15 мая 2011 г.

www.eter.am
#19 (885) 12. 05. 11

ՍՏԱՆԱԼ ՆԱԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Բակալավրիատն ավարտելուց հետո ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու եւ միաժամանակ իրենց զինվորական ծառայությունն անցկացնելու ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Այստեղ նրանք ուսումը կսկսեն միանգամից 4-րդ կուրսից: Մեկամյա ուսուցումից հետո տղաները կկարողանան պայմանագիր կնքել նախարարության հետ եւ համալրել ՊՆ սպայակազմը` հետագայում աշխատելով իրենց մասնագիտությամբ: Օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարության` ԵՊՀ այցելած ներկայացուցիչն առաջարկել էր համալսարանական ուսանողներին այցելել ՊՆ-ին կից գործող ռազմական ինստիտուտ եւ տեղում մանրամասնորեն ծանոթանալ ուսման պայմաններին: Օրերս ԵՊՀ ՈՒԽ-ի նախաձեռնությամբ ավարտական կուրսերի մի խումբ ուսանողներ, որոնց հետաքրքրել էր այս առաջարկը, այցելել են ՊՆ: «Մեզ դիմավորեց ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ, գնդապետ Պետրոս Աբրահամյանը: Նրա ուղեկցությամբ շրջեցինք ինստիտուտի տարածքում, ծանոթացանք գործող պայմաններին` ճաշարանից մինչեւ ննջարան»,- ասում է ԵՊՀ ՈՒԽ քարտուղար Հարություն Ազգալդյանը: Նա հավաստիացրեց, որ հետաքրքիր եւ ճանաչողական այցելությունից հետո մի քանի ուսանողներ որոշել են ուսումը շարունակել ռազմական ինստիտուտում: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Անդրանիկ Կիրակոսյանը նրանցից մեկն է: «Ռազմական ինստիտուտում ուսումս շարունակելու գաղափարը ծնվեց, երբ փետրվար-մարտ ամիսներին պրակտիկա էի անցնում պաշտպանության նախարարությունում: Ժամանակի ընթացքում այդ միտքն ավելի ու ավելի էր հասունանում, եւ հիմա կարծես թե վերջնական որոշումն արդեն ընդունել եմ»,- ասում է Անդրանիկը:

Ն.Հ.


Комментариев нет:

Отправить комментарий