15 мая 2011 г.

#19 (885) 05. 05. 11

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ»


ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին ընդառաջ, ԵՊՀ ՈՒԽ-ի նախաձեռնությամբ ուսանողների հետ պարբերաբար հանդիպում են ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Համալսարանական այս հանդիպումների շարքը կեզրափակվի սեպտեմբեր ամսին ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի այցով: Առաջինը մայր բուհ այցելեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հանդիպման ժամանակ հնչեցին բազմազան ու բազմաբնույթ հարցեր: Մի խումբ ուսանողներ անհանգստացած էին, թե ինչու Մայիսի 9-ի կապակցությամբ հայկական հեռուստաընկերությունները չցուցադրեցին հաղթանակին նվիրված գեղարվեստական կամ փաստավավերագրական ոչ մի նոր ֆիլմ: «Շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդներն այդ ամենը նկատում են: Այդ խնդիրն այսօր իսկապես գոյություն ունի: Վստահաբար կարող եմ ասել, որ ֆիլմեր ստեղծվում են, մասնավորապես` փաստավավերագրական: Առաջիկայում լուրջ փոփոխություններ կլինեն հեռուստաընկերությունների վարած քաղաքականության մեջ: Համապատասխան քարոզչություն ծավալելու անհրաժեշտության մասին վերջերս զրուցեցինք նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ»,- նշեց Հասմիկ Պողոսյանը: Ուսանողները խոսեցին նաեւ հայկական հեռուստաընկերությունների եթերում ցուցադրվող սերիալների մասին: Նախարարը պարզաբանեց, որ հնարավոր չէ արգելել նման սերիալներ նկարահանելը եւ բոլոր նրանց, ում դուր չի գալիս, առաջարկեց պարզապես չդիտել:
Հանդիպման ընթացքում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը: Նախարարն առաջարկեց կազմակերպել համալսարանական մշակույթի օր, նաեւ հրավիրեց ուսանողներին` իրենց ուշագրավ առաջարկները ներկայացնել նախարարություն` դրանք քննարկելու, ընթացք տալու նպատակով:

ԵՊՀ լրատվության վարչություն

Комментариев нет:

Отправить комментарий