ՔԵԶ ՀԱՄԱՐ #6 (8)
ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...
ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «...ՄԱՅԱ ՊԼԻՍԵՑԿԱՅԱՆ ՄԻՇՏ ՍԱՎԱՌՆՈՒՄ Է ԻՄ ՄԵՋ»
Ալվարդ Պետրոսյանը գրքի հետ բարեկամացել է դեռ դպրոցական

տարիներից ու չի էլ պատկերացրել, թե կարելի է ընտրել այլ
մասնագիտություն բանասիրությունից բացի: Բնականաբար, դպրոցն ավարտելուց հետո դիմել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ: Այսօր նա ոչ միայն ճանաչված գրող է, հրապարակախոս, այլեւ քաղաքական գործիչ, ԱԺ պատգամավոր: Ինչպիսի՞ ուսանող է եղել Ալվարդ Պետրոսյանը, ովքե՞ր են եղել նրա համակուրսեցիները. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք տիկին Պետրոսյանի հետ:
-Մասնագիտություն ընտրելուց, բուհ ընդունվելուց առաջ որեւէ մեկից խորհուրդ հարցրեցի՞ք:
-Մասնագիտություն ընտրեցի միայն իմ խորհրդով (ժպտում է.- Մ.Ա.): Ես բանասիրության ճանապարհը պետք է ընտրեի, քանի որ գիրքը մինչեւ հիմա իմ կյանքի ամենակարեւոր բաղադրիչներից մեկն է: Դպրոցական տարիներից արդեն իսկ պարզ էր, որ բանասիրությունն իմն է, չնայած ընտրելու մի քանի տարբերակ ունեի. փոքրուց շատ էի սիրում նկարել եւ երգել: Համալսարանի երկրորդ կուրսից զուգահեռ ուսանեցի նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի վոկալ բաժնում: Փաստորեն, երաժշտական պրոֆեսիոնալ կրթություն ստացա, որն ինձ օգնեց գրականության մեջ պահել չափի զգացողությունը:
-Գիտեմ, որ ձեր կուրսում միայն դուք եք դիպլոմային աշխատանքի թեմա ընտրել սփյուռքահայ գրականությունը:
-Այո, ես համալսարանն ավարտեցի 1968-ին, եւ առաջին ուսանողուհին էի, որ դիպլոմային աշխատանք պաշտպանեցի սփյուռքահայ գրականության գծով: Իմ գրական մաեստրոն Կոստան Զարյանն էր, ու հենց այդ թեմայով էլ պաշտպանեցի դիպլոմայինս: Կոստան Զարյանից շատ բան կարողացա վերցնել. նա մշակութային, քաղաքակրթական երեւույթ էր: Մի օր առիթ ունեցա իրեն ասել, թե` եթե ասեք, որ Քրիստոսի հետ էլ գինի եք խմել, չենք զարմանա: Շատ շնորհակալ եմ եւ Կոստան Զարյանին, եւ համալսարանի իմ բոլոր դասախոսներին:
-Ովքե՞ր են եղել ձեր համակուրսեցիները:
-Դավիթ Հովհաննեսը, ժամանակակից արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, Հենրիկ Էդոյանը, Արտեմ Հարությունյանը, Հովհաննես Գրիգորյանը եւ այլք: Կար նաեւ գրական ստուդիա, եւ ես, որպես գրող, տղամարդկանց միակ ընկերուհին էի: Տվյալ սերնդի տղամարդկանց ամեն մի շրջանակ մի աղջկա էր հանդուրժում. գրողների շրջապատում ես էի, ինչն էլ որոշ աղջիկների նախանձն էր շարժում: Իմ ավագ եւ կրտսեր սերնդակիցներն էին նաև Վազգեն Սարգսյանը, Լեւոն-Տեր Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը: Միշտ կհիշեմ, որ Վանոն երբեք ինձ որպես ամենազոր նախարար չի մոտեցել: Մենք գրական ստուդիայում միասին ենք կրթվել...
-Հանդիպո՞ւմ եք համակուրսեցիների հետ, ունե՞ք ընկեր-ընկերուհի, որոնց հետ մինչ օրս մտերիմ եք:
-Մինչեւ հիմա համալսարանական այդ ջերմ ընկերությունը, անխոս, շարունակվում է: Արդեն տատիկներ ու պապիկներ ենք դարձել, բայց դեռ շարունակում ենք իրար հետ վիճել: Դավիթ Հովհաննեսի հետ, օրինակ, Աժ-ում երկու-երեք տարի չէի խոսում, շատ նեղացած էի: Բայց հետո մի օր զանգահարեցի ու ասացի` Դավիթ, ո՞նց ես: Պատասխանեց` ո՞նց պետք է լինեմ, 2-3 տարի ինձ չբարեւեցիր: Շատ տաղանդավոր են սերնդակիցներս:
-1965-ին, երբ դուք ուսանող էիք, լրացավ Մեծ եղեռնի 50-ամյակը: Լսել եմ, գիտեմ, որ այդ տարի մեծ հուզումներ են եղել, ժողովուրդը դուրս է եկել փողոց, հորդորում էին ճանաչել ցեղասպանությունը: Մասնակցե՞լ եք այդ երթին:
-«Հորդորել» բառը վաղուց չէի լսել, այս երկրում միայն բռնազավթում են: Մեզ այն ժամանակ արգելում էին երթեր կազմակերպել, բայց մենք 1965-ին ցույց տվեցինք մեր ազգային դիմագիծը: Ես գրագետ, կրթված ընտանիքի աղջիկ էի ու փոքրուց սովոր էի հարցեր տալ ու պատասխաններ ակնկալել: Մեր սերունդը հայտնաբերեց, որ Ստալին պապիկից զատ այլ բաներ էլ են եղել, եւ պատմական հիշողության վերականգնումը շատ կարեւոր էր: Լեւոն Ներսիսյանը, Շիրազը, Պարույր Սեւակը մեր առաջնորդներն էին: Մեր մտքում հեղափոխական տվայտանք էր£
-Գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանն ինչո՞ւ սկսեց քայլել քաղաքական ճանապարհով:
-Ինձ դուր չի գալիս, երբ իմ սերնդակից մտավորականները քաղաքական գործիչներ են, դուր չի գալիս մշակույթից քաղաքականություն անցումը: Համոզված եմ ասում, որ եւ ես, եւ իմ սերնդակիցները իրավիճակի բերումով դարձանք քաղաքական գործիչ: Այսինքն` այն պահին, երբ սկսվեց ազգային զարթոնքը, կենտրոնը Գրողների միությունն էր: Ես այդ ժամանակ ՙՆորք՚ ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալն էի: Եվ ես, եւ Վազգեն Սարգսյանը, որն այն ժամանակ «Գարուն» ամսագրում էր աշխատում, եւ Ռուբեն Հովսեփյանը ակամա մտանք քաղաքական դաշտ:

-Իսկ ինչո՞ւ անդամագրվեցիք հենց Հայ յեղափոխական դաշնակցությանը:
-Նախ` 17 տարեկանից իմ սերնդի հատուկենտ գրողներից էի, ում գրածները տպագրվում էին սփյուռքի դաշնակցական մամուլում: Իմ երեկոն կազմակերպվեց Լիբանանում` «Բագինը» եւ «Համազգայինը» խորագրով, սքանչելի օր էր: Խորապես ընտանեկան դաստիարակության հետեւանք էր իմ դաշնակցական լինելը: 117 տարի է, ինչ կա Դաշնակցությունը, եւ ես հավատացի այդ կուսակցության գաղափարախոսությանը: Հետեւաբար, ես եւ ամուսինս դարձանք դաշնակցականներ եւ երբեք չփոխեցինք մեր որոշումը£ Մենք հավատարիմ մնացինք Դաշնակցությանը, որն իր առաքելությունը չավարտած կուսակցություն է. եթե ավարտած լիներ` կպառակտվեր: Այդ տարիներին փակվեց իմ «Առագաստ» թերթը, քանի որ դաշնակցական էի: Շատ վայրագություններ տեսա...
