

Տարիների ընթացքում մշակված քարոզչական ապարատն այսօր էլ որպես զենք օգտագործվում է հայ-ադրբեջանական հակամարտության տեղեկատվական և հոգեբանական, գաղափարախոսական ճակատներում։

Անհավատալի է թվում, բայց առայսօր ոչ մի հայ հետազոտող համակարգված չի զբաղվել հայկական կողմի դեմ ուղղված «քարոզչական առասպելաբանությունը» վատ է ուսումնասիրված։ Մենք որոշեցինք գոնե մասամբ լրացնել այս բացը և հայկական կողմի դեմ օգտագործվող քարոզչական թեզերի ցուցակագրում ու նախնական դասակարգում կատարել։ Աշխատանքին աջակցում են մի շարք անհատներ, ամենազգալի ներդրում ունեն Վահագն Մխոյանը և Անդրեյ Մարինոսյանը։>>>