26 нояб. 2010 г.

N47(862) 25.11.10



www.eter.am

ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ, ԸՆՏՐԵՑԻ ԻՄ ԱՊԱԳԱ ՀԱՐՍՆԱՑՈՒԻՆ»

«Երեւան-Ակներ, 1949թ., սեպտեմբերի 10

Բարեւ, Հայրիկ ջան, դասերն արդեն սկսել ենք: Օրական 6-8 ժամ դասախոսություն ենք լսում: Հանրակացարանում հաջող տեղավորվել եմ: Մի սենյակում վեց հոգի ենք... Շատ լավ տղաներ են, միասին ճաշում ենք, միասին կինո ենք գնում: Տետրերի պակաս չունեմ: Գրադարանն էլ հարուստ է, ինչ գիրք պետք է լինում, կա: Թոշակս երբ ստանամ, մի նոր վերնաշապիկ եւ նասկիներ կառնեմ: Նանին բարեւիր եւ ասա` ինձ համար շատ չմտածի: Շուկան էլ մեր կողքին է, ամեն ինչ կա, փողն էլ շատ չեմ փչացնի, որ մինչեւ ամսվա վերջը բավականացնի: Նամակ գրիր, ո՞նց եք դուք, Նանը ո՞նց է: Խնձորը քաղեցի՞ք, թե՞ չէ. հո կարկուտ չեկա՞վ ինձնից հետո: Սարից խոտը բերեցի՞ր, թե՞ դեռ մնում է: Էն պեծիկ գառը չծախես, մեղք է, թող մեծանա: Քաղաքին վարժվել եմ, ազատ ման եմ գալիս, իմ մասին չմտածեք:

Բարեւում եմ Նանին, հարեւաններին: Ով հարցնի իմ մասին, ասեք, որ լավ եմ: Համբուրում եմ բոլորիդ: Ձեր Սուրեն»:

-Իմ անկեղծության, կարոտի, գեղեցկության, սիրո, ոգեշնչման չափանիշը իմ ծննդավայրն է, Իմ Լոռին, Իմ Ակներ գյուղը, Դեբեդը, Լալվարը, Ալավերդին, խորունկ ձորերը, սեգ սարերը, Լոռվա պարզամիտ ու շիտակ մարդիկ, Թումանյանի հեքիաթային աշխարհը: Դեռ մանկուց, երբ կով ու ոչխարին սարերն արածեցնելու էի տանում, հետս թուղթ ու մատիտ էի վերցնում, գրի էի առնում մտքերս,- իր մանկության տարիներն այսպես է հիշում բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ Սուրեն Մուրադյանը: -1952-ին ավարտեցի Երեւանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը եւ 1957-ին ավարտեցի Մոսկվայի ժուռնալիստիկայի բարձրագույն դպրոցի դասընթացները:

«Երեւան-Ակներ, 1952 թվական, օգոստոսի 5

Բարեւ Հայրիկ, Նանի ջան,

այսօր հանձնեցի պետական վերջին քննությունը: Հաջող ավարտեցի ինստիտուտը: Սեպտեմբերից աշխատելու եմ «Պիոներ կանչի» խմբագրությունում: Առայժմ աշխատավարձը քիչ կլինի, բայց խմբագիրը խոստացավ, որ շատ նյութեր կտպագրի, եւ ես բավարար հոնորար կստանամ: Դե, քանի որ ինստիտուտն ավարտել եմ, մեզ հանրակացարանից հանում են: Այդ մասին չմտածեք, ես արդեն վարձու սենյակ եմ ճարել Ամիրյան փողոցի վրա. հրապարակին շատ մոտ է: Ոտքով էլ կարող եմ գնալ մինչեւ խմբագրություն: Աշնան ամիսներին Երեւանում ապրելը համեմատաբար հեշտ է, շուկան առատ է, մրգերը` ծով: Իսկ ես միրգ շատ եմ սիրում: Մեկ-մեկ էլ կօգտվեմ ուսանողական ճաշարանից, որն ավելի էժան է: Եթե պետք լինի, տանն էլ ճաշ կպատրաստեմ, հանրակացարանում մի քանի ճաշ եփել եմ սովորել, այնպես որ չեմ դժվարանա: Հենց աշխատանքի անցնեմ, մի քանի օրով գյուղ կգամ: Հա, մոռացա ասել, որ ժողովածուս տպարանում է, շուտով լույս կտեսնի: Դրա համար էլ հոնորար կստանամ, գրիր` ինչ է պետք Երեւանից, որ գնեմ, հետս բերեմ: Երեւանում դեռ սաստիկ շոգ է, այնպես կուզեի այս պահին մեր սարում լինեի ու խմեի Չարդի սառն աղբյուրից: Էլ ի՞նչ գրեմ, լավ մնացեք, մինչեւ կհանդիպենք ու մի կուշտ կզրուցենք: Գրկում եմ, համբուրում: Ձեր Սուրեն»:


Նստածներից ձախից առաջինը` Սուրեն Մուրադյան

-Պարոն Մուրադյան, ովքե՞ր էին ձեր ուսանողական ընկերները:

-Լեզվաբան Պետրոս Բեդիրյանը, բանաստեղծուհի Մետաքսեն, այսօր բավական ճանաչված քուրդ բանաստեղծ Միքայելե Ռաշիդը եւ շատ ուրիշներ: Բավական մտերիմ էինք Մետաքսեի հետ: Փոխանակում էինք մեր գրած բանաստեղծությունները, կարդում, կարծիք հայտնում, խորհուրդներ տալիս միմյանց: Երրորդ կուրսում դասերից մեկի ժամանակ Մետաքսեն շրջվեց ու մի թուղթ դրեց առջեւս.

