Показаны сообщения с ярлыком Շուշիի ազատագրում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Շուշիի ազատագրում. Показать все сообщения

3 янв. 2012 г.

www.eter.am


Բանակը եւ մտավորականությունը


ՇԱՎԱՐՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ. ՄԻԱԿ ՕՊԵՐԱՏՈՐԸ, ՈՒՄ ՀԱՋՈՂՎԵԼ ԷՐ ՏԵՍԱԳՐԵԼ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ 


Շավարշ Վարդանյանն այն եզակի լրագրող-օպերատորներից է, ովքեր մեր ազատագրական պայքարի տարիներին չերկնչեցին մեկնել Արցախ, լինել հայ զինվորի, հայ մարտիկի կողքին, արձանագրել ու տեսագրել նրա մարտական սխրանքի ուղին, որ ի պահ հանձնեն սերունդներին: Նա այն մարդկանցից է, ովքեր հայի արդար պահանջը լսելի էին դարձնում գերտերություններին, ովքեր իրենց տեսանյութերով համայն աշխարհին պատմում էին հայության պայքարի մասին: ՀՀ կառավարության կողմից Շավարշ Վարդանյանը պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Մարշալ Բաղրամյան» մեդալով եւ անվանական զենքով: ԼՂՀ կառավարության կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ ՀՀ մշակույթի նախարարության կողմից` «Ոսկե» մեդալով: 1992-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի առաջարկով հայոց նորաստեղծ բանակում հիմնադրել է մամուլի եւ լրատվության վարչությունը` մինչեւ 1995-ը աշխատելով որպես վարչության պետի տեղակալ: Այս շաբաթ մեր խորագրի հյուրը ռեժիսոր, օպերատոր Շավարշ Վարդանյանն է:


-Ծնվել եմ Գյումրիում: Դպրոցն ավարտելուց հետո ծառայել եմ խորհրդային բանակում, այնուհետ ընդունվել եմ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, բայց զգում էի` ինձնից դերասան դուրս չի գա: Ուսումս կիսատ թողեցի, մեկնեցի Մոսկվա: 1977-1982թթ. սովորեցի Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի կինոօպերատորական ֆակուլտետում: Վերադարձա Հայաստան: Հիշում եմ` ռուսական «Լենֆիլմ» կինոստուդիայի նկարահանող խումբը մեզ մոտ էր, նկարահանումներ էին անում: Գնացի, ծանոթացա նրանց հետ, ընկերացա: Ինձ իրենց հետ Լենինգրադ տարան: Սկզբում որպես բանվոր էի աշխատում, հետո որպես լուսավորող, աստիճանաբար մտերմացա օպերատորների ասիստենտների հետ ու նրանցից շատ բան սովորեցի` ժապավեն լիցքավորել, աշխատել տեխնիկայի հետ եւ այլն: Մի անգամ, երեւի իմ բախտից էր, օպերատորներից մեկի ասիստենտը հիվանդության պատճառով բացակայում էր, ես նրան փոխարինեցի, եւ այդպես սկսվեց իմ մասնագիտական կարիերան: Որոշ ժամանակ այնտեղ աշխատելուց հետո վերադարձա Հայաստան: Միմյանց հետեւից նկարահանվեցին բազմաթիվ ֆիլմեր` «Ձնծաղիկներ եւ էդելվեյսներ» (1981թ., գֆ, օպերատոր), «Ամենատաք երկիրը» (1982թ., գֆ, բեմադրող օպերատոր), «Կտոր մը երկինք» (1982թ., գֆ, օպերատոր), «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ., գֆ, բեմադրող օպերատոր) եւ այլն:


-Բայց աստիճանաբար թեման փոխվեց:


-1988-1990 թվականներին բոլորիս կյանքը փոխվեց: Ով ինչ անում էր` պետք է կապված լիներ Արցախի կամ Հայաստանի անկախացման հետ: Հայրենիքը բոլորիս օգնության կարիքն ուներ, եւ ամեն ոք անում էր այն, ինչ կարող էր. մեկը զենքով էր կռվում, կանայք թիկունքն էին պահում, մտավորականությունը հոդվածներ էր հրապարակում, գրքեր տպագրում, ժողովրդին պայքարի ոգի ներարկում, իսկ մենք` օպերատոր, ռեժիսոր, լրագրող…, պատմության համար արձանագրում էինք այն, ինչը հետո պետք է վկայությունը դառնար մեր արդարացի պայքարի: 1988-ից մինչեւ 1994-ի մայիսը` զինադադարի հռչակումը, ակտիվորեն մասնակցել եմ Արցախի համար մղվող ազատագրական պայքարին: Եղել եմ Արցախյան հերոսամարտի թեժ կետերում` նկարահանել եմ 1000 ժամից ավելի պատմափաստավավերագրական կադրեր, որոնք պատկերում են իր հողի անկախության համար պայքարող ազատատենչ հայի իսկական կերպարը, պատմում մեր ժողովրդի ոգու ուժի ու տոկունության մասին: Այդ կադրերը, իբրեւ յուրօրինակ մասունք, հետագա սերունդներին կհիշեցնեն հերոսամարտի եւ հայրենիքի ճակատագրով տոչորվող մարդկանց կյանքն ու պայքարը, նրանց կատարած սխրանքները: Այս ամենն ամփոփվել է նաեւ մի շարք հեղինակային եւ այլ ֆիլմերում` «Հայաստան»«20 օր Արցախում»«Ցեղի կանչը»«Սպիտակ արջը»«Վկայություն»«Թիրախ», նաեւ` «Հենման կետ»«Թատերական հրապարակ»«Պարետային ժամ»«Ղարաբաղյան շարժում»«Շրջափակում»:


-Դուք այն եզակի օպերատորն էիք, ում հաջողվել էր տեսագրել Շուշիի ազատագրման բացառիկ կադրերը: Փաստորեն Շուշին յուրովի ՞  էինք ուզում նվաճել` տեսախցիկներո ՞ վ:


-Արդեն գիտեինք, որ նախատեսվում է Շուշիի ազատագրման օպերացիան: Պայմանավորվել էի մի քանի գործընկեր օպերատորների հետ, որ մի քանի կողմից նկարահանենք հարձակումը, մերոնց մուտքն ու բերդաքաղաքի ազատագրումը. չէ ՞  որ դա պատմական աննախադեպ իրողություն էր դառնալու, սերունդների համար անչափ կարեւոր ժառանգություն: Ոմանք համաձայնեցին իմ` փոքր-ինչ խենթ թվացող առաջարկի հետ, ոմանք վախեցան` դժվար կլինի գրոհի ընթացքում տեսախցիկ միացնել ու տեսագրել… Հետո, երբ գործողությունը պսակվեց մերոնց հաղթանակով, պարզվեց, որ միայն ես եմ նկարել… Անգամ նրանք, ովքեր խոստացել էին օգնել, ուղղակի լքել էին իրենց «դիրքերը»: 18 տեսաերիզ նկարել էի, 36 ժամ չէի հեռացել տեսախցիկից: Ցավոք, ինքնաթիռը, որով տեսանյութերն էինք տեղափոխում, պայթեցրին: Ահա թե ինչու հիմա այդ կադրերը չկան: Այդ իրադարձությունների ժամանակ ծանր վիրավորվեցի: Սակայն ապաքինվելուց անմիջապես հետո մեկնեցի ճակատ, այս անգամ որդուս հետ` Ֆիզուլի, Հորադիզ… Այդ ժամանակ արդեն աշխույժ աշխատում էր ՊՆ լրատվության վարչության «Զինուժ» ծրագիրը: Եթեր էին հեռարձակվում իմ եւ ընկերներիս տեսագրությունները, մեր պատրաստած հաղորդումները` ազատամարտիկների, ազատագրված տարածքների մասին, ցուցադրվում էին տեսանյութեր առաջին գծից եւ այլն: Մենք դարձել էինք Արցախի նոր պատմության վավերագրողները…
Անցան տարիներ, շատ ու շատ զինվորականների նման ես էլ անցա կենսաթոշակի ու թողեցի զինվորական գործը, բայց քանի դեռ ուժ ու ավյուն ունեմ, ծառայելու եմ հայրենիքիս: Զբաղվում եմ երիտասարդ օպերատորների կրթությամբ: Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում դասավանդում եմ «Կինոօպերատորական գործ» առարկան:


-Պարոն Վարդանյան, թերեւս այն տարիներին Հայաստանում եւ Արցախում յուրաքանչյուրը յուրովի, իր ուժերի ներածին չափով նպաստել է ընդհանուր գործին: Դուք էլ նշանակալի ավանդ ունեք հայոց բանակի կազմավորման, մեր անկախության ձեռքբերման գործում: Ի՞նչ կմաղթեք 2012-ին իր կազմավորման 20-ամյակը տոնող մեր բանակին:


-Ֆիզիկական մեծ ուժ, առողջ հոգի, ոգեղեն ամրություն: Ես հայ մայրերին ու քույրերին կոչ եմ անում չպատսպարել, չթաքցնել իրենց որդիներին, եղբայրներին սեփական երկրից: Ես պահեմ, դուք պահեք, բոլորս հրաժարվենք զենք վերցնելուց, իսկ ո ՞ վ պետք է մեզ պահի: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է կատարել հայրենիքի հանդեպ իր պարտքը: Երեխան` դեռ նորածին, արդեն զինվոր պիտի դաստիարակվի. այդ է պարտադրում մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը: Մեր երկիրն այսօր կրճատվել, մի բուռ է դարձել, որովհետեւ մենք երբեք հզոր, հոգեպես առողջ, միասնական, կազմավորված բանակ չենք ունեցել: Այսօր ունենք ամուր բանակ, ամենքս պիտի ջատագով լինենք մեր բանակին, ամենքս պետք է աջակցենք, որպեսզի մեր բանակը ուժեղ լինի ու հզոր:


ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

23 июн. 2011 г.

www.eter.am
#25 (891) 16. 06. 11

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԱՄՓՈՓԵԼՈՎ 70-Ը

Օրերս Հայաստանի գրողների միությունում կայացավ արձակագիր, հրապարակախոս, լրագրող
եւ գեղանկարիչ Բակուրի` Բորիս Կարապետյանի հոբելյանական երեկոն: Նույն օրը բացվեց նաեւ նրա գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Հաջորդիվ կայացավ հեղինակի «Նեռը իմ մեջ», «Արցախյան գոյամարտի համահավաք» մատենաշարի շնորհանդես-գինեձոնը: Բակուր Կարապետյանը 24 անուն գրքերի հեղինակ է («Վերագտնված օրեր»(1985), «Հարյուր տարվա երկխոսություն» (1989), «Շուշի բերդաքաղաքը» (2000), «Երկխոսություն Քարվաճառի ճանապարհին» (2003), «Գյուլիստան նամե» (2006) եւ այլն): Նաեւ «Շուշի» բարեգործական հիմնադրամի հիմնադիրն է: Հանդիսությունից հետո զրույցի հրավիրեցինք 70-ամյա հոբելյարին:

-Ծնունդով Արցախից եմ` Մարգուշավան գյուղից: Ավարտել եմ Մարաղայի դպրոցը: Դեռ դպրոցական տարիներից շատ էի սիրում ճամփորդել, լուսանկարել: 1961-ին ընդունվեցի Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Ուսանողական տարիներից սկսեցի գրել: Մի տեսակ կապ արթնացավ ենթագիտակցականի հետ. երազներս որսալով` ստեղծագործում էի: 71-ին իմ ստեղծած կոնստրուկցիայի հետքերով ինձ ուղարկեցին Գերմանիա: Որոշ ժամանակ այնտեղ ապրելուց եւ աշխատելուց հետո վերադարձա հայրենիք:

-70-ականներին Դուք բավական հայտնի հեռուստատեսային դեմք էիք:

-Հեռուստատեսային աշխատանքս սկսվեց լուսանկարչության պատմությանը նվիրված մի հաղորդաշարով, որից հետո նշանակվեցի հեռուստատեսության` Արտաշատից մինչեւ Ջերմուկ տարածաշրջանի հատուկ թղթակից: Բայց ամենից հետաքրքիրը «Հսկում է օբյեկտիվը» հաղորդումն էր, որ այն տարիներին ինձ մեծ ճանաչում բերեց: Հաղորդման ընթացքում քաղաքական թեմաներ էին շոշափվում, բոլորը մի տեսակ վախենում էին իմ կերպարից, քանի-քանի անգամ մեր հաղորդումների շնորհիվ գործեր բացահայտվեցին, եւ շատ շատերը պաշտոնանկ արվեցին:

-Հետո բռնկվեց Արցախյան շարժումը:

-Դեռ ավելի վաղ մենք զգում էինք, որ կռիվն անխուսափելի է դառնում: Նախապատրատվում էինք: Հիշում եմ` այդ շրջանում գրեթե բոլոր հաղորդումներս նվիրվում էին Արցախին` «Արցախ-Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», «Գետահովիտներ» (1983-84թթ.), առանձին ֆիլմեր էի նկարահանում, մամուլում տպագրվում էին հոդվածներս, մի խոսքով, ներկայացնում էինք Արցախն ամեն կողմից, որ ժողովուրդը սիրեր, կապվեր այդ հողին, նվիրվեր: Եվ սիրեց, երբ արդեն բռնկվեց շարժումը` նկատվում էր, որ մարդիկ գիտակցված պայքարի են ելել: Նման պայմաններում լրատվամիջոցների աշխատանքը չափազանց կարեւոր է: Մենք նկարում էինք միտինգներն ու ցույցերը եւ առանց մոնտաժելու ուղարկում էինք սփյուռքահայ գաղթօջախներ, դա եւս հատուկ ռազմավարություն էր: Մենք փորձում էինք ժապավենի միջոցով ոգի ուղարկել նրանց , նրանց եւս ներքաշել հայրենիքի ազատության համար մղվող պայքարի մեջ:

-Գաղափարական առումով խաղաղության պայմաններում էլ լրատվամիջոցները կարեւոր դեր ունեն:

-Անշուշտ: Ճշմարտությունը զորեղ է, բայց այդ ճշմարտությունը պետք է տեղ հասցնել: 90 անգամ ասված ստին չեն հավատում, բայց հարյուրերորդին արդեն հավատում են:
Այդ ճշմարտությունը ոչ միայն դրսում պետք է տարածել, այլեւ պետք է իմանա մեր նոր սերունդը:
Որակի առումով չեմ կարող ասել, թե կատարյալ է ադրբեջանական քարոզչությունը, բայց քանակապես գերազանցում է մեզ: Ահռելի գումարներ են ծախսում, գիտեն` ում դիմեն, ում ներգրավեն այդ գործերի մեջ: Մեզ մոտ մարդիկ, որոնք կարող են շատ բան անել, դուրս են մնում այս գործընթացից: Այս աշխատանքները մենք կատարում ենք անհատական նախաձեռնությամբ: Բայց այսկերպ ադրբեջանական հզոր քարոզչական մեքենային դիմադրել չենք կարող:

-Արցախյան ազատամարտի տարիներին Դուք այն եզակի լրագրողներից էիք, ովքեր մեկնեցին ռազմաճակատ` լուսաբանելու:

-Դա շատ բարդ ու պատասխանատու աշխատանք էր: Այդ տարիներին ես նկարահանեցի մի շարք ֆիլմեր, այդ թվում` «Բռնագաղթ», «Շրջափակում», «Բերդաքաղաք» եւ այլն: 88-ի ամռանից եթեր էր հեռարձակվում իմ «Արցախյան օրագիր» հաղորդումը: 92-ից աշխատում էի նաեւ ՀՅԴ «Ազատամարտ» թերթում` որպես Արցախի բաժնի վարիչ: Հիշում եմ` Ստեփանակերտում էի, լուր հասավ, որ Շուշին ազատագրվել է: Ստեփանակերտից մինչեւ Շուշի ոտքով գնացի: Ժողովուրդը ցնծության մեջ էր: Մեքենաները կանգնում էին թե` Բակո°ւր, արի միասին գնանք: Հրաժարվում էի: Ճանապարհին նայելով, խորհելով ու մտքերս գրի առնելով` գնում էի: Ես այդ ողջ պատմության ականատեսն էի, գրի առնողներից մեկը, եւ հիմա իմ գործը էլի գրելն է: «Սումգայիթյան ալիքներ» ֆիլմը նախապատրաստելու ժամանակ ադրբեջանական այդ քաղաք էի գնացել հայերի կոտորածից անմիջապես հետո: Այն, ինչ տեսա այնտեղ, ահավոր էր` հայերի հրդեհված եւ թալանված տներ, վիրավոր եւ վախեցած մարդիկ: Ամեն ինչ տեսագրեցի, նաեւ ականատեսների պատմությունները: 54 րոպե տեւողությամբ ֆիլմ ստացվեց` ռուսերեն, քանի որ նպատակ ունեինք միջազգային հանրությանը պատմել սումգայիթյան ողբերգության մասին: Թեպետ հայկական հեռուստատեսությամբ այդ ֆիլմն այն ժամանակ չցուցադրվեց, բայց ԱՄՆ Կոնգրեսում դիտեցին: Ի դեպ, նկարահանումների ժամանակ փորձեցի վկայություններ ստանալ նաեւ Ադրբեջանի իրավապահ մարմիններից, սակայն մերժեցին:

-Ձեր հեղինակած «Անգլուհու Արցախյան ոդիսականը» գիրքը նվիրված է Քերոլայն Քոկսին, որ 1983-ին Անգլիայի թագուհուց ստացավ Լորդերի պալատի անդամի եւ բարոնուհու կոչում: Նա Արցախյան ազատամարտի տարիներին այն եզակի մարդկանցից էր, ովքեր մեծ օգնություն ցուցաբերեցին մեր երկրին: Ինչպիսի՞ն էր նրա հետ Ձեր առաջին հանդիպումը:

-Քերոլայն Քոկսի հետ հանդիպման առաջին րոպեներին մի տարօրինակ հիասթափություն ապրեցի: Եվրոպական գրականության դասականները բարոնուհիներին միշտ փխրուն ու փափկասուն են պատկերել` իրենց բնորոշ բարձրաշխարհիկ կեցվածքով ու պերճանքներով: Իսկ ահա այս բարոնուհին մորթուց կարված ռուսական տաքուկ գլխարկ է դրել եւ, ինչպես երեւում է, այն կրելու ձեւերն էլ դեռեւս չէր հասցրել յուրացնել, թանկարժեք մորթուց կարված մուշտակի փոխարեն հագել էր հասարակ բաճկոն, տաբատ եւ ճամփորդական կոշիկներ: Բարոնուհիների սառն ու անտարբեր հայացքի փոխարեն նրա դեմքից չէր չքանում լայն ժպիտը, եւ նա այն շռայլորեն նվիրում էր բոլորին: Հիշում եմ, երբ մեր ուղղաթիռը թռչում էր Թարթառի վրայով, եւ մի պահ մեր առաջ բացվեց Դադիվանքի համալիրը, ինչ ոգեւորությամբ էի նրան պատմում վանքի պատմությունը: Ուզում էի, որ մեր երկրի մասին մի բան ավելի իմանար: Նա հիացած էր…

-Պարոն Կարապետյան, ամփոփելով Ձեր գրական-ստեղծագործական ուղին` ի՞նչն եք համարում Ձեր կարեւոր նվաճումը:

-Հույս ունեմ` տարիներ հետո այս գրքերը, որ մեր ժողովրդի պատմական անցյալի հուշագրություններն են (սրանցում կան փաստեր ու դրվագներ, որոնք միայն ես եմ արձանագրել), հետո պետք կգան սերունդներին: Իմ նպատակն է եղել գրի առնել կորչող պատմությունները: Ամբողջ կյանքում գյուղից գյուղ շրջելով` զրուցել եմ մեծահասակների հետ, գրի առել: Իմ ֆիլմերով, գրքերով, լրագրողական հոդվածների միջոցով կարողացել եմ նպաստել մեր պատմության պահպանման գործին:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

9 мая 2011 г.


www.eter.am




#18 (884) 05. 05. 11

ՀԱՅՐԻԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ՇՈՒՆՉՆԵՐՍ ՊԱՀԱԾ ԷԻՆՔ ՍՊԱՍՈՒՄ

Արցախյան ազատամարտն ու Շուշիի ազատագրումը մեր ժողովրդի պատմության

ամենափառավոր էջերից է: Պատերազմը ամիսներով, հաճախ էլ ընդմիշտ, շատերիցս խլում էր մեր հարազատներին ու ծնողներին:

Նրանք գնում էին, իսկ մեզ մնում էր միայն հուսալ ու սպասել, թե երբ նորից բակ կմտնի հայրիկը, սպասել ու փորձել հասկանալ` ուր եւ ինչու են գնում բոլորը` զենքերն ուսերին ու զինվորական հագուստներ հագած: Այդ ամենն արդեն հուշ է: Եթե տարիներ առաջ նայում ու, գուցե, չէինք հասկանում` ինչ է կատարվում, հիմա հիշում ու զգում ենք` ինչ է կատարվել, ինչի համար…

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ես փոքր էի, շատ բան չեմ հիշում, բայց հայրիկիս հետ կապված հուշերից մի քանիսը տպավորվել են: Հայրս ժամանակ առ ժամանակ տուն էր գալիս եւ երբ պատրաստվում էր գնալ, ես վազում էի նրա զենքը բերելու: Իսկ հայրիկիս զենքն ինձ համար ուղղակի ծանր երկաթ էր: Ես քարշ էի տալիս այն հայրիկի մոտ ու մանկական առոգանությամբ ասում. «Պապա, երտաթդ բերել եմ»: Մի անգամ էլ խնդրեցի զրահաբաճկոնն ինձ հագցնել, ծանրությանը չդիմացա, ընկա:

Թերմինա, 20տ.

Չեմ հիշում հայրիկիս պատերազմ գնալն ու գալը: Բայց հիշում եմ, որ դպրոցում ուսուցիչները, դրսում ` ինձ անծանոթ մարդիկ, հարեւանները ասում էին Գայանեի պապան էլ ա կռվել, ես դրանից ինչ որ անբացատրելի ուրախություն էի զգում, ինձ թվում էր դա մյուսների նկատմամբ իմ առավելությունն է: Հիմա ավելի շատ եմ հպարտանում, որովհետեւ հասկանում եմ` ինչ է արել հայրս, գիտեմ` հանուն ինչի է վտանգել իրեն, հպարտ եմ, որ նա իմ հայրն է:

Գայանե, 17տ.

Դպրոցական տարիներին, երբ ընկերեներս հարցնում էին` ինչ է եղել, ինչու հայրս չի քայլում, ինչու է սայլակով տեղաշարժվում, ես չգիտեի ինչ պատասխանել: Հիմա իմ բոլոր ընկերները հասուն մարդիկ են, նրանք, իհարկե, ամեն ինչ էլ հասկանում են, եւ էլ չկա առաջվա խղճահարությունը, հակառակը, նրանք էլ են հպարտ իմ հայրիկով:

Հրաչ, 21տ.

Տպավորիչ էր այն օրը, երբ հայրս վբերադարձավ: Հարեւանի տանն էի, մեր բակից ձայներ լսեցի, տուն վազեցի: Մոտ կես տարի չէի տեսել նրան, մորուքով էր, նման չէր իրեն: Անսովոր էր, որ նա վերջապես տանն է: Մի տարօրինակ բան. ամեն ինչ վերջացել էր, պատերազմ չկար, բայց հայրս ամեն առավոտ հագնում էր իր զինվորական համազգեստը:

Հրաչուհի, 23տ.

Հորս ռազմաճակատ գնալու պահից մինչեւ նրա վերադարձի օրվա բոլոր գիշերները իմ ու եղբորս համար սպասումի գիշերներ են եղել, մենք միշտ ականջ էինք դնում, թե երբ է լսվելու նրա Ուրալի ձայնը: դուրս էինք վազում, մի րոպեում քանդում, տակնուվրա էինք անում մեքենայի մեջ եղած իրերը: Որքան շատ էինք սիրում այդ ահռելի մեքենան…

Հիմա հայրս տուն է գալիս իր Վոլգայով, ոչ ես, ոչ էլ եղբայրս շունչներս չենք պահում, որ լսենք մեքենայի ձայնը…

Սոս, 26տ.

Գրի առավ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հ.Գ.- Արխիվ` #31 (794) 30.07.09


5 мая 2011 г.


#18 (884) 05. 05. 11

ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԵՐԱԶՈՒՄ ԷԻՆՔ ՄԻ ՕՐ ԷԼ ՄԵՐ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՌՎԵԼ»

«80-ականների սկզբին զորակոչվեցի բանակ: Կարճ ժամանակ անց մի խումբ տղաների հետ մեկնեցինք Աֆղանստան,- պատմում է «Աֆղանական պատերազմի վետերանների միության» նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը:- Այդ պատերազմի ընթացքում ընկերներով բազմիցս երազել ենք մի օր էլ մեր հողերի ազատագրման համար կռվել: Զորացրվեցինք`աֆղանական պատերազմից վերադարձանք տուն: Սկսվեց Արցախյան շարժումը: Մենք էլ ընկերներով մասնակցում էինք ցույցերին, հավաքներին, ու աստիճանաբար ձեւավորվեց մեր ջոկատը: «Աֆղանական» ջոկատում մոտ 40 հոգի էինք: Մեր ջոկատն աչքի էր ընկնում մարտավարական գիտելիքներով, զենք կիրառելու վարպետությամբ, փորձառությամբ, որ ձեռք էինք բերել նախորդ պատերազմի ժամանակ: Մենք մասնակցում էինք Շուշիի ազատագրմանը: Կռվում էինք Քարինտակ, Լիսագոր, Բերդաձոր, Զառիսլու ուղղությամբ: Մայիսի 9-ին Շուշին ազատագրված էր: Արագ կազմակերպվեց թշնամու զինված գործողություններից վնասված ու ավերված, այրվող քաղաքի պաշտպանությունը. հանգցրինք հրդեհը, մի խումբ տղաներ շտապեցին թանգարան, որ հանկարծ այնտեղ պահվող արժեքները չվտանգվեն: Փառահեղ հաղթանակ էր, եւ այսօր ուզում եմ շնորհավորել համայն հայությանը այդ հաղթանակի կապակցությամբ: Շուշիի ազատագրումն անհնարին էր թվում, բայց շնորհիվ Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադեւոսյանի ռազմական գործողությունների մշակման բարձր մակարդակի, հաջողվեց գրավել անառիկ թվացող Շուշին: Այս հաղթանակը, մեր գործած սխրանքը այսօր էլ նույն ուժով պետք է ոգեւորի բոլորիս, համակի հպարտությամբ: Այսօր էլ մեր խաղաղ օրերի կռիվն է` հաղթանակը պահպանելու, խաղաղությունը պահելու կռիվը: Շատ ողջունելի կլիներ, եթե պետական մակարդակով առանձնակի ուշադրություն դարձվեր մեր նոր սերնդի հայեցի դաստիարակությանը: Ըստ արժանվույն պետք է մեծարվի ազատամարտիկը, պատշաճ ուշադրության արժանանա պատերազմում միակ զավակին կորցրած մայրը: Ինչքան ուրախալի կլիներ, որ մենք անուն առ անուն ճանաչեինք մեր Արցախի հերոսներին: Հիշում եմ, մեր դպրոցական տարիներին բոլորիս տանը, գրասեղաններին «Ռանչպարների կանչն» էր: Մեզանում հաղթելու ոգեւորություն կար, կորցրածը վերադարձնելու գաղափար: Կարծում եմ` այդ ամենը պետք է սկսել դեռ նախադպրոցական տարիքից: Մեր այս փայլուն հաղթանակի պրոպագանդման հարցում մեծ դեր ունեն նաեւ մեր լրատվամիջոցները: Ես երկար տարիներ աշխատել եմ Հանրային ռադիոյի գիտահանրամատչելի եւ ուսումնական հաղորդումների բաժնում նախ որպես ռեժիսորի ասիստենտ, հետո` ռեժիսոր: Հիշում եմ, որ ազատամարտի տարիներին եւ հաղթանակից հետո պարբերաբար հաղորդումներ էին հեռարձակվում այդ թեմայով: Ինչքան ուրախալի կլիներ, եթե այսօր էլ այդ նույն ոգին իշխեր ու հաղորդվեր մեր ժողովրդին»,- ասում է Արմեն Մխիթարյանը:
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