13 июн. 2013 г.

www.eter.am

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

«ԻՍԿ ԴՈՒՔ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԳՆԱ՞ Ք…» 

Հերթական աշխատանքային այցով Դիլիջանում էի: Քաղաքն օր օրի գեղեցկանում, ճոխանում է: Համաշխարհային բանկի գլխամասն են կառուցում, աշխատակիցների համար` ձեղնահարկերով ծառայողական շենքեր (պահպանվում է Դիլիջանի ճարտարապետական դիմագիծը), մայթեզրի քարերն են փոխում, քաղաքը ծաղկապատվում է: Երբ վերջերս Սիսիանում էի, բնակիչներից բողոքներ լսեցի, թե հանրապետության բոլոր խոշոր քաղաքները բարեկարգում են, իսկ Սիսիանը ուշադրության չի արժանանում: «Ծաղկաձորը դարձրին զբոսաշրջության գոտի, Գորիսը Տաթեւի վանքի շնորհիվ միշտ ուշադրության կենտրոնում է, Ջերմուկը դեռ խորհրդային տարիներից առողջարանային կենտրոն էր, բա մենք ի ՞  նչ ասենք, միշտ անտեսված ենք»,- դժգոհում էին սիսիանցիները: Իսկ դիլիջանցիները գո՞ հ են, որ իրենց քաղաքը բարեկարգվում է: Ցավալի, բայց անհերքելի իրողություն է. դիլիջանցուն սեփական քաղաքի տեսքն ամենաքիչն է հետաքրքրում: «Բալիկ ջան, երբ մարդիկ հացի խնդիր ունեն, մեկ է` կքանդե՞ ն, թե՞  կսարքեն»,- ասաց դիլիջանցի Սամվել պապը: Նրա խոսքերն ինձ ցավ պատճառեցին, բայց մտածեցի նաեւ, թե կատարվող գեղեցիկ փոփոխությունները տեսնելուն մի քիչ խանգարում է Սամվել պապի տարիքը: Շարունակեցի զրուցել մայրաքաղաքից հեռու ապրող մարդկանց հետ, լսել նրանց խոսք ու զրույցը: Հետո ընկերներով սկսեցինք քննարկել, ու որքան մեր զրույցը ծավալվում էր, այնքան դժվար էր դառնում հասկանալ` ո՞ վ է սխալը, ո՞ վ է մեղավորը: Երբ հեռու այդ ամենից` քո տաքուկ բնակարանում մուրաբայով թեյ ես վայելում ու դրսից նայում կարկուտի փոքրիկ հատիկներին, նրանք լոկ չարաճճի էակներ են թվում, որ նետվում են պատուհանիդ ու քեզ խաղի հրավիրում: Այդ փոքրիկ հատիկները զվարճացնում են քեզ, բայց դրանք աղետ են գյուղացու համար, այն գյուղացու, որի մշակած բերքն ես վայելում ամռանը, որի տնկած ծառերի ստվերում արձակուրդին հանգիստդ ես անցկացնում: Միշտ էլ հեշտ է հեռվից դատելը, քննադատելը, մեղավորներ գտնելը, բայց տեղում պատկերը լիովին փոխվում է: Դիլիջանի կենտրոնում մռայլ ու դժնադեմ մի լիճ կա: Դիլիջանում լինելու դեպքում, սովորույթի համաձայն, երեկոյան այս լճի մոտ ենք հավաքվում ու զրուցում: Դիլիջանցիներն էլ այս տեղը սիրում են, հատկապես ամռան ամիսներին այստեղ բավական աշխույժ է: Հիմա էլ լճի մոտ ենք ու աղմկելով խոսում ենք, քննադատում ղեկավարներին ու ժողովրդին, դժգոհում ենք թանկությունից, անարդարությունից, արտագաղթից… Ու հարեւան նստարանից մի տարեց մարդ, հայացքը լճի` քամուց տատանվող մակերեւույթից չշեղելով, ասես ինքն իր հետ խոսելով, արձագանքում է. «Ամեն առավոտ եկեք տեսեք քանի ավտոբուս է անցնում այստեղով, մարդիկ գնում են, գլխապատառ փախչում են, իրենք էլ չգիտեն` ուր, բայց գնում են, փախչում են իրենք իրենցից: Պապս Իգդիրում մեծ տուն է ունեցել, պարտեզներ, խաղողի այգիներ, շներ, ձիեր, ամեն ինչ վաճառել է, տան դուռը կողպել ու գաղթել է Հայաստան, ջարդից է փախել: Հիմա էլ հարեւանս, բարեկամս, եղբայրս են դուռը կողպում ու բռնում գաղթի ճամփան, փախչում են… Ես չեմ գնալու, ես մնալու եմ, մնալու եմ, որ վերջում տեսնեմ` ի՞ նչ է լինում, ներսից տեսնեմ»: Տարեց զրուցակիցս մինչեւ վերջ էլ չներկայացավ. «Աշոտ, Պողոս, Արամ… ի՞ նչ նշանակություն ունի, քույրիկ, հայ եմ ու վերջ: Գիտես` հենց քո տարիքին կլիներ քույրս քսան տարի առաջ: Թողեցի մենակ ու անտեր, մի գիշեր թաքուն ճամփա ընկա դեպի Երեւան: Կյանքի զարկերակը Երեւանում էր, բայց ոչ նրա համար, որ մայրաքաղաքն էր, այլ` որ այնտեղ էր որոշվում ազգի ճակատագիրը: Էլ չէի դիմանում. ազգիս ճակատագիրն էր որոշվում: Հայրս ու մայրս երկրաշարժի փլատակների տակ մնացին: Լենինականից եկանք Դիլիջան, բայց կյանքը շատ էր ցավացրել, հանգիստ ապրել չկարողացանք: Վերջը գնացի Երեւան: Ազատության հրապարակում կարգին տղերքի հանդիպեցի, ընկերացանք: Մեծ մասը պոլիտեխնիկի, համալսարանի ուսանողներ էին, համոզեցին, փաստաթղթերս դասավորեցինք, համալսարան ընդունվեցի: Է¯, բալիկս, էն տարիներին էսօրվա պես չէր, էսօր շատացել են իրենք իրենց համար կեղծ արժեքներ հորինած ջահելները: Գալիս են ընտրություններից առաջ, մեր աչքերին նայելով առանց ամաչելու ի¯նչ ճառեր են ասում, մեզ հայրենիք սիրել, ապրել են սովորեցնում… Հետո՞ »
Ազդված լսում եմ զրուցակցիս, տղաները մոտակա խանութ են շտապում ու վերադառնում են գարեջրի շշերով: Առանց ավելորդ խոսքերի առաջին շիշը մեկնում են նրան: Գուցե հուզմունքը մեղմվի, բայց զսպված զայրույթից աչքերը կարմրում են, դողացող մատները հպում է քրտնած ճակատին: «Թաթուլին գիտես` Կրպեյան Թաթուլին, մորուքով, սեւ-սեւ պսպղացող աչքերով…»,- ասում է ու գլխիս շարժումով դրական պատասխան ստանալուց հետո շարունակում է,- Թաթուլն ախպերս էր, մի կուրսից էինք: Ի¯նչ երազանքներ ուներ, ինչ հույսեր: Երես չունեմ, որ եղբորս գերեզմանին գնամ: Երբեմն մտածում եմ` երանի ես էլ Գետաշենում մնայի… Քույրիկ ջան, մենք կուսակցություն չունեինք, մեր կուսակցությունները մեր ջոկատներն էին, պատերազմը իմաստավորեց մեր ուսանողական տարիները: Մենք ջահել էինք, բայց ապացուցեցինք, որ մենք ենք մեր երկրի տերը, մենք ոգի ունեինք, պայքարել գիտեինք, թասիբ ունեինք, տղամարդ էինք, գլուխներս ջուր չէր, հասկանում էինք` ինչ է կատարվում: Իսկ էսօր, էսօր էս ինչ է կատարվում: Էսօր, քույրիկ, ո՞ վ պատերազմ կգնա: Բանակ չեն ուզում գնալ, էլ ուր մնաց պատերազմ: Լավ տղերք կան, բան չեմ ասում, բայց դուք, տղերք, շատերը չեն գնա, չեն կռվի, չեն դիմանա, որովհետեւ ձեզ սխալ են դաստիարակել: Առաջին պատահած ավտոբուսով կփախչեք. պայքարել չեք ուզում, փոխել չեք ուզում, դիմանալ չգիտեք: Գարեջրի համար շնորհակալ եմ, տղերք, պատերազմի տարիներին սա մեծ հաճույք էր… Անիծվի պատերազմը»: Տղամարդը արդեն դատարկ շշի մեջ ինչ-որ անհասկանալի մեղեդի փչելով դանդաղ հեռացավ` չուզենալով լսել մեր առարկությունը: Իսկ մենք դեռ երկար խոսում ու վիճում էինք: Լռելուց հետո էլ ամեն մեկիս ներսում վեճն ու կռիվը շարունակվում էր: Ինչպե՞ ս անենք, որ այս կռվում տանուլ չտանք…

