5 мая 2011 г.






#18 (884) 05. 05. 11
ԱՌՅՈՒԾՆ ԱՌՅՈՒԾ Է, ԷՂՆԻ ԷԳ, ԹԵ ՈՐՁ

Էպոսի այս տողերը հիշեցի, երբ նա սկսեց պատմել Մարտակերտում մղված արյունալի կռիվների մասին: «Ես Լենինավան ու Մարաղա եմ տեսել: Ի՞նչ գիտեն մարդիկ այս պատերազմի մասին... Հայոց ցեղասպանությունից տասնամյակներ անց նոր թուրքը ավելի բարբարոս գտնվեց: Մարաղայում սեփական աչքերով եմ տեսել տների բակերում խոշտանգված մարմիններ: Դատապարտված եմ այդ ամենը հավերժ հիշելու»:
Ո՞վ է նա: «Ես մի սովորական հայուհի եմ` անսովոր ճակատագրով»: Դեռ չէր սկսվել Արցախյան պատերազմը, երբ 24-ամյա երիտասարդ կինը` արդեն երկու որդիների մայր, Բաքվում եւ Սումգայիթում կատարված արյունալի դեպքերի ընթացքում շատ հարազատների կորցնելուց հետո փախստականի կարգավիճակով հայտնվեց Հայաստանում: Նժդեհը գրում էր. «Մայրերի ափերի մեջ փնտրեք ազգերի ճակատագիրը»: Նա մայր էր, պետք է պաշտպաներ որդիներին ճակատագրի նոր հարվածներից. «Կրտսեր որդիս 3 տարեկան էր, ավագը` 5: Նրանց թողեցի մորս խնամքին: Շրջափակման մեջ էինք:
Ծոցագրպանիցս հանեցի լուսանկարներն ու պատռեցի, մտքիս մեջ ներողություն խնդրեցի, որ չեմ կարողանալու ինքս մեծացնել նրանց: Կռիվ էի գնում, չգիտեի` ինչ է լինելու: Համազգեստիս օձիքի աջ եւ ձախ կողմերում ներսից թույն էի կարել, որ գերի ընկնելու դեպքում նույնիսկ կապված ձեռքերով կարողանայի կյանքիս վերջ տալ...»: Անահիտ Մարտիրոսյանը ռազմի դաշտ մեկնեց որպես բուժքույր, ծառայում էր Արկադի Տեր-Թադեւոսյանի` Կոմանդոսի հրամանատարությամբ:«Մի զինված գործողության ժամանակ 14 վիրավոր տղաներ մնացել էին անօգնական: Միայն ես էի նրանց կողքին: Ուղղաթիռ գտա, նրանց Ստեփանակերտ, ապա Երեւան տեղափոխեցի: Ապաքինվելուց հետո դիմեցին հրամանատարությանը, ասացին, որ ուզում են առանձին ջոկատով կռվել` իմ հրամանատարությամբ: Այդպես կազմավորվեց «Անահիտ» ջոկատը, եւ ես դարձա միակ հայ կին հրամանատարը: Հետագայում ջոկատի անդամների թիվն ավելացավ: 28 հոգի էինք, 14-ը ռուս տղաներ էին, մի ուզբեկ զինակից էլ ունեինք: Ջոկատիս 28 մարտիկներից 6-ը զոհվեցին: Ես երկու անգամ վիրավորվել եմ, 18 անգամ վիրահատվել… Դրմբոնում շատ ծանր վիրավորվեցի, չգիտեմ էլ` ոնց փրկվեցի...»:
