ՏՎԵՔ ՈՒՍԱՆՈՂԻՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ, ԵՎ ՆԱ ՎԱՂԸ ԿԱՇԽԱՏԻ ՁԵԶ ՀԱՄԱՐ
Գիտության ոլորտում եւ մեր կրթական համակարգում առկա խնդիրները, աշխատաշուկայի պահանջարկը, գիտության, կրթության հանդեպ ձեւավորված հասարակական վերաբերմունքը, ամերիկյան ու եվրոպական փորձի ներդրմանն առնչվող հարցերը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Այս անգամ այդ հարցերի մասին զրուցում ենք ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ:
-Պարոն Աթանեսյան, նախ խոսենք մեզանում ձեւավորված գիտական մշակույթի մասին:
-Գիտական մշակույթը Հայաստանում խոր արմատներ ունի, դարերի պատմություն: Թվում է` արեւմտյան երկրներում տարածում ունեցող շատ մասնագիտություններ մենք նրանցից այսօր փոխ ենք առնում, սակայն իրականում դրանցից շատերն արդեն տասնյակ տարիների պատմություն ունեն: Օրինակ` սոցիոլոգիայի բաժինը առաջիններից էր Երեւանի պետական համալսարանում իր հիմնադրման պահին` 1919-ին: Մենք շարունակ խոսում ենք խորհրդային շրջանի կրթական համակարգի, արեւմտյան երկրների, եվրոպական երկրների կրթական մշակույթի մասին, բայց մոռանում ենք, որ մինչեւ խորհրդային համակարգի հաստատումը, նախքան արեւմտյան ու եվրոպական տարրերի ներմուծումը, Հայաստանում եւ սփյուռքում գործող հայկական կրթօջախները պատրաստում էին բարձրակարգ մասնագետներ: Նրանցով մենք մինչեւ օրս հպարտանում ենք: Խորհրդային կրթական համակարգը նույնպես կարեւոր դեր խաղաց հայաստանյան գիտական ավանդույթների փոխակերպման եւ զարգացման գործում: Այն միասնական էր ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների համար եւ դրանով իսկ գիտակրթական համակարգի գլոբալացման յուրօրինակ փորձ էր:
-Հայաստանյան մի շարք բուհերում ներդրվող Բոլոնիայի կրթական համակարգը արդյոք մերօրյա գլոբալացում չէ՞:
:-Այո, եւ նաեւ սրանով են աչքի ընկնում հայաստանյան կրթությունը եւ գիտությունը. մենք ձգտում ենք նորարարությունների եւ միաժամանակ փորձում պահպանել ավանդույթները: Իհարկե, դեռ առաջին քայլերն են, բայց կարծում եմ, որ շուտով արդյունքը կնկատվի:
-Ի՞նչ գնահատական կտաք այսօր մեր երկրում գիտական ոլորտի կառավարմանը:
-Գաղտնիք չէ` Հայաստանը ունի շատ սակավ բնական ռեսուրսներ£ Մեր երկրում միակ ռեսուրսը մարդկայինն է, միակ ներուժը` մարդը: Ցավոք, մենք ճիշտ չենք հաշվառում մեր ունեցած ռեսուրսները: Հաշվարկներ չեն կատարվում նաեւ գիտական աշխատանքների թեմատիկ բաշխման, թեմատիկ ընտրության եւ այլնի առումով: Պետությունը պետք է շահագրգռված լինի, որ զարգանա տնտեսության այս կամ այն ոլորտը, պետք է ուշադրություն դարձնի գիտական մտքի զարգացմանը տվյալ ոլորտում: Այսպիսին պետք է լինի ներքին քաղաքական ռազմավարությունը: Գիտնականը պետք է զգա, որ ինքը պաշտպանված է, իր կարիքն ունեն այս երկրում եւ ինքն էլ պատրաստ կլինի պաշտպանելու պետությունը իր բնագավառում առաջընթաց ապահովելու միջոցով: Իմ ընկերների, ուսանողների մեծ մասը, որ հրաշալի գիտնականներ էին կամ առաջատար մասնագետներ կդառնային մեր պետության համար, այսօր, ցավոք, ապրում եւ աշխատում են այլ երկրներում:
-Պետության ուշադրությունը բավարար չէ, բայց հասարակության վերաբերմունքն էլ, կարծես, հակասական է:
-Այո, որովհետեւ գիտությունն այսօր հասանելի է բոլորին: Ես դեմ եմ, որ բարձրագույն կրթություն ստանալն այսքան մատչելի եւ դյուրին լինի բոլորի համար: Ո՞վ է ասել, որ բոլորը պետք է բարձրագույն կրթություն ստանան: Ամեն տարի տասնյակ դիմորդներ են ընդունվում հայաստանյան բուհեր, ընդ որում` մեծ մասամբ նույն ֆակուլտետները: Բայց ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ մեր երկիրն ունի թույլ զարգացած տնտեսություն, գրեթե չունենք արդյունաբերություն, դիվանագիտական հարաբերությունների առումով առաջընթաց չի գրանցվում, իրավական դաշտում եւս բացթողումները շատ են: Սա նշանակում է, որ հազարավոր դիպլոմավորված անձանց ներհոսքն այս բնագավառներ ապարդյուն են: Եթե շուկան չունի տվյալ մասնագետների կարիքը, պետք է սահմանափակել կադրերի թիվը: Հասկանալի է` հայաստանյան բուհերը ուսանողների թվաքանակի աճով իրենց ֆինանսական խնդիրներն են հոգում եւ, վերջին հաշվով, պետությանը հարկեր վճարում, բայց կարելի է գտնել այս ամենի կարգավորման ավելի արդյունավետ տարբերակներ:
-Առավել եւս, որ հետագայում բուհ ավարտողները աշխատանք չեն գտնում:
-Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ բուհերը չեն աշխատում աշխատաշուկայի հետ: Բուհը պետք է պատասխանատվություն կրի իր շրջանավարտին աշխատանքի տեղավորելու առումով: Մեր երկրում ուսումնական պրակտիկա կոչվածը շատ հաճախ ձեւական բնույթ է կրում: Բայց այդպես չպետք է լինի: Բուհի ուսանողը, շրջանավարտը, որն արդեն պրակտիկա է անցել համապատասխան կազմակերպությունում, պետք է հնարավորություն ունենա աշխատանքի տեղավորվելու հենց այդ հիմնարկում: Բուհերը պետք է ամեն տարի մշտազննեն աշխատաշուկայի վիճակը` պարզելու, թե իրենց շրջանավարտների քանի՞ տոկոսն է աշխատում, ո՞ր բնագավառումներում, ի՞նչ հաջողություններ ունի, եւ ըստ այդմ` հաջորդ տարվա գործելակերպի ծրագիր մշակեն:
-Արեւմտյան կրթական համակարգում էական դեր է խաղում կրթաթոշակը. ինչպե՞ս է այն գործում մեր կրթական համակարգում:
-Մեզ մոտ ընդունված է, որ սոցիալապես անապահով պայմաններում ապրող ուսանողները գտնվում են ուշադրության կենտրոնում` ստանալով ուսման վարձի զեղչեր, նպաստներ, բայց շատ քիչ ուշադրություն է հատկացվում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողներին: Սոցիալական պետության գաղափարը մեզանում ընկալվում է որպես սոցիալական աջակցություն թույլերին, դրանով խրախուսվում է թուլությունը, իսկ լավ ունակություններ եւ բարձր առաջադիմություն ունեցողներին վանում ենք պետությունից այնտեղ, որտեղ նրանց ուժը եւ տաղանդը գնահատվում է: Մինչդեռ ուժը եւ շնորհալիությունը ոչ պակաս աջակցության եւ խրախուսման կարիք ունեն: Կրթաթոշակներ պետք է սահմանվեն խելացի ուսանողների համար. աշխատաշուկան վարձատրում է խելացիներին: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել մարդկանց, ովքեր, իրոք, կարող են մեր երկրի վաղվա օրվան օգտակար լինել, որ գիտության ոլորտը մրցակցային լինի, զարգանա: Բուհերը պետք է աշխատեն խոշոր գործատուների, արդյունավետորեն գործող եւ ընդլայնվող կազմակերպությունների հետ: Ընդհանրապես Արեւմուտքում համոզված են` տվեք ուսանողին կրթաթոշակ, եւ նա վաղը կաշխատի ձեզ համար: Ստեղծեք կադրեր եւ օգտագործեք նրանց ի շահ երկրի եւ ի շահ ձեր սեփական գործի` օգուտ բերելով նաեւ տվյալ մասնագետին:
Ն.Հ.
Комментариев нет:
Отправить комментарий