Շ.Հ.

12 июн. 2013 г.

www.eter.am

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ


ԲԱՆԱԿԸ ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է

Փեսացուս ազգային բանակի սպա է, հորեղբայրս ծառայել է հայոց բանակում դեռ Արցախյան պատերազմի տարիներին: Երկուսի հետ էլ առիթի դեպքում զրուցում եմ բանակային տարբեր թեմաների շուրջ: Երկու տարբեր սերունդների ներկայացուցիչներ, երկու տարբեր հայացքներ բանակի մասին: Տա Աստված, որ Հայոց աշխարհը մշտապես խաղաղ լինի, եւ բոլոր զինվորականները` ժամկետային զինվորից մինչեւ գեներալ, խաղաղ պայմաններում կատարեն իրենց պարտավորություններն ու մասնագիտական պարտքը: Սակայն վերջերս տեղի ունեցած իրադարձությունները մեծ ցավ են պատճառում եւ խորհելու տեղիք տալիս: Աններելի է խաղաղ պայմաններում այսքան զոհ տալը, բայց չի կարելի պնդել, որ դա միայն բանակի մեղքն է: Մենք չենք ուզում հասկանալ, որ յուրաքանչյուր զինվորի, սպայի կյանքի համար մենք ազգովի ենք պատասխանատու: Ի՞  նչ արժեքներով ու ի՞  նչ ոգով ենք մենք դաստիարակում մեր երեխաներին: Ի՞  նչ է տեսնում ապագա զինակոչիկը հեռուստաէկրանին` էժանագին հայկական սերիալներ, որտեղ այնքան հեշտ է սպանելը: Այսօր դպրոցում ուսուցիչը աշակերտի վրա ձայն բարձրացնելու, նրան նախատելու կամ դիտողություն անելու իրավունք չունի. դա համարվում է երեխայի իրավունքների ոտնահարում: Այդ երեխան, որը եւ դպրոցում, եւ տանը անում է այն, ինչ ուզում է, բնական է համարում, որ պիտի ստանա սրտի ուզածը, բնական է, որ բանակի խիստ կանոնակարգին չի դիմանալու եւ անընդհատ տարաձայնություններ է ունենալու թե ծառայակիցների, թե սպայակազմի հետ: Շատ ընտանիքներում ընդունված է տղա երեխային մանուկ հասակից հայհոյանքներ սովորեցնելը եւ, որ զարմանալի է, դրանով հպարտանալը: Մարդիկ չեն գիտակցում, որ ընդամենը մի հայհոյանքը հետո մի քանի կյանք է արժենալու: Մենք չենք հասկանում, որ երբ դեռ մանուկ հասակից մենք ինքներս մեզ համար ինքնահաստատվելու ոլորտներ չենք փնտրում, երբ մենք մեզ չենք բացահայտում, երբ մեզ համար աշխարհը մինչեւ պատանեկություն միագույն է, այս ամենը զանազան բարդույթներ է առաջացնելու, որոնք հետո խանգարելու են որոշակի միջավայրին հարմարվել, խանգարելու են բանակում եւ առհասարակ ամբողջ կյանքում մարդկային շփումներ հաստատելիս: Ես այնքան կուզենայի, որ մենք հոգատար լինեինք մեկս մյուսի հանդեպ, սովորեինք ժպտալ միմյանց, սիրել, օգնել, սովորեինք միասին կառուցել մեր հասարակությունն ու մեր երկիրը, որն այնքան ժամանակ մերը չի լինի, որքան մենք նրան օտարի պես կվերաբերվենք, քանի դեռ չենք հասկանա, որ մեր բանակը մեր ազգային հպարտությունն է, քանի դեռ անտարբեր կլինենք միմյանց, ի վերջո` մեր երկրի նկատմամբ: Մենք երբեմն չափազանց հանդուրժող ենք մանր թվացող կարեւոր խնդիրների հանդեպ, որոնք հետո մեծագույն պատուհաս են դառնում ու թունավորում մեր կյանքը: Մենք երբեմն միայն պահանջում ենք ու ոչինչ չենք տալիս: Հիշո՞  ւմ եք Փոքրիկ իշխանին. նա ամեն օր մաքրում էր իր մոլորակը բաոբաբի ծիլերից, մաքրում էր բոլոր հրաբուխները եւ անգամ չգործող հրաբուխը…

ՆԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

www.eter.am

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ


ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ` ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


Վերջերս մայիսյան հաղթանակների կապակցությամբ մի միջոցառման էի մասնակցում: Երբ հնչեց ազգային բանակի հիմնը` հանդիսականներից ոչ մեկը ոտքի չկանգնեց: Մենք դժգոհությամբ ենք մի քանի րոպե հոտնկայս դիմանում նույնիսկ այն ժամանակ, երբ հնչում է մեր պետական օրհներգը: Նկատել եմ` ոչ բոլոր քաղաքական գործիչներն են երգում մեր օրհներգը, այնինչ դա, անկասկած, վերաբերմունք է ձեւավորում: Երբ հեռուստատեսությամբ ֆուտբոլային խաղեր եմ նայում, զարմանում եմ, թե ինչպես ազգային հավաքականների բոլոր անդամները ոգեւորված երգում են իրենց հիմնը, իսկ մեր տղանե՞ րը... Մի՞ թե դժվար է երկու քառատող սովորելը: Տատս մի լավ խոսք ունի, ասում է. «Խաչին տերն է զորավոր դարձնում» : Ոմանք գուցե իմ կարծիքը ծայրահեղ համարեն, բայց ես համոզված եմ. արժեքները, որոնք մենք այսօր հրաժարվում ենք ընդունել, աստիճանաբար օտարանալու են: Հարեւան Թուրքիայում, անկախ ազգային պատկանելությունից, յուրաքանչյուր երեխա ամեն առավոտ դպրոցում, մանկապարտեզում, երիտասարդները` բուհերում, կրկնում են. «Երջանիկ է նա, ով թուրք է»: Իսկ մենք երջանի՞ կ ենք, որ մենք հայ ենք: Գուցե մեկն ասի. «Ի՞ նչ մի երջանկություն է հայ լինելը»: Մեկն էլ գուցե կրկնի «Երկիրը երկիր չի» արդեն սովորական դարձած արտահայտությունը... Բայց չէ՞  որ վատից վատն էլ է լինում, իսկ մեր երկիրը սա է: Այդպես չե՞ նք դատում նաեւ այն դեպքում, երբ մեր ազգի պատմությունը չենք ուսումնասիրում ու չենք ուզում ճանաչել ինքներս մեզ: Հարեւան Ադրբեջանում հսկայածավալ ֆոնդեր են հատկացվում պատմությունը կեղծելու, հորինված ադրբեջանամետ պատմություն ստեղծելու համար: Եվ այս ամենը միայն Ադրբեջանի մատաղ սերնդին պետականամետ հայացքներով դաստիարակելու, ալիեւյան պաշտամունք սերմանելու համար: Իսկ մենք, մենք անգամ իրական պատմությունն ենք զլանում հավուր պատշաճի ներկայացնել մեր սերունդներին: Մենք մեր պատմությունը նոր սերնդին ներկայացնելը ոչ թե պետք է սոսկ դպրոցական