19 мая 2011 г.

#20 (886) 19. 05. 11

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Որքան էլ զբաղված լինեմ, միեւնույն է, միշտ էլ հեռուստացույց նայելու ժամանակ գտնում եմ: Հետեւում եմ լրատվությանը, վերլուծական թողարկումներին, մարզական լուրերին: Անկեղծ ասած, հայկական հեռուստաալիքներով ինձ հետաքրքրող ուրիշ հաղորդումներ շատ քիչ կան: Իհարկե, ոմանց դուր են գալիս տարբեր ալիքներով ցուցադրվող ձանձրալի, հաճախ նմանատիպ սցենարներով զարգացող հայկական սերիալները: Ինձ դրանք չեն գրավում: Համբերությունից հանում են նաեւ անվերջանալի թվացող գովազդները: Լավ է, որ կաբելային հեռուստատեսությունը, արբանյակային ալեհավաքները տալիս են արտասահմանյան հեռուստաալիքներ դիտելու հնարավորություն: Ճանաչողական այնքան հաղորդումներ կան:
Մեր հեռուստաալիքներից մի քանիսը ցուցադրում են արտասահմանյան հեռուստանախագծերի հայկական տարբերակները, դրանց շնորհիվ բացահայտվում են շնորհալի երաժիշներ ու պարողներ, գեղեցիկ ու հզոր ձայն ունեցող երգիչներ, բայց, միեւնույն է, եթերում պակասում են երիտասարդությանը գրավող, սուր, աշխույժ հաղորդումները: Քիչ են նաեւ մշակութային ծրագրերը: Ամիսներ առաջ այն հաճախականությունը, որով հեռարձակվում էր «Մշակույթ» հեռուստաալիքը, հանձնեցին «Շողակաթին»: Իհարկե, հատկապես մեր օրերում, երբ աղանդավորները մեր երկրում իրենց չափազանց ազատ են զգում, «Շողակաթը» պետք է հեռարձակվի, բայց ինչո՞ւ մշակութային ալիքի հաշվին:
Վերջին շրջանում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ու Հանրային հեռուստաընկերությունը քայլեր են անում Հ1-ի եթերում կրթական, գիտական, մշակութային, մանկապատանեկան հաղորդումների բազմազանություն ապահովելու ուղղությամբ: Հավաստիացնում են, որ այդ համագործակցությունն իր ազդեցությունը կունենա նաեւ հեռուստասերիալների բովանդակության վրա: ԿԳ նախարարը, խոսելով եթերում կրթական, գիտական բնույթի հաղորդումների բացակայության մասին, վիճակն օրհասական է համարել, հույս է հայտնել, որ ԿԳՆ-Հ1 համագործակցությունը օրինակ կլինի մյուս հեռուստաընկերությունների համար:
Մի՞թե վճռական քայլեր ձեռնարկելու, լուրջ փոփոխություններ կատարելու համար
պետք էր հապաղել այնքան, որ վիճակն օրհասական դառնար…

ԳԱՐԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ



Комментариев нет:

Отправить комментарий