Показаны сообщения с ярлыком Հայաստանի փոքրիկ երգիչներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայաստանի փոքրիկ երգիչներ. Показать все сообщения

12 мар. 2012 г.

www.eter.am


Կարիերա
ԱՐՑԱԽԸ ՀՈԳԱՏԱՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ



Օրեր առաջ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ մեկնեցինք Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարան: Հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ երգչախումբը համերգային ծրագիր էր կազմակերպել վարժարանի սաների համար: Ամբողջ ճանապարհին ավտոբուսի մեջ երախաների ուրախ երգն էր հնչում: Երբ փոքրիկները որոշեցին, մի քիչ հանգստանալ, ես էլ որոշեցի ծանոթանալ նրանց երիտասարդ խմբավարի հետ: Մենք այսօր արդեն ընկերներ ենք. Լունարան դարձավ ինձ իմ սիրելի Արցախին կապող եւս մի հրաշալի մարդ` իսկական արցախցի: Արցախում հիմա խաղաղություն է, բայց այստեղ ամեն բնակիչ իրեն զինվոր է զգում ամեն օր ու ամեն ժամ: Լունարան եւս զինվոր է, որովհետեւ ծառայում է մեր ծնողների արյամբ ազատագրված հայրենի Արցախի շենացման գործին: Պարբերաբար անդրադարձել ենք այն ցավալի խնդրին, որ գյուղերից, սահմանամերձ գոտիներից երիտասարդները գալիս են Երեւան` բարձրագույն կրթություն ստանալու եւ այլեւս չեն վերադառնում իրենց հայրենի օրրանը, այնինչ հատկապես մեր հյարենիքի սահմանամերձ հատվածներում այսօր երիտասարդ մասնագետների կարիք կա: Երիտասարդությունը գյուղում ապրել, աշխատել չի ուզում, բայց Լունարա Համբարձումյանն իր գործով ապացուցում է, որ ոչ բոլորն են այդպես վարվում:


-Մանկության տարիներին նկատելի՞  էին երաժշտական հակումները: Մանկությունը պատերազմի թոհուբոհի մեջ անցկացրած աղջնակին ի՞ նչն էր կապում երաժշտության հետ:


-Մայրս պատմում է, 1988-ին, երբ ես երկու տարեկան էի, եւ արցախյան շարժումը նոր էր սկսվել, ինքն աշխատում էր Ասկերանի երաժշտական դպրոցում որպես խմբավար:  Ինձ  իր հետ տանում էր համերգների, թեպետ շատ վտանգավոր էր` անցնում էինք թուրքական գյուղերի միջով: Երեւի դա ճակատագիր էր. մեր 4 քույր-եղբայրներից միայն ես բախտ ունեցա ունկնդրելու մայրիկիս երգչախմբի համերգները, հետո էլ ինքս դարձա խմբավար: Նա պատմում է, որ ռմբակոծությունների ժամանակ մեր ուշադրությունը շեղելու համար բարձր երգում էր, որպեսզի չվախենայինք:



-Ինչո՞ ւ որոշեցիր ընդունվել Կոնսերվատորիա:


- Սովորում էի Ստեփանակերտի Ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում: Ութերորդ դասարանում էի, արդեն խոսում էինք իմ ապագա մասնագիտության մասին: Մայրս երազում էր, որ ես նույնպես խմբավար դառնամ: Ընդունվեցի Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը, սովորում էի Կարինա Մինալյանի դասարանում: Այդ տարիներին անընդհատ մասնակցում էի մանկական երգչախմբային մրցույթների, արժանանում առաջին մրցանակների: Սովորում էի գերազանց, ուստի Երեւանի պետական կոնսերվատորիայում պետպատվերով սովորելու հնարավորություն ստացա: Վախվորած մեկնեցի Երեւան, որովհետեւ այնտեղ ինձ կյանքի մի նոր փուլ էր  սպասում: Կոնսերվատորիայում ինքներս պիտի ընտրեինք մեր մասնագիտության դասախոսին: Մաեստրո Տիգրան Հեքեքյանի անունը ծանոթ էր ինձ, ես ընտրեցի հենց նրան, դա իմ կյանքի կարեւոր եւ պատասխանատու որոշումներից մեկը: Հպարտ եմ, որ ուսանել եմ իմ սիրելի մաեստրոի մոտ: Շատ բան եմ սովորել նրանից` ոչ միայն մասնագիտական, այլեւ մանկավարժական հմտություններ: Սովորելու ընթացքում մաեստրոն առաջարկեց միաժամանակ աշխատել երկու երգչախմբերում` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առաջին դասարանցիների երգչախմբի եւ Հայաստանի Ամենափոքրիկ երգիչների հետ: Դժվար էր ուսումն ու աշխատանքը համատեղել, այն էլ` տնից, ծնողներից հեռու ապրելով: Այդ տարիներին ես նաեւ երգում էի «Արեգա» նորաստեղծ երգչախմբում, եւ շատ բան սովորեցի մեր խմբավար Գայանե Բաղդասարյանից:



-Դու ընտրել ես խմբավարի մասնագիտություն: Այսօր հայ իրականության մեջ երգչախմբային մշակույթն այնքան էլ զարգացած չէ. մտավախություն չունեի՞ ր, որ աշխատանք չես գտնի:


-Ուսումնարան ընդունվելու  ժամանակ գիտեի, որ խմբավարության բաժինն ավարտողներն իրավունք ունեն նաեւ դասավանդելու դաշնամուր, սելֆեջիո, երաժշտական գրականություն: Այսինքն` գիտեի, որ աշխատանք կգտնեմ: Բայց երբ աշխատեցի իմ մասնագիտությամբ, երգչախմբային արվեստն ինձ լիովին կլանեց:






-Հետո մաեստրոն քեզ հորդորեց վերադառնալ Ստեփանակերտ: Հետպատերազմյան Արցախում, որտեղ սահմանամերձ գյուղերում կրակոցները դեռ չեն դադարել, բարդ չէ՞  ր երիտասարդ խմբավարի համար երգչախումբ հավաքելը եւ առաջ քայլելը:




ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի երգչախումբը


-Անկեղծ ասած, ես այնքան էի կապվել իմ աշակերտների, իմ երգիչների հետ, որ մեծ ցավ էի զգում: Չէի պատկերացնում ինձ առանց այդ փոքրիկ, համով «ճտերի»: Բայց այդ շրջանում թե մաեստրոն, թե մայրս անընդհատ հորդորում էին ինձ  վերադառնալ Արցախ, եւ իմ ստացած ողջ գիտելիքները ու մանկավարժական փորձը փոխանցել Արցախի երեխաներին եւ սկսնակ խմբավարներին: Ես տուն վերադարձա: Սկզբում շատ ու շատ խոչնդոտների հանդիպեցի: Ուխտ էր արել ` Մարտակերտի Վանք գյուղում երգչախումբ ստեղծել եւ սովորեցնել Մակար Եկմալյանի «Պատարագը», որը նրանք պիտի կատարեյին ամեն կիրակի Գանձասարում: Ուզում էի, որ ամեն ուխտավոր լսեր, հիանար ու  մտապահեր մեր արվեստի թանկարժեք գոհարները: Իմ կարեւոր նպատակն էր նաեւ`  ուսումնարանում դասավանդելը, ուսանողներ ունենալը, որոնց կփոխանցեի իմ գիտելիքները, կհորդորեի նրանց, որ գնան ու երգչախմբեր ստեղծեն Արցախի տարբեր գյուղերում ու շրջաններում: Շնորհիվ մաեստրոյի, Պարգեւ Սրբազանի եւ դպրոցի տնօրեն Վարյա Ավանեսյանի` Վանքի երգչախումբը ստեղծվեց: Սակայն ուսումնարանում ուսանողների սակավության պատճառով խմբավար ուսանող չունեցա, բայց ինձ հատկացրին գործնական պարապմունքների ժամեր, որի համար շնորհակալ եմ ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին: Հույս ունեմ, որ առաջիկա սեպտեմբերին վերջապես ուսանող կունենամ, եւ նրան կհաղորդեմ իմ գիտելիքները: Ստեփանակերտում ինձ հրավիրեցին աշխատելու Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Այստեղ հավաքեցի 40 հոգանոց երգչախումբ, որը 6 ամսում հասցրեց ճանաչվել ու սիրո արժանանալ: Երգչախմբում երգելու ցանկություն ունեցող երեխաների թիվն օրեցօր ավելանում է:


 -Չես մտածո՞ ւմ Երեւան վերադառնալու մասին:


 - Երբ եկա Արցախ եւ սկսեցի Վանքում երեխաներին հավաքել, հենց այդ պահից  կապվեցի նրանց: Չեմ մոռանում նրանց պարզ աչքերը, դեմքի միամիտ, մաքուր արտահայտությունը: Երբ առաջին անգամ բարձրացրի ձեռքերս նրանք ապշաճ ինձ նայեցին. առաջին անգամ էին խմբավարի ժեստերին ծանոթանում: Այժմ նրանք երգում են ամբողջ «Պատարագը», հինգ ամսվա ընթացքում ունեցան չորս ելույթ: Արցախում ինձ պահում են դեռ չիրագործված նպատակներս: Ես իմ պարտքն եմ համարում` Արցախի երեխաների համար բացել անսահման հրաշքներով լի երաժշտության դարպասները:


՞ նչ  մասնագիտական հեռանկարներ կան, ի՞ նչ երազանքներ:


-Օ, երազանքները շատ են: Կարծում եմ` դրանք բոլորն իրագործելի են: Երազում եմ, որ իմ ստեղծած խմբերը դառնան որակյալ երգչախմբեր, ունենան բազում համերգներ թե Հայաստանում, թե հատկապես եվրոպական տարբեր երկրներում:
Իսկ ամենամեծ երազանքս այն է, որ Արցախն ու հայ ժողովուրդն այլեւս պատերազմ չտեսնեն:  Թող լինի միշտ արեւը, կապույտ երկինքը եւ իրար բարին կամեցող մարդիկ:

Ն.ԹՈԽՍԱՆՑ