6 апр. 2011 г.

www.eter.am
#14 (880) 07.04.2011

ԻՆՉ ԼԱՎ է, ՈՐ…

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԱՐՑԱԽՈՒՄ

Մարտի 31-ին մինչ համալսարանականների մի խումբը
Սյունիքի մարզով կուղեւորվեր Ստեփանակերտ, մյուս խումբը Վարդենիսի ճանապարհով հասել էր Քարվաճառ եւ ծառեր տնկել տարիներ առաջ ստեղծված պուրակում: Երեկոյան բոլորը հավաքվեցին Ստեփանակերտում: Ապրիլի 1-ին ԵՊՀ-ի եւ Արցախի պետական համալսարանի ուսանողներն անցկացրին գիտաժողով` նվիրված Լեռնահայաստանի 90 եւ Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակներին: Զեկուցումներով հանդես եկան 11 ուսանողներ, 8-ը` ԵՊՀ-ից, 3-ը` ԱրՊՀ-ից: ՙԱրցախի պետական համալսարանը միանում է ԵՊՀ ուսանողների` Ադրբեջանի իշխանություններին ուղղված հայտարարությանը` կապված սահմանի վրա հրադադարի հաճախակի խախտման հետ: Մենք` արցախցիներս, լինելով առաջին գծում, շատ լավ իմանալով մեր ժողովրդին, հայտարարում ենք. «Լսեք, բաքվեցիներ, չփորձեք մեզ հունից հանել. այս անգամ ձեզ փրկություն չի լինի»,- գիտաժողովի սկզբում նշեց ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը`ողջունելով երկու համալսարանների ուսանողների համատեղ նախաձեռնությունը: «Առիթը պատմականորեն կարեւոր է, որպեսզի մեկ անգամ եւս շեշտադրումներ անենք եւ կարեւորենք այդ մեծ մարդու` Գարեգին Նժդեհի վաստակը մեր ժողովրդի ու հայրենիքի առաջ եւ ընդգծենք Լեռնահայաստանի` որպես անկախ պետության ստեղծման փաստը: Լեռնահայաստանն ընդգրկել է Զանգեզուրը եւ հանդիսացել է մեր այսօրվա անկախ պետականության գրավականը»,- բացման խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա ուրախալի համարեց այն հանգամանքը, որ հայագիտության մասին խոսում են հատկապես երիտասարդները: Գիտաժողովից հետո համալսարանականները ծառատունկ կազմակերպեցին «Մենք ենք, մեր սարերը» արձանի մերձակայքում, ապա ԵՊՀ ուսանողներից եւ ղեկավարությունից կազմված փոքրիկ պատվիրակությանը ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա ոգեւորությամբ լսեց համալսարանականներին, որոնք առաջարկեցին մի շարք ծրագրեր: Դրանցից հատկապես կարեւորվեց այս տարի Քարվաճառում համահայկական ուսանողական հավաքի կազմակերպումը, որի մասնակիցների թիվը կհասնի շուրջ 200-ի: Պարոն Սահակյանը խոստացավ անմիջապես ընթացք տալ այդ ծրագրին: Նախագահը պատասխանեց նաեւ համալսարանականների հարցերին, որոնք վերաբերում էին ազատագրված տարածքների բնակեցմանը, նորակառույց օդանավակայանի բացմանը եւ այլն: Ապրիլի 2-ին պատվիրակության անդամները եղան Արցախի տեսարժան վայրերում: Ուսանողները, հաղթահարելով դժվարամատչելի բարձունքը, հասան Ազոխի քարանձավ, որտեղից գտնվել է մարդու ծնոտ (տարածաշրջանում ամենահինը): Ապա համալսարանականներն ուղեւորվեցին Ամարասի վանք: Այստեղ 5-րդ դարում` գրերի գյուտից անմիջապես հետո, հիմնվել է Արցախի առաջին ուսումնական կենտրոնը: Երեկոյան ուսանողներին սպասվում էր անակնկալ հանդիպում ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարների հետ: Հանդիպումը կայացավ հյուրանոցի ճաշարանում, ոչ պաշտոնական մթնոլորտում:
ԵՊՀ լրատվության վարչություն

1 комментарий: