#42 (857) 21.10.10
ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...
ՍԱՐԳԻՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «ԲԱԽՏ ՈՒՆԵՑԱ ՃԱՇԱԿԵԼՈՒ ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵՓԱԾ ՏՈԼՄԱՆ»

«Արմատներով Բայազետից եմ, մանկության տարիներից իմ մեջ վառ են մնացել մայրական պապիս` Էրգրի մասին երգերը, որ միշտ արցունքն աչքերին էր երգում: Հայրս առեւտրական գործով էր զբաղվում եւ ուզում էր, որ ես հետագայում նրա գործի շարունակողը դառնամ, բայց իմ մեջ մայրական գենն ավելի ուժեղ գտնվեց, արվեստի նկատմամբ մեծ սերը երեւի մորիցս եմ ժառանգել»,- ասում է մեր խորագրի հերթական հյուրը` ՀՀ վաստակավոր արտիստ, Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության խոսնակ, ասմունքող, համերգավար Սարգիս Նաջարյանը:
-Դպրոցում լավ էի սովորում: Առանձնակի հակում ունեի անգլերենի հանդեպ: Այդ հարցում մեծ դեր էր խաղում նաեւ ուսուցիչս. պահանջում էր, որ գրադարան գնայինք, կարդայինք, ինքներս փորձեինք թարգմանել: Մեր ժամանակ դպրոցն, իրոք, դպրոց էր: Դպրոցում սովորած ռուսերենը բավարար էր, որ ես Մոսկվայում ընդունվեի Կրուպսկայայի անվան արվեստի ինստիտուտ: Հիմա շատերը բուհն են ավարտում, բայց օտար լեզվով հաղորդակցվելու, պարզ մտքեր փոխանակելու բառապաշար չունեն: Դպրոցն ավարտեցի եւ դիմեցի թատերական ինստիտուտ. երազում էի դերասան դառնալ: Բայց դուրս մնացի. ասացին, որ բեմական ձայն չունեմ:
-Այնուամենայնիվ, սովորեցիք, այն էլ երկու բուհում միաժամանակ:
-1970-ին ընդունվեցի Վ.Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտ: Միաժամանակ դիմեցի Մոսկվայի Կրուպսկայայի անվան արվեստի ինստիտուտի հեռակա բաժին եւ ընդունվեցի: Այդ տարիներն ինձ համար բեկումնային եղան: 1971-ին հայտարարվեց ռադիոյի եւ հեռուստատեսության հաղորդավարների մրցույթ: Մի քանի անգամ եկա ռադիոտուն, բայց չհամարձակվեցի ներս մտնել: Այն ժամանակ այսպես չէր` տեղից վերկացողը հաղորդավար չէր դառնում: Ռադիոյում այնպիսի հսկաներ էին աշխատում, որ նրանց կողքին հայտնվելը երազի պես մի բան էր: Անհատականություններ կային, դպրոց կար` Մարատ Հալաջյան, Հրաչուհի Ջինանյան, Ջոն Հակոբյան, Վերա Հակոբյան, Սոս Մայիլյան, Լիա Կարապետյան եւ այլք: Վերջապես որոշեցի մասնակցել մրցույթին, եւ հարյուրավոր երիտասարդներից մրցույթը շահեցինք ես, Վարուժան Օլքինյանը, Ժաննա Մուշեղյանն ու Ալեքսանդր Սայադյանը: Ես աշխատում էի արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրությունում: Ամբողջ եթերը ուղիղ հեռարձակում էր, դասից հետո վազում էի ռադիոտուն եւ մինչեւ կեսգիշեր ռադիովահանակի մոտ էի լինում: Այդ ծրագիրը Վերա Հակոբյանի հետ էինք վարում: Կյանքիս ամենահրաշալի ժամանակահատվածն էր: Ռադիոյում ես հրաշալի ուսուցիչներ ունեցա` Մետաքսյա Սիմոնյան, Սուսաննա Գաբրիելյան, Լուսիկ Քոշյան, Օֆելյա Համբարձումյան, Գուրգեն Ջանիբեկյան, Վարդան Աճեմյան: Մի առիթով տիկին Ջինանյանն ասաց. «Տղաս, քեզ մեծ ապագա է սպասում, կբարձրանաս մինչեւ առաստաղ, բայց զգուշացիր գոռոզանալուց եւ մեծամտանալուց, այլապես բերանքսիվայր կընկնես, եւ քեզ ոչ ոք չի բարձրացնի»:
-Հետագայում կապ ունեցաք թատրոնի, կինոյի հետ, կպատմե՞ք այդ մասին:
-1986-89թթ. իմ սցենարով եւ դերակատարմամբ նկարահանվեց Կոմիտասին նվիրված 12 ֆիլմ-ներկայացում եւ երեք տեսաֆիլմ: Թատրոնում եւս որոշակի գործ արել եմ, բայց ինձ համար ռադիոն անփոխարինելի է:
-Գիտեմ, որ առիթ եք ունեցել ճաշակելու Մետաքսյա Սիմոնյանի եփած տոլման:
-Հրազդան մարզադաշտում «Ոսկե աշուն» միջոցառումն էր: Ի դեպ, մեր ժամանակների «Ոսկե աշունները» այժմյան համերգներին բոլորովին նման չէին: Այն տարիներին էստրադա կար, երգ կար, գաղափար կար, համերգային ծրագիր էր մշակվում, այդ երեկոների ընթացքում անգամ պոեզիա էր հնչում, հիմա ով ասես երգիչ է, ով ասես` հաղորդավար, ով ասես` սցենարիստ: Մենք ստուդիայից մի խումբ հաղորդավարների հետ պիտի հետեւեինք եւ մեկնաբանեինք համերգը: Այդ օրը պիտի ասմունքեր նաեւ Մետաքսյա Սիմոնյանը: Ներս մտավ, ձեռքին փոքրիկ կաթսա կար, արագ-արագ բացեց, իր բարակ մատներով մի տոլմա վերցրեց, կերավ, հետո էլ մեղմ ժպտալով ասաց` հյուրասիրում եմ: Այդ օրը ես բախտ ունեցա ճաշակելու Մետաքսյա Սիմոնյանի եփած տոլման:
-Ուսանողական տարիներին շինջոկատ գնացե՞լ եք:
-Այդ առումով այնքան էլ ակտիվ չեմ եղել, որովհետեւ աշխատում էի, միաժամանակ հեռակայում Մոսկվայում եւ չէի հասցնում մասնակցել, բայց գիտեմ, թե ինչ ուրախ ու հետաքրքիր էին անցնում օրերը շինջոկատներում: Կարծում եմ` վատ չէր լինի, եթե այսօր էլ այդ ավանդույթը պահպանվեր: Ջահելները աշխատել կսովորեն, նաեւ տարբեր ընտանիքների ու խավերի ներկայացուցիչ երիտասարդները միմյանց հետ ավելի շատ կշփվեն: Սովետական «եղբայրության եւ հավասարության» մեջ ինչ-որ լավ բան, այնուամենայնիվ, կար: Հիշում եմ` մի անգամ համակուրսեցիներով գնացել էինք մեր ընկերներից մեկի ամառանոցը: Այդ օրն առաջին անգամ այնպես էի հարբել, որ կորցրել էի հավասարակշռությունս: Հաջորդ օրը մեր կուրսի աղջիկները պատմում էին, որ ամբողջ գիշեր բղավում էի, թե ուզում եմ Փոքրիկ իշխանի մոլորակը գնալ: Էքզյուպերիի այդ գիրքն ինձ համար գլուխգործոց է: Այնքան շատ եմ սիրում, որ տղայիս անունը նրա պատվին Անտուան եմ դրել:
-Գիտեմ, որ դասավանդել եք նաեւ մի քանի բուհերում: Ինչպիսի՞ն է մերօրյա ուսանողությունը:
-Ես հրաժարվեցի դասախոսելուց, որովհետեւ լսարանում գրեթե ուսանող չկար: Թող ինձ ներեն բոլոր բարեխիղճ ուսանողները, բայց լսարանում հիմնականում հավաքված էր մի խառնամբոխ, որ գիտելիք ստանալուց բացի ինչ հետաքրքրություն ասես ուներ: Ցավում եմ, բայց ուսանող կոչված խավը, կարծես, անհետանում է: Ուսանողները չեն հասկանում, որ իրենց ծնողները բուհին գումար են վճարում, որ իրենք գիտելիք ստանան, մասնագիտություն ձեռք բերեն: Ստուգարք կոչվածը վերացել է, միայն անունն է մնացել: Դասախոսը ստուգարքի օրը մտնում է լսարան, հավաքում ստուգման գրքույկները, բոլորին ստուգված նշանակում ու ինքն իր արածից գոհ դուրս գալիս լսարանից: Մեղքի իրենց բաժինն ունեն ոչ միայն երիտասարդները, այլեւ այսպիսի դասախոսներն ու այն ծնողները, որոնք ամեն գնով իրենց երեխաներին բուհ են խցկում` առանց մտածելու, որ նա ավելի լավ արհեստավոր կդառնա: Այդպիսով կործանում է նախ իր երեխայի կյանքն ու ապագան: Բայց երբ մի կերպ բուհն ավարտելով` այդ վայ մասնագետները պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում, դա արդեն ողբերգություն է երկրի, ազգի համար:
-Պարոն Նաջարյան, բացի հաղորդավարական գործունեությամբ զբաղվելուց դուք նաեւ այլ հետաքրքրություններ ունեք, կպատմե՞ք այդ մասին:
-Արդեն պատրաստ է «Հայկական պոեզիան 5-րդ դարից մինչեւ մեր օրերը» հայերեն-անգլերեն ձայներիզ-անթոլոգիան: Մինչ այդ թողարկվել են ձայներիզներ` Հովհ. Թումանյանի եւ Անդերսենի հեքիաթները, էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Չարենցի պոեմները եւ բանաստեղծությունները, Սայաթ-Նովայի տաղերը, Մանկական աստվածաշունչը եւ այլն: Հույս ունեմ` հայ երիտասարդը գոնե նորագույն տեխնոլոգիաների միջոցով կծանոթանա մեր հոգեւոր արժեքներին:
Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑԸ
Комментариев нет:
Отправить комментарий