#26 (892) 24. 06. 11
ԵՊՀ-Ն ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐՈՒՄ

Հունիսի 24-ին մայր բուհում կայացավ «Երեւանի պետական
համալսարանը Արցախյան գոյապայքարում» գրքի շնորհանդեսը:
Այն նվիրված է համալսարանական 27 զոհված ազատամարտիկների հիշատակին:
9 ապրիլի, 1992 թվական
ԼՂՀ Գերագույն խորհրդից Երեւանի պետական համալսարանի ռեկտոր պարոն Առաքելյանին Մեծարգո պարոն Առաքելյան, Ձեր տնօրինության ներքո գտնվող կրթօջախի պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Զաքար Ավանեսյանը գտնվում է ԼՂՀ-ն պաշտպանող կամավորական ջոկատներից մեկում: Արցախը կարիք ունի հայրենասեր երիտասարդների, ուստի խնդրվում է Զաքար Ավանեսյանին թույլատրել միառժամանակ չմասնակցել պարապմունքներին:
Գերագույն խորհրդի քարտուղար Վ.Հակոբյան
1 դեկտեմբերի, 1992 թվական
ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի
դեկան պարոն Մուսայանին
Նույն ֆակուլտետի 3-րդ կուսի
310 խմբի ուսանող Արսեն Ղազարյանից
Խնդրում եմ ինձ թույլատրել ստուգարքներն ու քննությունները հանձնել ժամկետից շուտ`Ղարաբաղում ծառայությունս շարունակելու համար:
Դիմող` Ա.Ղազարյան
Լեոնիդ Ազգալդյան, Մհեր Ջուլհակյան, Սիմոն Աչիկգյոզյան, Վարդան Հովհաննիսյան, Վարդան Բախշյան, Թաթուլ Կրպեյան, Վարդան Ստեփանյան, Պետրոս Ղեւոնդյան, Վարդան Դալլաքյան… Նրանք Երեւանի պետական համալսարանի այն տասնյակ ուսանող-դասախոս-գիտաշխատողների թվում էին, ովքեր դեռ շարժման սկզբում դարձան Արցախի քաջամարտիկներ:
ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը պատմում է. «Արցախ մեկնածների շարքերում համալսարանական լավագույն ուսանողներն էին, եւ բնական է, որ շատ դեկաններ, դասախոսներ ամեն ինչ անում էին, որպեսզի նրանց հետ պահեին կռիվ մեկնելու իրենց որոշումից, համոզում էին, որ ավարտեն գոնե, հետո գնան, բայց նրանք անդրդվելի էին, նրանք որոշել էին իրենց ավարտական աշխատանքներն ու քննությունները հաձնել հայրենի երկրի սահմաններում… Նրանցից ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այս խաղաղությունը չեն տեսնելու…»:
1990թ. աշնանից սկսած համալսարանի աշխատակազմը ստանձնել էր ԵՊՀ «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորման հաշվողական տեխնիկայի բաժնի վարիչ Լեոնիդ Ազգալդյանի ջոկատին պարենով ապահովելու գործը: Ջոկատը, որ 1990թ. կռվում էր Շահումյանում, այնուհետեւ Մարտակերտում,1991թ. վերակազմավորվեց Ազատագրական բանակի: «Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը համալսարանում աշխատող կանանց ու ուսանողներին թելեր էր բաժանել, որպեսզի կռվող տղաների համար գուլպաներ գործեինք: Մարդիկ իրենց աշխատավարձն անգամ տուն չէին տանում, իրենց աշխատանքի ամբողջ հասույթը հանձնում էին հատուկ ֆոնդին, եւ այդ գումարներով պարեն, անհրաժեշտ զինվորական պարագաներ էին հայթայթվում, ուղարկվում տղաներին...»,- պատմում է տիկին Սաթենիկը:
ԵՊՀ ողջ կազմն էր նվիրվել Արցախին օգնելու գործին: Նրանց թվում էր նաեւ դասախոս, Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը: «Ճիշտ է, դասախոսում էինք, բայց հոգով ու մտքով բոլորս այնտեղ` Արցախում էինք: Հիշում եմ` իմ ջոկատը Մաճկալաշենում էր, երբ հրաման իջավ թողնել դիրքերը, որովհետեւ այլեւս անհնար էր թվում պաշտպանությունը: Սակայն տղաները հրաժարվեցին, մնացին իրենց դիրքերում եւ հաղթեցին: Ճիշտ է բազմաթիվ զոհեր տվեցինք, բայց նրանք պահեցին հողը հայրենի… Մենք այսօր շարունակում ենք նրանց գործը»,- ասում է Գուրգեն Մելիքյանը:
Համալսարանն առաջիններից էր նաեւ, որ հրապարակեց Արցախյան հարցը լուսաբանող տարբեր աշխատություններ: Այսօր այդ աշխատությունների շարքը համալրելու է գալիս «Երեւանի պետական համալսարանը Արցախյան գոյապայքարում» գիրքը, որում ներկայացված են Արցախյան ազատամարտին համալսարանականների մասնակցությանը վերաբերող կարեւոր կենսագրական տեղեկություններ, հուշեր, վավերագրեր, որոնց մեծ մասն առաջին անգամ է հրատարակվում: Գիրքը հրատարակության է երաշխավորվել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդի կողմից: Աշխատանքային խմբի ղեկավարը եւ գրքի գլխավոր խմբագիրը ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արամ Սիմոնյանն է: Գիրքը կազմել եւ հրատարակության է պատրաստել ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժակ Մանուկյանը: Կազմման աշխատանքներին մասնակցել են նաեւ թանգարանի աշխատակիցներ Մարինե Մկրտչյանը, Լիլյա Հովհաննիսյանը եւ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը:
Միջոցառմանը ներկա էին զոհվածների ծնողներն ու հարազատները, ազատամարտին մասնակցած համալսարանականներ եւ այլ հյուրեր: Շնորհանդեսի արարողության ավարտին մի խումբ հայրենանվեր վարդանանքցիներ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից պարգեւատրվեցին հավաստագրերով:
Գրքի շնորհանդեսից անմիջապես հետո ներկաներն այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան, որի` համալսարանական զոհված ազատամարտիկներին նվիրված սրահը համալրվել է նոր ցուցանմուշներով:
Ն.Հ.
Комментариев нет:
Отправить комментарий