ծրագրի մաս համարենք, այլեւ նպատակ, կարեւորագույն խնդիր: Մենք հաղթանակած բանակի զինվորներն ենք, մենք հաղթանակի ու անկախության սերունդն ենք, բայց չենք գիտակցում դրա արժեքը, մեզ պարտավորված ու պատասխանատու չենք զգում: Մենք հաղթական ոգով չենք ապրում, մեր հպարտությունն ինչ-որ տեղ թերի է: Ցավոք, այսօրվա աշակերտը դպրոցն ավարտում է` առանց իմանալու, թե որտեղ է գտնվում Արցախը, ինչ պատմամշակութային վայրեր ու կոթողներ կան այնտեղ, ինչ է իրենից ներկայացնում հայ-ադրբեջանական հակամարտությունը, չեն ճանաչում մեր հերոսներին: Իսկ Ադրբեջանում այսօր մեծանում է մի սերունդ, որը դեռ օրորոցից հստակ ճանաչում է իր թշնամուն եւ գիտի հանուն ինչ նպատակի ու գաղափարի է ապրում: Գուցե, իրոք, ադրբեջանական բանակը պարտվեց, որովհետեւ չէր հավատում իր հաղթանակին, որովհետեւ հոգու խորքում նրանք գիտեին, որ արդար չէ իրենց պահանջը, բայց այսօրվա սերունդը վաղվա պատերազմում այդպես չի մտածելու, նա այսօր այլ կերպ, այլ գաղափարներով է դաստիարակվում: Մենք ծաղրով ու քննադատությամբ ենք վերաբերվում այն երեւույթին, որ Թուրքիայում յուրաքանչյուր շինության, այդ թվում հայկական հուշարձանների վրա թուրքական դրոշն է ծածանվում: Մենք ամերիկյան դրոշով հագուստ ենք կրում ու չենք հասկանում, թե իրականում ինչ ենք անում: Ամերիկան իր դրոշի գույները, աստղերը նորաձեւության մեջ կիրառելով` կարողացավ հասնել նրան, որ տարածեց իր մշակույթն ամբողջ աշխարհով մեկ: Վերջերս շատ է խոսվում ազգային գաղափարախոսության հայեցակարգի մասին, տարբեր գիտաժողովներ են կազմակերպվում: Ծիծաղելի է, մի ժողովուրդ, որ աշխարհի հնագույն ժողովուրդների շարքին է դասվում, չունի անգամ ազգային գաղափարախոսություն: Իսկ այդ մասին խոսելն էլ վերածվել է ժամանակակից երեւալու պես մի բանի: Մենք պետք է ճանաչենք մեր ազգը, սիրենք մեր հայրենիքը, սրտացավ պիտի լինենք միմյանց նկատմամբ, ապրենք մեկս մյուսի հոգս ու ցավով եւ, որ ամենակարեւորն է, պետք է սովորենք ազգի մասին խոսելիս օտարի նման, կողմնակի դիտորդի պես սառնասրտորեն չքննադատել, այլ մտածենք ինչ-որ բան շտկելու, արատավոր երեւույթները կանխելու ու վերացնելու մասին:

ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