Հայրենիքի ազատագրման, մեր այսօրվա խաղաղության համար մարտնչած միակ կին հրամանատարն այսօր ապրում է 1-
սենյականոց բնակարանում իր բազմանդամ ընտանիքի`զինակից ամուսնու, դստեր ու որդիների, հարսի ու թոռնուհու` կրտսեր Անահիտի հետ: Փոքրիկ սենյակի պատին ուշադրություն են գրավում Մոնթե Մելքոնյանի ու սպարապետ Վազգեն Սարգսյանի գոբելեն դիմանկարները: Մոնթեի նկարի կողքին մի թուր է կախված: 120-ամյա հայկական թուր է` նվեր, մի գյուղացուց: «Լյուլասազը հանձնվել էր թուրքերին, Մաղավուզը դատարկված էր: Իջնում էինք դեպի գյուղ, հետախուզության: Բույանս առաջ ընկավ (Բույանը Անահիտի մարտական նժույգն էր, որ մի գյուղում նվեր էր ստացել.- Ն.Հ.): Մի քանի քայլ արեց ու... ականի վրա պայթեց: Նա, ասես, առաջ անցնելով, ինքն իրեն զոհելով` տեղեկացրեց վտանգի մասին»:
Զինադադարից հետո 10 տարի շարունակ Անահիտ Մարտիրոսյանը ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, ռազմական ինստիտուտում իր մարտական գիտելիքներն ու փորձն է փոխանցել նոր սերնդի հայ սպաներին: Որդիները եւս զինվորականներ են: Մի քանի տարի առաջ Մայիսի 9-ի կապակցությամբ Եռաբլուր էր գնացել` մարտական ընկերների հիշատակը հարգելու. «Մի լրագրող մոտեցավ, հարցրեց` ի ՞ նչ ցանկություն, ի ՞ նչ երազանք ունեմ: Ասացի` շատ փող եմ ուզում ունենալ: Բոլորը ծիծաղեցին: Մարտական ընկերներիցս մեկը, որ այդ պահին կողքիս էր, հարցրեց` ինչո ՞ ւ: Պատասխանեցի. «Երբ ամեն անգամ այստեղ եմ գալիս, ծաղիկներս չեն բավականացնում: Անգամ զինվորական հաշմանդամության ամբողջ թոշակս թույլ չի տալիս այդքան ծաղիկ գնել: Ուզում եմ մի օր այնքան փող ունենալ, որ մի մեծ մեքենայով ծաղիկներ բերեմ ընկերներիս: Մի-մի հատ չէ, փնջերով, մեծ փնջերով...»: Ավաղ, հիմա միայն ծաղիկներ կարող եմ նրանց բերել: Ես վրեժ եմ լուծել, ու ոչ ոք թող չդատի ինձ ու դաժան չանվանի: Այս պատերազմը մենք չէինք ընտրել: Եվ թող հեքիաթներ չպատմեն, թե ազերիները վատ են կռվում, թույլ են: Իհարկե, մեր տասը նրանց հարյուրին է միշտ արժեցել, բայց նրանք էլ ուժեղ են...
Ճակատագրից արդարություն եմ ուզում: Մարտադաշտի գեհենով չանցածը թող չխցկվի մեր սրբության մեջ: Ուրիշի արյան վրա փառք չի ստեղծվի...»:
ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ

Լուսանկարում` 1992թ., Մարտակերտի շրջան, Կարմիր ավան, Կորյունի (Դուշման) հետ:

#18 (884) 05. 05. 11

ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԵՐԱԶՈՒՄ ԷԻՆՔ ՄԻ ՕՐ ԷԼ ՄԵՐ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՌՎԵԼ»

«80-ականների սկզբին զորակոչվեցի բանակ: Կարճ ժամանակ անց մի խումբ տղաների հետ մեկնեցինք Աֆղանստան,- պատմում է «Աֆղանական պատերազմի վետերանների միության» նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը:- Այդ պատերազմի ընթացքում ընկերներով բազմիցս երազել ենք մի օր էլ մեր հողերի ազատագրման համար կռվել: Զորացրվեցինք`աֆղանական պատերազմից վերադարձանք տուն: Սկսվեց Արցախյան շարժումը: Մենք էլ ընկերներով մասնակցում էինք ցույցերին, հավաքներին, ու աստիճանաբար ձեւավորվեց մեր ջոկատը: «Աֆղանական» ջոկատում մոտ 40 հոգի էինք: Մեր ջոկատն աչքի էր ընկնում մարտավարական գիտելիքներով, զենք կիրառելու վարպետությամբ, փորձառությամբ, որ ձեռք էինք բերել նախորդ պատերազմի ժամանակ: Մենք մասնակցում էինք Շուշիի ազատագրմանը: Կռվում էինք Քարինտակ, Լիսագոր, Բերդաձոր, Զառիսլու ուղղությամբ: Մայիսի 9-ին Շուշին ազատագրված էր: Արագ կազմակերպվեց թշնամու զինված գործողություններից վնասված ու ավերված, այրվող քաղաքի պաշտպանությունը. հանգցրինք հրդեհը, մի խումբ տղաներ շտապեցին թանգարան, որ հանկարծ այնտեղ պահվող արժեքները չվտանգվեն: Փառահեղ հաղթանակ էր, եւ այսօր ուզում եմ շնորհավորել համայն հայությանը այդ հաղթանակի կապակցությամբ: Շուշիի ազատագրումն անհնարին էր թվում, բայց շնորհիվ Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադեւոսյանի ռազմական գործողությունների մշակման բարձր մակարդակի, հաջողվեց գրավել անառիկ թվացող Շուշին: Այս հաղթանակը, մեր գործած սխրանքը այսօր էլ նույն ուժով պետք է ոգեւորի բոլորիս, համակի հպարտությամբ: Այսօր էլ մեր խաղաղ օրերի կռիվն է` հաղթանակը պահպանելու, խաղաղությունը պահելու կռիվը: Շատ ողջունելի կլիներ, եթե պետական մակարդակով առանձնակի ուշադրություն դարձվեր մեր նոր սերնդի հայեցի դաստիարակությանը: Ըստ արժանվույն պետք է մեծարվի ազատամարտիկը, պատշաճ ուշադրության արժանանա պատերազմում միակ զավակին կորցրած մայրը: Ինչքան ուրախալի կլիներ, որ մենք անուն առ անուն ճանաչեինք մեր Արցախի հերոսներին: Հիշում եմ, մեր դպրոցական տարիներին բոլորիս տանը, գրասեղաններին «Ռանչպարների կանչն» էր: Մեզանում հաղթելու ոգեւորություն կար, կորցրածը վերադարձնելու գաղափար: Կարծում եմ` այդ ամենը պետք է սկսել դեռ նախադպրոցական տարիքից: Մեր այս փայլուն հաղթանակի պրոպագանդման հարցում մեծ դեր ունեն նաեւ մեր լրատվամիջոցները: Ես երկար տարիներ աշխատել եմ Հանրային ռադիոյի գիտահանրամատչելի եւ ուսումնական հաղորդումների բաժնում նախ որպես ռեժիսորի ասիստենտ, հետո` ռեժիսոր: Հիշում եմ, որ ազատամարտի տարիներին եւ հաղթանակից հետո պարբերաբար հաղորդումներ էին հեռարձակվում այդ թեմայով: Ինչքան ուրախալի կլիներ, եթե այսօր էլ այդ նույն ոգին իշխեր ու հաղորդվեր մեր ժողովրդին»,- ասում է Արմեն Մխիթարյանը:
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ



#18 (884) 05. 05. 11

ԵՂԻՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ԷԼ ԿՌՎՈՒՄ ԷՐ ԱՐՑԱԽՈՒՄ

80-ամյա Եղիշ Մարգարյանն իր տարիքից երիտասարդ է երեւում: Ապրել է
հետաքրքիր ու բովանդակալից կյանքով: Զբաղվել է կոմերիտական աշխատանքով. եղել է Երեւանի Ավտոդողերի գործարանի կոմերիտմիության քարտուղարը, ՀԼԿԵՄ կենտկոմի երիտասարդ արվեստագետների խորհրդի նախագահը: «Դպրոցական էինք, բայց մեզ էլ տանում էին ռազմաճակատի համար ավտոդողեր, զրահամեքենաների մասեր արտադրող գործարան`աշխատելու: Այսպես մեր փոքրիկ ներդրումն ունեցանք Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակում»,- հիշում է Եղիշ պապը, որ նաեւ հիանալի երաժիշտ է: «9 տարեկանից շվի եմ նվագել, հետագայում նաեւ` դուդուկ, զուռնա»,- պատմում է նա ու աննկատ գրպանից հանում շվին. խմբագրությունում տարածվում է մեղմ երաժշտությունը: Այդ երաժշտությունն օգնել է նաեւ
Արցախում կռվող մեր տղաներին: «Նախկինում Երեւանյան լճի կողմերում Նոր Կողբ կոչվող մի բնակավայր կար, մեր տունն էդտեղ էր: Ադրբեջանցի հարեւաններ ունեինք, նրանցից ադրբեջաներեն էի սովորել: 90-ականներին, երբ ծագեց Արցախի խնդիրն ու սկսվեցին զինված գործողությունները, ես էլ ուզում էի մի բանով օգտակար լինել հայրենի

Արցախի ազատագրման համար մղվող կռվին, մտածում էի` գուցե լեզվի իմացությունը պետք գա: 1992-ին ես, Արուս Գուլանյանը, էլի ուրիշ երգիչ-երաժիշտներ մեկնեցինք Լեռնային Ղարաբաղ` զինվորների համար համերգներ տալու: Վիրավորներն Արուսին ասում էին. «Մեզ դեղ պետք չի, մենակ դու երգի, ուստա, դու էլ նվագի…»: Ամենատպավորիչը հաղթանակի դրվագներն էին, երբ որեւէ բնակավայր էինք ազատագրում: Մեր մարտիկների, ֆիդայիների հաղթանակն ազդարարող զուռնայի, շվիի ու դուդուկի ձայնը տարածվում էր արցախյան անտառներում ու արձագանքվում լեռներում: Ինչքան երգեր ծնվեցին այդ օրերին: Այսօր մեզ հայտնի ֆիդայական շատ-շատ երգեր հենց այդ շրջանում են ստեղծվել. հաղթանակի բերկրանքն ու զինակիցների կորստյան ցավը ստիպում էին երգու մեղեդիներով ուրախանալ, մխիթարվել: Որտեղ ասես եղել եմ` Թալիշ, Ֆիզուլի, Աղդամ (Ակնա), Մատաղիս, Տոնաշեն… Փորձել եմ ուժ ու ոգի հաղորդել մեր տղաներին»,- ասում է Եղիշ Մարգարյանը: Նա արժանացել է Մշակույթի վաստակավոր գործչի կոչման, պարգեւատրվել«Աշխատանքային արիության ու գերազանցության» մեդալով:
Հպարտ է, որ որդին նույնպես կռվել է Արցախում: Հաղթանակի օրն իսկապես տոն է Մարգարյանների համար, հաղթանակ, որի կերտմանը մասնակցել են նաեւ հայր ու որդի:

ՇՈՂԱԿԱԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

1 мая 2011 г.

01.05.2011

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

Ապրիլի 26-30-ը Իսպանիայում պարի իսկական տոն էր: Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնն Իսպանիայում անցկացվում է արդեն 14-րդ անգամ, երկու տարին մեկ: Ժողովրդական պարերի համաշխարհային մրցույթին մինչ այժմ մասնակցել է շուրջ 75 երկիր, իսկ այս տարի մասնակցում էին մոտ 10 երկիր:Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնին Հայաստանը ներկայացնում էր հանրահայտ «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը` (գեղ. ղեկավար` Գագիկ Գինոսյան ութ րոպեանոց պարային համարով, որն ընդգրկել է բազմաթիվ պարերից հատվածներ, այդ թվում՝ «Յարխուշտա», «Ռոստամ բազի», «Փափուրի», «Ծաղկաձորի», «Ետ ու առաջ», «Շատախի ռազմապար», «Քերծի», «Իշխանաց պար» և այլն։
«Յարխուշտա» ռազմական խաղ-պարը, պատկանում է հայկական ծափ պարերի տեսակին եւ առանձնանում է յուրօրինակ կառուցվածքով: «Յարխուշտա»-ն տարածված է եղել Սասունում: Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկի համաձայն այն նշանակում է «զենքի ընկեր»: Յար պարսկերենից թանգմանաբար նշանակում է «սիրեցյալ ընկեր», իսկ խըշտ, խըշտիկ` «կարճ նիզակ, զենք»: Նշենք նաեւ, որ պարեղանակն էլ այս փառատոնում արժանացել է երրորդ մրցանակի:

