13 июл. 2012 г.

www.eter.am
ՍՊՈՐՏ

ՄԵՐ  ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐՆ ԱՆՊԱՐՏ Է ՆԱԵՎ  ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ

Հուլիսի 12-ին «Զվարթնոց»  օդանավակայանը սովորականից մարդաշատ էր: Ամենուր իշխում էր տոնական տրամադրություն: Մարդիկ սրտի թրթիռով սպասում էին մեր մեդալակիր զինվոր-մարզիկներին: Գեներալից մինչև շարքային զինվոր ու քաղաքացի հուզված էին ու հպարտ: Հուլիսի 3-11-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվեց ԱՊՀ երկրների IX-րդ Սպարտակիադան: Այն նվիրված էր Ղազախստանի զինված ուժերի կազմավորման 20-ամյակին: Սպարտակիադային մասնակցում էին ԱՊՀ անդամ ինը պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսիայի, Կիրգիզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի զինված ուժերի լավագույն ռազմական մարզիկները: Առաջին անգամ Սպարտակիադային մասնակցում էր Հնդկաստանը: Հաղթանակի համար ընդհանուր հաշվով մրցում էին 320 մարզիկներ, ութ սպորտաձևերից` ծանրաքարային մարզաձև, մարզական կողմնորոշում, լող, ձյուդո, տրիաթլետ, ազատ ոճի ըմբշամարտ, վոլեյբոլ և զինվորական ձեռնամարտ: 
ՀՀ զինված ուժերի թիմը հաղթանակի համար պայքարում էր  երկու մարզաձեւերում` ձյուդո եւ ազատ ոճի ըմբշամարտ: Այս մարզաձևերում մենք ներկայացանք բոլոր քաշային կարգերում` յուրաքանչյուրից 7 մարզիկ:
Մեր թիմը ձյուդոից թիմային հաշվարկով գրավեց 3-րդ մրցանակային տեղը` նվաճելով 2 ոսկե եւ 5 բրոնզե մեդալ, իսկ ազատ ըմբշամարտից` 1-ին տեղը` 2 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներով:
Ն.Հ.

13 июн. 2012 г.

www.eter.am


ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ
13-Ի ՈԴԻՍԱԿԱՆԸ


Ասում էին` 13 թիվն անհաջողություն է բերում: Չէի հավատում, բայց…
Ով չգիտե, որ ամռան շոգին կանգառում կանգնելը տառապանք է, հատկապես` կենտրոնական ավտոկայանին հարակից կանգառում, որտեղ մարզերից եկած ուսանողներն ու քաղաքի բնակիչները խառնվում են իրար, ու երթուղայինում տեղավորվելու մրցակցությունն ավելի է մեծանում: Կանգառում երթուղային տաքսու հայտնվելուն պես ամբոխը փորձում է հնարավորինս արագ բացել դուռն ու մի կերպ խցկվել, տեղավորվել: Սպասում եմ 13 համարին: Առաջին 13-ը բաց եմ թողնում` չկարողանալով առավել ճարպիկ կամ անդաստիարակ գտնվել, հրմշտել տարեց տատիկներին, շրջանցել մեծահասակ տղամարդկանց ու ներս մտնել: Լարում եմ բոլոր ուժերս ու սպասում հաջորդին: Այս անգամ կարծես թե ստացվում է: Խառնվում եմ ամբոխին ու հայտնվում երթուղայինի սրահում: Երերում եմ, ալիքաձեւ հետ ու առաջ եմ ճոճվում ու հազիվ հասցնում եմ բռնվել դիմացի նստելատեղի թիկնակից: Մի քանի րոպե անց հավասարակշռությունը պահպանելու համար այլեւս ջանք թափելու կարիք չունեմ. մարդիկ այնքան խիտ են տեղավորվել, որ շարժվելն անհնար է: Իսկ վարորդը շարունակում է բղավել` մեջտեղը տեղ կա, առաջացեք, հետ գնացեք, թող մարդիկ նստեն… Նստե ՞  ն: Նայում եմ շուրջս` նստելատեղերը լրիվ զբաղված են, նստածների գոգերին տեղավորվել են կանգնածների երեխաները, պայուսակներն ու իրերը: Զբաղված են նաեւ իմ առջեւ կանգնած երիտասարդի մեջքը, ուսերը, երկու հոգի ինձ են հենված, ես չգիտեմ` ում, ու էլի ճզմվում, ճզմվում ենք, մինչեւ լսվում է դռան շրխկոցը, եւ երթուղայինը ճանապարհ է ընկնում: Կիսակքած դիրքով ապակիներից դուրս նայելով դժվար է կռահել, թե ուր ենք հասել, ու Արմավիրից եկած կանաչավաճառ տատիկն անվերջ հարցուփորձ է անում` հասա ՞  նք արդյոք Կիեւյան: Զանազան «բույրերի»  ու ամռան տոթի պատճառած անհանգստությունն ամուր գրկած երթուղայինն անցնում է Բաղրամյան պողոտայով: Երանի կարողանար երկրի ղեկավարությունը մի պահ տեսնել, թե ինչպես է ժողովուրդը միասնաբար` իրար գրկած, ուս ուսի առաջ գնում: Սլանում է մեր երթուղայինը, ու արկածները շարունակվում են: Մեր երթը համեմվում է շախով-շուխով ռաբիսով: Տատիկը հասնում է իր ուզած «Բարեկամություն» կայարան, բայց վերջին նստելատեղից արձակված նրա «կանգառում կանգնեք»-ը վարորդն այդպես էլ չի լսում: Ազգովի մի կերպ պոկում ենք նրան «ազգային» ռաբիսից` իջնո¯ղ կա: Վերջապես մեքենան կանգ է առնում, տատիկը զայրանում է, բայց ինչ օգուտ. համարյա մի կանգառ հետ պիտի գնա. «Մայրիկ ջան, քայլելն օգտակար է»,- լսվում է մեկի ռեպլիկը: Հիմա էլ տատիկը պետք է կտրի-անցնի մինչեւ դուռը ձգվող անվերջանալի թվացող 1,5 մետրը: Բոլորը պետք է իջնեն ու ճանապարհ տան տատիկին, բայց այս ընթացքում ավելանում են մեր խրախճանքին մասնակցել ցանկացողներ նաեւ այս կանգառից: Դե ինչ, մենք սիրում ենք իրար զիջել, իրար օգնել, ինչ կա որ, եւս մի քանի հոգի կտեղավորենք, մանավանդ եթե հետեւենք վարորդի խորհուրդներին. «Մի բուռ ազգ ենք, իրար տեղ տվեք, այ մարդ, ինչ կա որ, հիմա էս ա պայմանները»: Ու մեծահոգաբար մեր ուրախ երթուղայինը նոր ուղեւորներով է լցվում: Այս անգամ լավ պրծանք, լինում են դեպքեր, երբ նոր ուղեւորներին զիջելու դեպքում ու ճանապարհ տալու պարագայում ինքդ կարող ես հայտնվել դրսում, ու էլ չհաջողվի ներս խցկվել, Աստված չանի, որ մեր առավել մեծահոգի քաղաքացիներից մեկն էլ քեզ օգնելու համար այդ ընթացքում պայուսակդ վերցրած լինի, երթուղայինը կքշի-կգնա, ու կմնաս առանց եղած-չեղածիդ: Էլ չենք ասում, որ երթուղայինի մեջ իրար գրկված գնալու պայմաններում ու երեւանյան խցանումների պարագայում չի բացառվում, որ ոմանք հասցնեն սողոսկել պայուսակդ, գրպանդ եւ այլուր: Այդպես դրամապանակս թռցրին ամիսներ առաջ 73 համարի երթուղայինում: Վերջապես հասանք Դավիթաշեն, ու ես մի կերպ դուրս պրծա երթուղային հորջորջվող հակահիգիենիկ, ռաբիս, նվաստացուցիչ այդ խցիկից: 
Ն.ԹՈԽՍԱՆՑ






www.eter.am


ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ


«Երեխեք սահմանամերձ գյուղերի վրա կրակում են»«Մովսես գյուղը գրավված է»«Պատերազմ ա, գալիս ե՞  ք»«Էլի եկան սեւ ու մութ տարիները»… Նման արտահայտություններ ֆեյսբուքյան օգտատերերի էջերում վերջին օրերին հաճախ կարելի էր կարդալ: Կեղծ խուճա՞  պ էր սա, թե՞   իրականություն` առաջին պահերին դժվար էր կողմնորոշվել:
Օր օրի համացանցային լրատվությունն ու տեղեկատվական աղբյուրներն ավելի ժողովրդականություն են վայելում, ու չգիտես` դա լա՞  վ է, թե՞   վատ: Ցանկացած բան, ինչ գրվում եւ հրապարակվում է համացանցում, ընկալվում է որպես ճշմարտություն, եւ մարդիկ հաճախ դառնում են հիմնականում չճշտված ու աղավաղված տեղեկատվության զոհը: Այդպես եղավ եւ վերջին օրերին: «Մարդիկ զանգահարում էին իրենց բարեկամներին ու չճշտված լուրեր փոխանցում` առանց մտածելու հետեւանքների մասին: Անձամբ այս օրերին եղել եմ Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերում, զրուցել եմ գյուղացիների ու համայնքների ղեկավարների հետ: Այնպիսի տպավորություն է, ասես կրակոցները Երեւանի վրա են եւ ոչ այդ գյուղերի: Այնտեղ ամեն ինչ իրականում ավելի հանգիստ է, կեղծ խուճապ չի նկատվում: Մարդիկ ապրում են իրենց սովորական առօրյայով: Օրինակ` Ներքին Կարմիրաղբյուրում քննարկման հիմնական թեման գյուղի մշակույթի տան վերանորոգումն էր: Տագնապալի լուրերն ուռճացնողները կիսագրագետ լրագրողներն են, չեմ վախենում այդ բառից: Նրանք փորձում են տեղեկատվության ուռճացմամբ, բարձրահունչ վերնագրերի ընտրությամբ լսարան գրավել, բայց այդպես չի կարելի: Բնականաբար, կա եւ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը, որ, ցավոք, մտնում է մեր դաշտ եւ շատ ակտիվ տարածվում նույն սոցիալական ցանցերի միջոցով: Ամեն տեսակի տեղեկատվության աղավաղման դեպքում պետք է հասկանանք, որ վտանգում ենք սահմանում կանգնած մեր զինվորի կյանքը»,- ասում է ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Օրերս ես էլ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում էի: Ոսկեվան տանող ճանապարհի մի մասը, որն անցնում է Ոսկեպար գյուղի հարեւանությամբ եւ անմիջապես սահմանամերձ է Ադրբեջանին, հսկվում էր ոստիկանության կողմից, քանի որ վերջին օրերին, իսկապես, հաճախակի են դարձել սահմանամերձ տարածքների, հատկապես այս ավտոճանապարհի վրա հակառակորդի կողմից արձակված կրակոցները: Սակայն այս տարածաշրջանում ապրող մարդկանց համար այս ամենը սովորական է դարձել: «Երեւանում ապրողը չի գիտակցում, որ մեր պատերազմն ավարտված չէ, սա պարզապես հրադադար է: Սահմանում ապրող մարդը դրա մասին մոռանալ չի կարող, հակառակորդը թույլ չի տալիս: Ուստի ես առաջարկում եմ խուճապի մատնվելու փոխարեն միասնական ու ավելի զգոն լինել, նեցուկ լինել սահմանում ապրող գյուղացուն ու սահմանապահ հայ զինվորին…»,- ասում էին ոսկեվանցիները: Գյուղի երիտասարդության մեծ մասը պայմանագրային զինծառայող է: Տղաները վստահ են` քանի դեռ իրենք այստեղ են ապրում, քանի դեռ հայ զինվորը հայոց սահմանին է, վախենալու բան չկա: Ի դեպ, զինվորի մասին: Այն, որ սոցիալական ցանցերում Արցախյան ազատամարտի շատ մասնակիցներ, զորացրված զինվորականներ հայտարարություններ տեղադրեցին, որ պատրաստ են գնալ ու հայ զինվորի կողքին պաշտպանել մեր երկիրը, Ադրբեջանի կողմից գնահատվեց այսպես. «Հայերը բանակ չունեն, զինվորների թիվը չի բավականացնում, տեխնիկա չկա, այդ պատճառով տարեցներն ու նախկին սպաներն են ոտքի ելել»
Հենց այս օրերին Ոսկեվանում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա անձամբ այցելել է հայոց բանակի հյուսիսարեւելյան սահմաններ, ցուցումներ տվել սպաներին ու զինվորներին: Ոսկեվանցիների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշեց. «Խոստանում եմ` մեր բանակը, ես եւ իմ մարտական ընկերները թույլ չենք տա, որ թշնամին մի քայլ անգամ առաջ գա…»:
Ն.Հ. 

21 мая 2012 г.

www.eter.am

Ուսանողական առօրյա



ՋԱԶԱՅԻՆ ՔԱՌՅԱԿԸ ԵՊՀ-ՈՒՄ


Մայիսի 23-ին ժամը 14:30-ին ԵՊՀ Մշակույթի կենտրոնի դահլիճում (կենտրոնական մասնաշենք 6-րդ հարկ) տեղի կունենա ջազային համերգ` Գարի Քեսայանի ջազային քառյակի կատարմամբ:

Բոլոր համալսարանականները հրավիրվում են:





ԵՊՀ Մշակույթի կենտրոն

20 мая 2012 г.


www.eter.am
Ի ՞ նչն է ինձ անհանգստացնում


ՈՐՊԵՍԶԻ ՈՉ ՄԻ ԾՆՈՂ ՉՀԱՅՏՆՎԻ ԾԵՐԱՆՈՑՈՒՄ

Օրերս Հայ օգնության ֆոնդի տարբեր կրթական բարեգործական ծրագրերի ուսանողներ այցելել էին ՀՕՖ-ի  «Գարամանուկ» հիմնադրամի Վանաձորի ծերերի տուն: Ուսանողները նախ մաքրեցին  տարածքը, ապա ճաշեցին տատիկ-պապիկների հետ: Ճաշից հետո ծանոթացան նրանց կյանքի պատմությանը, լսեցին տատիկներին մտահոգող խնդիրների մասին, պապիկների հետ զրուցեցին դրսի աշխարհում կատարվող իրադարձությունների մասին, խոսեցին քաղաքական անցուդարձից: Վարսահարդարի շնորհք ունեցող ուսանողները հարդարեցին տատիկների ու պապիկների մազերը, ՀՕՖ-ի ծրագրերով մասնագիտական վերապատրաստում անցած բժիշկները ստուգեցին նրանց առողջական վիճակը, այնուհետ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ փոքրիկ ժողովրդական համերգ-ցերեկույթ կազմակերպվեց: «Ես հայ չեմ, աշխատանքի բերումով տեղափոխվել էի Հայաստան, հետո իմացա, որ կինս կապվել է ուրիշ տղամարդու հետ, երեխաներս` Անգելինան եւ Սերյոժկան, այլեւս ինձ նամակ չգրեցին, ես կորցրի նրանց, չուզեցի վերադառնալ, տեսնել կնոջս: Երեխաներիս երկար եմ փնտրել, բայց բոլոր հետքերը կորել են, կամ էլ նրանք չեն ուզում, որ իրենց գտնեմ: Չգիտեմ` որտեղ սխալվեցի, միանգամից դժբախտացա, ծերացա ու քանի որ ոչ մի հարազատ չունեի, հիմա այստեղ եմ ապրում` այն հույսով, որ օրերից մի օր Անգելինան ու Սերյոժկան ինձ այստեղ հյուր կգան: Շատ շնորհակալ եմ իմ հայ ընկերներին, ես նրանց հետ եմ այսօր ապրում,  նրանց ջերմությունն ու հոգատարությունն օգնում է, թեկուզ ժամանակավորապես, մոռանալ հոգուս խորքում ծվարած ցավը»,- սկսում է պատմել Նիկոլայ Դմիտրիեւիչը, եւ երեխաներին հիշելիս ծովագույն աչքերի մեջ ցավն արցունք է դառնում: Ճաշի սեղանի մոտ հուզիչ բարեմաղթանք է ասում Հասմիկ տատիկը. «Ինչ լավ է, որ դուք այստեղ եք, մենք ձեզ հետ երիտասարդանում ենք, հիշում ենք այն գեղեցիկ օրերը, երբ մենք երիտասարդ էինք, առույգ, ապրում էինք մեր սրտի ուզածի պես ու վայելում էինք կյանքը: Չնկատեցի, թե ինչպես անցան տարիները: Մի կարեւոր բան չարեցի. չամուսնացա ու երեխաներ չունեմ, որ իմ մասին հոգ տանեն: Ամուսնացեք ու երեխաներ ունեցեք, առաջին հերթին նրանց դաստիարակեք որպես լավ մարդ, որ ոչ մի ծնող ծերանոցում չհայտնվի»:
Ն.Հ.



www.eter.am
Կարիերա


ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԿԱԶՄՈՎ


Մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ սերժանտական կազմի հերթական հոսքի թողարկման հանդիսավոր արարողությունը:
Սերժանտներին ավարտական վկայականները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհավորելով  երիտասարդ սերժանտներին` ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ զորամասերում իրենց ներկայությամբ և ստացած գիտելիքներով նրանք կնպաստեն հայոց բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը և կարգապահության բարձրացմանը:


Աղբյուրը` http://www.mil.am/1337408681

17 мая 2012 г.



www.eter.am
Կարիերա

ԵԼԵՆԱ ՖՐՈԼՈՎԱ-ՏՐՈՒՖԱՆՈՎԱ. «ՑԱՎԱԼԻ Է, ՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ ԼՔՈՒՄ»


Ելենային հանդիպեցի մի քանի օր առաջ երեւանյան ակումբներից մեկում: Նրա շուրջ հավաքված էին մի խումբ երիտասարդներ ու ինչ-որ լուսանկարներ էին նայում: Հավաքվածների մեջ տեսնելով ընկերներիսª մոտեցա, միացա նրանց: Ելենայի կամ, ինչպես ընկերներն էին նրան դիմում, Լենայի լուսանկարները միանգամից գրավեցին ուշադրությունսª կրկես, փղեր, ուղտեր… Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովան Մոսկվայից է եկել Հայաստանª  «Ալա Բալա Նիցա» ֆիլմի նկարահանող խմբի հրավերով: Լենան մասնագիտությամբ դերասանուհի է, ավարտել է Սամարայի մշակույթի եւ արվեստի պետական ակադեմիան: Նկարահանվել է ռուսական բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում «Հիմարների տունը» (ռեժիսորª Ա. Կոնչալովսկի), «Հպում» (ռեժիսորª Վ. Շչեգոլկով), «Երջանկության անվերջ երազանքներ» (ռեժիսորª Ա. Տարնարուցկի) եւ այլ ժապավեններում: Մեր հարցուպատասխանը քիչ-քիչ վերածվեց զրույցիª երեւանյան կինեմատոգրաֆիայի, երիտասարդ հայ դերասանների ու Լենայիª Հայաստանում հայտնվելու մասին:


-Նկարահանվում էիր ֆիլմերում, սերիալներում, դրան զուգահեռ զբաղվում էիր մոդելային աշխատանքով, ինչո՞ ւ հանկարծ որոշեցիր փոխել մասնագիտությունդ:


-Երբ ֆիլմ է նկարահանվում, երբ դու դեր ունես` աշխատում ես, ստեղծագործում, բայց երբ ֆիլմն ավարտվում է, պետք է սպասես նոր առաջարկի, իսկ ես մի տեսակ հոգնել էի` ֆիլմ, հանգիստ, հետո նորից ֆիլմ, նորից սպասում. ինչ-որ նոր բան էի ուզում: Բարեկամուհիս լուսանկարչուհի է, ես միշտ նայում էի, թե ինչպես է աշխատում ամեն կադրի վրա, սյուժեներ հորինում, եւ դա ինձ կողքից շատ հաճելի էր թվում, նա միշտ քայլում էր լուսանկարչական ապարատը ձեռքին ու անդադար լուսանկարում էր: Ես էլ հրապուրվեցի լուսանկարչությամբ ու որոշեցի հաճախել մասնագիտական դասընթացների: Կես տարի հետո մեր ուսուցիչն ասաց` ես չգիտեմ, թե դուք ինչ մարդիկ, ինչ մասնագետներ կդառնաք, բայց եթե ուզում եք իրոք մասնագետ դառնալ, երբեք վայր մի դրեք տեսախցիկը, կադրն ամենուր է, նկարեք` ինչ կարող եք, նկարելու համար պետք չէ նստել-սպասել ինչ-որ արտառոց բանի: Մեր ամբողջ խմբից միայն ես ու Կիրիլն ենք մինչեւ օրս աշխատում:

-Բայց կինեմատոգրաֆիայի հետ կապն այնուամենայնիվ չխզվեց, հիմա էլ ես աշխատում նկարահանումների հրապարակում:

-Այդ կապը երբեք չի էլ խզվի: Իրականում այս ամենը տանում է դեպի ռեժիսուրա, թեպետ դրա մասին դեռ վաղ է խոսել: Ես Հայաստան եկա հենց ֆիլմերում աշխատելու համար, բայց այս անգամ ոչ որպես դերասանուհի. ես այստեղ աշխատում եմ որպես նկարիչ-դիմահարդար: Առաջին ֆիլմը ՙԱլա Բալա Նիցան էր՚, հետեւեցին ՙԱլավերդի՚-ն, ՙԴուռդ բաց՚-ը եւ այլն: Ես այդ մասնագիտությունը սովորել եմ լուսանկարչութամբ զբաղվելու եւ կինոյում աշխատելու ժամանակ: Ինձ համար մեծագույն հաճույք է երիտասարդ հայ մասնագետների հետ աշխատելը:

-Մոսկվայում քեզ մեծ համբավ բերեցին «Ռուս երկվորյակներ» եւ «Կրկես. ետնաբեմում» ֆոտոշարքերը, ինչպե ՞  ս ծնվեցին դրանք:

-Մի անգամ մետրոյում տարեց երկվորյակ կանանց հանդիպեցի, ուշադիր նայում էի նրանց, լուսանկարելու ցանկություն առաջացավ, մոտեցա ու հորինեցի, թե իբր երկվորյակների շարք եմ նկարում եւ ուզում եմ նրանց եւս լուսանկարել, այցեքարտս տվեցի: Նրանք ինձ այդպես էլ չզանգեցին, բայց այս պատմությունն ինձ օգնեց մի ամբողջ նախագիծ իրականացնել: Հետաքրքիր զուգադիպությամբ, ես այդ օրը գնում էի երկվորյակ ընկերուհիներիս ծննդյան տարեդարձը շնորհավորելու: Ճանապարհին մտածում էի քիչ առաջ հորինածս շարքի եւ այն իրականացնելու մասին: Հենց ընկերուհիներս էլ ինձ օգնեցին. առաջինը նրանց լուսանկարեցի, հետո դա վերածվեց բավական հետաքրքիր ֆոտոնախագծի` «Ռուս երկվորյակներ»: Իսկ ինչ վերաբերում է կրկեսին` ես մի ընկեր ունեմ` Անդրեյը, նա կրկեսի կենդանավարժ է: Անդրեյի հետ ծանոթության շնորհիվ կրկեսը սկսեցի տեսնել հակառակ կողմից` կուլիսներից: Սկսեցի լուսանկարել կրկեսը, որսալ այն ամբողջ տրամադրությունը, որ տիրում է արենայում եւ արենայից դուրս: Այդ նախագիծն ինձ մեծ հաջողություն բերեց: 
Մոնտե Կառլոյի կրկեսային փառատոնի շրջանակներում անցյալ տարի կազմակերպվեց նաեւ ավանդական կրկեսային լուսանկարների մրցույթ: Ես իմ այդ շարքից մի լուսանկար էի ներկայացրել, որն առաջին տեղը զբաղեցրեց:

-Հիմա ապրում եւ աշխատում ես Երեւանում, ի ՞  նչ տպավորություններ ունես:

-Ինձ համար հրաշք է, որ նորանկախ երկիրը, որը, հիմա էլ, ըստ էության,  շրջափակման մեջ է, Ղարաբաղյան պատերազմից հետո կարողանում է մանր-մանր քայլերով, բայց հաստատակամ առաջ գնալ: Ես այնքան տաղանդավոր հայ ընկերներ ունեմ, նրանք հրաշալի մարդիկ են, անհատներ` համաշխարհային մասշտաբի լուսանկարիչ Դավիթ Գալստյանը, «Մոխրաման» ֆիլմի հեղինակ Լիլիթ Մովսիսյանը:  Բայց մի ցավալի բան կա. ես դրսից եմ եկել, ընդամենը մեկ տարի է, ինչ Հայաստանում եմ ապրում, բայց նրանց ճանաչում եմ: Հասկանալի ու բնական է, նրանք իմ ընկերներն են, նույն ոլորտում ենք աշխատում, բայց ախր այդ մարդկանց այստեղ ոչ ոք չի ճանաչում: Ցավալի է, ես ինձ վատ եմ զգում, երբ տեսնում եմ, որ արվեստի մարդու գրպանը դատարկ է: Այնպիսի տպավորություն է, որ այստեղ հասարակությունն անհատներին չի խրախուսում, դա վտանգավոր է:

-Շարունակելո ՞  ւ ես աշխատել Հայաստանում:

-Շատ կուզենայի, բայց չեմ կարծում, որ երկար կարող եմ մնալ Հայաստանում: Այստեղ շուկա չկա, աճելու, առաջ գնալու տեղ չկա: Գիտեք երբեմն հանդիպում եմ երիտասարդների, որոնք կարծում են, թե իրենք լուրջ մասնագետ են, բայց վստահ եմ` նրանք մեծ երկրներում ուղղակի կկորչեն, իսկ  իրական տաղանդները, պրոֆեսիոնալները ուղղակի հնարավորություն չունեն միջազգային շուկա դուրս գալու: Պետք է ստեղծվեն պայմաններ, որ երիտասարդ մասնագետներն այստեղ ապրեն, ստեղծագործեն, գնահատվեն, չհեռանան երկրից: Հայաստանը հրաշալի երկիր է, այստեղ արարող ոգի կա: Տարօրինակ է. մինչեւ Հայաստան գալս երբեք չեմ գրել, այստեղ պատմվածքներ եմ գրում: Այս հողը առանձնահատուկ էներգիա ունի:
Ն. ԹՈԽՍԱՆՑ



14 мая 2012 г.


www.eter.am


Կարիերա
«ԿԱՌՈՒՑԻՐ ՔՈ ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ»


http://hetq.am/static/news/b/2012/05/14383.jpg14:04, 14 մայիսի, 2012
Մայիսի 17-ին՝ ժ. 11:00-15:00-ն, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում կանցկացվի ուսանողների և շրջանավարտների համար նախատեսված «Կառուցիր քո ապագան այսօր» առաջին կարիերայի օր-էքսպոն:
Կարիերայի օրվան կմասնակցի 30 առաջատար գործատու, ովքեր ներկայացնում են տարբեր ոլորտներ, այդ թվում' բանկային, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղագործական, լրատվական:
«Կառուցիր քո ապագան այսօր» կարիերայի օրվա ընթացքում այցելուները կծանոթանան աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերին, պրակտիկայի ծրագրերին, նաև մասնագիտական զարգացման և զբաղվածության այլ հնարավորություններին:
Էքսպոն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (ՁԶՇՄ) ծրագրի աջակցությամբ:
Լուս.՝ iamhash.blogspot.com-ից

6 мая 2012 г.

www.eter.am

Կրթություն


ԻԼԼԻՆՈՅՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԸ

Իլլինոյսի համալսարանն ավելի քան 150 տարվա պատմություն ունի եւ բարի համբավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու նրա սահմաններից դուրս: Այստեղ սովորում են ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից` Ճապոնիայից, Չինաստանից, Կորեայից, Հնդկաստանից, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի պետություններից, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից: Ավանդույթի համաձայն` տարվա լավագույն ուսանողի եւ ասպիրանտի անունը գրվում է համալսարանի պատին ամրացված պատվո տախտակին: Լավագույնների ցանկում երկու անգամ կարելի է կարդալ Հովհաննես Խանդանյանի անուն-ազգանունը (նա այս պատվին արժանացած միակ հայ ուսանողն է): 2009-ին Հովհաննեսը ճանաչվել է համալսարանի լավագույն եվրոպացի ասպիրանտ ֆիզիկայի բնագավառում, 2011-ին ստացել է մրցանակ` «Ֆիզիկայի, քիմիայի եւ բժշկության ոլորտում լավագույն գիտահետազոտական աշխատանքի համար:
Հովհաննես Խանդանյանի մասին մենք գրել էինք տարիներ առաջ` 1998-ին, երբ նա Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան գիտակրթական համալիրում սովորելիս երկու այլ աշակերտների հետ հաղթող էր ճանաչվել «Հայաստանի պատանեկան նվաճումներ»  հասարակական կազմակերպության անցկացրած կիրառական տնտեսագիտության մրցույթում£ Ճեմարանը ոսկե մեդալով ավարտելուց հետո Հովհաննեսը գերազանցությամբ ավարտում է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատը եւ մագիստրատուրան: Ուսման ընթացքում` 2003թ., ճանաչվում է ԵՊՀ լավագույն ուսանող ֆիզիկայի բնագավառում, 2004-ին որպես լավագույն երիտասարդ գիտնական արժանանում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կրթաթոշակին: 2005 թվականին Հովհաննեսն ընդունվում է Իլլինոյսի համալսարանի ասպիրանտուրան: Ուսման տարիներին մասնակցում է CERN-ում ATLAS գիտափորձին, հանդես է գալիս զեկուցումներով, տպագրում հոդվածներ գիտական տարբեր պարբերականներում£ 2012-ին ավարտում է ասպիրանտուրան` պաշտպանելով գիտական թեզ` «Թոփ-հակաթոփ քվարկային զույգի ծնման կտրվածքի չափումը» թեմայով: Աշխատանքը կատարված է  CERN-ի ATLAS գիտափորձի շրջանակներում եւ նվիրված է ամենածանր տարրական մասնիկային զույգի ծնման գործընթացի ինտենսիվության չափմանը: Ստացված արդյունքները ծառայելու են նյութի զանգվածի առաջացման մեխանիզմը հասկանալուն: Աշխատանքը հրապարակված է «Jornal of High Energy Physics»  ամսագրում:
Հայաստանում կարճատեւ արձակուրդից հետո Հովհաննեսը մեկնեց Շվեդիա.  հրավեր է ստացել Ստոկհոլմի համալսարանից: Հետազոտական աշխատանքը կշարունակի վերը նշված գիտափորձի շրջանակներում` բարձր էներգիաների ֆիզիկայի ոլորտում: Մտածում է Հայաստանում սովորող ուսանողներին օգտակար լինելու մասին` չբացառելով on-line դասախոսությունների, խորհրդատվությունների տարբերակը: «Հայաստանի սահմաններից դուրս կրթությունը շարունակող հայ ուսանողներն ու արտասահմանում աշխատող երիտասարդ հայ գիտնականները պետք է մտածեն իրենց կրթական փորձն ու գիտելիքները մեր երկրին ծառայեցնելու մասին»,- համոզված է Հովհաննես Խանդանյանը:
Հաջողություն մաղթենք երիտասարդ գիտնականին ու նորանոր ձեռքբերումներ:
Գ.Ե.

16 апр. 2012 г.

Ընթերցողի էջ


Ուր են հողերը մեր պապենական
(հայի երազանքը)


Ո՞ ւր է Մուշը, ո՞ ւր է Վանը,
Ո՞ ւր է հայոց Արդահանը:

Ո՞ ւր է Անին հազարագանձ,
Ճոխ պերճանքով ու նազանքով:
Ո՞ ւր է Զեյթունը հաղթական
Եվ Սասունը կուռ, առնական:
Ո՞ ւր է  շքեղ, պերճ Ադանան`
Ծաղկուն քաղաքը հայի,
Որ թշնամուն անգութ ձեռքով`
Դարձավ  ավեր ու գերի:
Հետո դարձավ տխուր մի երգ,
Թախծոտ մի մեղեդի,
Հայ Ադանան գեղանի`
Հուզեց սրտեր բյուրավոր`


Հայի և օտարի:
Ո՞ ւր է Ղարսը` հայոց հարսը.
Դրախտ այգին Չարենցի:
Ո՞ ւր է չքնաղ մեր Սուրմալուն
Հայրենիքը Դրոյի:
Ո՞ ւր է Տարոնը եդեմական
Եվ Նարեկը` լույս սրբավայր:
Ո՞ ւր են Մարաշն ու Կիլիկիան.
Տիգրանակերտը պատմական:
Եվ Բիթլիսը Սարոյանի:
Երազային մեր Երզնկան`
Շեն ոստանն արհեստագործ վարպետների,
Որի անունը շուրթերին,
Անհուն կսկիծը հոգում`
Սողոմոնը Բեռլին հասավ`
Վրեժ լուծեց թուրք փաշայից:
Եվ Մուսա լեռը հերոսական,
Որ մատեր մղեց օրհասական,
Ու քառասուն զօր ու գիշեր`
Լեգենդ հյուսեց դյուցազնական:
Ավաղ, այսօր հուշ են դարձել
Հայոց գանձերը դարավոր:
Պանդուխտ են դեռ`
Հեռու իրենց հայրենիքից:
Եվ հարազատ զավակներից:
Տխուր ու լուռ վշտով անհուն`
Հսկում են սուրբ շիրիմները նախնիների:
Արտասվում են ու թախծում,
Որ օտարն է այժմ ապրում
Ծաղկուն ու շեն
Պապենական իրենց հողում:
Սակայն կա հույս, թեկուզ և ուշ,
Կկատարվի էրգիր թողած
Հայ մարդու իղձը բաղձալի:
Կգա օրը երանելի,
Տուն կդառնան զավակները`
Էրգիրը թողած պանդուխտների:
Եւ կարոտով կհամբուրեն
Իրենց նախնյաց շիրիմները:
Կբարձրանան վեհ գագաթը Արարատի:
Անհուն կարոտով կփարվեն զով սարերին,
Պաղ, կարկաչուն առվակներին:
Կարբենան անուշ բույրով`
Այգեստանի քաֆուր վարդի:
Կզովանան Վանա լճում,
Կլողանան Ղասաղայում:
Կհիանան Աղթամարով,
Զմրուխտ հավքով, Նեմրութ սարով:
Կճաշակեն անմահական խնձորներն Արտամետի,
Կհագենան ճոխ բուրմունքով հայրենիքի:
Ու ծնկաչոք մոմ կվառեն
Առաքելոց վեհ տաճարում:
Կաղոթեն Զորավորին,
Ամենազոր թագավորին երկնային,
Որ վերջապես օգնեց հային
Վերադառնալ սուրբ օջախը նախնիների:

Սերիկ Գալստյան, 78 տ.


2 апр. 2012 г.

www.eter.am
Կարիերա


ԼԵՎՈՆ ԱՎԱԳՅԱՆ. «ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԴ, ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է» 

Այսօր կան մասնագիտություններ, որոնք այնքան էլ հարգի չեն մեր հասարկությունում, բայց մեծ հեղինակություն են վայելում ամբողջ աշխարհում: Այս անգամ խոսքը խոհարարի մասնագիտության մասին է: Գաղտնիք չէ, որ խոհարարական արվեստը տվյալ ազգի մշակութային նկարագրի անբաժանելի մասն է: Համի արվեստի, խոհարարի մասնագիտության մասին զրուցում ենք երիտասարդ խոհարար, «Փոքր Փարիզ»  (նախկին 
«Փարիզյան սուրճ») սրճարանի ավագ խոհարար Լեւոն Ավագյանի հետ:

-Լեւոն, ինչո՞ ւ որոշեցիր ընտրել խոհարարի մասնագիտությունը:


-Մեծացել եմ խոհարարների ընտանիքում: Մոսկվայում մորեղբայրս ռեստորան ուներ, ես հաճախ էի նրան օգնում խոհանոցում: Բանակում ծառայելու տարիներին էլ ճաշարանում օգնում էի խոհարարներին: Այդպես էլ որոշեցի մասնագիտանալ, ստացա համապատասխան կրթություն եւ տեղափոխվեցի Երեւան: Մոսկվայում աշխատածս տարիների ամենահիշարժան դեպքը մերձմոսկովյան քաղաքների ռեստորանների մրցույթն էր, ես ներկայացրել էի Կիլիկյան Հայաստանի խոհանոցային ավանդույթներով եփված ձկնային ուտեստ: Այն հավանության արժանացավ, շատերի ուշադրությունը գրավեց: Մեզ մոտ շատերն անգամ չգիտեն, որ ձկնային ճաշատեսակները հայկական խոհանոցում շատ հին պատմություն ունեն. չէ՞  որ Կիլիկիան ծովային երկիր է, Կիլիկյան թագավորության շրջանում մեզ մոտ  ծովային խոհանոցը, ձկնային ճաշատեսակները շատ տարածված էին: Մերը մոռացել ենք եւ զարմանում, հիանում ենք` համտեսելով մյուս ժողովուրդների ձկնային ուտեստները: Խոհանոցի առումով անգամ մի քիչ օտարամոլ ենք: Հայկական խոհանոցը միայն քաբաբ-խորովածով, դոլմայով չի սահմանափակվում, մենք  ազգային ուտեստներ, ճաշատեսակներ ունենք, որ ամբողջ աշխարհին են զարմացնում ու հաճույք պատճառում:

-Այդպե՞ ս է, թե՞  ինձ է թվում, որ Հայաստանում խոհարարությունը կնոջ մասնագիտություն է:

-Ամբողջ աշխարհում հակառակ կարծիքն է իշխում: Լավագույն խորհարարները տղամարդիկ են: Ես կարծում եմ, որ եթե սիրում ես մասնագիտությունդ, նվիրումով ես անում գործդ, կարող ես հաջողության հասնել: Ես սիրում եմ այս աշխատանքը: Երկրորդ մասնագիտությամբ նկարիչ եմ, ավարտել եմ Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժինը: Խոհանոցը եւս ստեղծագործական միջավայր է, եւ մասնագիտություններս միմյանց լրացնում են, ես հաճույք եմ ստանում մարդկանց գեղեցիկ, հաճելի կերակուր մատուցելուց, դրանք նրբաճաշակ, հետաքրքիր ձեւավորելուց: Շատ կարեւոր է, որ  մարդն ուտի ոչ միայն քաղցը հագեցնելու, այլեւ հաճույք ստանալու համար:

-Իսկ ապագա կողակիցդ նույնպե՞ ս պետք է հմուտ խոհարար լինի:

-Շատ կուզենայի, որ ապագա կինս համեղ եփել-թխել իմանար, յուրօրինակ լիներ նաեւ խոհանոցում: Ես ինքս տանը հիմա չեմ պատրաստում: Պատկերացրեք, ամբողջ օրն աշխատում եմ, օրս գրեթե խոհանոցում է անցնում, դա իմ մասնագիտությունն է, բայց ես կուզեի, որ տանն արդեն կինս եփեր ինձ համար: Ինչ խոսք, տղամարդուն գրավելու կնոջ զինանոցում նաեւ համեղ պատրաստելու արվեստի «զենքեր» պետք է լինեն:

-Լեւոն, ապագա ի՞ նչ ծրագրեր ունես:

-Երազում եմ սովորել աշխարհահռչակ խոհարար Պոլ Բոլքյուզի դպրոցում: Ինչպես նաեւ հրատարակել իմ գիրքը: Հայ ազգագրագետների, Ազգային գրադարանի եւ Մատենադարանի աջակցությամբ հիմա մի գիրք եմ պատրաստում, որտեղ կլինեն նյութեր հայկական էթնիկ խոհանոցի պատմության մասին: Շատ զայրացա, երբ վերջերս Թուրքիան հարիսան ներկայացրեց որպես թուրքական խոհանոցի ուտեստ: Հարիսան մուսալեռցիների ավանդական ուտեստն է եղել եւ այսօր լայն տարածում ունի հայկական խոհանոցում: Մենք նախաձեռնեցինք եւ «Փարիզյան սուրճ» սրճարանի նախկին տնօրեն Աշխեն Գործունյանի հետ այստեղ հրավիրեցինք ֆրանսիական հայտնի «Վոյաժ» հեռուստահաղորդման նկարահանող խմբին եւ նրանց հետ հայկական խոհանոցի մասին մի մեծ հաղորդում պատրաստեցինք, որը ցուցադրվեց Ֆրանսիայում: Ես ուզում եմ, որ պատմական ճշմարտությունն այլեւս չոտնահարվի, եւ որ ինքներս էլ հասկանանք, որ մեր խոհանոցը մեր մշակույթի մի մասն է, մեր ազգային նկարագրի բաղադրիչը, եթե կուզեք` մի կոդը, եւ մենք պետք է կարողանանք պահել այն: Երազանք ունեմ` տիկին Աշխենի աջակցությամբ Փարիզում բացել Հայկական սրճարան, որտեղ կմատուցվեն հայկական էթնիկ խոհանոցի ուտեստներ: Վերջում կանանց միամսյակի առթիվ սիրով մի բաղադրատոմս եմ ուզում նվիրել մեր կանանց:

Զրուցեց Ն.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

12 мар. 2012 г.

www.eter.am


Կարիերա
ԱՐՑԱԽԸ ՀՈԳԱՏԱՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ



Օրեր առաջ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ մեկնեցինք Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարան: Հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ երգչախումբը համերգային ծրագիր էր կազմակերպել վարժարանի սաների համար: Ամբողջ ճանապարհին ավտոբուսի մեջ երախաների ուրախ երգն էր հնչում: Երբ փոքրիկները որոշեցին, մի քիչ հանգստանալ, ես էլ որոշեցի ծանոթանալ նրանց երիտասարդ խմբավարի հետ: Մենք այսօր արդեն ընկերներ ենք. Լունարան դարձավ ինձ իմ սիրելի Արցախին կապող եւս մի հրաշալի մարդ` իսկական արցախցի: Արցախում հիմա խաղաղություն է, բայց այստեղ ամեն բնակիչ իրեն զինվոր է զգում ամեն օր ու ամեն ժամ: Լունարան եւս զինվոր է, որովհետեւ ծառայում է մեր ծնողների արյամբ ազատագրված հայրենի Արցախի շենացման գործին: Պարբերաբար անդրադարձել ենք այն ցավալի խնդրին, որ գյուղերից, սահմանամերձ գոտիներից երիտասարդները գալիս են Երեւան` բարձրագույն կրթություն ստանալու եւ այլեւս չեն վերադառնում իրենց հայրենի օրրանը, այնինչ հատկապես մեր հյարենիքի սահմանամերձ հատվածներում այսօր երիտասարդ մասնագետների կարիք կա: Երիտասարդությունը գյուղում ապրել, աշխատել չի ուզում, բայց Լունարա Համբարձումյանն իր գործով ապացուցում է, որ ոչ բոլորն են այդպես վարվում:


-Մանկության տարիներին նկատելի՞  էին երաժշտական հակումները: Մանկությունը պատերազմի թոհուբոհի մեջ անցկացրած աղջնակին ի՞ նչն էր կապում երաժշտության հետ:


-Մայրս պատմում է, 1988-ին, երբ ես երկու տարեկան էի, եւ արցախյան շարժումը նոր էր սկսվել, ինքն աշխատում էր Ասկերանի երաժշտական դպրոցում որպես խմբավար:  Ինձ  իր հետ տանում էր համերգների, թեպետ շատ վտանգավոր էր` անցնում էինք թուրքական գյուղերի միջով: Երեւի դա ճակատագիր էր. մեր 4 քույր-եղբայրներից միայն ես բախտ ունեցա ունկնդրելու մայրիկիս երգչախմբի համերգները, հետո էլ ինքս դարձա խմբավար: Նա պատմում է, որ ռմբակոծությունների ժամանակ մեր ուշադրությունը շեղելու համար բարձր երգում էր, որպեսզի չվախենայինք:



-Ինչո՞ ւ որոշեցիր ընդունվել Կոնսերվատորիա:


- Սովորում էի Ստեփանակերտի Ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում: Ութերորդ դասարանում էի, արդեն խոսում էինք իմ ապագա մասնագիտության մասին: Մայրս երազում էր, որ ես նույնպես խմբավար դառնամ: Ընդունվեցի Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը, սովորում էի Կարինա Մինալյանի դասարանում: Այդ տարիներին անընդհատ մասնակցում էի մանկական երգչախմբային մրցույթների, արժանանում առաջին մրցանակների: Սովորում էի գերազանց, ուստի Երեւանի պետական կոնսերվատորիայում պետպատվերով սովորելու հնարավորություն ստացա: Վախվորած մեկնեցի Երեւան, որովհետեւ այնտեղ ինձ կյանքի մի նոր փուլ էր  սպասում: Կոնսերվատորիայում ինքներս պիտի ընտրեինք մեր մասնագիտության դասախոսին: Մաեստրո Տիգրան Հեքեքյանի անունը ծանոթ էր ինձ, ես ընտրեցի հենց նրան, դա իմ կյանքի կարեւոր եւ պատասխանատու որոշումներից մեկը: Հպարտ եմ, որ ուսանել եմ իմ սիրելի մաեստրոի մոտ: Շատ բան եմ սովորել նրանից` ոչ միայն մասնագիտական, այլեւ մանկավարժական հմտություններ: Սովորելու ընթացքում մաեստրոն առաջարկեց միաժամանակ աշխատել երկու երգչախմբերում` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առաջին դասարանցիների երգչախմբի եւ Հայաստանի Ամենափոքրիկ երգիչների հետ: Դժվար էր ուսումն ու աշխատանքը համատեղել, այն էլ` տնից, ծնողներից հեռու ապրելով: Այդ տարիներին ես նաեւ երգում էի «Արեգա» նորաստեղծ երգչախմբում, եւ շատ բան սովորեցի մեր խմբավար Գայանե Բաղդասարյանից:



-Դու ընտրել ես խմբավարի մասնագիտություն: Այսօր հայ իրականության մեջ երգչախմբային մշակույթն այնքան էլ զարգացած չէ. մտավախություն չունեի՞ ր, որ աշխատանք չես գտնի:


-Ուսումնարան ընդունվելու  ժամանակ գիտեի, որ խմբավարության բաժինն ավարտողներն իրավունք ունեն նաեւ դասավանդելու դաշնամուր, սելֆեջիո, երաժշտական գրականություն: Այսինքն` գիտեի, որ աշխատանք կգտնեմ: Բայց երբ աշխատեցի իմ մասնագիտությամբ, երգչախմբային արվեստն ինձ լիովին կլանեց:






-Հետո մաեստրոն քեզ հորդորեց վերադառնալ Ստեփանակերտ: Հետպատերազմյան Արցախում, որտեղ սահմանամերձ գյուղերում կրակոցները դեռ չեն դադարել, բարդ չէ՞  ր երիտասարդ խմբավարի համար երգչախումբ հավաքելը եւ առաջ քայլելը:




ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի երգչախումբը


-Անկեղծ ասած, ես այնքան էի կապվել իմ աշակերտների, իմ երգիչների հետ, որ մեծ ցավ էի զգում: Չէի պատկերացնում ինձ առանց այդ փոքրիկ, համով «ճտերի»: Բայց այդ շրջանում թե մաեստրոն, թե մայրս անընդհատ հորդորում էին ինձ  վերադառնալ Արցախ, եւ իմ ստացած ողջ գիտելիքները ու մանկավարժական փորձը փոխանցել Արցախի երեխաներին եւ սկսնակ խմբավարներին: Ես տուն վերադարձա: Սկզբում շատ ու շատ խոչնդոտների հանդիպեցի: Ուխտ էր արել ` Մարտակերտի Վանք գյուղում երգչախումբ ստեղծել եւ սովորեցնել Մակար Եկմալյանի «Պատարագը», որը նրանք պիտի կատարեյին ամեն կիրակի Գանձասարում: Ուզում էի, որ ամեն ուխտավոր լսեր, հիանար ու  մտապահեր մեր արվեստի թանկարժեք գոհարները: Իմ կարեւոր նպատակն էր նաեւ`  ուսումնարանում դասավանդելը, ուսանողներ ունենալը, որոնց կփոխանցեի իմ գիտելիքները, կհորդորեի նրանց, որ գնան ու երգչախմբեր ստեղծեն Արցախի տարբեր գյուղերում ու շրջաններում: Շնորհիվ մաեստրոյի, Պարգեւ Սրբազանի եւ դպրոցի տնօրեն Վարյա Ավանեսյանի` Վանքի երգչախումբը ստեղծվեց: Սակայն ուսումնարանում ուսանողների սակավության պատճառով խմբավար ուսանող չունեցա, բայց ինձ հատկացրին գործնական պարապմունքների ժամեր, որի համար շնորհակալ եմ ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին: Հույս ունեմ, որ առաջիկա սեպտեմբերին վերջապես ուսանող կունենամ, եւ նրան կհաղորդեմ իմ գիտելիքները: Ստեփանակերտում ինձ հրավիրեցին աշխատելու Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Այստեղ հավաքեցի 40 հոգանոց երգչախումբ, որը 6 ամսում հասցրեց ճանաչվել ու սիրո արժանանալ: Երգչախմբում երգելու ցանկություն ունեցող երեխաների թիվն օրեցօր ավելանում է:


 -Չես մտածո՞ ւմ Երեւան վերադառնալու մասին:


 - Երբ եկա Արցախ եւ սկսեցի Վանքում երեխաներին հավաքել, հենց այդ պահից  կապվեցի նրանց: Չեմ մոռանում նրանց պարզ աչքերը, դեմքի միամիտ, մաքուր արտահայտությունը: Երբ առաջին անգամ բարձրացրի ձեռքերս նրանք ապշաճ ինձ նայեցին. առաջին անգամ էին խմբավարի ժեստերին ծանոթանում: Այժմ նրանք երգում են ամբողջ «Պատարագը», հինգ ամսվա ընթացքում ունեցան չորս ելույթ: Արցախում ինձ պահում են դեռ չիրագործված նպատակներս: Ես իմ պարտքն եմ համարում` Արցախի երեխաների համար բացել անսահման հրաշքներով լի երաժշտության դարպասները:


՞ նչ  մասնագիտական հեռանկարներ կան, ի՞ նչ երազանքներ:


-Օ, երազանքները շատ են: Կարծում եմ` դրանք բոլորն իրագործելի են: Երազում եմ, որ իմ ստեղծած խմբերը դառնան որակյալ երգչախմբեր, ունենան բազում համերգներ թե Հայաստանում, թե հատկապես եվրոպական տարբեր երկրներում:
Իսկ ամենամեծ երազանքս այն է, որ Արցախն ու հայ ժողովուրդն այլեւս պատերազմ չտեսնեն:  Թող լինի միշտ արեւը, կապույտ երկինքը եւ իրար բարին կամեցող մարդիկ:

Ն.ԹՈԽՍԱՆՑ