www.eter.am
Կրթություն եւ Գիտություն
ՎԱՀԵ ԱՐՍԵՆ. «ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՌՆ ԱՐԺԵԶՐԿՎԱԾ Է»
Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք: Ո՞րն է երիտասարդ գրողի անելիքը, ի՞նչ խնդիրներ ունի այսօր երիտասարդ մտավորականը, ինչո՞ւ մեր ժամանակը չի ծնում մերօրյա Չարենցներ, Սեւակներ: Իսկ գուցե ծնո՞ւմ է: Այս եւ հարակից մի շարք հարցերի շուրջ զրուցում ենք բանաստեղծ, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Վահե Արսենի (Արսենյան) հետ:
-Պարոն Արսենյան, այս տարի մեր մայրաքաղաքը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Որպես ժամանակակից գրող, Դուք Երեւանն իրո՞ք համարում եք այդպիսին:
-Նախ եւ առաջ Երեւանը պետք է քաղաք լինի, հետո` մայրաքաղաք եւ հետո նոր գրքի համաշխարհային մայրաքաղաք: Բայց մեր քաղաքում այսօր գրողին չեն ճանաչում, «մտավորական» բառն արժեզրկված է: Երեւանը փողի ու իշխանության քաղաք է, նյութապաշտության քաղաք: Այս միջավայրում ինչպե՞ս կարող է գիրքը տեղավորվել: Դա էլ է փուչիկ, ինչպես ամեն բան, ինչպես «Երեւանը մենք ենք», «Հայաստանը դու ես», «Իմ երգն իմ զենքն է» եւ այլն: Ես քաղաքապետարանի շենքի մոտից եմ գալիս, որտեղ մի խումբ երիտասարդներ փորձում են փրկել մի կտոր Երեւանը: Նրանք պայքարում են Մաշտոցի այգում տեղի ունեցող ծառահատումների դեմ: Եվ այն մարդկանց, ովքեր ամեն օր ինչ-ինչ լոզունգներ են տարածում եւ մեծ-մեծ խոսում են երեւանցու եւ Երեւանի մասին, նրանցից եւ ոչ մեկին չտեսա բողոքողների շարքերում: Ցավոք, այսօր քիչ չեն այն մտավորականները, ովքեր կարծում են, որ պաշտոնյայի համակրանքն ու թեւատակն ավելի լավ է, քան այգին: Տեսնում ես, թե որքանով են կապված գիրքն ու ծառը... Նաեւ նույն բաղադրությունն ունեն:
Ցավալի է, որ հոգեւոր արժեքները մղվում են տասներորդ պլան, ժողովրդին ամեն օր ու ամեն ժամ եթերային աղբ է հրամցվում` սերիալներ, ոչինչ չասող հարցազրույցներ: Վերջերս էլ նոր բան է նկատվում. մի հաղորդման հաղորդավարուհին զրույցի է հրավիրում մյուս հաղորդման հաղորդավարին, առավոտյան ծրագրի հյուրը երեկոյան ծրագրի հաղորդավարն է, երեկոյանինը` առավոտյանը, շարունակ նույն, ոչինչ չանող ու չասող մարդիկ են: Բոլորը երգում են, պարում են, ոչ մի հեռուստաալիք ինտելեկտուալ բանավեճեր չի ծավալում, ոչ ոք լուրջ թեմաներից չի խոսում: Որովհետեւ ձեռնտու չէ հասարակության մեջ անհատների ձեւավորմանը նպաստել: Անհատը միշտ էլ վտանգ է ներկայացնում հասարակության համար, ահա թե ինչու մշտապես պայքար կա անհատի դեմ: Անհատին անգամ հասարակ ժողովուրդը չի սիրում:
-Մեր հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, կարծեք թե այլեւս նույն վերաբերմունքը չունի գրքի հանդեպ, ինչ կար տարիներ առաջ: Ո՞րն է պատճառը:
-Գիրքը մեր տանը միշտ մեծ արժեք է եղել: Ես այն երջանիկներից եմ, որ մանուկ հասակում ծննդյանս օրերին գիրք եմ նվեր ստացել ու սպասել եմ հյուրերի հեռանալուն, որ ուսումնասիրեմ-կարդամ այն:
Գիրքն ինձ համար առաջին հերթին էներգետիկ եւ ոչ թե ինֆորմացիոն կրիչ է: Ես գրում եմ մի գիրք, նրա մեջ էներգիա եմ դնում, այդ գիրքը հասնում է ընթերցողին, եւ յուրաքանչյուր ոք յուրովի` իր ընկալումներով այդ գրքի մեջ նորից էներգիա է դնում, որը դարձյալ մի մարդուց մյուսին է փոխանցվում: Արվեստի էներգիան բավական զորեղ է, այդ էներգիան հնարավոր չէ ստանալ համացանցի կամ էլեկտրոնային գրքի միջոցով, որը կարդում ես, ըմբռնում ես ինֆորմացիան, բայց հոգեւոր նույն էներգիան չես ստանում: Ո՞վ կարող է բացատրել` ո՞րն է պատճառը, որ մենք ավելի անկեղծ աղոթում ենք հին` խնկահոտ, սեւացած պատերով եկեղեցում, երկյուղածությամբ ենք թերթում հին գիրքը: Կարծում եմ` պատճառն այն է, որ այդ հին գրքի մեջ ավելի շատ էներգիա կա, մի մարդուց մյուսին անցնելիս գիրքը երկա¯ր ճանապարհ է կտրել, հարստացել է: Բայց այսօր դա քչերին է հետաքրքրում: Ոչ մի քաղաքակիրթ երկրում դուք չեք տեսնի այսչափ ճոխ ու զեխ կյանք, ոչ մի երկրում չեք տեսնի նման ճոխ մեքենաներ, մենք կորցնում ենք հոգեւորը:
-Սա կապ ունի՞ հասարակության կրթվածության մակարդակի հետ: Մեր բուհերի տված կրթության հետ:
-Բուհը ընդամենը գիտելիք է վաճառում, եւ համոզված եմ, որ այդ անում է բարձր մակարդակով: Դրա վառ վկայությունը ԵՊՀ-ում սովորող բազմաթիվ օտարերկյա ուսանողներն են: Ցավալի խնդիրը մասնագիտություն ստացողների անհամաչափ բաշխվածությունն է: Այստեղ արդեն պետությունն անելիք ունի, պետք է լուծի զբաղվածության խնդիրը, որպեսզի բոլորը չցանկանան դառնալ իրավաբան եւ տնտեսա•ետ, հետո էլ տաքսի վարեն: Վատ է, երբ երիտասարդությունը գյուղում ապրել, աշխատել չի ուզում, բոլորը գալիս են Երեւան, Երեւանը գերբնակեցվում է, բոլորը դառնում են իրավաբաններ եւ դիվանագետներ, այսօր արդեն մեռնող մասնագիտություններ կան: Ես, օրինակ, հաճույքով կապրեի եւ կաշխատեի գյուղում, եթե խրախուսվեր ֆերմերային մշակույթը, եթե ֆինանսավորվեր այդ ոլորտը: Այսօր Հայաստանում այնպիսի հարկային համակարգ է գործում, որի պայմաններում, բնականաբար, գյուղական երիտասարդությունը չի ցանկանա մնալ եւ ապրել գյուղում, բոլորը փախչում են գյուղից: Զավեշտ է. այն, ինչը կարելի է մեզ մոտ արտադրել, ներկրում են դրսից: Ինչո՞ւ պետք է սոխը, սխտորը, օրինակ, Պարսկաստանից ներկրվի եւ վաճառվի տեղական նույն արտադրանքից էժան:
-Իսկ ի՞նչ հարցեր է արծարծում ժամանակակից գրականությունը: Ինչո՞ւ այն հետաքրքրություն չի առաջացնում երիտասարդ ընթերցողների մոտ:
-Մարդու գոյության իմաստի որոնում. օրեցօր փոփոխվող, անկայուն աշխարհում գտնել կայունություն, գտնել հույսի ճյուղ, որից կարելի է կառչել եւ իմաստավորել սեփական կյանքը: Երիտասարդների մի մասն, իրոք, սիրում է գրականություն, հատկապես, երբ գրականությունը նրանց անկեղծորեն եւ ազնիվ ես մատուցում, եւ ամենակարեւորը, ինքդ էլ այդպես ես ապրում իրական կյանքում: Իսկ ի՞նչն է խանգարում. բազմազբաղ կենցաղն ու ժամանակի ագրեսիան, մենք չափազանց ագրեսիվ կյանքով ենք ապրում: Անընդհատ ինչ-որ բան չենք հասցնում, մարդիկ մի քանի տեղ են աշխատում ոչ թե լավ ապրելու, այլ ընդամենը գոյատեւելու համար: Այս կենցաղապատումով էլ ի¯նչ արվեստ... Եվ այդ ագրեսիան օրեցօր բազմապատկվում է: Անգամ փողոցում մենք միմյանց հայացք չենք հանդուրժում, մենք կորցրել ենք մեր հավատը: Մարդը հոգեւոր արժեք այլեւս չի որոնում, ամեն ինչ տարվում է ռոբոտացման: Այսօր հեռուստատեսությունն ու համացանցն աշխատում են ի վնաս մեր ժողովրդի, մեր կյանքում դրական լիցքերը քիչ են: Սիմֆոնիկ երաժշտությունը շատերի ուղեղում աղերս է գտնում միայն հոգեհանգստի արարողության եւ սգո օրվա հետ: Մենք անգամ ազգային արժանապատվություն չունենք, այսօրվա աճող սերնդի ներկայացուցիչը բարձրաձայնում է, թե ադրբեջանական մելիզմներն իր ականջին հաճելի են եւ անմիջապես հայտնվում է հանրայինի ուղիղ եթերում...
-Այսինքն` մտավորականը հասկացված չէ՞:
-Իսկ ի՞նչ է անում այսօրվա մտավորականը: Ժամանակին նաեւ մեր թշնամին գիտեր հայ մտավորականի արժեքն ու դերը: Հիշենք, որ 1915-ի ապրիլին Օսմանյան կայսրությունում առաջին հերթին գլխատվեց հայ մտավորականությունը: Մեր օրերում շատերը ծախվեցին, Մաշտոցի այգու հանդեպ վերաբերմունքը անփոխարինելի լակմուսի թուղթ էր ստուգելու հայ որոշ «մտավորականների» ծախվածության աստիճանը:
-Իսկ գուցե երիտասարդ սերնդի պահանջմունքնե՞րն են այլ:
-Երիտասարդ սերունդը խիստ բեւեռացված է: Ես այսօր տեսնում եմ պայքարող, Մաշտոցի այգուն տեր կանգնել ցանկացող, իր իրավունքների համար պայքարող, չծախվող երիտասարդի եւ, միեւնույն ժամանակ, «կարիերիստ», քծնող, հանուն պաշտոնի ամեն ինչի պատրաստ մարդկանց: Ահա այս հակասության մեջ ծնվում ու շարունակվում է կյանքը, եւ ես հավատում եմ, որ այս մշտնջենական պայքարի մեջ մի օր կծնվի այն, ինչ մենք, իրոք, ուզում ենք տեսնել եւ ունենալ:
Ն.ԹՈԽՍԱՆՑ