#18 (884) 05. 05. 11
ԵՂԻՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ԷԼ ԿՌՎՈՒՄ ԷՐ ԱՐՑԱԽՈՒՄ
80-ամյա Եղիշ Մարգարյանն իր տարիքից երիտասարդ է երեւում: Ապրել է

հետաքրքիր ու բովանդակալից կյանքով: Զբաղվել է կոմերիտական աշխատանքով. եղել է Երեւանի Ավտոդողերի գործարանի կոմերիտմիության քարտուղարը, ՀԼԿԵՄ կենտկոմի երիտասարդ արվեստագետների խորհրդի նախագահը: «Դպրոցական էինք, բայց մեզ էլ տանում էին ռազմաճակատի համար ավտոդողեր, զրահամեքենաների մասեր արտադրող գործարան`աշխատելու: Այսպես մեր փոքրիկ ներդրումն ունեցանք Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակում»,- հիշում է Եղիշ պապը, որ նաեւ հիանալի երաժիշտ է: «9 տարեկանից շվի եմ նվագել, հետագայում նաեւ` դուդուկ, զուռնա»,- պատմում է նա ու աննկատ գրպանից հանում շվին. խմբագրությունում տարածվում է մեղմ երաժշտությունը: Այդ երաժշտությունն օգնել է նաեւ
Արցախում կռվող մեր տղաներին: «Նախկինում Երեւանյան լճի կողմերում Նոր Կողբ կոչվող մի բնակավայր կար, մեր տունն էդտեղ էր: Ադրբեջանցի հարեւաններ ունեինք, նրանցից ադրբեջաներեն էի սովորել: 90-ականներին, երբ ծագեց Արցախի խնդիրն ու սկսվեցին զինված գործողությունները, ես էլ ուզում էի մի բանով օգտակար լինել հայրենի

Արցախի ազատագրման համար մղվող կռվին, մտածում էի` գուցե լեզվի իմացությունը պետք գա: 1992-ին ես, Արուս Գուլանյանը, էլի ուրիշ երգիչ-երաժիշտներ մեկնեցինք Լեռնային Ղարաբաղ` զինվորների համար համերգներ տալու: Վիրավորներն Արուսին ասում էին. «Մեզ դեղ պետք չի, մենակ դու երգի, ուստա, դու էլ նվագի…»: Ամենատպավորիչը հաղթանակի դրվագներն էին, երբ որեւէ բնակավայր էինք ազատագրում: Մեր մարտիկների, ֆիդայիների հաղթանակն ազդարարող զուռնայի, շվիի ու դուդուկի ձայնը տարածվում էր արցախյան անտառներում ու արձագանքվում լեռներում: Ինչքան երգեր ծնվեցին այդ օրերին: Այսօր մեզ հայտնի ֆիդայական շատ-շատ երգեր հենց այդ շրջանում են ստեղծվել. հաղթանակի բերկրանքն ու զինակիցների կորստյան ցավը ստիպում էին երգու մեղեդիներով ուրախանալ, մխիթարվել: Որտեղ ասես եղել եմ` Թալիշ, Ֆիզուլի, Աղդամ (Ակնա), Մատաղիս, Տոնաշեն… Փորձել եմ ուժ ու ոգի հաղորդել մեր տղաներին»,- ասում է Եղիշ Մարգարյանը: Նա արժանացել է Մշակույթի վաստակավոր գործչի կոչման, պարգեւատրվել«Աշխատանքային արիության ու գերազանցության» մեդալով:
Հպարտ է, որ որդին նույնպես կռվել է Արցախում: Հաղթանակի օրն իսկապես տոն է Մարգարյանների համար, հաղթանակ, որի կերտմանը մասնակցել են նաեւ հայր ու որդի:
ՇՈՂԱԿԱԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий