ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ՈՄԱՆՑ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ

Հայաստանյան շուկայում կրկին թանկացումներ են:Արաբական աշխարհում տիրող հեղափոխական իրադարձությունների հետեւանքով թանկացան նավթն ու բենզինը, սուրճն ու կակաոն: Այս ամենն անմիջապես անդրադարձավ մեր խանութներում այդ ապրանքների գների վրա: Օրինաչափություն է դարձել. համաշխարհային շուկայում գներն իջնելուց հետո էլ Հայաստանում շարունակում են թանկացած ապրանքները վաճառել նույն գնով: Անգամ տեսել եմ այնպիսի խանութներ, որոնցում եթե հայտարարված զեղչերի ընթացքում տվյալ ապրանքը չի վաճառվում, զեղչերից հետո կրկին վաճառում են նախկին գնով: Սակայն առարկայական պատճառներով պայմանավորված թանկացումներից բացի Հայաստանում, տարբեր մարդկանց քմահաճույքով, հիմնականում տոների նախօրյակին կարող են բարձրանալ այդ պահին մեծ պահանջարկ վայելող ապրանքների գները: Բոլորս ենք հիշում, թե ինչպես Նոր տարվա շեմին խանութներից անհետացավ հավկիթը, հետո հայտնվեց միանգամայն նոր` նախորդից բարձր գնով: Մարտի 8-ին, սեպտեմբերի 1-ին ՙանսպասելիորեն՚ թանկանում են ծաղիկները: Ապրիլի 24-ին ծաղիկների գները թեպետ չէին փոխվել, բայց թերթերից մեկում կարդացի, որ օգտվելով մթությունից ծաղկավաճառները գնորդներին տվել էին թոշնած ծաղիկներ: Ծաղիկներն, այնուամենայնիվ, թանկացան, բայց` հաջորդ օրը: Այս տարի Քրիստոսի Հարության տոնը զուգադիպեց Եղեռնի զոհերի հիշատակի օրվան: Զատիկին հաջորդող երկուշաբթին մեռելոց էր: Այդ օրը ծաղիկների գները նկատելիորեն բարձր էին նախորդ օրվա գներից: Այնինչ եվրոպական շատ երկրներում նախատոնական օրերին էժանացումներ են սկսվում: Ամեն անգամ նման երեւույթի ականատես լինելով` մտածում եմ. իսկ գին թելադրող¬պարտադրողները մտածո՞ւմ են, թե որն է այս ճանապարհով հարստանալու գինը:
Ն. ԳՈՒԳՈՒԼՈՎ
Комментариев нет:
Отправить комментарий