Ընթերցողի էջ
(հայի երազանքը)
Ո՞ ւր է Մուշը, ո՞ ւր է Վանը,
Ո՞ ւր է հայոց Արդահանը:
Ո՞ ւր է Անին հազարագանձ,
Ճոխ պերճանքով ու նազանքով:
Ո՞ ւր է Զեյթունը հաղթական
Եվ Սասունը կուռ, առնական:
Ո՞ ւր է շքեղ, պերճ Ադանան`
Ծաղկուն քաղաքը հայի,
Որ թշնամուն անգութ ձեռքով`
Դարձավ ավեր ու գերի:
Հետո դարձավ տխուր մի երգ,
Թախծոտ մի մեղեդի,
Հայ Ադանան գեղանի`
Հուզեց սրտեր բյուրավոր`
Հայի և օտարի:
Ո՞ ւր է Ղարսը` հայոց հարսը.
Դրախտ այգին Չարենցի:
Ո՞ ւր է չքնաղ մեր Սուրմալուն
Հայրենիքը Դրոյի:
Ո՞ ւր է Տարոնը եդեմական
Եվ Նարեկը` լույս սրբավայր:
Ո՞ ւր են Մարաշն ու Կիլիկիան.
Տիգրանակերտը պատմական:
Եվ Բիթլիսը Սարոյանի:
Երազային մեր Երզնկան`
Շեն ոստանն արհեստագործ վարպետների,
Որի անունը շուրթերին,
Անհուն կսկիծը հոգում`
Սողոմոնը Բեռլին հասավ`
Վրեժ լուծեց թուրք փաշայից:
Եվ Մուսա լեռը հերոսական,
Որ մատեր մղեց օրհասական,
Ու քառասուն զօր ու գիշեր`
Լեգենդ հյուսեց դյուցազնական:
Ավաղ, այսօր հուշ են դարձել
Հայոց գանձերը դարավոր:
Պանդուխտ են դեռ`
Հեռու իրենց հայրենիքից:
Եվ հարազատ զավակներից:
Տխուր ու լուռ վշտով անհուն`
Հսկում են սուրբ շիրիմները նախնիների:
Արտասվում են ու թախծում,
Որ օտարն է այժմ ապրում
Ծաղկուն ու շեն
Պապենական իրենց հողում:
Սակայն կա հույս, թեկուզ և ուշ,
Կկատարվի էրգիր թողած
Հայ մարդու իղձը բաղձալի:
Կգա օրը երանելի,
Տուն կդառնան զավակները`
Էրգիրը թողած պանդուխտների:
Եւ կարոտով կհամբուրեն
Իրենց նախնյաց շիրիմները:
Կբարձրանան վեհ գագաթը Արարատի:
Անհուն կարոտով կփարվեն զով սարերին,
Պաղ, կարկաչուն առվակներին:
Կարբենան անուշ բույրով`
Այգեստանի քաֆուր վարդի:
Կզովանան Վանա լճում,
Կլողանան Ղասաղայում:
Կհիանան Աղթամարով,
Զմրուխտ հավքով, Նեմրութ սարով:
Կճաշակեն անմահական խնձորներն Արտամետի,
Կհագենան ճոխ բուրմունքով հայրենիքի:
Ու ծնկաչոք մոմ կվառեն
Առաքելոց վեհ տաճարում:
Կաղոթեն Զորավորին,
Ամենազոր թագավորին երկնային,
Որ վերջապես օգնեց հային
Վերադառնալ սուրբ օջախը նախնիների:
Սերիկ Գալստյան, 78 տ.
Комментариев нет:
Отправить комментарий