22 февр. 2012 г.



www.eter.am
Կրթություն եւ Գիտություն


ՎԱՀԵ ԱՐՍԵՆ. «ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՌՆ ԱՐԺԵԶՐԿՎԱԾ Է»


Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք: Ո՞րն է երիտասարդ գրողի անելիքը, ի՞նչ խնդիրներ ունի այսօր երիտասարդ մտավորականը, ինչո՞ւ մեր ժամանակը չի ծնում մերօրյա Չարենցներ, Սեւակներ: Իսկ գուցե ծնո՞ւմ է: Այս եւ հարակից մի շարք հարցերի շուրջ զրուցում ենք բանաստեղծ, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Վահե Արսենի (Արսենյան) հետ:


-Պարոն Արսենյան, այս տարի մեր մայրաքաղաքը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Որպես ժամանակակից գրող, Դուք Երեւանն իրո՞ք համարում եք այդպիսին:


-Նախ եւ առաջ Երեւանը պետք է քաղաք լինի, հետո` մայրաքաղաք եւ հետո նոր գրքի համաշխարհային մայրաքաղաք: Բայց մեր քաղաքում այսօր գրողին չեն ճանաչում, «մտավորական» բառն արժեզրկված է: Երեւանը փողի ու իշխանության քաղաք է, նյութապաշտության քաղաք: Այս միջավայրում ինչպե՞ս կարող է գիրքը տեղավորվել:  Դա էլ է փուչիկ, ինչպես ամեն բան, ինչպես «Երեւանը մենք ենք», «Հայաստանը դու ես»«Իմ երգն իմ զենքն է» եւ այլն: Ես քաղաքապետարանի շենքի մոտից եմ գալիս, որտեղ մի խումբ երիտասարդներ փորձում են փրկել մի կտոր Երեւանը: Նրանք պայքարում են Մաշտոցի այգում տեղի ունեցող ծառահատումների դեմ: Եվ այն մարդկանց, ովքեր ամեն օր ինչ-ինչ լոզունգներ են տարածում եւ մեծ-մեծ խոսում են երեւանցու եւ Երեւանի մասին, նրանցից եւ ոչ մեկին չտեսա բողոքողների շարքերում: Ցավոք, այսօր քիչ չեն այն մտավորականները, ովքեր կարծում են, որ պաշտոնյայի համակրանքն ու թեւատակն ավելի լավ է, քան այգին: Տեսնում ես, թե որքանով են կապված գիրքն ու ծառը... Նաեւ նույն բաղադրությունն ունեն: 
Ցավալի է, որ հոգեւոր արժեքները մղվում են տասներորդ պլան, ժողովրդին ամեն օր ու ամեն ժամ եթերային աղբ է հրամցվում` սերիալներ, ոչինչ չասող հարցազրույցներ: Վերջերս էլ նոր բան է նկատվում. մի հաղորդման հաղորդավարուհին զրույցի է հրավիրում մյուս հաղորդման հաղորդավարին, առավոտյան ծրագրի հյուրը երեկոյան ծրագրի հաղորդավարն է, երեկոյանինը` առավոտյանը, շարունակ նույն, ոչինչ չանող ու չասող մարդիկ են: Բոլորը երգում են, պարում են, ոչ մի հեռուստաալիք ինտելեկտուալ բանավեճեր չի ծավալում, ոչ ոք լուրջ թեմաներից չի խոսում: Որովհետեւ ձեռնտու չէ հասարակության մեջ անհատների ձեւավորմանը նպաստել: Անհատը միշտ էլ վտանգ է ներկայացնում հասարակության համար, ահա թե ինչու մշտապես պայքար կա անհատի դեմ: Անհատին անգամ հասարակ ժողովուրդը չի սիրում:


-Մեր հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, կարծեք թե այլեւս նույն վերաբերմունքը չունի գրքի հանդեպ, ինչ կար տարիներ առաջ: Ո՞րն է պատճառը:


-Գիրքը մեր տանը միշտ մեծ արժեք է եղել: Ես այն երջանիկներից եմ, որ մանուկ հասակում ծննդյանս օրերին գիրք եմ նվեր ստացել ու սպասել եմ հյուրերի հեռանալուն, որ ուսումնասիրեմ-կարդամ այն:
Գիրքն ինձ համար առաջին հերթին էներգետիկ եւ ոչ թե ինֆորմացիոն կրիչ է: Ես գրում եմ մի գիրք, նրա մեջ էներգիա եմ դնում, այդ գիրքը հասնում է ընթերցողին, եւ յուրաքանչյուր ոք յուրովի` իր ընկալումներով այդ գրքի մեջ նորից էներգիա է դնում, որը դարձյալ մի մարդուց մյուսին  է փոխանցվում: Արվեստի էներգիան բավական զորեղ է, այդ էներգիան հնարավոր չէ ստանալ համացանցի կամ էլեկտրոնային գրքի միջոցով, որը կարդում ես, ըմբռնում ես ինֆորմացիան, բայց հոգեւոր նույն էներգիան չես ստանում: Ո՞վ կարող է բացատրել` ո՞րն է պատճառը, որ մենք ավելի անկեղծ աղոթում ենք հին` խնկահոտ, սեւացած պատերով եկեղեցում, երկյուղածությամբ ենք թերթում հին գիրքը: Կարծում եմ` պատճառն այն է, որ այդ հին գրքի մեջ ավելի շատ էներգիա կա, մի մարդուց մյուսին անցնելիս գիրքը երկա¯ր ճանապարհ է կտրել, հարստացել է: Բայց այսօր դա քչերին է հետաքրքրում: Ոչ մի քաղաքակիրթ երկրում դուք չեք տեսնի այսչափ ճոխ ու զեխ կյանք, ոչ մի երկրում չեք տեսնի նման ճոխ մեքենաներ, մենք կորցնում ենք հոգեւորը:


-Սա կապ ունի՞ հասարակության կրթվածության մակարդակի հետ: Մեր բուհերի տված կրթության հետ:


-Բուհը ընդամենը գիտելիք է վաճառում, եւ համոզված եմ, որ այդ անում է բարձր մակարդակով:  Դրա վառ վկայությունը ԵՊՀ-ում սովորող բազմաթիվ օտարերկյա ուսանողներն են: Ցավալի խնդիրը մասնագիտություն ստացողների անհամաչափ բաշխվածությունն է: Այստեղ արդեն պետությունն անելիք ունի, պետք է լուծի զբաղվածության խնդիրը, որպեսզի բոլորը չցանկանան դառնալ իրավաբան եւ տնտեսա•ետ, հետո էլ տաքսի վարեն: Վատ է, երբ երիտասարդությունը գյուղում ապրել, աշխատել չի ուզում, բոլորը գալիս են Երեւան, Երեւանը գերբնակեցվում է, բոլորը դառնում են իրավաբաններ եւ դիվանագետներ, այսօր արդեն մեռնող մասնագիտություններ կան: Ես, օրինակ, հաճույքով կապրեի եւ կաշխատեի գյուղում, եթե խրախուսվեր ֆերմերային մշակույթը, եթե ֆինանսավորվեր այդ ոլորտը: Այսօր Հայաստանում այնպիսի հարկային համակարգ է գործում, որի պայմաններում, բնականաբար, գյուղական երիտասարդությունը չի ցանկանա մնալ եւ ապրել գյուղում, բոլորը փախչում են գյուղից: Զավեշտ է. այն, ինչը կարելի է մեզ մոտ արտադրել, ներկրում են դրսից: Ինչո՞ւ պետք է սոխը, սխտորը, օրինակ, Պարսկաստանից ներկրվի եւ վաճառվի տեղական նույն արտադրանքից էժան:


-Իսկ ի՞նչ հարցեր է արծարծում ժամանակակից գրականությունը: Ինչո՞ւ այն հետաքրքրություն չի առաջացնում երիտասարդ ընթերցողների մոտ:


-Մարդու գոյության իմաստի որոնում. օրեցօր փոփոխվող, անկայուն աշխարհում գտնել կայունություն, գտնել հույսի ճյուղ, որից կարելի է կառչել եւ իմաստավորել սեփական կյանքը: Երիտասարդների մի մասն, իրոք, սիրում է գրականություն, հատկապես, երբ գրականությունը նրանց անկեղծորեն եւ ազնիվ ես մատուցում, եւ ամենակարեւորը, ինքդ էլ այդպես ես ապրում իրական կյանքում: Իսկ ի՞նչն է խանգարում. բազմազբաղ կենցաղն ու ժամանակի ագրեսիան, մենք չափազանց ագրեսիվ կյանքով ենք ապրում: Անընդհատ ինչ-որ բան չենք հասցնում, մարդիկ մի քանի տեղ են աշխատում ոչ թե լավ ապրելու, այլ ընդամենը գոյատեւելու համար: Այս կենցաղապատումով էլ ի¯նչ արվեստ... Եվ այդ ագրեսիան օրեցօր բազմապատկվում է: Անգամ փողոցում մենք միմյանց հայացք չենք հանդուրժում, մենք կորցրել ենք մեր հավատը: Մարդը հոգեւոր արժեք այլեւս չի որոնում, ամեն ինչ տարվում է ռոբոտացման: Այսօր հեռուստատեսությունն ու համացանցն աշխատում են ի վնաս մեր ժողովրդի, մեր կյանքում դրական լիցքերը քիչ են: Սիմֆոնիկ երաժշտությունը շատերի ուղեղում աղերս է գտնում միայն հոգեհանգստի արարողության եւ սգո օրվա հետ: Մենք անգամ ազգային արժանապատվություն չունենք, այսօրվա աճող սերնդի ներկայացուցիչը բարձրաձայնում է, թե ադրբեջանական մելիզմներն իր ականջին հաճելի են եւ անմիջապես հայտնվում է հանրայինի ուղիղ եթերում...


-Այսինքն` մտավորականը հասկացված չէ՞:


-Իսկ ի՞նչ է անում այսօրվա մտավորականը: Ժամանակին նաեւ մեր թշնամին գիտեր հայ մտավորականի արժեքն ու դերը: Հիշենք, որ 1915-ի ապրիլին Օսմանյան կայսրությունում առաջին հերթին գլխատվեց հայ մտավորականությունը: Մեր օրերում շատերը ծախվեցին, Մաշտոցի այգու հանդեպ վերաբերմունքը անփոխարինելի լակմուսի թուղթ էր ստուգելու հայ որոշ «մտավորականների» ծախվածության աստիճանը:


-Իսկ գուցե երիտասարդ սերնդի պահանջմունքնե՞րն են այլ:


-Երիտասարդ սերունդը խիստ բեւեռացված է: Ես այսօր տեսնում եմ պայքարող, Մաշտոցի այգուն տեր կանգնել ցանկացող, իր իրավունքների համար պայքարող, չծախվող երիտասարդի եւ, միեւնույն ժամանակ, «կարիերիստ», քծնող, հանուն պաշտոնի ամեն ինչի պատրաստ մարդկանց: Ահա այս հակասության մեջ  ծնվում ու շարունակվում է կյանքը, եւ ես հավատում եմ, որ այս մշտնջենական պայքարի մեջ մի օր կծնվի այն, ինչ մենք, իրոք, ուզում ենք տեսնել եւ ունենալ:
Ն.ԹՈԽՍԱՆՑ

17 февр. 2012 г.


ՏՎԵՔ ՈՒՍԱՆՈՂԻՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ, ԵՎ ՆԱ ՎԱՂԸ ԿԱՇԽԱՏԻ ՁԵԶ ՀԱՄԱՐ


Գիտության ոլորտում եւ մեր կրթական համակարգում առկա խնդիրները, աշխատաշուկայի պահանջարկը, գիտության, կրթության հանդեպ ձեւավորված հասարակական վերաբերմունքը, ամերիկյան ու եվրոպական փորձի ներդրմանն առնչվող հարցերը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Այս անգամ այդ հարցերի մասին զրուցում ենք ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ:


-Պարոն Աթանեսյան, նախ խոսենք մեզանում ձեւավորված գիտական մշակույթի մասին: 

-Գիտական մշակույթը Հայաստանում խոր արմատներ ունի, դարերի պատմություն: Թվում է` արեւմտյան երկրներում տարածում ունեցող շատ մասնագիտություններ մենք նրանցից այսօր փոխ ենք առնում, սակայն իրականում դրանցից շատերն արդեն տասնյակ տարիների պատմություն ունեն: Օրինակ` սոցիոլոգիայի բաժինը առաջիններից էր Երեւանի պետական համալսարանում իր հիմնադրման պահին` 1919-ին: Մենք շարունակ խոսում ենք խորհրդային շրջանի կրթական համակարգի, արեւմտյան երկրների, եվրոպական երկրների կրթական մշակույթի մասին, բայց մոռանում ենք, որ մինչեւ խորհրդային համակարգի հաստատումը, նախքան արեւմտյան ու եվրոպական տարրերի ներմուծումը, Հայաստանում եւ սփյուռքում գործող հայկական կրթօջախները պատրաստում էին բարձրակարգ մասնագետներ: Նրանցով մենք մինչեւ օրս հպարտանում ենք: Խորհրդային կրթական համակարգը նույնպես կարեւոր դեր խաղաց հայաստանյան գիտական ավանդույթների փոխակերպման եւ զարգացման գործում: Այն միասնական էր ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների համար եւ դրանով իսկ գիտակրթական համակարգի գլոբալացման յուրօրինակ փորձ էր:

-Հայաստանյան մի շարք բուհերում ներդրվող Բոլոնիայի կրթական համակարգը արդյոք մերօրյա գլոբալացում չէ՞:


:-Այո, եւ նաեւ սրանով են աչքի ընկնում հայաստանյան կրթությունը եւ գիտությունը. մենք ձգտում ենք նորարարությունների եւ միաժամանակ փորձում պահպանել ավանդույթները: Իհարկե, դեռ առաջին քայլերն են, բայց կարծում եմ, որ շուտով արդյունքը կնկատվի:

՞նչ գնահատական կտաք այսօր մեր երկրում գիտական ոլորտի կառավարմանը:

-Գաղտնիք չէ` Հայաստանը ունի շատ սակավ բնական ռեսուրսներ£ Մեր երկրում միակ ռեսուրսը մարդկայինն է, միակ ներուժը` մարդը: Ցավոք, մենք ճիշտ չենք հաշվառում մեր ունեցած ռեսուրսները: Հաշվարկներ չեն կատարվում նաեւ գիտական աշխատանքների թեմատիկ բաշխման, թեմատիկ ընտրության եւ այլնի առումով: Պետությունը պետք է շահագրգռված լինի, որ զարգանա տնտեսության այս կամ այն ոլորտը, պետք է ուշադրություն դարձնի գիտական մտքի զարգացմանը տվյալ ոլորտում: Այսպիսին պետք է լինի ներքին քաղաքական ռազմավարությունը: Գիտնականը պետք է զգա, որ ինքը պաշտպանված է, իր կարիքն ունեն այս երկրում եւ ինքն էլ պատրաստ կլինի պաշտպանելու պետությունը իր բնագավառում առաջընթաց ապահովելու միջոցով: Իմ ընկերների, ուսանողների մեծ մասը, որ հրաշալի գիտնականներ էին կամ առաջատար մասնագետներ կդառնային մեր պետության համար, այսօր, ցավոք, ապրում եւ աշխատում են այլ երկրներում:

-Պետության ուշադրությունը բավարար չէ, բայց հասարակության վերաբերմունքն էլ, կարծես, հակասական է:


-Այո, որովհետեւ գիտությունն այսօր հասանելի է բոլորին: Ես դեմ եմ, որ բարձրագույն կրթություն ստանալն այսքան մատչելի եւ դյուրին լինի բոլորի համար: Ո՞վ է ասել, որ բոլորը պետք է բարձրագույն կրթություն ստանան: Ամեն տարի տասնյակ դիմորդներ են ընդունվում հայաստանյան բուհեր, ընդ որում` մեծ մասամբ նույն ֆակուլտետները: Բայց ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ մեր երկիրն ունի թույլ զարգացած տնտեսություն, գրեթե չունենք արդյունաբերություն, դիվանագիտական հարաբերությունների առումով առաջընթաց չի գրանցվում, իրավական դաշտում եւս բացթողումները շատ են: Սա նշանակում է, որ հազարավոր դիպլոմավորված անձանց ներհոսքն այս բնագավառներ ապարդյուն են: Եթե շուկան չունի տվյալ մասնագետների կարիքը, պետք է սահմանափակել կադրերի թիվը: Հասկանալի է` հայաստանյան բուհերը ուսանողների թվաքանակի աճով իրենց ֆինանսական խնդիրներն են հոգում եւ, վերջին հաշվով, պետությանը հարկեր վճարում, բայց կարելի է գտնել այս ամենի կարգավորման ավելի արդյունավետ տարբերակներ:

-Առավել եւս, որ հետագայում բուհ ավարտողները աշխատանք չեն գտնում:

-Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ բուհերը չեն աշխատում աշխատաշուկայի հետ: Բուհը պետք է պատասխանատվություն կրի իր շրջանավարտին աշխատանքի տեղավորելու առումով: Մեր երկրում ուսումնական պրակտիկա կոչվածը շատ հաճախ ձեւական բնույթ է կրում: Բայց այդպես չպետք է լինի: Բուհի ուսանողը, շրջանավարտը, որն արդեն պրակտիկա է անցել համապատասխան կազմակերպությունում, պետք է հնարավորություն ունենա աշխատանքի տեղավորվելու հենց այդ հիմնարկում: Բուհերը պետք է ամեն տարի մշտազննեն աշխատաշուկայի վիճակը` պարզելու, թե իրենց շրջանավարտների քանի՞ տոկոսն է աշխատում, ո՞ր բնագավառումներում, ի՞նչ հաջողություններ ունի, եւ ըստ այդմ` հաջորդ տարվա գործելակերպի ծրագիր մշակեն:

-Արեւմտյան կրթական համակարգում էական դեր է խաղում կրթաթոշակը. ինչպե՞ս է այն գործում մեր կրթական համակարգում:

-Մեզ մոտ ընդունված է, որ սոցիալապես անապահով պայմաններում ապրող ուսանողները գտնվում են ուշադրության կենտրոնում` ստանալով ուսման վարձի զեղչեր, նպաստներ, բայց շատ քիչ ուշադրություն է հատկացվում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողներին: Սոցիալական պետության գաղափարը մեզանում ընկալվում է որպես սոցիալական աջակցություն թույլերին, դրանով խրախուսվում է թուլությունը, իսկ լավ ունակություններ եւ բարձր առաջադիմություն ունեցողներին վանում ենք պետությունից այնտեղ, որտեղ նրանց ուժը եւ տաղանդը գնահատվում է: Մինչդեռ ուժը եւ շնորհալիությունը ոչ պակաս աջակցության եւ խրախուսման կարիք ունեն: Կրթաթոշակներ պետք է սահմանվեն խելացի ուսանողների համար. աշխատաշուկան վարձատրում է խելացիներին: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել մարդկանց, ովքեր, իրոք, կարող են մեր երկրի վաղվա օրվան օգտակար լինել, որ գիտության ոլորտը մրցակցային լինի, զարգանա: Բուհերը պետք է աշխատեն խոշոր գործատուների, արդյունավետորեն գործող եւ ընդլայնվող կազմակերպությունների հետ: Ընդհանրապես Արեւմուտքում համոզված են` տվեք ուսանողին կրթաթոշակ, եւ նա վաղը կաշխատի ձեզ համար: Ստեղծեք կադրեր եւ օգտագործեք նրանց ի շահ երկրի եւ ի շահ ձեր սեփական գործի` օգուտ բերելով նաեւ տվյալ մասնագետին:
Ն.Հ.

«ՎԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ` ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆ


1981 թվականի սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ` Վազգեն Սիսլյանը, Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը եւ Գեւորգ Կյուզելյանը, գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը եւ 15 ժամ պահեցին իրենց հսկողության տակ: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի այս գործողությունը, որը կոչվեց «Վան», առաջինն էր հայ ազատագրական պայքարի նոր շրջանում: Նախ գործողությունը, ապա ՀԱՀԳԲ-ի մարտիկների դատավարությունը ցնցեց ոչ միայն համայն հայությանը, այլեւ աշխարհի շատ ու շատ մարդկանց, որոնք մամուլում, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հետեւում էին այս ամբողջ գործողությանը, դատավարությանը, իսկ հետո լրատվություն էին փնտրում բանտարկված մարտիկների մասին: Նրանցից Արամ Պասմաճյանը, ում կերպարի հիման վրա ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանը հետագայում նկարահանեց ֆրանս-հայկական համատեղ «Արամ» գեղարվեստական ֆիլմը, ինքնասպանություն գործեց հենց բանտում (ինչպես եւ ֆիլմում է ներկայացվում), բանտից ազատվելուց հետո մյուսներին կյանքը տարբեր ուղիներով տարավ: Նրանցից Վազգեն Սիսլյանը մի հայ ընկերոջ հրավերով եկավ Խորհրդային Հայաստան: 1990-ականների սկիզբն էր: Արցախյան ազատամարտը եւ սիրած կինը Վազգեն Սիսլյանի կյանքը մեկընդմիշտ կապեցին Հայաստանի հետ: 


-Ծնվել, մեծացել եմ Բեյրութում: Ցանկացած գաղթօջախում հայն իրեն երկրորդ կարգի մարդ է զգում: Հեշտ չէ ապրել օտար երկրում, որքան էլ պայմանները բարեկեցիկ լինեն, դու օտար ես տեղացիների համար: Մեծերից լսում ես, որ նախնիներդ այդ երկրում հայտնվել են, որովհետեւ ցեղասպանություն է եղել, որովհետեւ մեզ մեր հայրենիքից դուրս են արել: Եվ սկսում ես այդ պատմութունների հետեւանքով առաջ եկած հազարավոր հարցերին պատասխաններ փնտրել: Այդ պատասխանները փնտրելու ճանապարհին էր, որ ես` ընդամենը 21 տարեկան երիտասարդս, անդամագրվեցի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին:

-Եվ կարճ ժամանակ անց Ձեզ հանձնարարվեց իրականացնել Փարիզի թուրքական հյուպատոսարանի գրավումը: 21-ամյա երիտասարդին ինչպե՞ս հաջողվեց այդ ամենը գլուխ բերել:

-Առավոտյան ժամը 10-ին երկու խմբով` ես եւ Հակոբը, Գեւորգը եւ Արամը, ուղեւորվեցինք դեպի «Բալզակ» սրճարան` այստեղ հանդիպելու եւ հյուպատոսարան մտնելու համար: Ժամը 11£15-ին մուտք գործեցինք հյուպատոսարան: Յուրաքանչյուրս իր որոշակի տեղը գրավեց: Ես ծածկեցի դուռը, Արամը, ռումբը ցույց տալով, գոռաց, որ հյուպատոսարանը գրավված է ՀԱՀԳԲ-ի «Եղիա Քեշիշյան անձնասպանական քոմանտո»-ի կողմից. Եղիա Քեշիշյանը մեր նահատակված ընկերներից էր: Գեւորգը նույնը կրկնեց ֆրանսերեն: Մի թուրք ոստիկան հարձակվեց Գեւորգի վրա, փոխադարձ կրակոցներ եղան, որի պատճառով ոստիկանը սպանվեց: Նշեմ, որ նա միակ զոհը եղավ: Մյուս թուրք պահակները զինաթափվեցին: Գեւորգը զանգահարեց մի շարք թերթերի եւ լրատվական գործակալությունների` հաղորդելով, որ գործողությունն իրականացնում է ՀԱՀԳԲ-ը քաղաքական նկատառումներով, որ հյուպատոսարանը գրավված է, եւ 59 պատանդ գտնվում է խմբի հսկողության տակ: Լրատվական գործակալությունները սկզբում չհավատացին, որովհետեւ հինգհարկանի շենքի երկրորդ հարկում գտնվող հյուպատոսարանի գրավումը չորս մարդու կողմից պարզապես անհավանական էր թվում, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ շենքն ամբողջությամբ ֆրանսիական ոստիկանության հսկողության տակ էր, իսկ բուն հյուպատոսարանը հսկում էին նաեւ թուրք պահապանները: Ֆրանսիական AFB լրատվական կենտրոնից պատասխանեցին, որ Փարիզում ցանկացած հաստատություն տեսականորեն հնարավոր է գրավել, սակայն թուրքական եւ իսրայելական հյուպատոսարանները անգամ տեսականորեն հնարավոր չէ: Ամեն դեպքում, գործողության սկզբից մոտ մեկ ժամ հետո լրագրողները Հոսման փողոցում էին: Այդ ընթացքում ֆրանսիացի ոստիկաններից մեկը, շենքի hետնամուտքից ներս մտնելով, կրակեց ինձ վրա` ծանր վիրավորելով: Հակոբը նույնպես վիրավոր էր, նրա վիճակը նույնպես ծանր էր: Պատանդների մեծ մասի հսկողությունն իրականացնում էր Արամը, իսկ մյուս մասինը` ես: Նրանց պատմում էի հայ ժողովրդի պայքարի եւ 1915 թվականի կոտորածի մասին: Կոմիսար Բրյուսարը` ֆրանսիական ոստիկանության ամենահմուտ մասնագետներից մեկը, հեռախոսով ցանկացավ բանակցել: Պատուհանից ներքեւ նետվեցին թղթեր, որոնց վրա ներկայացված էին մեր պահանջները: Եվ այսպես` ավելի քան 15 ժամ 59 պատանդ պահելով` մենք ֆրանսիական կառավարության միջնորդությամբ բանակցությունների մեջ մտանք թուրքական կառավարության հետ եւ հանձնվեցինք:

-Որո՞նք էին ձեր պահանջները:

-Անմիջապես ազատ արձակել եւ Փարիզի օդակայան ուղարկել հայր Մանուել Երկաթյանին եւ վիրահատության կարիք ունեցող Հրանտ Կյուզելյանին, որոնք մշակութային եւ սոցիալական ծառայություններ էին մատուցել Թուրքիայում բնակվող հայությանը, ուստի գտնվում էին ազատազրկման մեջ: Անմիջապես ազատ արձակել եւ Փարիզի օդակայան ուղարկել քաղաքական նկատառումներով Թուրքիայում ազատազրկման մեջ գտնվող բոլոր հայ բանտարկյալներին: Պաշտոնական երաշխիքներ տալ, որոնք պետք է ապահովեն հայկական բռնագրավված հողերում եւ Թուրքիայի մեծ քաղաքներում ապրող հայության իրավունքը` անկաշկանդ արտահայտելու եւ զարգացնելու իրենց ազգային, մշակութային եւ կրոնական ավանդույթները: Պաշտոնական երաշխիքներ տալ, որ միջազգային մշակութային կազմակերպություններին պետք է թույլատրվի մշտական հսկողության եւ քննության տակ առնել բռնագրավված հայկական հողատարածքներում գտնվող հայկական մշակութային կոթողները: Փառք Աստծու, «Վան» գործողությունից հետո Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող հայկական շատ հուշարձաններ այսօր ինչ-որ չափով վերահսկվում են այդ կառույցների կողմից:
Պահանջել էինք նաեւ անմիջապես ազատ արձակել քաղաքական նկատառումներով ձերբակալված եւ թուրքական բանտերում գտնվող 5 թուրք եւ 5 քուրդ հեղափոխական մարտիկների: Պահանջների մի մասը կատարվեց:

-Այս ամենը, սակայն, չորակվեց որպես ազգային-ազատագրական պայքար: Մինչեւ օրս էլ, շատերի համոզմամբ, դա ահաբեկչություն էր: 

-Այո: Մենք դատավարությանը հատուկ էինք պատրաստվել: Մեր պահանջը` բանտում ֆրանսերեն սովորել դատարանում ինքներս մեզ պաշտպանելու համար, ընդունվեց բանտի ղեկավարության կողմից: Սորբոնի համալսարանից հատուկ մասնագետ հրավիրվեց, եւ ես հիմա Սորբոնի համալսարանի վկայական անգամ ունեմ: Մենք դատավարությանը ներկայացանք սափրված, կոստյումներով: Որտե՞ղ եք տեսել նման ահաբեկիչների: Հիշում եմ` դատավարության ժամանակ արված մի լուսանկար, որտեղ մենք նստած ենք երկրորդ շարքում, իսկ ոստիկանները` առաջին, շփոթ էր առաջացրել, թե արդյոք ո՞ր շարքի նստածներն են ահաբեկիչները:

