#19 (885) 12. 05. 11
ԲՈՒՀԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՅԻՑ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊՐՈԴՅՈՒՍԵՐԸ` ՆՈՐ ԱՐՁԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՎ

Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի «Սոցիալ-մշակութային գործունեություն. արվեստի կառավարում» բաժնի ուսանողներն իրենց դասընթացի շրջանակներում հանձնարարություն են ստանում մշակելու եւ իրագործելու որեւէ նախագիծ: Երբեմն այդ ծրագրերը դուրս են գալիս զուտ ուսանողական աշխատանք լինելու շրջանակներից եւ դառնում հանրային արժեքներ: Այդպես են ծնվել Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված գրական, երաժշտական, պարային «Չինար ես, կեռանալ մի» (պրոդյուսեր` Ս.Սանոյան) ներկայացումը, նարդի խաղացողի արձանը Մոսկովյան պուրակում (պրոդյուսեր` «Կուրաժ» ինթերթայնմենթ), «Բեռնելով կյանքս» ֆիլմը (պրոդյուսր` Գ.Հայրապետյան) եւ այլ ուսանողական աշխատանքներ: Այսպիսի մի նախագիծ է նաեւ նույն բաժնի ուսանող Ղուկաս Մադոյանի ծրագիրը: Դեռ փոքրուց նա շատ էր սիրում շախմատ խաղալ: «Հայաստանը շախմատային երկիր է, մենք շախմատի շատ մեծ վարպետներ ունենք, որոնց ամբողջ աշխարհն է ճանաչում ու մեծարում, բայց, ահա, մեր շախմատային հսկաների կարեւոր հաղթանակները հավերժացնող քանդակի պակաս Երեւանը զգում է- ասում է երիտասարդ պրոդյուսերը:- Շուտով կլրանա շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի միջազգային գրոսմայստեր դառնալու 60-ամյակը: Հենց այս առիթով մի միտք հղացա` Երեւանի որեւէ անկյունում պուրակ ստեղծել, որտեղ կտեղադրվի շախմատային արձանախումբ: Քանդակն իրենից շախմատային տախտակ է ներկայացնելու: Դրա վրա հորիզոնական ուղղությամբ կանգնեցված մարդահասակ ֆիգուրները կունենան ճիշտ այն դասավորությունը, որը հաղթանակ բերեց Տիգրան Պետրոսյանին: Իսկ մյուս վանդակների վրա կփորագրվեն հայկական շախմատի պատմության նշանավոր տարեթվերն ու փաստերը: Արձանի շուրջը կստեղծվի կանաչ գոտի, որտեղ քաղաքացիների ինտելեկտուալ հանգստի համար կապահովվեն անհրաժեշտ պայմաններ. կտեղադրվեն քարե սեղաններ շախմատային տախտակի տեսքով, որոնց վրա մարդիկ կարող են շախմատ խաղալ, կկազմակերպվեն շախմատային միջոցառումներ եւ այլն»: Սակայն Ղուկասի այս նախագիծը դեռ թղթի վրա է: Ընկերների հետ միասին ֆինանսական աջակիցներ են փնտրում, որոնք կհամաձայնեն օգնել Երեւանում եւս մի գեղեցիկ պուրակ ստեղծելու երիտասարդական այս նախաձեռնությանը:
Ն.Հ.
Комментариев нет:
Отправить комментарий