«Սիրով` Սուրեն Մուրադյանին.

Միշտ եղիր դու կենսուրախ,

Եղիր այդպես դու խնդուն,

Տխուր մարդը պաղ է, պաղ,

Երգով արի դու մեր տուն:

Քնքուշ մի երգ ունեմ ես,

Սիրո մի երգ, ջերմ, անկեղծ,

Որ գաս մեր տուն, կտամ քեզ,

Իմ սիրելի բանաստեղծ:

Մետաքսե»:

Հաճախ ընկերներով հավաքվում, նրա տուն էինք գնում, նա ապրում էր Գետառի ափին: Մի անգամ էլ Վահագն Կարենցի ղեկավարած գրական խմբակի պարապմունքից հետո Մետաքսեն ծանոթացրեց առաջին կուրսեցի Մարոյի հետ եւ խնդրեց, որ մինչեւ տուն ուղեկցեմ: Այդ հանդիպումը ճակատագրական եղավ. տարիներ անց ամուսնացա Մարոյի հետ...

-Բացի գրական հավաքույթներից ուրիշ ի՞նչ ուսանողական միջոցառումների էիք մասնակցում:

-Բավական հաճախ ծառատունկ էին կազմակերպում, եւ ես հաճույքով մասնակցում էի. մեր գյուղն էի հիշում, գյուղական աշխատանքը: Ի դեպ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը շրջապատող անտառն ամբողջությամբ ուսանողներն են տնկել, նրանց թվում եւ ես:

-Ե՞րբ արեցիք ձեր առաջին լուրջ քայլերը գրական ասպարեզում:

-Մի օր մեր գրաբարի դասախոս Աշոտ Աբրահամյանը մտավ լսարան եւ ասաց. Այս օրը Մուրադյան Սուրենի համար հիշարժան է: Ապա դառնալով ուսանողներին` ասաց. «Կարդացեք «Գրական թերթը»: Եթե մեր մեծ գրող Դերենիկ Դեմիրճյանն այդպես է արտահայտվել Սուրենի մասին, նա պետք է հպարտանա»: Դասամիջոցին բոլորի ձեռքին «Գրական թերթն» է»: 1951 թվականի դեկտեմբերի 25-ի համարի իր «Նոր ծիլեր» հոդվածում Դերենիկ Դեմիրճյանը գրել էր. «Լավ է իր պարզությամբ, բնականությամբ եւ անմիջականությամ «Քարտաշի սերը» բանաստեղծությունը: Չնայած շատ անհավասարությունների` Սուրեն Մուրադյանն ունի զարգանալու պոտենցիալներ»: Այդ ժամանակ ես արդեն տպագրվում էի «Պիոներ կանչ», «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» երգիծական հանդեսում, «Խորհրդային Հայաստան» ամսագրում: Իսկ արդեն 1953-ին տպագրվեց իմ մանկական անդրանիկ ժողովածուն` «Առաջին երգը»: Մեկ տարի անց` երկրորդը` «Ինչքան լավ է դրսում, բայց այն ո՞վ է մրսում»-ը... Այսօր արդեն մանկական, քնարական, երգիծական ժանրի 90 գրքի հեղինակ եմ, որոնք տպագրվել են աշխարհի 17 լեզուներով, այդ թվում ռուսերեն, ուկրաիներեն, արաբերեն, պարսկերեն, վրացերեն: Իմ խոսքերի հիման վրա 250-ից ավելի երգ է գրվել, Էմմա Միհրանյանի երաժշտությամբ թողարկվել է հայկական առաջին մանկական ձայներիզը իմ «Վախկոտ պարծենկոտը» չափածո հեքիաթի հիման վրա, որտեղ նապաստակի դերերգը կատարում է Նադեժդա Սարգսյանը:


Վ. Անանյանի հետ

-Պարոն Մուրադյան, այսօր երիտասարդ ստեղծագործողների շրջանում ձեր գործը շարունակողների տեսնո՞ւմ եք:

-Ոչ միայն ինձ, այլեւ գրողներից շատերին է մտահոգում, որ մենք նոր, ինքնատիպ մանկագիրներ չունենք: Նոր խոսք, նոր ասելիք չկա: Պատճառներից մեկն էլ այն է, որ խարխվել են մշակույթի, գրքի, գրողի, արվեստագետի գնահատման բոլոր չափանիշները: Շատ մարդիկ, որոնք պետք է լինեին վարագույրի հետեւում, կուլիսներում, բախտի բերմամբ հայտնվել են բեմի վրա, ամբիոնի մոտ, կյանքի առաջին գծում` որպես սպառողներ, վայելողներ: Բայց չէ՞ որ շախմատի խաղի վերջում թագավորն ու զինվորը նույն կարգավիճակով ծվարում են նույն տուփի մեջ: Ուզում եմ, որ մեր երիտասարդները հիշեն. իմ պատկերացմամբ, աշխարհը կանգնած է չորս բարոյական սյուների վրա` սեր, հավատ, բարություն, աշխատանք. փորձիր կտրել այդ սյուներից մեկը, առաստաղը փուլ կգա ու մեծ աղետ կպատահի:

Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Հ.Գ.- Նոյեմբերի 26-ին լրանում է սիրված բանաստեղծի ծննդյան 80-ամյակը: Մեր խմբագրությունը շնորհավորում է Սուրեն Մուրադյանին եւ ցանկանում քաջառողջություն, նոր գրքեր մեծերի ու մանուկների համար: