ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՀԵՏ

-Մոնթե, սփյուռքահայերի զավակ լինելով` դու եկար Հայաստան` հայրենիքի ազատագրական պայքարին մասնակցելու: Այդ պայքարը հաղթանակով պսակվեց. Հայաստանի անկախ Հանրապետությունը 20 տարեկան է, բայց մարդիկ այսօր հեռանում են հայրենիքից:
-Կա միայն հայ ժողովուրդ, հայ ազգ: Ահա թե հանուն ինչի մենք պետք է պայքարենք: Սփյուռքում հայ ժողովուրդը կորցնում է իր ինքնությունն իբրեւ մշակութային-ազգային ամբողջություն` տեղի տալով մշակութային ձուլման կենտրոնախույս ազդեցություններին: Եթե սփյուռքի հայերը չպնդեն սեփական հայրենիքում ապրելու իրենց իրավունքը, նրանք աստիճանաբար կկորցնեն իրենց ընդհանուր մշակութային ինքնությունը: Եթե այդ տեղի ունենա, ապա դրան կհաջորդի մեր ազգի սպիտակ ջարդը: (1981թ.)
-Դու պայքարում էիր շահագործման, ճնշումների, անարդարությունների դեմ, բայց պայքարն ինքն էլ ենթադրում է բռնություն…
-Շահագործումն ու ճնշումն իրենց էությամբ բռնության ձեւեր են, եւ այլոց պաշտպանելու համար բոլոր տարբերակները համարում եմ հնարավոր` ներառյալ բռնության տարբերակները: Սա բնական է եւ համապատասխան իրերի ընթացքին: Ինձ չի հետաքրքրում այն, որ մարդ ծնվե±լ է ճնշող, թե այդ դիրքերում է հայտնվել հետեւողական «ճիգերի» շնորհիվ: Եթե նա ճնշում է, ապա նա ճնշում է: Եթե նա մերժում է իր պահվածքը հեզասահ ձեւով ուղղել, ապա մեզ մնում է գործը կոշտ ձեւով գլուխ բերել: Այսքան պարզ: (1986թ.)
-Պատերազմից հետո շատ բան է փոխվել մեր կյանքում, ինչպե±ս պետք է զարգանա մեր երկիրը, դեպի ո±ւր պետք է գնանք:
-Կարծում եմ, թե 1988 թվականից ի վեր գրեթե ամեն մարդ վերագնահատել է իր գաղափարները աշխարհում կատարվածների մասին: Դա չի նշանակում, որ ես կամ ոմանք փոխել ենք գաղափարախոսական մեր ընդհանուր տեսակետները: Հիմա Հայաստանի իշխանությունները եւ համարյա բոլոր քաղաքական հոսանքները մեծ ճիգեր են թափում հողը վերադարձնելու գյուղացուն, կերտելու ավելի ժողովրդավարություն, ավելի շատ իսկական իշխանությունը տալու ժողովրդին, չնայած այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան, շատ անելիքներ: Պետք է տեսնել խնդիրներն այնտեղ, որտեղ նրանք գոյություն ունեն, եւ անմիջապես սկսել դրանք լուծել: Ներկա պահին գոյություն ունեցող խնդիրներից մեկը ազգային հարցն է, իսկ մեկ ուրիշը տնտեսական վիճակը: Ինչպե±ս ստեղծել հզոր տնտեսություն` առանց վերստին հաստատելու շահագործող մի համակարգ, հատկապես շատ արագ շահագործող, բյուրոկրատներն ու բարձր պաշտոն ունեցողները շահագործում էին իրենց դիրքերն ու ուրիշ մարդկանց աշխատանքը, եւ այսպիսով, շահագործող մի դասակարգ առաջացավ Խորհրդային Միությունում եւ Խորհրդային Հայաստանում: Պետք է խուսափենք, որ այդ վարչակարգին մեր հակազդեցության պատճառով շահաշգործող դասակարգի մի այլ տեսակ չառաջանա: (1991թ.)
-Ինչպե±ս, ի±նչ ոգով պետք է ապրի ու դաստիարակվի հայ երիտասարդությունը:
-Հայկական հարցի լուծման համար, այսինքն, հայկական պատմական հայրենիքի ամբողջ տարածքում հայ ժողովրդի ինքնորոշման համար աշխատելը ես համարում եմ իմ առաջին եւ ամենակարեւոր պարտականությունը: Եթե մարդիկ հավատարիմ մնան իրենց սկզբունքներին եւ որոշեն, որ ամեն բանից առաջ հայ են, եւ որպես հայ պետք է իրենց մասնակցությունը բերեն մեր ժողովրդի ինքնորոշման հարցի լուծմանը, ապա կարծում եմ, որ ցանկացած պարկեշտ անձ պիտի աներ այն, ինչ ես եմ անում: (1991թ.)
-Ի±սկ սփյուռքը…
-Բոլոր հայերը կեղծ փաստաթղթեր են կրում: Նրանք կրում են բրազիլական, ֆրանսիական, լիբանանյան փաստաթղթեր եւ այլն: Դա ոչինչ չի նշանակում: Դրանք բոլորը կեղծ են այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն: (1981թ.)
