24 февр. 2011 г.

#8 (874) 09.02.2011

ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ…

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԹՈՂ ՉԹՎԱ, ՈՐ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՏ ՀԵՇՏ Է»

«Ծնողներս չնայած երաժշտական կրթություն չունեին, բայց հայրս նվաgում էր դաշնամուր, կիթառ, թառ, մայրիկս էլ շատ գեղեցիկ երգում էր: Եթե պատկերավոր ասեմ` երաժշտության մեջ եմ մեծացել, եւ դա չէր կարող ազդեցություն չունենալ ինձ վրա: Հաճախում էի յոթնամյա երաժշտական դպրոց: Մեր դպրոցի պատուհաններից երեւում էր հարեւան շենքերի բակը: Ուսուցիչներից մեկը մի օր այդ բակով անցնելիս լսում է, թե ինչպես ենք մենք դասարանում երգում: Նրա ուշադրությունը գրավել էր հատկապես իմ ձայնը, մի առիթով

Ակսել Բակունցին ասում է, որ լավ եմ երգում, գեղեցիկ ձայն ունեմ: Այդպես 70-ականներին ես հրավիրվեցի «Սերպանտին» անսամբլ: Այդ ժամանակ 18-19 տարեկան էի: Երեք տարի աշխատեցի Ակսել Բակունցի ղեկավարությամբ, այնուհետ ընդունվեցի Մանկավարժական ինստիտուտի գեղագիտության բաժինը: Հենց այդ ժամանակ մաեստրո Կոնստանտին Օրբելյանն ինձ լսելու ցանկություն հայտնեց: Գնացի, ծանոթացա: Նա շատ հավանեց ձայնային տվյալներս եւ առաջարկեց մնալ իր խմբում: Մայրս դեմ էր, սակայն հայրիկս քաջալերեց: Այստեղ ես հնարավորություն ունեցա աշխատելու երգիչ-երգչուհիների մի իսկական փնջի հետ` Զառա Տոնիկյան, Սիմոն Տերյան, Շահեն Այրումյան, Էռնա Յուզբաշյան, Նադեժդա Սարգսյան, Անժելիկա Թոփալյան, Էլվինա Մակարյան եւ այլք»,- պատմում է Գայանե Հովհաննիսյանը:

-Չնայած ֆոնոգրամմային երաժշտության արգելքին` այնուամենայնիվ, նվագախմբի ուղեկցությամբ երգելու կուլտուրա մեզանում չի ձեւավորվում: Դուք հիմնականում այդպես եք երգել: Ո՞րն է նվագախմբի ուղեկցությամբ երգելու առավելությունը:

-Հրաշալի երեւույթ է, երգում ես եւ թիկունքում զգում գործիքների էներգիան: Դա է կենդանի, ճիշտ երաժշտությունը:

-Դուք դասավանդում եք Երգի պետական թատրոնում, Ձեզ գոհացնո՞ւմ է ժամանակակից ուսանողությունը:

-Չեմ ուզում հոռետես մարդու տպավորություն թողնել: Իհարկե, մեր երիտասարդների մեջ շնորհալի անհատներ շատ կան: Բայց եւ շատ տխուր է, որ ամեն ոք, ով երգելու ցանկություն ունի, իրեն երգիչ է համարում: Կարծում եմ` այն վիճակը, որ այսօր տիրում է հայկական էստրադայում, լուրջ ուշադրության ու վերահսկողության կարիք ունի: Բոլոր երգերի բառերը միանման են, ոչինչ չասող, տխուր: Բայց չէ՞ որ մենք ժամանակին այնքան գեղեցիկ երգեր ենք ունեցել, որոնք այսօր մոռացվում են աստիճանաբար:

-Տիկին Գայանե, երկար տարիներ ապրել եք արտերկրում, ի՞նչ եք կարծում, արվեստագետի համար արտերկրում կայանալն ավելի հե՞շտ է:

-Չեմ կարծում, պրոֆեսիոնալ մարդն ամեն տեղ էլ կարող է գտնել իրեն: Թող չթվա, թե Եվրոպայում ու Ամերիկայում ավելի հեշտ է աշխատանք գտնելն ու աշխատելը: Ես եւ ամուսինս`Թովմաս Մադաթովը, աշխատում էինք կրկեսում. նա` որպես նվագախմբի ղեկավար, իսկ ես երգում էի: Օրական երկու ներկայացում էինք տալիս կենդանի կատարումներով: Պատկերացնո՞ւմ եք` ինչ ծանրաբեռնվածություն էր, ահռելի գործ, բայց աշխատում էինք:

-Ձեր ժամանակի ու այսօրվա երիտասարդության միջեւ ի՞նչ ընդհանրություններ կամ տարբերություններ եք նկատում:

-Հիմա ամբիցիաներն են երեւի շատ, առաջ այնքան էլ այդպես չէր: Հիմա դեռ մասնագիտություն չստացած, առանց փորձ ունենալու իրենց մասնագետ են համարում:

-Իսկ ինչպե՞ս էր անցնում Ձեր ուսանողական կյանքը:

-Տարվա կեսը հյուրախաղերով այս կամ այն երկրում էի լինում եւ չէի հասցնում վայելել «ուսանողական կյանք» կոչվածը: Բայց ես մինչեւ այսօր էլ ունեմ ուսանողական տարիների ընկերուհիներ: Ոմանք արտերկրում են, բայց մեր ընկերական կապը շարունակվում է: Միշտ հեռախոսով զրուցում ենք իրար հետ, միմյանց հաջողություններով ուրախանում, հիշում...

Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑԸ

Комментариев нет:

Отправить комментарий