30 апр. 2011 г.


#17 (883) 28. 04. 11





ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ

Երբ փոքր էի, եւ հորս հետ մեքենայով Երեւան էինք գալիս, նրան հանգիստ չէի տալիս իմ հարցերով: Ամենից ավելի ինձ հետաքրքրում էին երեւանյան փողոցների անվանումները. «Հայրիկ, սա ո՞ր փողոցն է, ո՞ւմ անունն է կրում»: Հայրս մեղմ ու համբերատար ժպտում էր եւ պատասխանում հարցերիս: Լինում էին դեպքեր, երբ նա եւս մի պահ մոռանում էր փողոցի անվանումն ու ասում նախկին անունը: Ես էլ ուշադրությամբ լսում էի ու փորձում լավ հիշել փողոցների անվանումները, որպեսզի մի օր, երբ մենակ գամ Երեւան, կարողանամ հեշտությամբ կողմնորոշվել, տուն վերադառնալ: Այդ օրերից անցել է 5-6 տարի: Ես ավարտել եմ դպրոցն ու սովորում եմ Երեւանի պետական համալսարանում: Քաղաքում կողմնորոշվելու համար ինձ եւ ինձ նման մարզերից եկած հարյուրավոր ուսանողներին շատ են օգնում յուրաքանչյուր խաչմերուկում տեղադրված գեղեցիկ ցուցանակները, որոնց վրա նշված են հատվող փողոցների անվանումները: Ուրախալի է, որ ցուցանակները երկլեզու են, հասկանալի թե մեզ, թե մեր երկիր ժամանող զբոսաշրջիկների համար: Այդ ցուցանակների հուշումներից օգտվելով` նրանք հեշտությամբ կարող են հասնել իրենց ուզած վայրը, դրա հետ մեկտեղ կարող են որոշակի պատկերացում կազմել մեր մշակութային գործիչների մասին:

Եվս մի կարեւոր հանգամանք. տարեցները, ավագ սերնդի ներկայացուցիչները շատ հաճախ չեն հիշում քաղաքի փողոցների այժմյան անունները: Փոխարենը լավ հիշում են խորհդային Երեւանի փողոցների անունները: Այդ ցուցանակները նրանց էլ են օգնում խուսափելու անճշտություններից, մտապահել նոր անվանումները: Հետաքրքրասեր փոքրիկները նույնպես, առանց իրենց ծնողներին տանջելու, կարող են կարդալ եւ ինքնուրույն ճանաչել իրենց հարազատ քաղաքը:

Ամիսներ են անցել այն օրից, երբ մայրաքաղաքի փողոցներում հայտնվեցին այդ ցուցանակները, բայց դրական կարծիքներ մինչեւ հիմա էլ լսվում են: Լսվում են նաեւ ափսոսանքի խոսքեր, որ ցուցանակները Երեւանի ոչ բոլոր համայնքներում են տեղադրված: Ծայրամասերում էլ սպասում են նման բարեփոխումների:

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

28 апр. 2011 г.


#17 (883) 28. 04. 11

ԱՆՑՈՒԴԱՐՁ

ՄԱՐԳԱՐԻՏ ԱՀՆԵՐԹ-ԱՃԵՄՅԱՆ. «ԴՌԱՆ ԹԱԿՈՑԸ»
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԿԱՐԴԱ ՆԱԵՎ ԻՍՊԱՆԱԼԵԶՈՒ ԸՆԹԵՐՑՈՂԸ


Մեկ տարի առաջ Հայաստանում`
Ցեղասպանության թանգարան ինստիտուտում, կայացավ Մարգարիտ Աճեմյան-Ահներթի «Դռան թակոցը» գրքի (հայերեն) շնորհանդեսը: «Դռան թա
կոցը» հեղինակի մոր` 1900 թվականին Արեւ
մտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Ամասիա քաղաքում ծնված, 1915 թվականին թուրք ոճրագործների իրականացրած հայկական ջարդերի ականատես Եսթեր Միներաճյանի կյանքի իրական պատմությունն է: Օրերս Մեխիկոյի Հոլոքոսթին նվիրված թանգարանում կայացավ Մարգարիտ Աճեմյան-Ահներթի գրքի իսպաներեն թարգմանության շնորհանդեսը: Գրքի լույս ընծայման առիթով տիկին Ահներթին հրավիրել էին հեռուստահարցազրույցի: 45-րոպեանոց հարցազրույցի ընթացքում նա խոսել է հայերի ցեղասպանության մասին: Նշենք նաեւ, որ 2007-ին գիրքը լույս էր տեսել անգլերենով եւ ԱՄՆ-ի գրքի փառատոնում հաղթող ճանաչվել «Տարվա լավագույն գիրք» անվանակարգում: 2008-ին Նյու Յորքի ամենամյա տոնավաճառում այն ճանաչվել է «Լավագույն պատմական հուշագրություն»: Շուտով պատրաստ կլինի նաեւ գրքի ռուսերեն թարգմանությունը: Շնորհանդեսը նախատեսվում է Մոսկվայում:


ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԵՐԱԶՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԵՆ ՊԱՏԿԵՐԵԼ

Օրերս մանկական ստեղծագործության թանգարանում առանձնահատուկ տոն էր: Ամերիկաբնակ հայ երեխաներն իրենց նկարազարդ կարոտներն էին ուղարկել հայրենիք: «Տարիներ առաջ, երբ Հենրիկ Իգիթյանի հետ Լոս Անջելեսում էինք, այցելեցինք մեր գործընկեր Վլադիմիր Աթանյանի նորաբաց գեղարվեստի դպրոց: Շատ ուրախացանք, որ Ամերիկայի հայ համայնքը երեխաների համար նախատեսված գեղարվեստական դաստիարակության այդպիսի կենտրոն ունի: Իհարկե, այն ժամանակ դեռ երեխաները քիչ էին, եւ կենտրոնը փոքր էր, բայց հիմա նրանք մե¯ծ արդյունքի են հասել: Տարիներ առաջ պայմանավորվեցինք համագործակցել, ասացինք, որ երբ արդեն որոշակի հաջողություններ արձանագրվեն,Երեւանում` մանկական պատկերասրահում, կկազմակերպենք իր սաների աշխատանքների ցուցադրությունը: Այսօր մանկական պատկերասրահում ցուցադրվում է 6-16 տարեկան ամերիկահայ երեխաների շուրջ100 աշխատանք»,- հայտնեց մանկական ստեղծագործության թանգարանի տնօրեն Արմենուհի Հարությունյանը: Չնայած երեխաներից շատերը չեն էլ եղել Հայաստանում, բայց կարողացել են հայկական նկարչությանը բնորոշ տաք ու անուշ գույներով պատկերել իրենց երազանքներում ապրող հայրենիքը, Հայաստան աշխարհի բերքն ու բարիքը, ճարտարապետական, մշակութային կոթողները, տոները, ավանդույթները, պատկերել են մեր Էպոսի ու ժողովրդական հեքիաթների հերոսներին, նկարել մեր միջնադարյան վարպետներիաշխատանքներից ներշնչվելով: «Երեխաներից շատերի տատիկներն ու պապիկները, բարեկամները Հայաստանում են ապրում, եւ պատկերացրեք, թե սրտի ինչ թրթիռով էին բացման օրը եկել փնտրելու, տեսնելու իրենց թոռնիկների, փոքրիկ բարեկամների աշխատանքները»,- ասում է Արմենուհի Հարությունյանը եւ հայտնում, որ նմանատիպ համագործակցություն կլինի նաեւ Բեյրութի, Կիպրոսի եւ այլ սփյուռքահայ համայնքների հետ:


Ստեֆանի Գրիգորյան, 11տ., «Նռնենու տակ»

Առլետա Ջամշիդյան, 12տ., «Պարող Նռները»

Ալլեն Դիշիգրիկյան, 13տ., «Սա Հայաստանն է»

Ալիք Ալեքսանյան, 14տ., «Ծիրանի ծառի տակ»

Դավիթ Մալխասյան, 10տ., «Մհեր ու Մսրա Մելիք»


Արշալույս Գառլանյան, 16տ., «Սբ.Մարիամը մանկան հետ»

Սառա Ալաջաջյան, 9տ., «Կարապի լիճ»





#17 (883) 28. 04. 11

ԻՆՉ ԼԱՎ Է, ՈՐ...
ԿՈՄԻՏԱՍԸ «ՇԱՆԹԻ» ԵԹԵՐՈՒՄ

Օրերս կայացավ «Շանթ» հեռուստաընկերության «Իքս ֆակտոր» նախագծի 9-րդ գալա համերգը Սրբուհի Սարգսյանի, Արծրուն Խանգելդյանի, Վրեժ Կիրակոսյանի եւ GigaBeat խմբի մասնակցությամբ: Այս անգամ համերգի առաջին հատվածում մասնակիցները պետք է կատարեին Կոմիտասի գործերից: Հետաքրքիր է, որ օրեր առաջ PR-ի մասնագետ ընկերներիցս մեկի հետ հենց հայ ազգային երաժշտության պրոպագանդայի մասին էինք զրուցում, ու Հայկն առաջարկում էր, որ հին երգերը նոր մատուցմամբ կրկին ասպարեզ բերվեն… «Շանթ»-ի նախագծում հենց այդպես էին վարվել: Կոմիտասը նոր մատուցմամբ յուրօրինակ մեկնաբանություն էր ստացել: Արծրունը «Կռունկ» երգեց, Վրեժը ներկայացավ «Հորովելով»: Այս կատարման մասին ժյուրիի անդամ Գարիկն ասաց. «Մենք տեսանք երգի ճանապարհը, որ արտերից գալիս մեզ է հասնում, մենք զգացինք աշխատավոր մարդու ներկայությունը…»: Առանձնակի սպասում էի GigaBeat-ի ելույթին: Անսովոր էր իրենց ուրույն երգելաոճն ունեցող այս տղաներին տեսնել հայկական տարազով ու Կոմիտասի երգերը ներկայացնելիս: Իրենց համարի առաջին հատվածում տղաները «Սոնա յար» երգեցին, իսկ երկրորդ մասում` «Կաքավիկը»: Սրբուհին էլ հանդես եկավ «Լելե յամանով»: Մեզանում տարածված է ժողովրդական այս երգի «Դլե յաման» տարբերակը եւ այլ մշակումներ, որոնք լսում ենք երգչուհիներ Ֆլորա Մարտիրոսյանի, Նունե Եսայանի կատարմամբ: Ուշագրավ էր նաեւ «Հայ սուպերսթար» նախագծի մասնակից Ռաիսայի ռոքային մատուցումը, բայց, ինչպես ժյուրիի անդամ Նաիրա Գյուրջինյանը նկատեց, Սրբուհու կատարումն առանձնանում էր: Հաճելի էր հայկական հեռուստատեսության սերիալային, ռաբիսային ու թոքշոուային միջավայրում մի ժամ ազգային երաժշտություն լսել, շվիի ձայն, նաեւ ժամանակակից, հետաքրքիր նոր լուծումներով կոմիտասյան երաժշտություն:
ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