-Ազատության մեջ հայտնվելու առաջին ամիսներին Դուք որոշել էիք մեկնել Կանադա` մշտական բնակության, ինչո՞ւ եկաք Հայաստան:

-Ընկերներիցս մեկը հրավիրեց, եւ քանի որ մինչ այդ Խորհրդային Հայաստանում չէի եղել (Արեւմտյան Հայաստանում հասցրել էի մի քանի անգամ լինել), առիթը բաց չթողեցի: Այստեղ արդեն զինված պայքարն սկսվել էր` Երասխի կռիվներն էին ընթանում: Մովսես Գորգիսյանն արդեն զոհվել էր: Ես չէի կարող թողնել ու գնալ: Արցախյան ազատամարտի տարիներին ես ծառայել եմ երկրիս` բազմաթիվ հատուկ հանձնարարություններ եմ կատարել, որոնց մասին չէի ցանկանա հիմա խոսել:

-21 տարեկանում Դուք գաղափարապես այնքան հասուն էիք, որ հանդես էիք գալիս Հայ գաղտնի բանակի կազմում: Ի՞նչ կասեք այն երիտասարդներին, որոնք ինչ-ինչ պատճառներով խուսափում են զինվորական ծառայությունից:

-Ես հպարտ եմ, որ մինչեւ հայոց բանակի կազմավորումը եղել եմ նրա զինվորը, առիթ եմ ունեցել զենքով ու գաղափարով պայքարելու ազգիս համար: Ափսոս, տարիքս չի ներում, թե չէ հիմա էլ կծառայեի հայոց բանակում` անկախ Հայաստանի բանակում: Ոմանք, ցավոք, չհասկացան` ինչի համար է այս անկախությունը, որ դա չի նշանակում անհատական անկախութուն: Այստեղ ամեն մարդ իրեն մյուսներից է անկախ զգում` համարելով, թե դա է անկախությունը, ազատությունը: Բայց չէ՞ որ մենք պայքարում էինք համազգային անկախության համար:

-Վերջին շրջանում շատ են գրում, խոսում մեր զինված ուժերում տեղ գտած բացասական երեւույթների մասին` համապատասխան վերաբերմունք ձեւավորելով բանակի հանդեպ:

-Աշխարհի բոլոր բանակներում հանցագործություններ կատարվում են: Մեր բանակն էլ բացառություն չէ: Անշուշտ, դրանք կանխելու ճանապարհներ է պետք գտնել: Այստեղ իրենց դերը կարող են ունենալ նաեւ լրագրողները, լրագրողական պրոֆեսիոնալ աշխատանքը, բայց բանակն ու պետական խորհրդանիշերը քարկոծելն ամենեւին էլ ճիշտ ելք չի: Չի կարելի պառակտել սեփական ժողովրդին:

՞նչ կմաղթեք շուտով արդեն մեր 20-ամյա բանակի զինվորին:

-Յուրքանչյուր տղա պետք է հասկանա, որ ինքն անհատներին չի ծառայում, այլ իր երկրին, իր ժողովրդին, իր գաղափարներին: Ի վերջո, ամենքս ենք զինվոր մեր ամեն գործում, մենք ամենքս այս կամ այն կերպով ծառայում ենք մեր երկրին: Երանի բոլորս գիտակցեինք, որ մեր յուրաքանչյուր փոքրիկ գործով պարտավոր ենք նպաստել մեր երկրի զարգացմանը. այդպես են երկիր կառուցում: Ցավոք, հայերը Հայաստանից դուրս ամեն տեղ հայրենիք են փնտրում` մոռանալով, որ ուր էլ լինեն, նրանց օտարի պես են վերաբերվելու:

-Ձեր պայքարն ավարտվա՞ծ է:

-Այդպե՞ս է թվում: Փառք Աստծու, գաղափարակից ընկերներս բոլորն արդեն ազատության մեջ են, մենք շարունակում ենք աշխատել մեր գաղափարների հաղթանակի համար «Ուխտ Արարատի» կազմակերպության շրջանակներում:
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ



Իր անհատական վեցերորդ ցուցահանդեսը գեղագետ, մշակութային մեկնաբան եւ արվեստաբան-լրագրող Լեւոն Լաճիկյանը բացեց «աշխարհի մայրաքաղաք» Նյու Յորքում: Այն կոչվում էր «Հայկական աշխարհ» եւ ներկայացնում էր վերջինիս մաս կազմող հայաստանյան ու արտերկրի բնակավայրերը: Ըստ Լեւոնի, «Նույնիսկ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը սահմաններ է ունեցել. մինչդեռ անսահման է հայկական աշխարհը»: Ուստի պատահական չէ, որ ցուցադրանքում իրար կողք կողքի տեղ էին գտել Գյումրին ու Վենետիկը, Մեղրին ու Նյու Յորքը, Շուշին ու Ամստերդամը, Գորիսն ու Փարիզը: Արվեստագետի կարծիքով, հայկական աշխարհի մաս է ամեն բնակավայր, որտեղ «գեթ մեկ հայ կա կամ հայկական որեւէ հիշատակ»:

Ցուցահանդեսի կազմակերպիչը Պոլսահայ օգնության միության Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի մասնաճյուղն էր: Շուրջ 150 մարդ էր դեկտեմբերի 2-ին հավաքվել Նյու Յորքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու «Գալուստյան» սրահում, որտեղ մշտապես տեղի են ունենում մշակութային տարաբնույթ միջոցառումներ, համերգներ, ցուցահանդեսներ, հանդիպումներ եւ այլն: Այդ օրը հյուրեր կային ԱՄՆ տարբեր նահանգներից, նաեւ Կանադայից: Ներկաների մեջ էր նաեւ Ստամբուլի Շիշլի շրջանի փոխքաղաքապետ Վազգեն Բարանը, որն այսօր ամենաբարձր դիրք զբաղեցնող հայն է Թուրքիայում:

Ինչպես Լեւոն Լաճիկյանը նշեց մեր զրույցում, «Ցուցահանդեսի առաջին այցելուները Սրբոց Նահատակաց հայկական ամենօրյա վարժարանի սաներն էին, որոնք նկարների միջոցով հաղորդակցվեցին թե Հայաստանի բնակավայրերին, թե Հայկական աշխարհի մյուս անկյուններին»: Իրոք, ցուցահանդեսի չորս տասնյակից ավելի գծանկարները գեղեգիտականից զատ ունեին նաեւ ճանաչողական նշանակություն եւ ցոլացնում էին տեսարաններ, առանձին շենքեր ու կառույցներ վերոհիշյալ քաղաքներից: Համադրելով դրանք, հեղինակն ասես ուզում է դիտողին պարզել մարդու հրաշակերտած ձեռակերտ ստեղծագործությունների թե ինքնատիպությունը, թե ընդհանրությունը: «Շենքերն ինձ համար քարե անշունչ ու անհոգի կառույցներ չեն: Դրանք ավելի շատ մարդկային ոգու ամրոցներ են, միջավայր կերտող, բնավորություն ու մտածողություն կազմավորող եւ ճաշակ կրթող երեւույթներ»,- ահա Լեւոն Լաճիկյանի ստեղծագործական հավատամքը:

Ցուցահանդեսի աշխատանքների վաճառքից ստացված հասույթը տրամադրվեց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հովհաննես Հինդլյանի անվան միջնակարգ դպրոցին, որի հովանավորը Պոլսահայ օգնության միությունն է: Իսկ միջոցառման ընդհանուր հաջողության վերաբերյալ դրական արձագանքներ եղան Նյու Ջերսիի Հայկական ռադիոժամի եթերում եւ «Արմինիըն Միրրոր-Սփեքթեյթըր» շաբաթաթերթի էջերում:



ՉՄՇԿԱՍԱՀՔ. ՆՈՐԱՁԵՎ ՄԱՐԶԱՁԵՎ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Թեպետ բուհերում քննաշրջանը դեռ չի ավարտվել, գրեթե բոլորիս տներում նախատոնական իրարանցում է, բայց շատ երիտասարդներ նույնիսկ այս օրերին չեն մոռանում առողջ ապրելակերպի, լավ մարզավիճակ ունենալու մասին: Վերջին տարիներին Հայաստանում, ի թիվս այլ մարզաձեւերի, նորաձեւ է դարձել չմշկասահքով, ավելին` գեղասահքով զբաղվելը: Օրերս ես էլ որոշեցի առաջին անգամ փորձել, թե ինչ է նշանակում չմուշկներով կանգնել սառույցի վրա եւ ջանալ չընկնել: Պատկերացրեք` ամենեւին էլ հեշտ գործ չէ, բայց, հուրախություն էքստրիմի սիրահարների, լավ փորձություն է եւ նաեւ` հաճելի, չնայած որ հետո տուն ես վերադառնում բազմաթիվ կապտուկներով: Երբ գրանցվում էինք մուտքի տոմսեր ձեռք բերելու համար, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտի տոմսավաճառը զգուշացրեց. «Այսօր այնքան ենք դիմել շտապօգնության ծառայությանը, որ արդեն մեր զանգերին չեն պատասխանում, պետք է զգույշ լինել եւ պահպանել անվտանգության կանոնները»: Ցավոք, սահադաշտում չկան համապատասխան մասնագետներ (ինչպես, ասենք, շատ լողավազաններում), որոնք կօգնեն նորեկներին, կծանոթացնեն այս մարզաձեւի այբուբենին. այդպես եւ հաջորդ անգամ գալու ցանկությունը չի մարի, եւ ավելի քիչ կապտուկներ կվաստակես, մուտքի տոմսի համար վճարված 2000 դրամդ էլ ջուրը չի ընկնի: Բոլոր նրանց համար, ովքեր որոշեցին առաջիկա օրերին այցելել սահադաշտ, ներկայացնում ենք որոշ մանրամասներ մարզաձեւի պատմությունից:

Հայաստանում գեղասահքը վերջին տարիներին ավելի սիրված դարձավ ձմռան ամիսներին Կարապի լճում գործող բացօթյա եւ մարզահամերգային համալիրում գործող միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող սահադաշտերի, նաեւ ռուսական ու հայկական հեռուստաաալիքներով ցուցադրված «սառցային» հեռուստանախագծերի շնորհիվ: Չմշկասահքի եւ պարարվեստի խաչմերուկներում ստեղծված այս մարզաձեւը, հիրավի, այսօր շատերին է գրավում: Ձեւավոր չմշկասահքը` գեղասահքը, սկիզբ է առել ոչ վաղուց` 19-րդ դարի 60-ական թվականներին: Ոսկորից, երկաթից պատրաստված չմուշկները, որպես տեղաշարժման միջոց, հայտնի են 13-14-րդ դարերից: Չմշկասահքի հայրենիքը Հոլանդիան է: 19-րդ դարի վերջին գեղասահքն արդեն տարածված էր շատ երկրներում: 20-րդ դարի սկզբից սկսեցին անցկացվել գեղասահքի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ: 1924 թվականից գեղասահքն ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում:

Ձմեռային ամենագեղեցիկ եւ հրապուրիչ մարզաձեւերից մեկը մեր հանրապետություն մուտք է գործել 1972 թվականին: Այդ տարիներին հեռուստատեսությամբ ցուցադրվում էին խորհրդային գեղասահորդներ, համաշխարհային մեծության մարզիկներ Լյուդմիլա Բելոուսովայի եւ Օլեգ Պրոտոպոպովի, Լյուդմիլա Պախոմովայի եւ Ալեքսանդր Գորշկովի, Իրինա Ռոդնինայի եւ Ալեքսանդր Զայցեւի ելույթները, գեղասահքի Եվրոպայի, աշխարհի առաջնությունները: Մարզաձեւի հանդեպ առաջացած մեծ հետաքրքրությամբ ու սիրով էր պայմանավորված Հայաստանում արհեստական սառույցով առաջին սահադաշտի ստեղծումը: Մեր երկրում այս մարզաձեւի զարգացման համար պատասխանատու է գեղասահքի հանրապետական ֆեդերացիան: Երեւանում ձեւավոր չմշկասահքի մանկապատանեկան մարզադպրոցը գտնվում է Շենգավիթ համայնքում: Դպրոց կարող են ընդունվել 4-6 տարեկանից: Հայաստանցի մարզիկները հնարավորություն ունեն մասնակցելու պաշտոնական տարբեր մրցումների, այդ թվում Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, Օլիմպիական խաղերի, սակայն լուրջ հաջողությունների մասին, ցավոք, առայժմ չենք կարող խոսել: Մեր հանրապետությունը ներկայացնող գեղասահորդներից լավագույն արդյունք ցույց է տվել Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան զույգը: Նրանք Իտալիայի Թուրին քաղաքում կայացած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում գրավել են 11-րդ հորիզոնականը: Մասնակցել են երեք Օլիմպիադայի:

Անցնող տարում հաջողությունն ուղեկցեց պատանի գեղասահորդներ Սարգիս եւ Սլավիկ Հայրապետյաններին: Տալլին քաղաքում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարում Սարգիս Հայրապետյանը հաղթող ճանաչվեց, իսկ Սլավիկը զբաղեցրեց երկրորդ տեղը: Տղաները մարզվում են Ռուսաստանի Դաշնությունում եւ այժմ նախապատրաստվում են անգլիական Շեֆիլդ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հուսանք, որ հաջողությունն այնտեղ էլ կուղեկցի եղբայրներին, որոնց մարզիչն, ի դեպ, նրանց հայրն է` գեղասահքի ՀՀ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ս.Հայրապետյանը:

Արժե նշել, որ աշխարհահռչակ շատ գեղասահորդներ ելույթ են ունեցել եւ այժմ էլ հանդես են գալիս Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» ու «Դիմակահանդեսի» վալսի հնչյունների ներքո: Իսկ վերջերս գեղասահորդներին ոգեշնչում է նաեւ Արա Գեւորգյանի երաժշտությունը:


Ն.Հ.

3 янв. 2012 г.

www.eter.am


ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՏԱՐԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ


Սիրելի բարեկամ, շուտով կլրանա հինգ տարին, ինչ մեր շաբաթաթերթի «Երիտասարդական» էջը ապրում եւ գործում է միայն քեզ համար: Այս տարիների ընթացքում մենք ծանոթացել ենք մեր ավագ սերնդի ներկայացուցիչների անցած ուղուն, նրանց ապրած կյանքին, դասեր ենք քաղել նրանց կենսագրություններից «Երբ ես ուսանող էի» խորագրի ներքո տպագրված զրույցների միջոցով, միասին բարձրացրել ենք մեր շրջապատում առկա խնդրահարույց հարցեր «Ինչն է ինձ անհանգստացնում» խորագրի ներքո, դրվատել ենք մեր կյանքում առկա լավն ու  դրականը «Ինչ լավ է, որ…» վերնագրով հրապարակումներում, ճանաչել ու վերհիշել ենք մեր հերոսներին Արցախյան ազատամարտի, Հայաստանի Հանրապետության անկախության եւ հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված հրապարակումների միջոցով: Անդրադարձել ենք հայոց բանակում առկա խնդիրներին, փորձել ենք գտնել դրանց պատճառները, դրանք կանխելու, վերացնելու միջոցները, անդրադարձել ենք կրթական ոլորտի խնդիրներին, հետեւել ենք ուսանողական կյանքի անցուդարձին, մշակութային կյանքին, երիտասարդական ժամանցին, հասարակական-սոցիալական կյանքի ուշագրավ իրադարձություններին, խոսել ենք մեր երկրում արժանապատիվ ապրելու մեր իրավունքի մասին եւ այլն: Մեր էջը միշտ հագեցած է եղել քննադատական հոդվածներով, բայց մենք գիտենք գնահատել նաեւ այն ամեն լավը, որ արվում է մեզ` երիտասարդներիս համար, ուստի տարեվերջյան համարում որոշեցինք անդրադառնալ մի շարք կարեւոր իրադարձությունների, որոնք 2011-ի ընթացքում կատարվել են մեր կյանքում` ակնկալիքով, որ մեր ապագան մեր ձեռքերով մենք կներկենք վառ գույներով:


2012-Ի ՏԱՐԵՄՈՒՏԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ


Նախագահ Սերժ Սարգսյանն Հայաստանի երիտասարդական հիմնադրամում օրերս հանդիպում է ունեցել ավելի քան երկու տասնյակ երիտասարդ գիտնականների հետ: Հանրապետության ղեկավարի հետ նրանք քննարկել են երիտասարդ գիտնականների աշխատանքային պայմանների բարելավման, նրանց առաջխաղացման հնարավորությունների, երիտասարդ գիտնականների կողմից իրականացվող ծրագրերին աջակցության, ինչպես նաեւ գիտության բնագավառի վերաբերյալ օրենսդրության բարեփոխումների եւ արդի պահանջներին համապատասխանեցման, հասարակության մեջ գիտնականների հեղինակության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման վերաբերյալ հարցեր: Սերժ Սարգսյանը նշել է, որ յուրաքանչյուր տարվա համար երիտասարդ գիտնականներին ֆինանսական աջակցության նպատակով կհատկացվի 100մլն դրամ, որը կտրամադրվի գոյություն ունեցող հիմնադրամներից մեկի միջոցով: Նախագահը հանդիպման մասնակից երիտասարդներին առաջարկել է քննարկել այդ միջոցներն արդյունավետ տնօրինելու սկզբունքները, ծրագրային ուղղություններն ու ընթացակարգերը:


ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ` ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ


Ամփոփելով տարին` չենք կարող անտեսել նաեւ 2011-ին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին արժանացած երիտասարդ ստեղծագործողներին: Տեղեկացնենք, որ ՙՊողոսյան հիմնադրամի՚ կողմից հովանավորվող ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին այս տարի կերպարվեստի եւ կինոյի բնագավառում արժանացել է Վահե Հակոբյանը` ինքնադիմանկարների շարքի համար, Սարգիս Բաբայանը` «Շարք Աստվածաշնչից» քանդակաշարի համար: Գրականության բնագավառում նախագահի մրցանակի է արժանացել երիտասարդ ստեղծագործող Լիլիթ Կարապետյանը «Նորից երկուշաբթի»«Չգիտեմ»«Կոր պատմվածք»«Հենակով ստվերներ»«Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների համար:  Հարություն Հովակիմյանը նախագահի մրցանակի է արժանացել «Երբ մենք չաղոթեցինք» բանաստեղծությունների ժողովածուի համար: Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում մրցանակի է արժանացել նաեւ Արմեն Մանասյանը (դաշնամուր) լավագույն կատարման համար:


1% ԳԻՏԵԼԻՔ` ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ


2011-ի կարեւոր իրադարձություններից էր մարտ ամսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մեծ դահլիճում տեղի ունեցած «1% գիտելիք, սերունդներին» խորագիրը կրող աշխատանքների շնորհանդեսը: Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՊՏՀ Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի համագործակցության արդյունքում բուհի 3-րդ կուրսի 15 ուսանողներ wikipedia ազատ հանրագիտարանի հայկական ռեսուրսները կհամալրեն բնապահպանության ոլորտին վերաբերող 140 հոդվածներով: Ծրագրի նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների դաշտում հզորացնել հայկական ռեսուրսները, երիտասարդներին ներգրավել գիտական աշխատանքներում: Ծրագիրը շարունակական է լինելու, որի շրջանակներում wikipedia ազատ հանրագիտարանի հայկական ռեսուրսները կհամալրվեն նաեւ այլ ուսանողական աշխատանքային խմբերի կողմից:


ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ. ՉԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ


1988-90թթ. Բաքվից 20կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները ծրագրված կերպով իրականացրին հայկական կոտորածներ:  Ջարդերն իրականացվեցին ադրբեջանական իշխանությունների գիտությամբ եւ համաձայնությամբ, ինչին նախորդել էին հակահայկական քարոզչությունն ու ամբոխի անկարգությունները: Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկումը, միջազգային հանրության կողմից կատարվածն արժանի կերպով չդատապարտելը նպաստեցին Ադրբեջանում իրավիճակի հետագա վատթարացմանը, հանգեցրին 1990թ. հունվարին Բաքվի կոտորածներին: Ուստի Հայաստանում գործող շուրջ 40 երիտասարդական կառույցների, այդ թվում ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ երիտասարդական կազմակերպությունների, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, ՙՄիասին՚ շարժման, ինչպես նաեւ մի շարք այլ ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչ մի քանի հազար  երիտասարդներ, անկախ քաղաքական հայացքներից, հետաքրքրությունների շրջանակներից, միավորվելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնության շուրջ, փետրվարի 28-ին կայացած երթի միջոցով իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ կատարվածի եւ հանուն դրա դատապարտման: Դեռ չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը, չի դատապարտվել սումգայիթյան հանցագործությունը, չի ավարտվել Արցախյան պատերազմը: Սա Հայաստանի Հանրապետությունն է, բայց ոչ Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանը: Մենք դեռ անելիքներ շատ ունենք: Ցեղասպանության ճանաչմանն է ուղղված նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից ամեն տարի  ապրիլի 24-ին կազմակերպվող ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿԱԽ ՍԵՐՆԴԻ ԱՉՔԵՐՈՎ


Այս տարի մեր երկիրը տոնեց իր անկախության 20-ամյակը: Դեռ տարեսկզբից մեկնարկել էին տոնական միջոցառումները: Բայց ամենատպավորիչը սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած զորահանդեսն էր, որին հետեւում էր համայն հայությունը` Հայաստանում եւ սփյուռքում: Այս տոնակատարություններից  անմասն չմնաց անկախության սերունդը, կազմակերպվեցին զանազան միջոցառումներ: Դեկտեմբեր ամսին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ հիմնադրամի` Աբովյան փողոցի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Անկախությունն անկախ սերնդի աչքերով» երկօրյա լուսանկարչական ցուցահանդես:




ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ


ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` 2011թ. մարտի 28-ի կարգադրությամբ ստեղծվել է Երիտասարդական խորհրդարան, որը կգործի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից: Երիտասարդական խորհրդարանն իր նիստերը կգումարի ԱԺ նիստերի դահլիճում, խորհրդարանին կտրամադրվեն աշխատասենյակներ, որտեղ հանձնաժողովները կկարողանան իրենց նիստերն անցկացնել: Ինչպես ԱԺ-ում, այստեղ էլ գործում է 12 հանձնաժողով: Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստը գլխավորեց տարիքով ամենաավագ անդամը` Կարեն Պետրոսյանը: Խորհրդարանի նախագահը ռոտացիոն հիմունքներով պարբերաբար փոխվելու է: Ի դեպ, ՀՀ Երիտասարդական խորհրդարանն օրերս ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ, կազմակերպել էր «Երիտասարդության մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում:


ՄԵՐ ԲԱՆԱԿԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է


2012-ին հունվարի 28-ին հայոց բանակը կտոնի իր կազմավորման 20-ամյակը: Մեր բանակը մեր հասակակիցն է: Յուրաքանչյուր երիտասարդ տղայի կյանքում ամենից կարեւորն ու պատասխանատուն հարազատ երկրի հանդեպ պարտքը կատարելն է, հայոց բանակի զինվոր դառնալը: Ուստի չմոռանանք Ամանորի գիշերը տոնական սեղանի շուրջ բարձրացված կենացներից մեկն էլ նվիրել այն բոլոր երիտասարդ զինվորներին ու սպաներին, ովքեր անքուն աչքով հսկում են մեր երկրի խաղաղությունը:





www.eter.am


Բանակը եւ մտավորականությունը


ՇԱՎԱՐՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ. ՄԻԱԿ ՕՊԵՐԱՏՈՐԸ, ՈՒՄ ՀԱՋՈՂՎԵԼ ԷՐ ՏԵՍԱԳՐԵԼ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ 


Շավարշ Վարդանյանն այն եզակի լրագրող-օպերատորներից է, ովքեր մեր ազատագրական պայքարի տարիներին չերկնչեցին մեկնել Արցախ, լինել հայ զինվորի, հայ մարտիկի կողքին, արձանագրել ու տեսագրել նրա մարտական սխրանքի ուղին, որ ի պահ հանձնեն սերունդներին: Նա այն մարդկանցից է, ովքեր հայի արդար պահանջը լսելի էին դարձնում գերտերություններին, ովքեր իրենց տեսանյութերով համայն աշխարհին պատմում էին հայության պայքարի մասին: ՀՀ կառավարության կողմից Շավարշ Վարդանյանը պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Մարշալ Բաղրամյան» մեդալով եւ անվանական զենքով: ԼՂՀ կառավարության կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ ՀՀ մշակույթի նախարարության կողմից` «Ոսկե» մեդալով: 1992-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի առաջարկով հայոց նորաստեղծ բանակում հիմնադրել է մամուլի եւ լրատվության վարչությունը` մինչեւ 1995-ը աշխատելով որպես վարչության պետի տեղակալ: Այս շաբաթ մեր խորագրի հյուրը ռեժիսոր, օպերատոր Շավարշ Վարդանյանն է:


-Ծնվել եմ Գյումրիում: Դպրոցն ավարտելուց հետո ծառայել եմ խորհրդային բանակում, այնուհետ ընդունվել եմ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, բայց զգում էի` ինձնից դերասան դուրս չի գա: Ուսումս կիսատ թողեցի, մեկնեցի Մոսկվա: 1977-1982թթ. սովորեցի Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի կինոօպերատորական ֆակուլտետում: Վերադարձա Հայաստան: Հիշում եմ` ռուսական «Լենֆիլմ» կինոստուդիայի նկարահանող խումբը մեզ մոտ էր, նկարահանումներ էին անում: Գնացի, ծանոթացա նրանց հետ, ընկերացա: Ինձ իրենց հետ Լենինգրադ տարան: Սկզբում որպես բանվոր էի աշխատում, հետո որպես լուսավորող, աստիճանաբար մտերմացա օպերատորների ասիստենտների հետ ու նրանցից շատ բան սովորեցի` ժապավեն լիցքավորել, աշխատել տեխնիկայի հետ եւ այլն: Մի անգամ, երեւի իմ բախտից էր, օպերատորներից մեկի ասիստենտը հիվանդության պատճառով բացակայում էր, ես նրան փոխարինեցի, եւ այդպես սկսվեց իմ մասնագիտական կարիերան: Որոշ ժամանակ այնտեղ աշխատելուց հետո վերադարձա Հայաստան: Միմյանց հետեւից նկարահանվեցին բազմաթիվ ֆիլմեր` «Ձնծաղիկներ եւ էդելվեյսներ» (1981թ., գֆ, օպերատոր), «Ամենատաք երկիրը» (1982թ., գֆ, բեմադրող օպերատոր), «Կտոր մը երկինք» (1982թ., գֆ, օպերատոր), «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ., գֆ, բեմադրող օպերատոր) եւ այլն:


-Բայց աստիճանաբար թեման փոխվեց:


-1988-1990 թվականներին բոլորիս կյանքը փոխվեց: Ով ինչ անում էր` պետք է կապված լիներ Արցախի կամ Հայաստանի անկախացման հետ: Հայրենիքը բոլորիս օգնության կարիքն ուներ, եւ ամեն ոք անում էր այն, ինչ կարող էր. մեկը զենքով էր կռվում, կանայք թիկունքն էին պահում, մտավորականությունը հոդվածներ էր հրապարակում, գրքեր տպագրում, ժողովրդին պայքարի ոգի ներարկում, իսկ մենք` օպերատոր, ռեժիսոր, լրագրող…, պատմության համար արձանագրում էինք այն, ինչը հետո պետք է վկայությունը դառնար մեր արդարացի պայքարի: 1988-ից մինչեւ 1994-ի մայիսը` զինադադարի հռչակումը, ակտիվորեն մասնակցել եմ Արցախի համար մղվող ազատագրական պայքարին: Եղել եմ Արցախյան հերոսամարտի թեժ կետերում` նկարահանել եմ 1000 ժամից ավելի պատմափաստավավերագրական կադրեր, որոնք պատկերում են իր հողի անկախության համար պայքարող ազատատենչ հայի իսկական կերպարը, պատմում մեր ժողովրդի ոգու ուժի ու տոկունության մասին: Այդ կադրերը, իբրեւ յուրօրինակ մասունք, հետագա սերունդներին կհիշեցնեն հերոսամարտի եւ հայրենիքի ճակատագրով տոչորվող մարդկանց կյանքն ու պայքարը, նրանց կատարած սխրանքները: Այս ամենն ամփոփվել է նաեւ մի շարք հեղինակային եւ այլ ֆիլմերում` «Հայաստան»«20 օր Արցախում»«Ցեղի կանչը»«Սպիտակ արջը»«Վկայություն»«Թիրախ», նաեւ` «Հենման կետ»«Թատերական հրապարակ»«Պարետային ժամ»«Ղարաբաղյան շարժում»«Շրջափակում»:


-Դուք այն եզակի օպերատորն էիք, ում հաջողվել էր տեսագրել Շուշիի ազատագրման բացառիկ կադրերը: Փաստորեն Շուշին յուրովի ՞  էինք ուզում նվաճել` տեսախցիկներո ՞ վ:


-Արդեն գիտեինք, որ նախատեսվում է Շուշիի ազատագրման օպերացիան: Պայմանավորվել էի մի քանի գործընկեր օպերատորների հետ, որ մի քանի կողմից նկարահանենք հարձակումը, մերոնց մուտքն ու բերդաքաղաքի ազատագրումը. չէ ՞  որ դա պատմական աննախադեպ իրողություն էր դառնալու, սերունդների համար անչափ կարեւոր ժառանգություն: Ոմանք համաձայնեցին իմ` փոքր-ինչ խենթ թվացող առաջարկի հետ, ոմանք վախեցան` դժվար կլինի գրոհի ընթացքում տեսախցիկ միացնել ու տեսագրել… Հետո, երբ գործողությունը պսակվեց մերոնց հաղթանակով, պարզվեց, որ միայն ես եմ նկարել… Անգամ նրանք, ովքեր խոստացել էին օգնել, ուղղակի լքել էին իրենց «դիրքերը»: 18 տեսաերիզ նկարել էի, 36 ժամ չէի հեռացել տեսախցիկից: Ցավոք, ինքնաթիռը, որով տեսանյութերն էինք տեղափոխում, պայթեցրին: Ահա թե ինչու հիմա այդ կադրերը չկան: Այդ իրադարձությունների ժամանակ ծանր վիրավորվեցի: Սակայն ապաքինվելուց անմիջապես հետո մեկնեցի ճակատ, այս անգամ որդուս հետ` Ֆիզուլի, Հորադիզ… Այդ ժամանակ արդեն աշխույժ աշխատում էր ՊՆ լրատվության վարչության «Զինուժ» ծրագիրը: Եթեր էին հեռարձակվում իմ եւ ընկերներիս տեսագրությունները, մեր պատրաստած հաղորդումները` ազատամարտիկների, ազատագրված տարածքների մասին, ցուցադրվում էին տեսանյութեր առաջին գծից եւ այլն: Մենք դարձել էինք Արցախի նոր պատմության վավերագրողները…
Անցան տարիներ, շատ ու շատ զինվորականների նման ես էլ անցա կենսաթոշակի ու թողեցի զինվորական գործը, բայց քանի դեռ ուժ ու ավյուն ունեմ, ծառայելու եմ հայրենիքիս: Զբաղվում եմ երիտասարդ օպերատորների կրթությամբ: Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում դասավանդում եմ «Կինոօպերատորական գործ» առարկան:


-Պարոն Վարդանյան, թերեւս այն տարիներին Հայաստանում եւ Արցախում յուրաքանչյուրը յուրովի, իր ուժերի ներածին չափով նպաստել է ընդհանուր գործին: Դուք էլ նշանակալի ավանդ ունեք հայոց բանակի կազմավորման, մեր անկախության ձեռքբերման գործում: Ի՞նչ կմաղթեք 2012-ին իր կազմավորման 20-ամյակը տոնող մեր բանակին:


-Ֆիզիկական մեծ ուժ, առողջ հոգի, ոգեղեն ամրություն: Ես հայ մայրերին ու քույրերին կոչ եմ անում չպատսպարել, չթաքցնել իրենց որդիներին, եղբայրներին սեփական երկրից: Ես պահեմ, դուք պահեք, բոլորս հրաժարվենք զենք վերցնելուց, իսկ ո ՞ վ պետք է մեզ պահի: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է կատարել հայրենիքի հանդեպ իր պարտքը: Երեխան` դեռ նորածին, արդեն զինվոր պիտի դաստիարակվի. այդ է պարտադրում մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը: Մեր երկիրն այսօր կրճատվել, մի բուռ է դարձել, որովհետեւ մենք երբեք հզոր, հոգեպես առողջ, միասնական, կազմավորված բանակ չենք ունեցել: Այսօր ունենք ամուր բանակ, ամենքս պիտի ջատագով լինենք մեր բանակին, ամենքս պետք է աջակցենք, որպեսզի մեր բանակը ուժեղ լինի ու հզոր:


ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

14 дек. 2011 г.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
www.eter.am


ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ. 
«ԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒՐՋ PR-Ի ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»






Կրթական ոլորտում կատարվող բարեփոխումները, նոր մեխանիզմների մշակումը, օտարերկրյա փորձի ներդրումը, այնուամենայնիվ, չեն նպաստում Հայաստանում գիտական ոլորտի զարգացմանը: Բացթողումներն ու թերացումները ոլորտում շատ են: Երիտասարդ գիտնականները չեն խրախուսվում, հանրությունը նրանց, գրեթե, չի ճանաչում, նրանց աշխատանքն ու գործունեությունը շարունակում է ստվերում մնալ: Շատերը ստիպված հաջողություններ են փնտրում ու գտնում օտար երկրներում: Մեր հանրապետությունում գիտակրթական ոլորտում առկա խնդիրների, Հայաստանում կրթության պրոպագանդայի եւ այս ոլորտի PR-ի մասին զրուցում ենք «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ, հանրային կապերի մասնագետ, բ.գ.թ.  Աստղիկ Ավետիսյանի հետ:



-Կրթական համակարգի մասին խոսելիս, ընդհանրապես, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ամենակարեւորին` հասարակության մեջ այդ հարցի մասին ձեւավորված կարծիքին: Ի՞նչ է կրթությունը, գիտական աշխարհը: Դպրոցի շրջանավարտների մեծ մասն ուզում է անպայման սովորել բուհում, բարձրագույն կրթություն ստանալ, որովհետև այդպես ուզում են իրենց ծնողները` հաշվի չառնելով երեխայի ընդունակություններն ու գիտելիքները: Միջին մասնագիտական կրթությունն անտեսվում է, հաճախ նմանատիպ կրթօջախները բավարար թվով դիմորդներ չեն ունենում: Պետությունն ինքը պետք է իր առաջ խնդիր դնի. եթե այդ հաստատությունները շարունակում են գործել,  ուրեմն դրանք պետք է մասնագետներ ապահովեն աշխատաշուկային: Ցավոք, վերջին տարիներին դրական միավորներ հավաքած գրեթե բոլոր դիմորդները դառնում են ուսանողներ: Հետեւանքները բացասական են այն առումով, որ նախ միջին մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատություններ կորցնում են իրենց դերն ու նշանակությունը,  երկրորդ` դիմորդը, որը գուցե բուհ ընդունվելու փոխարեն շատ լավ արհեստավոր կարող էր դառնալ եւ ավելի մեծ պահանջարկ ունենալ շուկայում, հարվածի տակ է դնում տվյալ բուհի հեղինակությունը:  Այսօր էլ շուկայում մենք ունենում ենք այնպիսի մասնագետների կարիք, որոնք պարզապես չկան: Մեծ հեղինակություն են վայելում իրավագիտության, օտար լեզուների, միջազգային հարաբերությունների ֆակուլտետները, վերջին տարիներին պահանջարկված են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, ծրագրավորողները: Դիմորդների պակաս է նկատվում քիմիայի, ֆիզիկայի, առհասարակ, բնական գիտությունների ֆակուլտետներում: Պետական մակարդակով պետք է հստակ որոշվի, թե քանի աշխատատեղ կա, ըստ այդմ` յուրաքանչյուր տարի սահմանվի տվյալ ֆակուլտետի համար դիմորդների որոշակի քանակ:
Նույնը կարելի է ասել գիտական աշխատանքների առումով: Ինչո՞ւ պետությունը հստակ չի որոշում ատենախոսությունների, գիտական ուսումնասիրությունների առաջնահերթությունները, չի հստակեցվում` արդյոք տվյալ ոլորտի ուսումնասիրության կարիքը կա՞, այդ աշխատությունները պե՞տք են մեր հասարակությանը,  ի՞նչ օգուտ են բերելու, ինչո՞վ են նպաստելու գիտական  առաջընթացին: Սա եւս չափազանց կարեւոր, մեծ ուշադրություն պահանջող հարց  է:

-Պետությունը չի մտածում, չի պլանավորում, բայց երբեմն դիմորդներն իրենք էլ հաշվի չեն առնում այն հանգամանքը, թե արդյոք ապագայում աշխատանք կունենա՞ն, թե ոչ: Ընտրում են մասնագիտություն, որը շուկայում պահանջարկ չունի: Բոլորը համատարած դառնում են իրավաբան, ատամնաբույժ, տնտեսագետ…

-Այս առումով շատ կարեւոր է, որ բուհը  մինչեւ ընդունելության քննությունները աշխատի իր ապագա ուսանողների, շրջանավարտների այն խմբի հետ, որոնց նա տեսնում է որպես իր ապագա ուսանող: Օրինակ, ԵՊՀ-ն կազմակերպում է նման շրջայցեր դպրոցներում եւ բարձր դասարանցիներին ներկայացնում նորաբաց ֆակուլտետները, ընդունելության կարգը, շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունները: Այդ ամենն օգնում է մասնագիտական կողմնորոշման հարցում: Մարդը մասնագիտություն ընտրելուց առաջ պետք է մտածի` արդյոք իր ստացած գիտելիքներով եւ համապատասխան ավարտական վկայականով կարողանալո՞ւ է աշխատանք գտնել, կարողանալո՞ւ է հետագայում դրսեւորվել, ապահովել իր կյանքը: Մեր հասարակության մեջ, ցավոք, մասնագիտության ընտրության հարցում լուրջ վերաբերմունք չկա: Բուհերը պետք է ճիշտ կազմակերպեն աշխատանքը նաեւ լրագրողների հետ: Ինչո՞ւ են Հայաստանում քիչ  տպագրվում գիտահանրամատչելի ամսագրեր, ինչո՞ւ չկան հեռուստահաղորդումներ գիտական ոլորտի  նոր նվաճումների մասին: Եթե կան մարզական թողարկումներ, որոնք պատմում են մարզիկների ամենօրյա նվաճումների մասին,  ուրեմն թող լինեն նաեւ գիտահանրամատչելի հաղորդումներ այն  երիտասարդ գիտնականների մասին, ովքեր, օրինակ, գիտական լուրջ ձեռքբերումներ ունեն: Կամ հանրությանը ներկայացվեն, թե տարվա ընթացքում ասպիրանտական ինչ թեզեր են պաշտպանվել ակադեմիայում, բուհերում, միջազգային ի՞նչ մրցույթների, գիտաժողովների են մասնակցել մեր երիտասարդ գիտնականները: Մի՞թե սրանք պակաս կարեւոր իրադարձություններ են: Հայաստանում բազմաթիվ միջազգային գիտաժողովներ են կազմակերպվում, ինչո՞ւ  լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն հետաքրքրվում դրանցով , ինչո՞ւ չեն լուսաբանում:
Պետք է նշեմ, որ շատ լավ հասկանալով այս իրավիճակը` Հայկական գիտական համագործակցություն եւ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հկ-ների համատեղ աշխատանքի արդյունքում որոշել ենք հանդես գալ նոր նախաձեռնությամբ: Հասարակությանը հայտնի եւ անհայտ հայ գիտնականներ հեռուստատաղավարում ներկայացնելու են գիտական հետաքրքիր եւ հանրամատչելի դասախոսություն, այն առաջարկելու ենք շահագրգիռ բոլոր հեռուստաընկերությունների, եթե որեւէ հեռուստաընկերության վարած ծրագրային քաղաքականության արդյունքում նախաձեռնությունը չիրականացվի, ապա պատրաստվում ենք մեր միջոցներով նկարահանել եւ տեղադրել համացանցում, գոնե նախնական փուլում: Փորձը ցույց է տալիս, որ երիտասարդությունը  հետաքրքրվում է նման ծրագրերով: Սոցիալական ցանցերում գիտական տարբեր խմբեր կան, որոնց անդամակցում են հազարավոր երիտասարդ ուսանողներ, գիտնականներ: Ընդհանրապես, փորձում ենք ամեն կերպ շահագրգռել երիտասարդ գիտնականներին:  Մեկ տարի առաջ Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանը ստեղծեց Հայաստանի գիտական լրագրողների խումբ, որի նպատակն էր խրախուսել լրագրողներին լուսաբանել գիտական նախաձեռնություններն ու առկա տեղեկատվությունը: Մեկ տարվա ընթացքում, արդեն պատրաստվել եւ տարածվել է 112 հաղորդագրություն, որոնց արդյունքում հրապարակվել են ավելի քան 1000 տեղեկատվական նյութեր տպագիր եւ համացանցային մամուլում, ռադիոյով եւ


հեռուստատեսությամբ: Սա արդեն ցուցանիշ է, ասինքն` ճիշտ կազմակերպելու եւ հստակ քայլերի արդյունքում կարող ենք արձանագրել հաջողություն: Ցավոք, հեռուստաեթերն այսօր ողողված է սերիալներով, որոնք հասկանալի է, որ շահութաբեր են, իսկ ու՞ր մնաց հեռուստաընկերության սոցիալական պատասխանատվությունը կամ հեռուստատեսության

ամենակարեւոր գործառույթը, այն է` դաստիարակչական, ի՞նչ ենք քարոզում` նեղ, կաղապարված մտածողությու՞ն, դեպի ու՞ր:

 Ն.Հ.

11 дек. 2011 г.

#49 (915) 08.12.11

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ


ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԻ±Ք ՈՒՆԵՆ

Աշնանային զորակոչն արդեն ավարտվում է: Շուտով հայոց
բանակը կհամալրվի նորակոչիկների նոր սերնդով: Տասնյակ պատանիներ, համալրելով մեր զինված ուժերը, տեր կլինեն մեր սահմաններին ու կդառնան երաշխավորը մեր երկրի խաղաղության: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համապատասխան հրամանով ստեղծվել է հասարակական խորհուրդ, որն ընդունում ու քննում է զորակոչի ընթացքում նորակոչիկների եւ նրանց ծնողների դիմում- բողոքները: Հասարակական խորհրդի հետ զորակոչիկների եւ նրանց ծնողների մի հանդիպմանն էլ մենք ներկա գտնվեցինք: Հենց ընդունելության սկզբից նկատվեց` գրեթե բոլոր զորակոչիկները եկել էին իրենց ծնողների, մեծամասնությունը` մայրերի ուղեկցությամբ: Դիմում-բողոքները ներկայացնում էին ծնողները: Խոսում էին հիմնականում մայրերը: Տղաները, սովորաբար գլուխները կախ, սուսուփուս նստում էին:
Չեմ բացառում` գուցե որոշ դեպքերում ծնողը պետք է լրացուցիչ տեղեկություններ հաղորդի զավակի մասին, բայց հայ մայրերը մշտապես պատրաստ են «օգնության» ձեռք մեկնել իրենց տղաներին: Հավանաբար դեր է խաղում այն, որ նրանք չեն վստահում պատկան մարմիններին, նախընտրում են անձամբ միջամտել, ավելի համոզիչ ներկայացնել զորակոչիկների առողջական խնդիրները` հետին պլան մղելով իրենց զավակին: Բայց եթե 18-ամյա երիտասարդը հանդուրժում է, որ այդ տարիքում մայրը կարգավորի իր հարցերը, ապա ինչպե±ս պիտի ինքնուրույն ապրի, ինքնահաստատվի բանակային միջավայրում: Նկատել եմ նաեւ, որ նման վայրերում անհարկի լռող երիտասարդն այլ միջավայրում, սովորաբար, առյուծ է ձեւանում:
Առողջական խնդիրների պատճառով զինվորական ծառայությունից ազատվող կամ տարկետում ստացող երիտասարդներից բացի պատահում են երիտասարդներ, որոնք պարզապես չեն ուզում ծառայել բանակում եւ դիմում են ամենատարբեր միջոցների` ժամկետային ծառայությունից խուսափելու համար: Արդյոք վայե±լ է արժանապատիվ տղամարդուն իր պարտքից խուսափելը, հրաժարվելը մի գործից, որը կենսական անհրաժեշտություն է մեր ազգի, մեր պետության, մեր հայրենիքի համար:
Հատկապես սոցիալական ցանցերում հաճախ են քննարկվում բանակին առնչվող տարբեր խնդիրներ, դրանց թվում նաեւ` զորակոչային տարիքը: Մարդիկ համարում են, որ 18-19 տարեկանում բանակ զորակոչվելը խանգարում է ուսումնառությանը, որ այդ տարիքում անհատը դեռ կայացած չէ եւ այլն: Կողմ եւ դեմ փաստարկներ միշտ էլ կարելի է բերել, սակայն երբեք չպետք է մոռանանք, որ այս պայմաններում մեզ կուռ ու կայացած բանակ է հարկավոր, իսկ բանակը կազմավորվում է զինվորով: Բանակի այսպիսին կամ այնպիսին լինելը պայմանավորված է յուրաքանչյուր զինվորով, նրա մարտունակությամբ, նրա հայրենասիրությամբ, նրա տրամադրությամբ ու տրամադրվածությամբ, ուստի պետք է, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր երիտասարդ դեռ դպրոցական նստարանից նախապատրաստվի զինվորական ծառայությանը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր հասարակության որոշ շերտերի ներկայացուցիչների համար հաշիվ մաքրելու, թաղային կռիվներ սարքելու ավանդույթը դպրոցում է ձեւավորվում: Շատերի համար դպրոցի հետնաբակը ՙմարդաշտ՚ էր: Տղաներից մեկը մյուսին թարս էր նայում կամ պատահաբար ոտքն էր տրորում թե չէ` հնչում էր. «Կգաս դպրոցի հետեւ, արա»: Եվ պետք չէ զարմանալ, որ այս «ավանդույթը» հետագայում բնավորություն է դառնում, ուղեկցում անհատին իր ամբողջ կյանքի ընթացքում: Շատ եմ հանդիպել ծնողների, որոնք իրենց պարտքն են համարում տղա երեխային զանազան հայհոյանքներ սովորեցնելը: Եթե դրա փոխարեն մի հեքիաթ ավելի կարդային... Հավատացեք, այս հարցերն ամենեւին էլ մանրուքներ չեն:
Պատկերացրեք` ինչ է կատարվում մի միջավայում, որտեղ հավաքվում են հայկական շատ ընտանիքներին բնորոշ արու զավակի պաշտամունքի հետեւանքները կրող, սեփական անձի գերագնահատման բարդույթով տառապող, ինքնահաստատման կարիք ունեցող երիտասարդներ:
Ն.Հ.