13 июн. 2012 г.



www.eter.am


ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ


«Երեխեք սահմանամերձ գյուղերի վրա կրակում են»«Մովսես գյուղը գրավված է»«Պատերազմ ա, գալիս ե՞  ք»«Էլի եկան սեւ ու մութ տարիները»… Նման արտահայտություններ ֆեյսբուքյան օգտատերերի էջերում վերջին օրերին հաճախ կարելի էր կարդալ: Կեղծ խուճա՞  պ էր սա, թե՞   իրականություն` առաջին պահերին դժվար էր կողմնորոշվել:
Օր օրի համացանցային լրատվությունն ու տեղեկատվական աղբյուրներն ավելի ժողովրդականություն են վայելում, ու չգիտես` դա լա՞  վ է, թե՞   վատ: Ցանկացած բան, ինչ գրվում եւ հրապարակվում է համացանցում, ընկալվում է որպես ճշմարտություն, եւ մարդիկ հաճախ դառնում են հիմնականում չճշտված ու աղավաղված տեղեկատվության զոհը: Այդպես եղավ եւ վերջին օրերին: «Մարդիկ զանգահարում էին իրենց բարեկամներին ու չճշտված լուրեր փոխանցում` առանց մտածելու հետեւանքների մասին: Անձամբ այս օրերին եղել եմ Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերում, զրուցել եմ գյուղացիների ու համայնքների ղեկավարների հետ: Այնպիսի տպավորություն է, ասես կրակոցները Երեւանի վրա են եւ ոչ այդ գյուղերի: Այնտեղ ամեն ինչ իրականում ավելի հանգիստ է, կեղծ խուճապ չի նկատվում: Մարդիկ ապրում են իրենց սովորական առօրյայով: Օրինակ` Ներքին Կարմիրաղբյուրում քննարկման հիմնական թեման գյուղի մշակույթի տան վերանորոգումն էր: Տագնապալի լուրերն ուռճացնողները կիսագրագետ լրագրողներն են, չեմ վախենում այդ բառից: Նրանք փորձում են տեղեկատվության ուռճացմամբ, բարձրահունչ վերնագրերի ընտրությամբ լսարան գրավել, բայց այդպես չի կարելի: Բնականաբար, կա եւ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը, որ, ցավոք, մտնում է մեր դաշտ եւ շատ ակտիվ տարածվում նույն սոցիալական ցանցերի միջոցով: Ամեն տեսակի տեղեկատվության աղավաղման դեպքում պետք է հասկանանք, որ վտանգում ենք սահմանում կանգնած մեր զինվորի կյանքը»,- ասում է ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Օրերս ես էլ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում էի: Ոսկեվան տանող ճանապարհի մի մասը, որն անցնում է Ոսկեպար գյուղի հարեւանությամբ եւ անմիջապես սահմանամերձ է Ադրբեջանին, հսկվում էր ոստիկանության կողմից, քանի որ վերջին օրերին, իսկապես, հաճախակի են դարձել սահմանամերձ տարածքների, հատկապես այս ավտոճանապարհի վրա հակառակորդի կողմից արձակված կրակոցները: Սակայն այս տարածաշրջանում ապրող մարդկանց համար այս ամենը սովորական է դարձել: «Երեւանում ապրողը չի գիտակցում, որ մեր պատերազմն ավարտված չէ, սա պարզապես հրադադար է: Սահմանում ապրող մարդը դրա մասին մոռանալ չի կարող, հակառակորդը թույլ չի տալիս: Ուստի ես առաջարկում եմ խուճապի մատնվելու փոխարեն միասնական ու ավելի զգոն լինել, նեցուկ լինել սահմանում ապրող գյուղացուն ու սահմանապահ հայ զինվորին…»,- ասում էին ոսկեվանցիները: Գյուղի երիտասարդության մեծ մասը պայմանագրային զինծառայող է: Տղաները վստահ են` քանի դեռ իրենք այստեղ են ապրում, քանի դեռ հայ զինվորը հայոց սահմանին է, վախենալու բան չկա: Ի դեպ, զինվորի մասին: Այն, որ սոցիալական ցանցերում Արցախյան ազատամարտի շատ մասնակիցներ, զորացրված զինվորականներ հայտարարություններ տեղադրեցին, որ պատրաստ են գնալ ու հայ զինվորի կողքին պաշտպանել մեր երկիրը, Ադրբեջանի կողմից գնահատվեց այսպես. «Հայերը բանակ չունեն, զինվորների թիվը չի բավականացնում, տեխնիկա չկա, այդ պատճառով տարեցներն ու նախկին սպաներն են ոտքի ելել»
Հենց այս օրերին Ոսկեվանում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա անձամբ այցելել է հայոց բանակի հյուսիսարեւելյան սահմաններ, ցուցումներ տվել սպաներին ու զինվորներին: Ոսկեվանցիների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշեց. «Խոստանում եմ` մեր բանակը, ես եւ իմ մարտական ընկերները թույլ չենք տա, որ թշնամին մի քայլ անգամ առաջ գա…»:
Ն.Հ. 

Комментариев нет:

Отправить комментарий