-Այսօր հաճախ են կազմակերպվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող զանազան քննարկումներ: Դու էլ ժամանակին շատ ես մտորել այս հարցերի շուրջ:
-Թուրքական պետությունը թշնամին է ինչպես հայ եւ քուրդ ժողովուրդների, այնպես էլ թուրք ժողովրդի, այլ ոչ թե նրա ներկայացուցիչը: Ուստի, եթե մենք ուզում ենք երկխոսություն սկսել թուրք ժողովրդի ներկայացուցիչների հետ, ապա պետք է նրանց փնտրենք բյուրոկրատիայից եւ բռնակալ վարչակարգից դուրս: (1987թ.)
Հայերի ազգային ինքնորոշում ասելով` մենք հասկանում ենք մեկից ավելի հնարավոր համակարգեր եւ լուծումներ: Վերջնական լուծումը պետք է կախված լինի հայ ժողովրդի` իր հայրենիքի հետ ունեցած գործնական եւ ոչ զգացմունքային կապվածությունից, որն ի հայտ կգա մոբիլիզացիայի եւ պայքարն առաջ տանելու կարողության մեջ: Մենք հայտարարում ենք, որ ամեն մի սփյուռքահայ պետք է առնվազն իրավունք ունենա ազատորեն վերահաստատվելու ՙ«Արեւմտյան Հայաստանում», այսինքն, հայերի հայրենիքի այն շրջաններում, որոնք ներկայումս գտնվում են Թուրքական պետության ուղղակի ենթակայության ներքո, եւ այնտեղ ապրելու իբրեւ բնիկ` վայելելով հավասար եւ լիիրավ իրավունքներ, ինչպես մյուս բոլոր բնակիչները: Ի լրումն հայերն, իբրեւ ազգային փոքրամասնություն, պետք է բավարար չափով ներկայացուցիչներ ունենան կառավարական մարմիններում: Այնուհետեւ, եթե հայերը կազմեն ոչ ավելին, քան ազգային փոքրամասնություն` «Արեւմտյան Հայաստանում», որը կդառնա նորաստեղծ հեղափոխական Թուրքիայի կամ Քուրդիստանի մի մասը, ապա հայ փոքրամասնությունը պետք է ունենա հատուկ հարաբերությունների իրավունք Խորհրդային «Հայաստանի հետ՚»: (1984թ.)
Ազատ, անկախ Հայաստան՚ կարգախոսի կողմնակիցների գրվածքներն ընթերցելով եւ նրանց քարտեզները զննելով` մենք հանգում ենք այն կարծիքին, որ նրանք մեր հայրենիքի սահմանները որոշում են ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ-ի նախագահ Վուդրոու Ուիլսոնը: Սակայն, այդ սահմանները գծվել են ըստ իմպերիալիստական հաշվարկների, այն է` ինչ կարգի «Հայաստանը» լավագույնս կծառայի իրենց սեփական ռազմավարական շահերին: Հարկ չկա նշելու, որ իսպառ անտեսվել են երկրամասի գերակշռող բնակչության իղձերը: Այսպիսով, եթե հաշվի առնենք հայ ժողովրդի դիրքորոշումը, ուիլսոնյան «Հայաստանի» սահմանները մեծապես անպաշտպան կլինեին` թե բարոյական եւ թե ռազմական տեսանկյունից: Ողջ ծրագիրն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, եւ երբ այն ձախողվեց, արդյունքը նույնիսկ առավել կործանարար եղավ հայ ազգի մնացած մասի համար: Ուիլսոնյան ՙՀայաստանը՚ սոսկ ծաղրանկար է, որն ամեն պարագայում լիովին անհամապատասխան է տարածաշրջանի ներկա եւ գալիք իրողություններին: (1987թ.)
-Մոնթե, շատ շատերն այսօր փորձում են որքան հնարավոր է շատ բան իմանալ քո մասին, ճանաչել քեզ: 1-2 նախադասությամբ ինքդ ինչպե±ս կներկայացնես քեզ:
-Ինձ երբեք չի հետաքրքրում այն, որ մարդիկ ինձ հարգո±ւմ են, թե±` ոչ: Իմ համար կենսականն այն է, որ ես ինձ հարգեմ: Առանց սեփական անձի նկատմամբ հարգանքի ես կդառնայի կորուսյալ մի թշվառական: Սեփական անձս հարգելու համար է, որ ես գործում եւ ապրում եմ: Անձնապես ես չեմ հավատում ուրիշների հետ մրցակցությանը` լինի դա ֆիզիկական, մտավոր կամ ցանկացած այլ ձեւի: Այն, ինչին հավատում եմ, դա իմ սեփական անձի հետ մրցակցությունն է: Սա մրցակցության ամենադժվար եւ առավելագույնս հուսախաբ անող տեսակն է, որովհետեւ ինքդ քեզ գերազանցելը անհնար է: Միշտ զգում ես, որ կարող ես եւ պետք է ավելի լավ անես: Չէի ասի, որ սա ամբողջովին առողջ մոտեցում է կյանքին, բայց այդպիսին եմ ես հիմա:(1986թ.)
ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ.-Մոնթեի պատասխանները հարցերին մեջբերված են Մարկար Մելքոնյանի` Մոնթեի նամակների, գրառումների հիման վրա կազմած «Պայքարելու իրավունքը» գրքից:
Комментариев нет:
Отправить комментарий