#43 (858) 28.10.10
ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...
ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ` ՂԱՓԼԱՆՅԱՆԻՑ

«Մանկուց սիրել եմ թատրոնը եւ ստեղծել «պատշգամբային թատրոն»: Աթոռի նստատեղը բեմն էր, իսկ թիկնակին կախվում էր վարագույրը: Դեկորացիաները խաղալիքներն էին, դերասանները` ինքնաշեն տիկնիկները: Բեմադրում էի հեքիաթներ, այն պիեսները, որոնք ես դիտել էի թատրոնում: Իսկ թատրոն հաճախ էի գնում. սկզբում` ծնողներիս հետ, դպրոցական տարիներին` դասարանով: Ես սովորում էի Վ.Մայակովսկու անվան դպրոցում, որտեղ բարձր մակարդակի վրա էր գեղագիտական դաստիարակությունը: «Կուլտուրական միջոցառում». այդպես էր կոչվում դասարանով թատրոն կամ համերգ գնալը, ներկայացում դիտելը…»,- հիշում է տասնյակ մանրապատումների, երգիծական ծրագրերի հեղինակ, «Կենտրոն» հեռուստաալիքի «Օթյակ» ծրագրի հեղինակ-վարող, դերասան Գարիկ Ղազարյանը:
-Փաստորեն դեռ դպրոցական տարիներից աչքի եք ընկել, տարբերվել ձեր ընկերներից:
-Դպրոցում գերազանց առաջադիմություն ունեի: Նկարս փակցված էր պատվո տախտակին: Ժողովներից մեկի ժամանակ դպրոցի տնօրենը մայրիկիս ասել էր, որ ես դասարանի հպարտությունն եմ` «գորդոսծ կլասսա»: Կարսեցի տատիկիս շատ էր դուր եկել այդ արտահայտությունը: Նա մեր բարեկամներին այցելելիս ինձ էլ էր հետը տանում: Ստիպում էր, որ անպայման կապեմ պիոներական վզկապը, ու սիրում էր անընդհատ կրկնել` «Գարիկս գորդոսծ կլասսա»: Բոլորը համոզված էին, որ ես պետք է ընդունվեմ թատերական ինստիտուտ, դերասան դառնամ: Ես էլ էի համոզված, բայց ընդունեցի Վ. Բրյուսովի անվան ինստիտուտի ռուսական բանասիրության ֆակուլտետ: Դասերը նոր էին սկսվել, երբ կազմակերպվեց առաջին կուրսեցու երեկո, ես շատ ակտիվ մասնակցություն ունեցա այդ երեկույթին, դրանից հետո հռչակվեցի ինստիտուտի գլխավոր դերասան:
-Ինչպե՞ս էր անցնում ուսանողական առօրյան:
-Մեր ինստիտուտ եկավ երիտասարդ Սուսաննա Գաբրիելյանը, ստեղծեց պոեզիայի թատրոն: Պրեմիերայի օրը բացման խոսքը ես ասացի: Ջազմեն Լեւոն Մալխասյանը մեր կուրսից էր: Նա բոլոր երեկոների երաժշտական ղեկավարն էր: Լեւոնն էլ ստեղծեց ջազ-տրիո: Ինստիտուտի կոմերիտմիության քարտուղարը հետաքրքիր ու խելացի մարդ էր` Կոնստանտին Խանդոյանը: Նա թատերական ստուդիա կազմակերպեց եւ հետաքրքիր փորձեր էր անցկացնում: Բեմադրություններ էին անում նաեւ մեր դասախոսները: Եվ ես այդ բոլոր ներկայացումներին մասնակցում էի: Հետագայում սովորեցի նաեւ Հայաստանի կոմկուսի կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, Մոսկվայի պետական արվեստի համալսարանի դերասանական բաժնում:
-Գիտեմ, որ ուսնողական տարիներին «Ուրախների եւ հնարամիտների ակումբի» անդամ եք եղել: Կպատմե՞ք այդ մասին:
-60-ականների երկրորդ կեսերին ամբողջ Խորհրդային Միությունով տարածվեց մի ուրախ եւ սրամիտ խաղ` ÊÂÍ, «Ուրախների եւ հնարամիտների ակումբ»: Մեր ինստիտուտում այդ խաղը կազմակերպեց Նորա Ղուկասյանը: Մրցում էին տարբեր խմբեր, կուրսեր: Հետագայում ստեղծվեց մի կորիզ, որը դարձավ ինստիտուտի բոլոր միջոցառումների զարդը: Մեծ հաջողություն ունեցավ 1968 թվականի ամանորյա կապուստնիկը: Մեր ÊÂÍ-ների եւ կապուստնիկների համբավը դուրս եկավ ինստիտուտի սահմաններից եւ տարածվեց քաղաքով մեկ: Լուրը հասավ եւ Հայաստանի հեռուստատեսություն: Ինստիտուտ եկավ հեռուստագործիչների մի խումբ լեգենդար Մոնիկա Տեր-Պողոսյանի գլխավորությամբ: Համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվեց «Միացրեք 13-րդ ալիքը» զվարճալի հաղորդումը, այսօր կասեն` շոու ծրագիրը:
-Իսկ ինչպե՞ս ծանոթացաք Հրաչյա Ղափլանյանի հետ:
-«Միացրեք 13-րդ ալիքը» հաղորդման առաջին եթերից հետո ինձ փողոցում արդեն ճանաչում էին: Դրամատիկական թատրոնի հիմնադիր, տաղանդավոր ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը հրավիրեց ինձ իր ղեկավարած թատրոն: Մտա նրա առանձնասենյակ, Հրաչ Նիկիտիչը բարձրացավ տեղից, սեղմեց ձեռքս, տվեց թուղթ ու գրիչ ու ասաց, որ դիմում գրեմ: Երբ դիմումը տվեցի մեծ ռեժիսորին, ասաց. «Շնորհավորում եմ, այսօրվանից դու դերասան ես: Ուրախ եմ, որ առաջինը ես եմ շնորհավորում»: Այդպես դարձա դերասան: Թատրոնում աշխատեցի երեք խաղաշրջան: 1971-ին տեղափոխվեցի հեռուստատեսություն: Պետք է նշեմ, որ «13-րդ ալիքից» հետո մեր ընտրած ձեւը` հեռուստատեսային պարոդիան, տարածվեց ու դարձավ երգիծական ծրագրերի հիմնական ձեւը: Բայց առաջինը մենք էինք: Ցավոք, մեզ` առաջին ÊÂÍ-ականներիս, շուտ մոռացան: Հետագայում, երբ ÊÂÍ-ը նոր թափ հավաքեց, մեզանից ոչ մեկին մրցումների ժյուրիի կազմում նույնիսկ չընդգրկեցին: Իսկ այն, ինչ այսօր արվում է հեռուստատեսությունում, մասնավորապես այս բնագավառում, ցավոք, շատ ցածրաճաշակ է, զուրկ բարեկրթությունից:
Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑԸ
Комментариев нет:
Отправить комментарий