-Շուրջ ինը տարի է, ինչ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր եք, կին պատգամավոր լինելը հե՞շտ է:
-Ոչ, հեշտ չէ: 131-ից մեկը լինելը դժվար բան է: Հասարակության անդամ լինելն այլ բան է, կոճակ սեղմելու այդ գործողությունը` լրիվ այլ բան: Դժվար է զբաղվել քաղաքական գործունեությամբ առանց սալդաֆոն դառնալու: Դժվար է կուսակցական մարդ մնալ առանց համահարթեցման: Այսօր քաղաքական պատեհապաշտները շատ են. այսօր այստեղ են, վաղը` լրիվ ուրիշ տեղ, բայց ես խորհրդարանում իմ ներկայությունն ավելորդ չեմ համարում:
Ուրախ եմ, որ իմ սերնդին փոխարինելու է գալիս մի նոր, հիասքանչ սերունդ, որը պրոֆեսիոնալ գիտելիքներով կմոտենա յուրաքանչյուր հարցի:
-Խորհրդարանում մրցակցություն կա՞ կին պատգամավորների միջեւ:
-17 տարեկանից մի շատ հետաքրքիր իմաստություն յուրացրեցի. մտածեցի, որ շատ ավելի կարեւոր բաներ կան, քան գեղեցիկ աչքեր ունենալը: Այն ժամանակ էլ, երբ իմ շուրջը շատ գեղեցիկ աղջիկներ կային, երբ մեկը մյուսի հետ մրցում էին, ես միշտ խաղից դուրս վիճակում էի` մտածելով, որ ես ավելի կարեւոր բաներ ունեմ, քան իրենք: Բայց դա չի նշանակում, թե երիտասարդ տարիքում ես տգեղ էի: Գեղեցկությունը երբեք կարեւորագույն խնդիր չեմ համարել: Կարծում եմ` արտաքին հմայքը, գեղեցկությունը անցողիկ երեւույթներ են: ԱԺ-ում ես շատ հանդուրժող եմ: Ընդհանրապես, ես կնոջ այն տեսակն եմ, ով կարող է այլ կանանց գնահատել: Մրցակցության մեջ չեմ մտնում ԱԺ-ում, որովհետեւ Մայա Պլիսեցկայան միշտ սավառնում է իմ մեջ: Խորհրդարանում նախանձոտ աչքերով երբեք ինձնից երիտասարդ կանանց չեմ նայում` մտածելով, որ այն, ինչ ես ունեմ, իրենք պարզապես չեն կարող ունենալ:
-Հիմա, անշուշտ, գիրք հրատարակելը շատ հեշտ է, ինչը չի կարելի ասել ձեր ժամանակների մասին: Գրող աղջիկ լինելը արդեն մեծ վարկանիշ էր, ինչպե՞ս էին վերաբերվում համակուրսեցիները ձեր գրական գործունեությանը:
-Կուրսընկերներս սիրով էին նայում այն փաստին, որ գրում եմ, իսկ գրող ընկերներս` շատ քնքշանքով: «Բագին» ամսագրում մի հոդված գրվեց. «Զապել Եսայանից հետո ամենաառնական տաղանդը հայ արձակի մեջ Ալվարդ Պետրոսյանն է»: Ինձ երբեք որպես կին գրողի չեն նայել: Կամ լավ գրող ես լինում, կամ վատ գրող: Մարինա Ցվետաեւային, Ախմատովային երբեք չես ասի կին բանաստեղծ: Ընդհանրապես, կուրսեցիներիս հետ հարգալից վերաբերմունքը շարունակվում է մինչեւ օրս: Իմ սերունդը գարունականների սերունդն է: Երբ տպագրվեց «Գարուն» ամսագիրը, մենք հաղթած թագավորների ու թագուհիների պես էինք, ովքեր կարող էին «Գարունում» տպվել: Մեծ ոգեւորություն էր, եթե, ասենք, Լեւոն Ներսիսյանն ասում էր, թե` շատ լավ ես գրել այս պատմվածքը, աղջիկ ջան: Հիմա երբ թերթում եմ 17-18 տարեկանում գրածներս, զգում եմ, թե դրանք որքան միամիտ էին: Բայց այսքան տարիների հեռվից չկա մի տող, որից ամաչեմ, կարմրեմ:
-ՀՅԴ-ն այն կուսակցություններից է, որն ունի իր ուսանողական «Նիկոլ Աղբալյան» միությունը: Ինչպիսի՞ն է ձեր եւ միության ուսանողների կապը:
-Երբեմն-երբեմն ինձ հրավիրում են հանդիպման «Նիկոլ Աղբալյան» միություն, բայց ես շատ վախենում եմ իրենցից: Իմ սերնդակիցների հետ կարող եմ այդքան չլարվել, բայց այսօրվա երիտասարդների հետ շփվելիս շատ եմ լարվում, որովհետեւ ցանկանում եմ լավ տպավորություն թողնել: Լավ է, որ նրանք կոստյումով, փողկապով տղաներ չեն...
-Ինչպիսի՞ն է Ալվարդ Պետրոսյանը տանը եւ հարազատների շրջապատում:
-Ես ընդամենը մի տղա ունեմ: Հարսս էլ մտավորական ընտանիքի աղջիկ է:
Ես դժվար մայր եմ, փափուկ մայրիկ չեմ, տղաս ամենաշատը ինձնից է քաշվում: Հայրը աննկարագրելի բարի է: Ինձ շրջապատում կամ շատ սիրում են, կամ սարսափելի ատում: Ատողներն էլ չգիտեն, թե ինչու են ատում, սիրողներն էլ լավ չգիտեն, թե ինչու են սիրում (ծիծաղում է.- Մ.Ա.): Բայց, այնուամենայնիվ, երբեք անուշադրության մատնված չեմ եղել:
Զրուցեց
ՄԻՔԱՅԵԼ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ
Комментариев нет:
Отправить комментарий