#18 (884) 05. 05. 11
ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...
ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ. «ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՓՐԿԵՑ ԿԻԵՎԸ»

Ծնվել եմ Իրանում` դերասանների ընտանիքում: Ծնողներս իրանահայ թատրոնի հիմնադիրներից են եղել: Պապս` Հակոբ Գեղամյանը, աշուղ Ջիվանու գործընկերն էր: Իրանահայությունը շատ կապված էր հայրենիքի հետ: Կային մի քանի երիտասարդական կառույցներ, որոնք սփյուռքահայ համայնքում միշտ աչքի էին ընկնում իրենց ազգային գաղափարներով, գործունեությամբ: Ես դրանցից մեկի` «Մշակույթ» միության հիմնադիրներից էի: Հայտնի էր ՀՅԴ-ի հիմնած «Արարատ» երիտասարդական կառույցը, որը Իրանում մինչեւ հիմա գործում է: Ի տարբե
րություն մեզ` նրանք դեմ էին Խորհրդային Հայաստանին, բայց մենք Խորհրդային Միության կազմում եղող Հայաստանն ընդունում էինք:
Բայց եւ բոլորս էլ ապրում էինք մի երազանքով` ստեղծել, ունենալ մեր երկիրը, ապրել մեր հողի վրա: Ահա այս նպատակով էր, որ 1946 թվականի մայիսի 13-ին 10 մտերիմ ընկերներիս հետ եկա Հայաստան: Մեր խմբում էին հայ թատրոնի նվիրյալ Զարե Տեր-Կարապետյանը, երգիչ Հովհաննես Բադալյանը եւ այլք: Հորս երդվել էի, որ թատրոնի հետ կապ չեմ ունենա, որ դերասան չեմ դառնա: Ծնողներս իրենց ողջ կյանքը թատրոնին նվիրելուց հետո համարում էին, որ դա ծանր ասպարեզ է, եւ հայրս չէր ցանկանում, որ ես եւս այդ ուղին շարունակեմ, այնինչ հետագայում ես էլ, եղբայրս էլ` Արմանը, դարձանք թատրոնի ու կինոյի աշխարհի մարդիկ: Ես եկա եւ ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ:

Այդ ժամանակ համալսարանում ուսանողական թատերական խմբակ էր գործում: Խնդրագրով դիմեցի ռեկտոր ակադեմիկոս Հրաչիկ Բունիաթյանին: Նա սիրով համաձայնեց ու ասաց, որ պետք է սպասեմ` մինչեւ թատրոնի պարապմունքները սկսվեն: Ամեն օր մտնում էի նրա աշխատասենյակ ու հետաքրքրվում, իսկ թատրոնի բացումը հետաձգվում էր. ամառային արձակուրդի շրջան էր, պետք է սպասեինք մինչեւ դասերի սկսվելը: Բունիաթյանը զգաց, որ անհամբեր եմ, մի օր էլ, երբ հերթական անգամ գնացել էի համալսարան` հետաքրքրվելու թատրոնի աշխատանքներով, վերցրեց լսափողը, զանգահարեց Վավիկ
Վարդանյանին, խոսեց նրա հետ, ներկայացրեց ինձ եւ ուղարկեց նրա մոտ: Հետո իմացա, որ Վավիկ Վարդանյանը թատերական ինստիտուտի ռեկտորն է, եւ Բունիաթյանն ինձ թատերական ինստիտուտ է ուղարկել: Այդպես բանասեր դառնալու փոխարեն դրժեցի հորս տված խոստումս եւ մտա թատերական աշխարհ: Թեպետ հետպատերազմյան դժվար տարիներն էին, բայց Հայաստանում զարթոնք էր ապրում կրթությունը, մշակույթը: Կյանքը եռում էր: Այդ պայմաններում Վավիկ Վարդանյանի ջանքերով կազմավորվում էր թատերական ինստիտուտը: Բնական է, որ կուրսի մեծ մասը պատերազմից զորացրված տղաներ էին:
Գալիս էին ռազմաճակատից, պատմում գերմանացի գերիների մասին, խոսում իրենց քաջագործություններից: Նրանց մեջ իր մեծախոսությամբ աչքի էր ընկնում գյումրեցի մեր կուրսընկեր Ստեփան Մարտիրոսյանը: Ասում էր, թե Կիեւն ինքն է փրկել կործանումից: Բնական է` չէինք հավատում: Ինստիտուտն ավարտելուց հետո էլ ամբողջ Հայաստանում խոսում էին նրա մասին: Ուկրաինական մամուլը նույնպես գրել էր, թե ինչպես գերմանացիները Կիեւը լքելուց առաջ մետրոն ականապատել էին: Եվ Ստեփան Մարտիրոսյան անունով մի հայ զինվոր իր կյանքը վտանգելով կանխել էր Կիեւի կործանումը: Այնպես որ, Ստեփանը չէր չափազանցնում:
Իմ կուրսընկերներից էր Ռուբեն Մարտիրոսյանը:

