19 мая 2011 г.

www.eter.am
#20 (886) 19. 05. 11

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՍՈՎՈՐԵՑԻՆՔ

Թանգարանային գիշերն ու Եվրատեսիլի եզրափակիչ համերգը համընկան. մայիսի 14-ին մարդիկ շտապում էին թանգարանից թանգարան, հետո էլ Կարապի լիճ`մասնակցելու «Օրանժ» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված եվրատեսիլյան համերգին: Ուրախալի էր, որ շատ ցուցասրահների ու թանգարանների մուտքերի մոտ հերթեր էին գոյանում, եւ ավելի ուրախալի էր, որ այդ հերթերում մեր հասակակիցներն ավելի շատ էին: Թանգարանային գիշերը առաջինն այցելեցի Երվանդ Քոչարի թանգարան: Ստիպված էի մի քանի րոպե սպասել ներս մտնելու իմ հերթին: Համոզվեցի, որ դեռ չենք սովորել հերթ կանգնել (միմյանց հրմշտելով` մարդիկ շտապում էին ներս մտնել` կարծես թանգարանը փախչելու էր), չենք սովորել ցուցանմուշներին ձեռք չտալ, չհենվել ցուցափեղկերին, չլուսանկարվել ցուցասրահներում եւ չլուսանկարել գեղարվեստի աշխատանքները… Կսովորենք: Կարեւորն այն է, որ թանգարան ենք այցելում: Այցելուների թվում եւ մեծահասակներ կային, եւ երիտասարդներ, եւ երեխաներ: 6-ամյա Անին, որի հետ ծանոթացա թանգարանում, ցուցասրահում տարածվող երաժշտության հնչյուններից ճանաչեց կոմիտասյան «Չինար ես»-ը («Շանթ» հեռուստաընկերության եղանակի տեսությունն էլ էր իր դերը խաղացել այդ գործում): «Ես սիրում եմ էդ երգը, մաման ասել ա, որ չինարի ու մի հատ աղջկա մասին ա, չինարը էդ սիրուն ծառ ա… չգիտե՞ս… վայ»,- իմ հարցերից զարմացավ Անին ու վազեց մայրիկի մոտ: Հետո տեսա, թե ինչպես Անին մայրիկի ձեռքը բռնած դիտում էր Կոմիտասի մասին թանգարանում ցուցադրվող ֆիլմը, ու մայրը նրան շշուկով ինչ-որ բաներ էր բացատրում: Ինչ լավ է, որ այդպիսի մայրիկներ կան: Այցելուների ուշադրությունը հատկապես գրավել էին Քոչարի տարածական աշխատանքները: Անին էլ հավանել էր պտտվող նկարները, չնայած ամոթխած հայացքով էր նայում Քոչարի պատկերած մերկ կանանց: Հեռվից ձեռքով արեցի Անիին ու շտապեցի հաջորդ թանգարան: Շրջեցի Գաֆէսճեան կենտրոնի բոլոր յոթ սրահներով եւ հայտնվեցի Կասկադի բարձունքում մի քանի րոպե հմայվեցի իրիկնային Երեւանով: Նկատեցի, որ Երեւանն էլ ավելի է խեղդվել շենքերի մեջ: Նայում ես բարձունքից, ու շունչդ կտրվում է: Իջնում եմ ներքեւ, քայլում եմ Կարապի լճի ուղղությամբ: Շուտով կսկսվի եվրատեսիլյան համերգը: Որոշեցի նստել խոտերի մեջ ու սպասել: Մեկ էլ` շրըխկ… Վերեւից մի գլանաձեւ ծալված թղթի կտոր ընկավ ոտքերիս մոտ: Անցնող տղաները որոշել էին «Օրանժի» գովազդային դրոշակը նետել խոտերի մեջ: Վերցրի, բաց արեցի ու «Օրանժի» հավատարիմ երկրպագուի պես (չնայած երբեք բաժանորդ չեմ եղել) սկսեցի երաժշտության ռիթմով թափահարել դրոշակը: Ամենուր` խոտերի մեջ, գետնին այդ դրոշակներն էին, պայթած փուչիկի մնացորդներ, ադիբուդի, պոլիէթիլենային տոպրակներ, թանգարանային գիշերվա բուկլետների պատառոտված թերթեր, արեւածաղկի մնացորդներ, հյութի դատարկ շշեր: Եվրատեսիլյան «բարձր» տրամադրությունը նպաստել էր, որ Կարապի լճի շրջակայքը շատ արագ աղբանոցի վերածվեր: Համերգի առաջին մասում հանդիսատեսի շաքերից ընտրված «շնորհալի» քաղաքացիները կարաոկե ռեժիմով երգում էին եվրատեսիլյան երգեր, իսկ երկրորդ մասում պետք է ելույթ ունենային տարբեր տարիների Հայաստանը Եվրատեսիլում ներկայացրած երգիչ-երգչուհիները: Այդ կատարումները չհասցրի վայելել, քանի որ շտապում էի Երեւան քաղաքի պատմության թանգարան` մասնակցելու վալսի երեկոյին: Դեռ թանգարանի մուտքին չհասած` լսելի էին Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսի» հնչյունները… Ավարտվեց թանգարանային գիշերը, փոքրիկ տհաճությունները մոռացած, Երեւանով հմայված` քայլեցի դեպի տուն:
Ն.Հ.

2 комментария:

  1. կարծում եմ որ ունենք այս խնդիրը, սակաըն նաև կարծում եմ, որ համեմատաբար սովորել ենք հերթեր կանգնել, համենայն դեպս նախկինում խնդիրն ավելի վատ վիճակում էր, այնպես որ հարգելի Ն.Հ. վիճակը մոտ ապագայում լիովին կհարթվի...

    ОтветитьУдалить
  2. Համաձայն եմ, որոշ բջջային օպերատորների սպասաթերթիկներ տրամադրող սարքեր տեղադրելը իրենց իսկ սպասարկման կետերում նպաստեց այդ կուլտուրայի քիչ թե շատ ձեւավորմանը, բայց արի համաձայնենք, որ մենք դեռ մնում ենք անհանդուրժող դիմացինի ու մեր իսկ սեփական եսի հանդեպ:

    ОтветитьУдалить