26 мая 2011 г.

www.eter.am

#21 (887) 26. 05. 11


ԱՐԹՈՒՐ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ. «ԵՍ ԻՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՀԱՆՁՆԵՄ»

Արթուր Փարսադանյանը Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի ուսանող էր, երբ բռնկվեց Արցախյան ազատամարտը: «Ես գնում եմ,- սա էր միակ նախադասությունը, որ ասաց դեկանատում,- ինձ կանչում են իմ հայրենի հողը, մեր զանգեզուրյան լեռները, որոնք այսօր պաշտպանության կարիք ունեն»: Դեկանը խոժոռված աչքերով նայեց ու ասաց. «Ախր ո՞ւր ես գնում, դու ուսանող ես...»: «Ես իմ քննությունները սահմաններում կհանձնեմ...»,- վճռական հնչեց պատասխանը: Թողեց ուսումը, սիրած աղջկան` իր կուրսընկերուհի Ռուզաննային, զենք վերցրեց ու մեկնեց ռազմի դաշտ: Արթուրը Հայաստանի լեռնագնացների հավաքականի անդամ էր: 1988-ին ակտիվորեն մասնակցել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու փրկարարական աշխատանքներին: Ազգային-ազատագրական շարժման հենց սկզբից ակտիվ մասնակցություն է ցուցաբերել երկրապահ ջոկատի աշխատանքներին, որի հրամանատարն էր Վազգեն Սարգսյանը: Պայքարի թեժ օրերին Արթուրը միշտ եղել է սահմանամերձ շրջաններում, մասնակցել Երասխի մարտերին: Կռվել է Գորիսի, Կոռնիձորի, Կապանի, Մեղրիի, Ագարակի մատույցներում: Երբ ադրբեջանցիները փակել էին երկաթուղին Նյուվադի գյուղի շրջանում` թույլ չտալով, որ մարդասիրական օգնությունը տեղ հասնի, Արթուրն իր ջոկատի հետ բացում է երկաթուղու ճանապարհը եւ գյուղը մաքրում ադրբեջանցիներից: Հայաստանում խիզախի անուն վաստակած ֆիդային հատուկ հանձնարարություն ստացավ` գաղտնի բեռներ հասցնել Մեղրի-Իջեւան երթուղով: Այդ ուղին անցնում էր հարազատ տան մոտով, ու գիշերները մեկ-մեկ Արթուրն այցի էր գնում հարազատներին: Մայրը, որ վերջին շրջանում շատ հարազատներ էր կորցրել, աղոթում էր որդու հաջողության համար եւ երբեմն էլ հանդիմանում նրան համարձակության եւ անկոտրում կամքի համար` չմոռանալով շշնջալ ականջին. «Զգույշ կաց, բալա°ս, քո գործը վտանգավոր է... »: Խոստացավ հետեւել մայրական պատգամին, մոր հետ կատակեց ու ճանապարհ ընկավ: Ինչ իմանար, որ հետադարձ ճանապարհ չի լինելու: 1990 թ. հուլիսի 5-ին քսանչորս տարին նոր բոլորած երիտասարդ համալսարանականը զոհվեց մարտական հատուկ առաջադրանք կատարելիս:Մայիսի 23-ին ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը Արթուր Փարսադանյանին նվիրված հուշ-երեկո էր կազմակերպել: Ներկա էին Արթուրի մարտական ընկերները, կուրսընկերները, համալսարանականներ ու ուսանողներ նաեւ այլ բուհերից: Երեկոյի ընթացքում հնչեցին ռազմական եւ ազգային երգեր, ասմունք:

ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ


«ՔՎԱՆՏԸ» 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Օրերս ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում տոն էր: Այս տարի «Քվանտ» վարժարանը նշում է հիմնադրման 20-ամյա տարեդարձը: Երիտասարդ կրթական հաստատություն, որը, սակայն, կարճ ժամանակամիջոցում հասցրեց դառնալ ոչ միայն Հայաստանի առաջատար դպրոցներից մեկը, այլեւ հանրակրթության ոլորտում նորարարական-գիտական կենտրոն, որտեղ մշակվող եւ ներդրվող կրթական նոր տեխնոլոգիաների շնորհիվ ակնառու հաջողություններ են ձեռք բերվել ե°ւ կրթության ու դաստիարակության, ե°ւ որակյալ շարունակական կրթության ասպարեզներում: Դրա վառ ապացույցը նաեւ նախկին քվանտական ԵՊՀ ուսանողներն են: Իսկ այսօր արդեն «Քվանտն» առաջին եւ միակ հայկական դպրոցն է ամբողջ աշխարհում, որ դարձել է հանրակրթության ոլորտի միջազգային ամենահզոր կազմակերպության` IB-ի (International Baccalaureate) անդամ: 2011թ. սեպտեմբերին վարժարանն իր 21-րդ ուսումնական տարին կսկսի` թեւակոխելով զարգացման նոր` միջազգային փուլ: Այս ամենում, ինչպես միջոցառման ընթացքում իրենք` քվանտականները նշեցին, չափազանց մեծ է Երեւանի պետական համալսարանի դերը: «Քվանտ»-ի հիմնադիրները, իսկ սկզբնական շրջանում նաեւ մանկավարժական անձնակազմի մեծ մասը ԵՊՀ աշխատակիցներ էին, ովքեր հանրակրթական դպրոց բերեցին համալսարանական ոգին, հարաբերությունների նոր որակ, ուսուցման ժամանակակից մեթոդներ, դպրոցական գործի կազմակերպման նոր ձեւեր: Նրանցից շատերն այսօր էլ «Քվանտ»-ի առաջատար ուսուցիչներ են եւ նորարարական մտքի գեներատորներ: Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ փոխնախարար Կարինե Հարությունյանը: Նրանք ներկայացրին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը եւ նախարարության կողմից պարգեւներ ու պատվոգրեր հանձնեցին մանկավարժական, գիտական բնագավառում մեծ ներդրում ունեցած քվանտականներին եւ համալսարանականներին: Վարժարանի երիտասարդ մանկավարժներն էլ, որոնցից շատերն այօր ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողներ են, պարգեւատրվեցին ԵՊՀ ՈՒԽ եւ ՈՒԳԸ շնորհակալագրերով ու մեդալներով: Միջոցառման ընթացքում իրենց երաժշտական կատարումներով տոնական տրամադրություն հաղորդեցին շնորհալի քվանտականները:

ԵՊՀ լրատվության վարչություն


Комментариев нет:

Отправить комментарий