Показаны сообщения с ярлыком թանգարանային գիշեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком թանգարանային գիշեր. Показать все сообщения

19 мая 2011 г.

www.eter.am
#20 (886) 19. 05. 11

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՍՈՎՈՐԵՑԻՆՔ

Թանգարանային գիշերն ու Եվրատեսիլի եզրափակիչ համերգը համընկան. մայիսի 14-ին մարդիկ շտապում էին թանգարանից թանգարան, հետո էլ Կարապի լիճ`մասնակցելու «Օրանժ» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված եվրատեսիլյան համերգին: Ուրախալի էր, որ շատ ցուցասրահների ու թանգարանների մուտքերի մոտ հերթեր էին գոյանում, եւ ավելի ուրախալի էր, որ այդ հերթերում մեր հասակակիցներն ավելի շատ էին: Թանգարանային գիշերը առաջինն այցելեցի Երվանդ Քոչարի թանգարան: Ստիպված էի մի քանի րոպե սպասել ներս մտնելու իմ հերթին: Համոզվեցի, որ դեռ չենք սովորել հերթ կանգնել (միմյանց հրմշտելով` մարդիկ շտապում էին ներս մտնել` կարծես թանգարանը փախչելու էր), չենք սովորել ցուցանմուշներին ձեռք չտալ, չհենվել ցուցափեղկերին, չլուսանկարվել ցուցասրահներում եւ չլուսանկարել գեղարվեստի աշխատանքները… Կսովորենք: Կարեւորն այն է, որ թանգարան ենք այցելում: Այցելուների թվում եւ մեծահասակներ կային, եւ երիտասարդներ, եւ երեխաներ: 6-ամյա Անին, որի հետ ծանոթացա թանգարանում, ցուցասրահում տարածվող երաժշտության հնչյուններից ճանաչեց կոմիտասյան «Չինար ես»-ը («Շանթ» հեռուստաընկերության եղանակի տեսությունն էլ էր իր դերը խաղացել այդ գործում): «Ես սիրում եմ էդ երգը, մաման ասել ա, որ չինարի ու մի հատ աղջկա մասին ա, չինարը էդ սիրուն ծառ ա… չգիտե՞ս… վայ»,- իմ հարցերից զարմացավ Անին ու վազեց մայրիկի մոտ: Հետո տեսա, թե ինչպես Անին մայրիկի ձեռքը բռնած դիտում էր Կոմիտասի մասին թանգարանում ցուցադրվող ֆիլմը, ու մայրը նրան շշուկով ինչ-որ բաներ էր բացատրում: Ինչ լավ է, որ այդպիսի մայրիկներ կան: Այցելուների ուշադրությունը հատկապես գրավել էին Քոչարի տարածական աշխատանքները: Անին էլ հավանել էր պտտվող նկարները, չնայած ամոթխած հայացքով էր նայում Քոչարի պատկերած մերկ կանանց: Հեռվից ձեռքով արեցի Անիին ու շտապեցի հաջորդ թանգարան: Շրջեցի Գաֆէսճեան կենտրոնի բոլոր յոթ սրահներով եւ հայտնվեցի Կասկադի բարձունքում մի քանի րոպե հմայվեցի իրիկնային Երեւանով: Նկատեցի, որ Երեւանն էլ ավելի է խեղդվել շենքերի մեջ: Նայում ես բարձունքից, ու շունչդ կտրվում է: Իջնում եմ ներքեւ, քայլում եմ Կարապի լճի ուղղությամբ: Շուտով կսկսվի եվրատեսիլյան համերգը: Որոշեցի նստել խոտերի մեջ ու սպասել: Մեկ էլ` շրըխկ… Վերեւից մի գլանաձեւ ծալված թղթի կտոր ընկավ ոտքերիս մոտ: Անցնող տղաները որոշել էին «Օրանժի» գովազդային դրոշակը նետել խոտերի մեջ: Վերցրի, բաց արեցի ու «Օրանժի» հավատարիմ երկրպագուի պես (չնայած երբեք բաժանորդ չեմ եղել) սկսեցի երաժշտության ռիթմով թափահարել դրոշակը: Ամենուր` խոտերի մեջ, գետնին այդ դրոշակներն էին, պայթած փուչիկի մնացորդներ, ադիբուդի, պոլիէթիլենային տոպրակներ, թանգարանային գիշերվա բուկլետների պատառոտված թերթեր, արեւածաղկի մնացորդներ, հյութի դատարկ շշեր: Եվրատեսիլյան «բարձր» տրամադրությունը նպաստել էր, որ Կարապի լճի շրջակայքը շատ արագ աղբանոցի վերածվեր: Համերգի առաջին մասում հանդիսատեսի շաքերից ընտրված «շնորհալի» քաղաքացիները կարաոկե ռեժիմով երգում էին եվրատեսիլյան երգեր, իսկ երկրորդ մասում պետք է ելույթ ունենային տարբեր տարիների Հայաստանը Եվրատեսիլում ներկայացրած երգիչ-երգչուհիները: Այդ կատարումները չհասցրի վայելել, քանի որ շտապում էի Երեւան քաղաքի պատմության թանգարան` մասնակցելու վալսի երեկոյին: Դեռ թանգարանի մուտքին չհասած` լսելի էին Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսի» հնչյունները… Ավարտվեց թանգարանային գիշերը, փոքրիկ տհաճությունները մոռացած, Երեւանով հմայված` քայլեցի դեպի տուն:
Ն.Հ.