Նա «Նահապետ» ֆիլմում մարմնավորում է Նահապետի քավորին, որ բերում է Արտամետի խնձորների կորիզները: Նա «01-99», «Քաջ Նազար» ֆիլմերի ռեժիսոր Ամասի Մարտիրոսյանի որդին էր: Ի դեպ, «01-99»-ի սցենարիստներն իմ լավագույն ընկերներն էին` Հայկ Վարդանյանն ու Զարե Տեր-Կարապետյանը: Այդ տարիներին մեզ հետ էր սովորում նաեւ Լեւոն Հախվերդյանը: Հիանալի դասախոսական կազմ կար թատերականում` Վարդան Աճեմյան, Լեւոն Քալանթար, Արմեն Գուլակյան, դասախոսներ էին հրավիրվում Մոսկվայից` Ջիվիլեգով, Գոյան եւ այլք: Մենք մեր ժամանցի մեծ մասը կամ ինստիտուտում էինք անցկացնում, կամ Սունդուկյանի թատրոնին կից Անգլիական այգում. ընկեր-ընկերուհիներով հաճախ մասնակցում էինք այնտեղ կազմակերպվող պարի երեկոներին: Ամենաթանկ նվերը, որ միմյանց անում էինք, թատրոնի տոմսն էր: Երեւանում այսօրվա պես ամեն քայլափոխի սրճարաններ չկային: Հայտնի էր միայն 50-ականների սկզբից այժմյան Կասկադի հարեւանությամբ գտնվող շենքերից մեկի առաջին հարկում գործող «Թեմուրանոցը», որը հայտնի էր ոչ միայն իր տապակած կարտոֆիլով ու նրբերշիկով, այլեւ ավազի մեջ եփվող իր սուրճով: Իհարկե, հիմա երիտասարդներն ավելի մեծ հնարավորություններ ունեն: Պետք է այդ ամենից ճիշտ օգտվել: Շատ եմ հավանում մեր այսօրվա երիտասարդությանը: Իհարկե, լավի կողքին վատը կա, եւ, ցավոք, այսօր այդ վատն ավելի շատ է երեւում, բայց եթե մի քիչ ուշադիր նայենք, լավերը մեծամասնություն են կազմում: Հիանալի ուսանողներ ունենք կոնսերվատորիայում, թատերական ինստիտուտում, համալսարանում:
Նորից անդրադառնանք իմ ուսանողական տարիներին: Ավարտական աշխատանքիս թեման Մոլիերի «Տարտյուֆն» էր` առաջին լուրջ փորձս թատրոնում, ռեժիսորական գործում, որը բավական լավ գնահատվեց հանձնաժողովի կողմից: Ավարտելուց հետո ես միառժամանակ աշխատեցի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում` որպես Աճեմյանի ասիստենտ: Այնուհետ տեղափոխվեցի այն ժամանակ երկար տարիներ չգործող տիկնիկային թատրոն` որպես գլխավոր ռեժիսոր: Վերաբացեցինք ու սկսեցինք աշխատել: Ավելի ուշ տեղափոխվեցի Գորիսի պետական թատրոն: Երկար տարիներ աշխատեցի Գորիսում: Հենց այդ տարիներին էր, որ եղբայրս` Արման Մանարյանը, որոշել էր որպես դիպլոմային աշխատանք նկարահանել «Տժվժիկ» ֆիլմը: Մորս խորհրդով, Արմանը եկավ Գորիս, գրադարանից վերցրինք Ատրպետի համանուն ստեղծագործությունը, ամբողջ գիշեր աշխատեցի: Առավոտյան «Տժվժիկի» սցենարն արդեն պատրաստ էր:
Ուսանողական տարիների ընկերներիս հետ մտերմությունը շարունակվել է երկար-երկար: Շատերն արդեն չկան, նրանց մասին հիշողություններն օգնում են ապրել ու աշխատել:
Գրի առավ ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑԸ
Լուսանկարներում` 2. ուսանողական ընկերներով, 3. Մանարյանների ընտանիքը