9 мая 2011 г.


www.eter.am




#18 (884) 05. 05. 11

ՀԱՅՐԻԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ՇՈՒՆՉՆԵՐՍ ՊԱՀԱԾ ԷԻՆՔ ՍՊԱՍՈՒՄ

Արցախյան ազատամարտն ու Շուշիի ազատագրումը մեր ժողովրդի պատմության

ամենափառավոր էջերից է: Պատերազմը ամիսներով, հաճախ էլ ընդմիշտ, շատերիցս խլում էր մեր հարազատներին ու ծնողներին:

Նրանք գնում էին, իսկ մեզ մնում էր միայն հուսալ ու սպասել, թե երբ նորից բակ կմտնի հայրիկը, սպասել ու փորձել հասկանալ` ուր եւ ինչու են գնում բոլորը` զենքերն ուսերին ու զինվորական հագուստներ հագած: Այդ ամենն արդեն հուշ է: Եթե տարիներ առաջ նայում ու, գուցե, չէինք հասկանում` ինչ է կատարվում, հիմա հիշում ու զգում ենք` ինչ է կատարվել, ինչի համար…

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ես փոքր էի, շատ բան չեմ հիշում, բայց հայրիկիս հետ կապված հուշերից մի քանիսը տպավորվել են: Հայրս ժամանակ առ ժամանակ տուն էր գալիս եւ երբ պատրաստվում էր գնալ, ես վազում էի նրա զենքը բերելու: Իսկ հայրիկիս զենքն ինձ համար ուղղակի ծանր երկաթ էր: Ես քարշ էի տալիս այն հայրիկի մոտ ու մանկական առոգանությամբ ասում. «Պապա, երտաթդ բերել եմ»: Մի անգամ էլ խնդրեցի զրահաբաճկոնն ինձ հագցնել, ծանրությանը չդիմացա, ընկա:

Թերմինա, 20տ.

Չեմ հիշում հայրիկիս պատերազմ գնալն ու գալը: Բայց հիշում եմ, որ դպրոցում ուսուցիչները, դրսում ` ինձ անծանոթ մարդիկ, հարեւանները ասում էին Գայանեի պապան էլ ա կռվել, ես դրանից ինչ որ անբացատրելի ուրախություն էի զգում, ինձ թվում էր դա մյուսների նկատմամբ իմ առավելությունն է: Հիմա ավելի շատ եմ հպարտանում, որովհետեւ հասկանում եմ` ինչ է արել հայրս, գիտեմ` հանուն ինչի է վտանգել իրեն, հպարտ եմ, որ նա իմ հայրն է:

Գայանե, 17տ.

Դպրոցական տարիներին, երբ ընկերեներս հարցնում էին` ինչ է եղել, ինչու հայրս չի քայլում, ինչու է սայլակով տեղաշարժվում, ես չգիտեի ինչ պատասխանել: Հիմա իմ բոլոր ընկերները հասուն մարդիկ են, նրանք, իհարկե, ամեն ինչ էլ հասկանում են, եւ էլ չկա առաջվա խղճահարությունը, հակառակը, նրանք էլ են հպարտ իմ հայրիկով:

Հրաչ, 21տ.

Տպավորիչ էր այն օրը, երբ հայրս վբերադարձավ: Հարեւանի տանն էի, մեր բակից ձայներ լսեցի, տուն վազեցի: Մոտ կես տարի չէի տեսել նրան, մորուքով էր, նման չէր իրեն: Անսովոր էր, որ նա վերջապես տանն է: Մի տարօրինակ բան. ամեն ինչ վերջացել էր, պատերազմ չկար, բայց հայրս ամեն առավոտ հագնում էր իր զինվորական համազգեստը:

Հրաչուհի, 23տ.

Հորս ռազմաճակատ գնալու պահից մինչեւ նրա վերադարձի օրվա բոլոր գիշերները իմ ու եղբորս համար սպասումի գիշերներ են եղել, մենք միշտ ականջ էինք դնում, թե երբ է լսվելու նրա Ուրալի ձայնը: դուրս էինք վազում, մի րոպեում քանդում, տակնուվրա էինք անում մեքենայի մեջ եղած իրերը: Որքան շատ էինք սիրում այդ ահռելի մեքենան…

Հիմա հայրս տուն է գալիս իր Վոլգայով, ոչ ես, ոչ էլ եղբայրս շունչներս չենք պահում, որ լսենք մեքենայի ձայնը…

Սոս, 26տ.

Գրի առավ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հ.Գ.- Արխիվ` #31 (794) 30.07.09


Комментариев нет:

Отправить комментарий